Articles

  • Print


«Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» 4-րդ միջազգային համաժողովի քննարկման ամփոփում

«Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները»

Դեկտեմբերի 13-14, 2016 թ., Երևան, Հայաստան

 

Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց. Աշխարհը շարունակում է վերլուծել ավերիչ երկրաշարժի դասերը

 

Դեկտեմբերի 13-ին Երևանում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» երկօրյա 4-րդ միջազգային համաժողովը, որը կազմակրեպել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի հովանու ներքո և միջազգային գործընկերների աջակցությամբ: Միջազգային 4-րդ համաժողովի խորագիրն է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները»: Միջոցառումը վարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանը:

 

Միջոցառմանը մասնակցում էին միջազգային (ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ` Զարգացման ծրագիր (UNDP), Մանկական հիմնադրամ(UNICEF), Հանրային կապերի վարչություն (UNDPI), Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (UNOCHA), Բնակչության հիմնադրամ (UNFPA), Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR), Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (UNESCO), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ICRS), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն (JICA), «Օքսֆամ» (Oxfam), «Վորլդ Վիժն Արմենիա» (World Vision Armenia), ԵԱՀԿ, Միգրացիայի միջազգային կոմիտե, և այլն) հասարակական, երիտասարդական, բնապահպանական, առողջա­­­­­­­­­պա­հա­­­­կան կազմակերպությունների, կանանց ռեսուրս և Օրհուս կենտրոնների, Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից Իրանից, Պակիստանից, Վրաստանից, ՌԴ-ից Չիլիից ժամանած անվանի փորձագետներ,  աշխարհի ճանաչված լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողական և ուսուցողական կենտրոնների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախարարություն-գերատեսչություների, մարզպետարանների և Ազգային Ժողովի ներկայացուցիչներ: 

Համաժողովը նպատակ ունի հանրայնացնել ՄԱԿ-ի ռազմավարությունները, այն է՝ «Սենդայի գործողությունների», «Կլիմայի փոփոխության, փոփոխականության և հարմարվողականության» ու «Կայուն զարգացման» ծրագրերը, դրանց փոխկապակցման և իրականացման լավագույն փորձը, ընդգծել հանրային իրազեկման, տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների և գիտելիքի դերը կանխարգելման ու անվտանգության մշակույթի ձևավորման և աղետների ռիսկի նվազեցման ոլորտներում. ինչպես նաև՝  ներգրավել բոլոր ոլորտների շահառու դերակատարներին: Համաժողովի ընթացքում կազմվեց հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթ՝ 2017 թ.-ի «Գլոբալ պլատֆորմ» համաժողովին (Մեքսիկա, 2017թ. մայիս) ներկայացնելու համար:

 ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, նախարար Ա. Երիցյանի և ամբողջ նախարարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին, մաղթեց, որպեսզի երևանյան 4-րդ համաժողովն իր զգալի ներդրումն ունենա թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում «Սենդայի», «Փարիզի» ու «Կայուն զարգացման» գաղափարների տարածման, հանրայնացման ու իրականացման, ինչպես նաև բոլոր դերակատարների ներգրավման գործընթացում:

-       Մեր բոլորի աչքի առաջ տարեցտարի աճում են աղետները, և առավել ողբերգական են դառնում  դրանց հետևանքները: Զարգացած երկրներում մեծանում են ֆինանսական կորուստները, իսկ զարգացող երկրներում, քիչ ներդրումներ անելով, հատուցում են մարդկային կյանքերով, - ասաց փոխնախարարը:

 Հ. Մխիթարյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաուսումնասիրված աղետներից է, և այն ազդակ դարձավ, որ աղետների դեմ պայքարում աշխարհը միավորվի:

- Սպիտակի դասերն այսօր էլ արդիական են և դրանք դրված են մեր զարգացման ու քաղաքականության հիմքում: 28 տարի առաջ պատուհասած ողբերգության գլխավոր պատճառն անիրազեկությունն ու անպատրաստվածությունն էր: Այսօր մենք ունենք քաղաքական կամք, անհրաժեշտ ու կարևոր բոլոր ծառայություններն ընդգրկող ԱԻ նախարարություն, ճգնաժամային կառավարման պետական միասնական համակարգ, ԱՌՆ ազգային պլատֆորմ աղետների արձագանքման պլաններ, գորոծողությունների հստակ ժամանակացույցով ու պատասխանատվությունների դերաբաշխումով աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարություն, - հավելեց Հ. Մխիթարյանը:

Հ. Մխիթարյանը նշեց նաև, որ վերջին 25 տարվա զարգացումները՝ արձագանքման մշակույթից աղետների ռիսկի նվազումով դեպի կանխարգելման մշակույթ անցնելը, անընդհատ ընգծում են հանրային իրազեկման տեղն ու դերն աղետների ռիսկի նվազեցման և համայնքների ու պետությունների կայուն զարգացման գործընթացում:

- Սենդայի 2015-30 թթ. ԱՌՆ գործողությունների ծրագրի ընդունումից հետո ՀՀ-ում արդեն իսկ իրականացվում են միջոցառումներ այդ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ: Սենդայի լույսի ներքո գնահատեցինք մեր կարիքներն ու կարողությունները և մշակեցինք ԱՌԿ նոր ռազմավարություն ու գործողությունների նոր ծրագիր: Մենք հստակ պատկերացնում ենք, որ միայն իրազեկված ու պատրաստված, ակտիվորեն ներգրավված բնակչությամբ կկարողանանք կառուցել աղետակայուն, դիմակայուն, անվտանգ ու կայուն զարգացող երկիր, - ասաց Հ. Մխիթարյանը: 

