Գայթակղություն եւ ողջախոհություն



Ամեն մարդ ինչ-որ բանի կարիք ունի. մեկն ուզում է մեքենա գնել, մյուսը՝ մեքենան վաճառել, մեկն ուզում է կյանքի ընկեր գտնել, մյուսը՝ անփորձանք ամուսնալուծվել, մեկին գայթակղում է արտասահման մշտական բնակության մեկնելու գաղափարը, մյուսը վառվում է սեփական երկիրը արեկեցիկ տեսնելու տենչանքով, նոր ընկեր ձեռք բերելու համար մեկի խելքն իրենը չէ, մյուսը կրակն է ընկել հազար տարվա ընկերոջ եսամոլությունից, մեկն ուզում է իր շրջապատում երջանիկ ապրել, մյուսը՝ հոգնած ու զզված, համակվել է «աբուլալայական» հոռետեսությամբ…

Բայց ինչ էլ լինի, բարոյահոգեբանական ինչ վիճակում էլ գտնվի, մարդը մշտապես մեկ պահանջ ունի՝ փողի պահանջ։
Ապացույց չպահանջող ճշմարտություն է, որ փողը մարդու անկախության գրավականն է։
Փողը մարդուն չի դարձնում երջանիկ, բայց դարձնում է ազատ, ինչը երջանկության ճանապարհին մի մեծ քայլ է։ Հարուստ եւ աղքատ լինելը հարաբերական հասկացություններ են՝ եւ՛ ժամանակի մեջ, եւ՛ տարածության, եւ՛ մարդու ներաշխարհում։ Մեկին եղածը բավարարում է, մյուսին՝ չեղածն էլ քիչ է թվում։ Չքավոր մարդու հոգեբանություն է՝ թե հարուստ մարդուն փող այլեւս հարկավոր չէ։ Չքավորի եղածը դառնում է ուտելիք ու հագուստ, առաջին անհրաժեշտության ապրանք, հարուստի ավելցուկը վերածվում է անշարժ գույքի, ճոխության, եկամտաբեր ձեռնարկության, շահութաբեր բիզնեսի։ Չքավորն իր քչով բավարարվում է, իսկ հարուստին՝ ավելցուկն էլ քիչ է թվում։
Ամերիկացիք իրենց դոլարին հպարտորեն գրել են, որ իրենք ապավինում են Աստծուն, բայց ո՞վ իր կյանքում մի հազար անգամ չի համոզվել, որ փողը սատանայի ամենահանճարեղ գյուտն է։ Ու գայթակղվում են անմեղ հոգիները, իրենց վաճառում դժոխքի տիրակալին, փողի մոլուցքով դառնում գող ու ավազակ, մարդասպան ու խաբեբա…


Խարդախություն

Անցյալ դարի 60-70-ական թվականներին այսպիսի պատմություն էր պտտվում. իբր Մոսկվայի հյուրանոցներից մեկում, միջանցքում կանգնած երկու հայ զրուցում են։ Նրանց են մոտենում երկու ուզբեկ ու իրենց հատուկ ակցենտով, իհարկե, ռուսերեն,հարցնում.

- Ծախու՞մ եք, ախպերս։

Հայերն այդ պահին են միայն նկատում, որ մաքրության նպատակով հավաքարարները ուղեգորգը հավաքել ու հենել են պատին, իրենք էլ կանգնած են հենց կողքը։ Մեկն արագ կողմնորոշվում է ու պատասխանում.

- Հա, ախպերս, փողներս պրծել է, ստիպված վաճառում ենք…

- Քանիսո՞վ,- կարծելով գործը կպել է՝ ուզբեկները կոնկրետացնում են խոսքը։

- Դե, ծանր վիճակի մեջ ենք, մի հարմար գին տվեք՝ տարեք։

Ուզբեկները, որ գորգի հարցում մասնագետ են լինում, արագ ուսումնասիրում եւ՝ իրենց համար շատ հարմար մի գին են առաջարկում։
Հայերն էլ, մի քիչ չեմուչում անելուց հետո՝ համաձայնում են, փողը վերցնում ու… գնում։
Պատմում էին այս դեպքը, հայի խելքի նոր փայլատակումով հպարտ, ու նույնիսկ մոռանում, որ խոսքը սովորական խարդախության մասին է։ Սակայն դեպքը հիշելը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այս պատմությունը ընդունենք որպես մեխանիզմ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս հնարավոր եղավ խարդախությունն իրականացնել։ Նախեւառաջ՝ առկա էր շահավետ գնում կատարելու ուզբեկների մեծ ցանկությունը։

Ահա մի գայթակղություն, առանց որի պարզապես անհնար է խարդախելը։
Խարդախներն իրենց գործունեությունն սկսելուց առաջ նախ գտնում են գայթակղելու ամենաարդյունավետ ձեւը եւ հեշտ խարդախվողի։ Հիշենք մեկ այլ պատմություն, որ խառնակ ժամանակների ծնունդ էր, սակայն որի մեխանիզմը կարող է գործի դրվել նաեւ մեր օրերում։