Հ. Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց հանրային իրազեկության կարևորությունը և նշեց, որ երևանյան 4-րդ համաժողովը, ինչպես և նախորդները, հենց այդ խնդիրներին է նվիրված: Նա հավելեց, որ առաջին երկու համաժողովների առաջարկներով փաթեթը ներկայացվել է Սենդայ և պատահական չէ, որ ՄԱԿ-ի ղեկավարությունը հորդորում է Հայաստանին շարունակել առաջնորդողի դերն այս ոլորտում:

- Անցած տարի մենք քննարկեցինք լրատվամիջոցների տեղն ու դերը, առկա խնդիրներն ու լուծման ուղիները, որոնք ընդհանուր են մեր երկիր մոլորակի բոլոր անկյունների համար: Այս տարի տեղի ու միջազգային փորձագետները, հաշվի առնելով քաղած դասերն ու լավագույն փորձը, կընդհանրացնեն ու գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով առաջարկների փաթեթ կձևավորեն` եկող տարի մայիսին Մեքսիկայում կայանալիք ԱՌԿ Գլոբալ Պլատֆորմ ներայացնելու համար: Հուսով եմ, որ այս համաժողովն իր ներդրումը կունենա միջազգային զարգացումներում և հենց մեր երկրում ԱԻ տեղեկատվության կառավարման, ԱՌՆ հանրային իրազեկման, բոլոր ոլորտների գործընկերների, նաև` լրատվամիջոցների ներգրավման արդյունավետության բարձրացման գործընթացում: Կարևորն այն գիտակցությունն է, որ Սպիտակից հետո կայուն զարգացման հասնելու մեր ճանապարհն անպայման պիտի անցնի Փարիզով ու Սենդայով: Բոլորիս մաղթում եմ հետաքրքիր ու բեղմնավոր աշխատանք, - եզրափակեց Հ. Մխիթարյանը:

Բացման խոսքում ողջունելով ներկաներին՝ Ն. Գրիգորյանը պատմական ակնարկ կատարեց նախորդ տարիներին կազմակերպված երևանյան միջազգային համաժողովներին և նշեց, որ դրանց ընթացքում կազմվել են առաջարկների փաթեթներ, որոնք ներկայացվել են միջազգային կարևորագույն միջոցառումների և նախաձեռնությունների շրջանակներում: 2015 թ. մարտին կայացած Սենդայի համաժողովին, որին մասնակցում էին 185 երկրի, 49 միջկառավարական և 188 ՀԿ-ի և ավելի քան 200 լրատվամիջոցի ներկայացուցիչներ, ներկայացվել են երևանյան առաջարկներն ու Հայաստանի փորձը: 

- Առաջին համաժողովը մենք կազմակերպեցինք 2013 թ. ՝ Սպիտակի մեծ երկրաշարժի 25-րդ տարելիցին ընդառաջ՝ հիմքում դնելով այդ երկրաշարժից քաղած դասերը: Սպիտակի դասերը մենք սերտում ենք և մեր մաշկի վրա զգում ենք մինչ օրս: Սպիտակի երկրաշարժից սկսվեց համաշխարհային հանրության գիտակցության այն մեծ փոփոխությունը, որ աշխարհը պետք է միավորվի աղետների դեմ, որ ռազմավարություններ և քաղաքականություններ պետք է մշակվեն, որ նոր կառույցներ պիտի ստեղծվեն: Կարևորագույն դասը, որ տվեց Սպիտակը հետևյալն է. ամեն ինչ սկսվում է իրազեկումից, այսինքն՝ գիտելիք, փորձ, հմտություն, կարողություն: Պատահական չէ, որ մեր բոլոր քաղաքականությունների և ռազմավարությունների հիմքում՝ Հյոգոյի, Սենդայի, Կլիմայի փոփոխության, փոփոխականության և հարմարվողականության ու Կայուն զարգացման ծրագրերում, ամրագրված է հանրային իրազեկությունը որպես անկյունաքար, - ասաց Ն. Գրիգորյանը:

Ներկայացնելով 4-րդ համաժողովի նպատակները և թիրախային կետերը՝ Ն. Գրիգորյանը պատմական ակնարկ կատարեց Հայաստանի 12 մայրաքաղաքների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի շատ բնակավայրեր, մայրաքաղաքներ և եկեղեցիներ ամբողջական կամ մասամբ ավերվել ու խոնարհվել են ոչ այնքան թշնամիների ասպատակություններից, որքան երկրաշարժերից:

- Այս տվյալները ես նշում եմ, ոչ թե ահաբեկելու համար, այլ պարզապես իրազեկում և հիշեցնում եմ՝ երկրաշարժերն ունեն կրկնելիության օրենք: Դրանց, ինչպես նաև բնության այլ երևույթների հետ հաշտ ապրելու միակ ճանապարհը իրազեկությունն է, գիտելիքը՝ հմտություն-կարողություն դարձնելը, մարդու, համայնքի, պետության, միջպետական կազմավորումների ջանքերի ու ներուժի միավորելը, - եզրափակեց Ն. Գրիգորյանը:

Ն. Գրիգորյանի ողջույնի խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի և աշխարհի բոլոր աղետների զոհերի հիշատակը:

 Ողջունելով միջոցառման մասնակիցներին և ընդգծելով երևանյան միջազգային համաժողովների կարևորությունը՝ ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ենթահամակարգող Մ. Արիաբանդուն նշեց, որ 4-րդ համաժողովի խորագիրը՝ այն է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագիրը, անվտանգության մշակույթը, նորարարությունն ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաները» շատ կաևոր թեմա է ԱՌՆ ոլորտում:  

- Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կարելի է պակասեցնել սոցիալական ենթակառուցվածքների և մարդկային կորուստները: Շատ կարևոր է, որպեսզի ուղերձը տեղ հասնի հասարակության համապատասխան շերտին այնպիսի տեսքով, որպեսզի հնարավորություն տա անձին ճիշտ գործողություն կիրառել իրեն կամ իր մտերիմներին փրկելու համար: Ես հուսով եմ, որ այս համաժողովը շարունակությունը կդառանա այն թեմաների քննարկման, որ մենք սկսել ենք երեք տարի առաջ: Պետք է հիշեցնել, որ Սենդայի գործողությունների լույսի ներքո անհրաժեշտ է հաշվի առնել, որ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հասարակության բոլոր խավերի և շերտերի՝ երեխաների, կանանց, տարեցների, անապահով և հատուկ կարիքավոր մարդկանց մտահոգությունները: Նրանց պետք է ցուցաբերվի անհատական մոտեցում: Ուստի` հուսամ այս քննարկումների ընթացքում մենք արդյունավետ եզրակացության կհանգենք: Յուրաքանչյուր երկիր ունի ուշադրության իր կիզակետը: Մարդիկ շատ ավելի լավ են ըմբռնում ուղերձները, որոնք ստանում են իրենց հարազատ/մայրենի լեզվով, տեղական իշխանության կողմից: Սա նշանակում է, որ ամեն պետություն պետք է ցուցաբերի յուրովի մոտեցում: Ուսուցումը պետք է սկսվի դպրոցներից, ինչպես նաև այն ակտիվորեն պետք է կյանքի կոչվի լրատվամիջոցների օգնությամբ: Մեծ ուշադրություն պետք է դարձվի միջազգային փորձի տարածմանը: Ցանակալի արդյունքի կարելի է հասնել միայն այս ճանապարհով: Պետք է նշեմ, որ մենք մեծապես ողջունում ենք ԱՌՆ և ԱՌԿ ոլորտներում Հայաստանի գործադրած ջանքերը և հայաստանյան փորձի տարածումը,- եզրափակեց Մ. Արիաբանդուն: 

 Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ աշխարհն այսօր իրավմամբ շարժվում է ոչ այնքան աղետների հետևանքների վերացման, որքան աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Նրա խոսքով` Հայաստանը գտնվում է աղետավտանգ գոտում և, օգտագործելով Հայաստանի օրինակը, կարելի է մեծ առաջընթաց գրանցել` այդ փորձը այլ երկրների հետ կիսելու ճանապահով:

 - Այս երկիրը, իսկապես, մեծ աշխատանք է կատարում իր փորձն աշխարհին հասցեագրելու համար: Երբ խոսում ենք իրազեկվածության բարձրացման մասին դա ցանկացած խնդրի լուծման բանալին է: Մենք ողջունում ենք Հայաստանին այս բնագավառում իր առաջատար դերի ու դիրքի համար: Դուք մեծ ջանք եք գործադրում նախկինում քաղած ձեր դասերը աշխարհին հասցնելու և փոխանցելու ուղղությամբ, շնորհակալություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս ներգրավված է այս և շատ այլ միջոցառումներում` և տեղական, և համայնքային մակարդակներում: Աշխատում ենք բարձրացնել նաև ուսուցիչների և ծնողների իրազեկվածությունը: Մինչդեռ, մենք չպետք է բավարարվենք առաջընթացով: Պետք է շարունակենք առաջ գնալ:  

 Քանի որ Հայաստանում կան շատ սեյսմավտանգ դպրոցներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարության հետ համատեղ ամեն ինչ անում է դրանց թիվը կրճատելու և կրթօջախների սեյսմակայությունը բարձրացնելու ուղղությամբ: Մի քանի տարի առաջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցեց Հայաստանի դպրոցների սեյսմիկ ռիսկերի գնահատմանը: Մենք բացահայտեցինք, որ կան շատ սեյսմավտանգ կրթօջախներ: Սա Հայաստանի կառավարության համար մեծ առաջադրանք է: Մենք շատ ուրախ ենք աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի ապահովենք երեխաների անվտանգ ուսուցումը: Թերևս, բոլորս գիտենք, որ երկրաշարժերը չէ, որ կյանքեր են խլում, այլ այն շենքերը, որոնք չեն դիմանում ցնցումներին, - հավելեց Տ. Ռադոչայը:

Տանյա Ռադոչայն առանձնացրեց մի շարք աղետավտանգ սպառնալիքներ ևս: Ըստ նրա` շատ հրատապ և ուշադրություն պահանջող խնդիր է այսօր աղտոտվածությունը: Դրա վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջին շրջանում հրատարակել է մի հաշվետվություն, որը վերաբերում է հենց այս խնդրին: Այնտեղ ներառված են նաև երեխաներին վերաբերող խնդիրները: Տ. Ռադոչայի պնդմամբ` պետք է հաշվի առնել նաև հողի աղտոտվածությունը, որը հետևանք է հանքարդյունաբերական աշխատանքների:

Համաժողովի ընթացքում արտերկրի և Հայաստանի փորձագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու տարբեր կառույցների ղեկավարներ հանդես եկան զեկույցներով՝ ներկայացնելով իրենց փորձն ու հմտությունները Աղետների ռիսկի նվազեցման, հանրային իրազեկման ռազմավարությունների և տարատեսակ աղետներին դիմագրավելու ազգային պլանների, աղետների կանխարգելման, հետևանքների վերացման վերաբերյալ:

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

 

Համաժողովի 1-ին օրվա ընթացքում ներկայացվեցին զեկույցներ հետևյալ թեմաներով.

Տկն. Մադhավի Արիաբանդու, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակ, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ենթահամակարգող «ՄԱԿ-ի 3-րդ միջազգային համաժողովը ԱՌՆ թեմայով. Ամփոփում և արդյունքենր. Սենդայի գործողությունների ծրագիրը»

Զեկույցի ընթացքում Մ. Արիաբանդուն առանձնացրեց Սենդայի համաժողովի ժամանակ առաջադրված հանձնառությունները, համաժողովի  դերն ու կարևորությունը, դրան մասնակցության բարձր մակարդակը: Բանախոսը նեկայացրեց Սենդայի գորոծողությունների 4 առաջնահերթությունները, 13 ուղղորդող սկզբունքները և 7 թիրախները, որոնք ունեն իրականացման հստակ ժամանակացույց: Նա ընդգծեց Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրերի միջև տարբերությունները` մասնավորապես ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ՍԳԾ-ում կիզակետն աղետների ռիսկերի կառավարումն է, այլ ոչ աղետների հետևանքերի և կորուստների կառավարումը, ինչպես ՀԳԾ-ում էր: ԱՌԿ-ն ուշադրությունը կենտրոնացնում է կայունության ու դիմացկունության վրա:Նա հստակեցրեց, որ ՍԳԾ-ի համաձայն` համահավասարության սկզբունքով ուշադրության կենտրոնում պետք է լինեն պետության բոլոր մակարդակները` ազգային, տեղական և համայնքային, ինչպես նաև պետք է ներգրավվեն բոլոր շահառուները` ներառյալ և հատկապես` մասնավոր սեկտորը:

Պրն. Հիտոշի Բաբա, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն, գլխավոր խորհրդատու

«Ճապոնիայի  հանրային իրազեկման և այլ ջանքերը՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի համատեքստում»

Հ. Բաբան ներկայացրեց Ճապոնիայի աշխարհագրական յուրահատկությունները, բնական և տեխնածին աղետների տեսականին, դրանց վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ այնուամենայնիվ, երկրաշարժն ամենից հաճախ պատուհասող արհավիրքն է Ճապոնիայում: Նա ներկայացրեց նաև Ճապոնիայի հանրային իրազեկման համակարգը և դրան վերաբերող օրենսդրական ու իրավական դաշտը` ընդգծելով, որ ԱՌԿ-ը դարձել է Ճապոնիայի ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը: Նրա խոսքով` Ճանպոնիայի յուրաքանչյուր համայնք ունի տարբեր տեսակի կորուստների գնահատման հստակ մեխանիզմ: Սա օգնում է հասկանալու` ինչքան ներդրում է անհրաժեշտ անել` ապագա և հնարավոր ռիսկերից խուսափելու համար: Բանախոսը ներկայացրեց նաև JICA-ի գործունեության թիրախային կետերը` նշելով, որ ի տարբերություն այլ դոնոր կազմակերպությունների` JICA-ն ավելի շատ կենտրոնանում է ռիսկի նվազեցման, քան հետևանքների վերացման վրա` ուղղված դիմակայուն հասարակության ստեղծմանը: Դրան հասնելու համար, ըստ բանախոսի, անհրաժեշտ է ձևավորել ռիսկի գրագիտություն:

 

Պրն. Ջեիր Տորես , ՅՈՒՆԵՍԿՈ, ԱՌՆ թեմատիկ բաժնի խորհրդատու

 «ՅՈՒՆԵՍԿO-ի ԱՌՆ լիազորությունները, փորձը և մոտեցումները» 

Զեկուցողը մասնավորապես նշեց, որ ԱՌՆ ռազմավարությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նախ և առաջ բարձրացնել կրթվածության/գրագիտության մակարդակը:

- Մեր կազմակերպությունը փորձում է ամրացնել միջազգային գիտական ցանցի և ոլորտում տարբեր տեսակի քաղաքականություն մշակող փորձագետների կապն ու  համագործակցությունը, որը նպատակ ունի բարձրացնել անդամ պետությունների կարողություններն ԱՌՆ ոլորտում, - մասնավորապես ասաց Ջ. Տորեսը:

 Տկն. Տատիանա Թեն, ՅՈՒՆԻՍԵՖ, Արտակարգ իրավիճակների/ ԱՌՆ մասնագետ

 «Սենդայի գործողությունների ծրագիրը երեխաների և ԱՌՆ-ի համար»  