Հայաստանում շշալցված օղին որպես «մաքուր ռուսական» վաճառելու համար մեր հայ-վայ գործարարներն այնպիսի մեխանիզմ էին մշակել, որ վերջում իրենք էլ հավատում էին իրենց ստին։ Կեղծ ապրանքանիշով օղին հասցնում են Գյումրի, բարձում ինքնաթիռ ու քշում Երեւան։ Փարաքարի մեծածախ վաճառքի կետերի ծաղկուն շրջանն էր, ու այստեղի առեւտրականները, համոզված, որ Ռուսաստանից օղու մեծ խմբաքանակ է եկել, այն էլ շատ հարմար գնով, կանխիկ վճարում են ու հանում վաճառքի։ Ավելին, երբ մանրածախ վաճառականները նրանցից օղին գնելիս համենայն դեպս հարցնում են՝ «ի՞նքն ա», վստահ ու աներկբա երդում-կոտոր են լինում, թե անձամբ են օդանավակայանից բարձել-բերել։ Մեր հայ օղեգետներն էլ, իրենց հմուտ համտեսողի տեղ դրած, կում էին անում այդ օղուց ու ասում՝ «ռուսականն ուրի~շ ա, էլի»։
Խարդախություն ասվածը նոր երեւույթ չէ։ Նույնիսկ հեքիաթներում կան խարդախության մեխանիզմներ, հիշենք, թեկուզ «Բարեկենդանը»։ Հեքիաթներում հիմնականում շեշտը դրվում է հերոսների անխելքության, ընչաքաղցության վրա, ու նման մարդկանց խաբելը չի դիտվում որպես պախարակելի երեւույթ։ Եվ այս մոտեցման մեջ գուցե ճշմարտության հատիկ կա։ Առօրյա կյանքում էլ, շատերն իրենք են զոռով իրենց խաբել տալիս, սիրով ու եռանդով ընկնում խարդախության սարդոստայնը։ Իսկ նման սարդոստայն մեր կյանքում ինչքան ասես կա։ «Բենզին լցրեք միայն մեր լցակայանից եւ դուք կարող եք դառնալ BMW-ի երջանիկ տերը», «Խմեք միայն մեր սուրճը եւ դուք կստանաք թանկարժեք նվեր», «Ձեր դրամը պահ տվեք միայն մեր բանկին, եւ դիվիդենտները ձեզ հաճելիորեն կզարմացնեն», «Մենք կապահովենք ձեզ բարձր վճարվող աշխատանքով արտասահմանում», «Մենք ձեզ կգործուղենք Հարավսլավիա՝ ՄԱԿ-ի խաղաղարար ուժերում ծառայելու», «Խաղացեք միայն մեր լոտոն եւ հաջորդ անգամ մեր խաղին կհետեւեք նոր հեռուստացույցով», «Մեր խաղատան ջեքփոթը հաշվվում է միլիոններով» եւ այլն, եւ այլն…
Այսօր դժվար է ասել, թե հեռուստաալիքները ողողած գովազդների որ մասն է պարզապես գայթակղություն, բայց մի բան փաստ է. բոլոր դեպքերում էլ ձեր շահելու հավանականությունը զրոյին համառորեն ձգտող մի թիվ է (եթե, իհարկե, խոսքը բացահայտ խարդախության մասին չէ)։ Այս հանգամանքը միշտ էլ անտեսվում է գովազդներում։ Իհարկե, զանգվածային խարդավանքների լավագույն ժամանակներն անցել են։ Հիշենք ռուսական MMM-ը, հայկական JMZը, մյուսները։ Պետական մակարդակի զանգվածային խարդախություն չէ՞ խորհրդային ժամանակների ավանդատուների խնայողությունները մինչեւ հիմա չվերադարձնելը։ Բայց եթե վերջին դեպքը կարելի է դասել ֆորս-մաժորայինների շարքը, ապա MMM-JMZ- ների պարագայում շատ խաբվածներ իրենք էլ ի վերջո գիտակցեցին, որ հեշտությամբ տրվել են պարզունակ գայթակղությանը։
Ապահովագրվա՞ծ ենք, արդյոք նման խարդավանքներից այսօր։
Պետությունն իր քաղաքացիների նկատմամբ պարտավորություն ունի նաեւ այս հարցում, սակայն ամենահուսալի միջոցը եղել եւ մնում է յուրաքանչյուրիս խելամտությունը, հեռատեսությունը, իրատեսությունն ու «բիրդան աղա» դառնալու գայթակղությանը չտրվելու կամքը։ Ճիշտ է, շատ խարդախություններ մնում են քրեական պատժից «զուրկ»։ Հաճախ հենց խաբողը, ամաչելով իր միամտությունն ու ընչաքաղցությունը հանրության սեփականությունը դարձնելու հեռանկարից, համակերպվում է կորստին ու զբաղվում լուռ ինքնախարազանմամբ։
Լինում է նաեւ այնպես, որ խարդախները «հզոր թիկունքով» քանդում են օրենքի պատը, կամ պարզապես ծլկում են՝ իրենցից հետք անգամ չթողնելով։ Նման դեպքերում արդեն անիմաստ է խոսել վնասի փոխհատուցման մասին։ Այնպես որ, խարդավանքներից խուսափելու լավագույն ձեւը նախականխումն է, պրոֆիլակտիկան։
Մենք պաnբերաμար կներկայացնենք խարդախության արդեն կիրառված մեխանիզմներ, կբերենք օրինակներ, որոնց ծանոթանալով կարող եք խուսափել հերթական խարդավանքից, կտանք խորհուրդներ, որ թրծվել են մասնագետների «լաբորատորիաներում»։
Մեր ժամանակներում խարդախության ձեւերն ու մեթոդներն այնքան շատ են, որ դրանց վերաբերող ուսումնական ձեռնարկը, եթե լիներ այդպիսին, կկազմեր մի քանի հաստափոր հատոր։
Բայց ամենաերկար ճանապարհն էլ սկսվում է առաջին քայլից։
Օն անդր առաջ…