Բանախոսը նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը տարածաշրջանում ակտիվորեն ներգրավված է ԱՌՆ գործընթացներում և հիմնականում կենտրոնանում է երկու գործընթացի վրա: Առաջին` երեխաների կարողությունների բարձրացում, ինչը ենթադրում է նաև դպրոցների դիմակայունության բարձրացման ուղղված աշխատանքներ և երկրորդ` տեղական և համայնքային կյանքի զարգացում, որը ևս մեծապես նպաստում է երեխաների կարողությունների բարձրացմանը: Նա որպես օրինակ նշեց Հայաստանի փորձը` ընդգծելով, որ այս երկիրը բավական տպավորիչ կերպով իրականացնում է դպրոցների անվտանգության և դիմակայունության բարձրացման ծրագրերը, որոնց իրականացման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ն ակտիվորեն համագործակցում է ԱԻ և ԿԳ նախարարությունների հետ: Տ. Թենը մանրամասնեց նաև դրպոցներում երեխաների կարողությունների բարձրացման համար նախատեսված ուղեցույցների և մեթոդաբանության առանձնահատկությունները, որոնք մշակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

 - ԱՌՆ թեմաները մտցվել են կրթական ծրագրերի մեջ: Պատրաստվել են բազմաթիվ տեքստային նյութեր, ինտերակտիվ գործիքներ` ոչ միայն տպագիր ձևով, այլև մուլտֆիլմերի և տարատեսակ այլ տեսագրությունների միջոցով, որոնք նախատեսված են տարիքային տարբեր խմբերի, ինչպես նաև հատուկ կարիքավոր երեխաների համար: Մեր փորձն ապացուցեց, որ երեխաներն ունակ են մասնակցություն և մեծ ներդրում ունենալ աղետների ռիսկների նվազեցման գործում: Նրանք նույնիսկ կարող են իրենք իրազեկել մեծահասակներին և կիսել իրենց ձեռք բերած փորձը: Տ. Թենը զեկույցի ավատին տեսահոլովակների միջոցով ներկայացրեց, թե ինչպես են Հայաստանում երեխաները կրթություն ստանում այս ասպարեզում և իրենց դերն ունենում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում:

Պրն. Նիկոլայ Գրիգորյան, ՍԳԾ համակարգող, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր 

«Հայկական փորձը. ՍԳԾ-ն որպես ՀՀ ազգային դիմակայունության համապարփակ ծրագրի ուղենիշ»

Ն. Գրիգորյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից քաղած դասերը սերտելով` այսօր Հայաստանում գրանցել են մեծ ձեռքբերումներ. գործում է հզոր ԱԻ համակարգ, կան շատ խոշոր ձեռքբերումներ հանրային իրազեկման ոլորտում` հեռուստատեսային հաղորդումներ, թերթեր, կայքեր և այլն:

- Մենք ներգրավել ենք բոլոր գերատեսչություն-նախարարությունների, մարզպետարանների, ինչպես նաև մասնավոր սեկտորի որոշ հատվածի և միջազգային կազմակերպությունների լրատվական ծառայությունների պատասխանատուներին: Նախատեսում ենք ներգրավել նաև բոլոր դպրոցները, արտադրական ձեռնարկությունները: Հայաստանում առկա բոլոր դեսպանատների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ` ԱԻ նախարարությունը երկրում ստեղծել է «Արտակարգ ցանց», որում ներգրավված են բոլոր շահառուները` պետական մարմիններից մինչև մասնավոր ձեռնարկություններ: Մենք կազմեցինք ուժեղ երկրաշարժի դեպքում ճգնաժամային հաղորդակցության պլան, որը նախատեսում է, յուրաքանչյուր կազմակերպության տեղն ու դերը, պատասխանատվությունն ու իրավասությունը, տեղեկատվության բովանդակությունն ու իրազեկման ժամը, խոսնակներն ու նրանց համագործակցության ձևաչափը: Սրա նպատակն է ապահովել ճգնաժամային արդյունավետ հաղորդակցություն, իրազեկել բնակչությանը, ինչպես նաև աշխատել ԶԼՄ-ների հետ: Ներդնելով Ճապոնիայի փորձը` մենք պատրաստվում ենք իրականացնել հանրային լրարշավներ, իսկ ամերիկյան փորձի ներդրման շնորհիվ ստեղծեցինք Միջգերատեսչական լրատվական կենտրոն, որը հնարավարություն է տալիս պետական մարմիններին աղետի դեպքում խոսել մեկ լեզվով, - մասնավորապես նշեց Ն. Գրիգորյանը:

 Զեկույցի ընթացքում բանախոսը հույս հայտնեց նաև, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցելու շնորհիվ հնարավոր կլինի Հայաստանում ավելի մեծ արդյունքներ գրանցել: 

Պրն Ամիր Ազիզի, Ապահով հաղորդակցության ասիական ցանցի նախագահ 

 «Մաշհադ` համայնք, որը նպաստել է աղետների ռիսկի նվազեցմանը»

Ա. Ազիզին ներկայացրեց Իրանի ազգային և Մաշհադ քաղաքի ԱԻ համակարգերի գործունեության յուրահատկությունները և վերջին ձեռքբերումները՝ կապված նաև նորագույն ՏՏ ներդրումների հետ: Մաշհադը, ինչպես Երևանը, գտնվում է սեյսմավտանգ գոտում և ունի վերապրած երկրաշարժերի մեծ պատմություն: Բանախոսն ընդգծեց նաև բավական հաճախ պատուհասող հեղեղումները, որոնք վերջին տարիներին անձրևների պատճառով Մաշհադում շատ են լինում: Ա. Ազիզին ներկայացրեց, թե ինչ մեծ ներդրումներ են կատարվել Մաշհադում վերջին տարիներին այս արհավիրքներին դիմագրավելու համար:

Մատեու Ջոն Մասն, Հրշեջ-փրկարարական ծառայություն, Արձագանքման ռեսուրսների կառավարիչ

«Մեծ Բրիտանիայի ազգային և տեղական ռիսկերը»

Մատեու Ջոն Մասնը ներկայացրեց ԱԻ դիմագրավման բրիտանական փորձը և նորագույն տեխնոլոգիաների դերն այս ոլորտում: Նա ասաց, որ ամեն տարի իրականացվում է ռիսկի գնահատում, որի ընթացքում հաշվի են առնվում այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ: Նա ներկայացրեց նաև ԱԻ արձագանքման իրավական դաշտը Մեծ Բրիտանիայում, որտեղ 2004 թ. ընդունված օրենքով մեծապես կարգավորվել է տարբեր շահառուների դերաբաշխվածությունը: Նա ասաց, որ գոյություն ունի ազգային ցանց, որը ռիսկի գնահատումը և մշակված տեղեկությունը փոխանցում է տեղական մակարդակ՝ այսպես կոչված տեղական ցանցին:

Դոմինիկ Մաքսուել–Բատեն, Դևնի մարզային խորհուրդ, Արտակարգ իրավիճակների պլանավորման մասնագետ, «Ինչպես է Մեծ Բրիտանիան ներգրավում բոլոր դերակատարներին».

Բանախոսը ներկայացրեց, թե ովքեր են Մեծ Բրիտանիայում ԱԻ ոլորտում հիմնական շահառուները, և թե ինչպես են նրանք լավագույնս փոխանակում մեկը մյուսի ռեսուրսներն ու հնարավորությունները: Նա նույնպես ներկայացրեց ռիսկի գնահատման մեխանիզմները Միացյալ Թագավորությունում, ինչպես նաև դա կարգավորող օրենսդրական դաշտը: Նրա խոսքով՝ ռիսկի գնահատման գործընթացը կատարվում է ազգային մակարդակում, և կառավարությունը պարտավոր է այն փոխանցել բոլոր շահառուներին: Սա նշանակում է, որ բոլորը պետք է տեղեկացված և իրազեկ լինեն:

-Օրենքը Մեծ Բրիտանիայիում պահանջում է, որ բոլոր շահագրիգռ կողմերը գործեն միասնական և ոչ մեկուսի: Այս ամենը ենթադրում է սերտ համագործակցութուն տեղական մարմինների հետ, - շեշտեց Դ.Մաքսուել–Բատենը:

Նա ասաց նաև, որ Մեծ Բրիտանիայի համար ամենավտանգավոր ռիսկերից են հեղեղումները: Դրանք լինում են 3 տեսակի՝ գետային, ձնհալային և հեղեղումներ, որոնք առաջանում են մակընթացության բարձրացման պատճառով: Նրա խոսքով՝ այս արհավիրքին դիմակայելու համար Մեծ Բրիտանիան պատրաստվում է անդադար: Մեծագույն աշխատանք է տարվում համայնքներում տեղական կարողությունների զարգացման ուղղությամբ, և այս ոլորտում որպես հաջողության գրավական բանախոսն առանձնացրեց ոչ թե պետական մարմինների կողմից պահանջների թելադրումը, այլ հենց նրանց կարիքների բացահայտումը:

Պրն Քեյ Օհարու, Ճապոնիայի հեռարձակողների միություն, Ընթացիկ հարցերի բաժին, ավագ թղթակից

«Փրկել կյանքեր տեղեկատվության միջոցով: 2011 թ. մարտի 11-ից հետո աղետների վերաբերյալ զեկույցը»

Ք. Օհարուն ներկայացրեց Ճապոնիայի աշխարհագրական յուրահատկությունները բանական և տեխնածին աղետների տարբեր տեսակները, դրանց վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ` ընդգծելով, որ այնուամենայնիվ երկրաշարժն ամենից հաճախ պատուհասող արհավիրքն է Ճապոնիայում: Նա նշեց, թե որքան կարևոր են բնակչության իրազեկման և ազդարարման խնդիրները Ճապոնիայում` շեշտելով, որ այն դարձել է Ճապոնիայի ժողովրդի առօրյայի անբաժան մասը:

Ջոնաթան Ֆոուլեր, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակ, հանրային տեղեկատվության մասնագետ

«Սենդայի գործողությունների ծրագրի ուղերձների կապը. Ինչպես է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակը օգտագործում իրազեկումը` աղետների ռիսկի նվազեցման նպատակով»

Զեկուցողը նշեց, որ ՄԱԿ-ը այս ոլորտում առաջին հերթին կենտրոնանում է ՍԳԾ-ի վերաբերյալ մարդկանց իրազեկության բարձրացման վրա: Դա կատարվում է տարբեր եղանակներով, որում սոցցանցերը մեծ դեր ունեն:

- Մենք վերցնում ենք ՍԳԾ-ի 7 թիրախներից մեկը և կազմակերպում քարոզարշավներ, այնուհետև անցնում ենք մյուս թիրախներին: ՍԳԾ-ը միայնակ և անկախ գործող ծրագիր չէ, այն շատ ու շատ հանգույցներով կապված է Կայուն զարգացման և Կլիմայի փոփոխության, փոփոխականության և հարմարվողականության ծրագրերի օրակարգերի հետ, քանի որ «Կայուն զարգացման» 17 նպատակները մեծապես կապված են ԱՌՆ-ի հետ,- ասաց Ջ. Ֆոուլերը:

Պրն. Ամջադ (Ֆարուք) Բհաթի, Իսլամաբադի «Համայնքային զարգացման քաղաքականության ինստիտուտ», քաղաքականության գլխավոր խորհրդատու

«Ապափաթեթավոր հանրային իրազեկումը աղետների ռիսկի նվազեցման համար. որոշ գաղափարներ գործողությունների համար»

Ա. Բհաթին ներկայացրեց Պակիստանի փորձը հանրային իրազեկման ոլորտում՝ անդրադառնալով նաև այդ երկրի աշխարհագրական դիրքին և առավել հաճախ պատուհասող արհավիրքներին: Նա նշեց, որ յուրաքանչյուր տեղեկություն բնակչությանը փոխանցելիս անհրաժեշտ է ներկայացնել բոլորին մատչելի և հասկանալի լեզվով, և բացատրել, որ աղետը ճակատագիր չէ: Նրա խոսքով՝ պետք է մշակել ռիսկի և ճգնաժամային հաղորդակցության ռազմավարություն, որի հիմքում կլինի Սենդայի գործողությունների ծրագիրը:

- Մեր տեղեկությունը կարող է բոլորի համար հասկանալի չլինել՝ հաշվի առնելով այն, որ տարբեր խմբեր են ստանում այն: Կանանց, երեխաներին տարեցներին պետք է իրազեկել տարբեր եղանակներով: Ուստի՝ ուղերձները հղելիս պետք է հաշվի առնենք լսարանը, - նշեց Ա. Բհաթին:

Նա ընդծեց Հայաստանի առաջատար դերը հանրային իրազեկման բարձրացման ոլորտում՝ նշելով, որ այդ երկիրն իր հարուստ փորձով կարող է համախմբան «օջախ» դառնալ աշխարհում բոլոր շահառուների համար: Նա առաջարկեց նաև հիմնել գիտելիքահեն միջազգային մի ֆորում, որում կարող են ներկայցվել աղետների ռիսկի նվազեցմանը միտված նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաները:

  

Աշխատանքային 2-րդ օրը կայացավ միջազգային և հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կլոր սեղան քննարկում: 

Այս ընթացքում փորձագետները ներկայացան զեկույցներով, որոնք նվիրված էին ԱՌԿ հանրային իրազեկման, ճգնաժամային հաղորդակցության, լավագույն ծրագրերի, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումների հանրամատչելի ու հետաքրքաշարժ շտեմարանի ստեղծմանը: Նիստը վարում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

Քննարկումների ընթացքում փորձագետները ներկայացրեցին, թե ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների նորարարական լուծումների շնորհիվ հնարավոր է ճգնաժամային կառավարման, կապի ու հաղորդակցության, մշտադիտարկման, կանխատեսման, վտանգների գնահատման և ռիսկերի բացահայտման ու նվազեցման, ազդարարման, իրազեկման, ուսուցման և այլ ոլորտներում մեծ արդյունքներ գրանցել: Ըստ այդմ` տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներն այսօր թույլ են տալիս ստեղծել բարձր արդյունավետությամբ գործող տվյալների բազաներ, որոնք կարող են ապահովել տարբեր գերատեսչությունների միջև պահուստային, կորստի ու վիճակագրական շատ տվյալների փոխանակելիության մատչելիություն: Ներկայացվեցին նաև նորարարական այնպիսի լուծումներ, որոնք կարող են նպաստել հանրության լայն շերտերի (երեխաներ, տարեցներ, հատուկ կարիքավոր, ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ) իրազեկման, ազդարարման և ուսուցման գործընթացին: Ճգնաժամային կառավարման ոլորտում նորարարություն է համացանցի, էլ.էներգիայի, կապի ու հաղորդակցության, տեսաձայնային միջոցների խափանման և բացակայության պարագայում աղետի գոտում 3 կմ շառավղով «արտակարգ» տիրույթի ստեղծման հնարավորությունը: Այս նորարարության շնորհիվ` ռադիո տիրույթում գտնվողները կարող են նաև կապ հաստատել միմյանց միջև` տեսաձայնային և հաղորդագրությունների տարբերակով: Համակարգը հնարավորություն է ընձեռում շուրջ 200 քաղաքացու միաժամանակյա կապ հաստատել աղետի գոտում տեղակայված կառավարման կայանի հետ և միմյանց միջև: Ներկայացվեցին նաև բջջային հավելվածներով կիրառվող և վտանգերի քարտեզագրման նոր մեխանիզմներ, որը թույլ է տալիս բնակչությանն անմիջական մասնակցություն ունենալ ռիսկերի բացահայտման և նվազեցման գործընթացում:

Կլոր սեղան քննարկմանը հաջորդեց Գլոբալ Պլատֆորմում (Մեքսիկա, 2017թ. մայիս) ներակայացվելիք առաջարկների փաթեթի ձևավորման գործընթացը: Համաժողովի մասնակիցները բաժանվեցին երեք խմբի: Փորձագետների միջև մտքերի փոխանակումից հետո յուրաքանչյուր աշխատանքային խումբ հանդես եկավ ավարտական զեկույցով, որի ժամանակ հնչեցին համաժողովին հաջորդող քայլերի վերաբերյալ կառուցողական առաջարկներ.

Հանրային իրազեկման լավագույն միջոց կարող են հանդիսանալ.

Միջազգային պորտալի ստեղծումը, որը լավագույն փորձի և պրակտիկայի առցանց աղբյուր է  ռիսկերի  կրճատման և հանրային իրազեկման համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը պետք է առանձնացնի ՀՀ-ում այն հիմնական գործող անձանց, որոնք փորձ ունեն  ԱՌՆ ոլորտում, պետք է նաև կապ հաստատի ԱՌՆ ոլորտում փորձ ունեցող երկրների հետ, հետո նաև՝ ամփոփի և ի մի բերի արդյունքները:

 Հեքաթոնի ստեղծումը, որի նպատակը կլինի  տարբեր պաշտոնական աղբյուրներից վերցնել տվյաներ և ներկայացնել մեկ լեզվով: Խնդիրն այն է, որ տարբեր կազմակերպություններ խոսում են նույն բանի մասին, բայց տարբեր ձևով: Տեղեկատվական բազան պետք է մատուցվի ավելի հասանելի լեզվով և Հեքաթոնն այս հարցում  կարող է ծառայել` որպես շատ լավ մեխանիզմ: Այժմ այդ գործով զբաղվում է UNDP միջազգային կազամակերպությունը: Մինչև Գլոբալ Պլատֆորմ առաջարկություններ ներկայացնելը Հեքաթոնի ձևավորմանը կարելի է նպաստել միջազգային նախաձեռնությունների միջոցով: Այս գործընթացը լավագույնս կարող է ծառայել ոչ միայն հանրային իրազեկման բարձրացմանը, այլև տվյալների հավաքագրմանն ու ամբողջականացմանը:

  

Հանրային իրազեկումը բարելավելու ուղղությամբ իրականացվող գործողություններ 

  1. «Արտակարգ ցանցի»  ստեղծում. ներգրավել  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (նախարարություններ, գերատեսչություններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ), հասարակական և միջազգային կազմակերպությունների, հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների լրատվության պատասխանատուներին և լրատվամիջոցները: Հետագայում ընդլայնել «Արտակարգ ցանցը»` ներգրավելով բոլոր ուսումնական հաստատություններն ու համայնքները, օբյեկտներն ու կազմակերպությունները
  2. Լրարշավի կազմակերպում. կազմակերպել աղետների ռիսկի կառավարման հանրային մեծ լրարշավ և համապետական խաղ-վարժանք` երկրաշարժի և դրա երկրորդային հետևանքների սցենարով. մասնակցում են բոլորը՝ մանկապարտեզի սանից մինչև երկրի նախագահ
  3. Ուսումնավարժանքների կազմակերպում 
  4. Ստեղծել հանրամատչելի կայք /տեղադրել աուդիո, վիդեո հոլովակներ/
  5. Հանրամատչելի կայքի հիման վրա /web-based/ ստեղծել հեռուստաալիք /տեղադրել բոլոր երկրների տեսանյութերը, տեսահոլովակները, ֆիլմերը/
  6. Դասընթացներ` լրագրողների համար
  7. Վիրտուալ խաղերի, մուլտֆիլմերի, գունազարդ գրքերի ստեղծում` ԱՌՆ թեմաներով
  8. Աղետ ապրած բնակչի պատմության գրառում
  9. Նորագույն ՏՏ օգտագործում. իրազեկման և բոլոր նախաձեռնություններում օգտագործել նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ
  10. Ուսումնական ծրագրերում ներառել ԱՌՆ թեմաները
  11. «Թարգմանել» տարբեր երկրներից ստացած տեղեկությունը, որպեսզի այն հասանելի լինի նաև Կառավարությանը /միասնական մեթոդոլոգիայի մշակում՝ տեղական և ազգային մակարդակում /
  12. Կազմակերպել հանրության ուսուցում՝ տարբեր ուսուցողական ծրագրերի միջոցով
  13. ԶԼՄ-ների համար ստեղծել ռեսուրս-կենտրոններ
  14. Ներդնել ԱՌԿ ուսուցանման ստեղծարարություն
  15. Քաղաքացիական ծառայողների համար տարածաշրջանային ուսուցողական կենտրոնի ստեղծում
  16. Խաղերի և փառատոնների կազմակերպում 
  1. Բիզնեսի ներգրավում
  2. Աղետի թանգարանի հիմնում
  3. «Պատմի՛ր պապիկիդ» մրցույթի կազմակերպում. երեխան իրազեկում է մյուս տարիքային խմբերին 
  4. Տեղեկությունը տարածել տարեցների համար հասանելի վայրերում՝ թոշակ ստանալու կենտրոններ, այգիներ, թերթեր, հեռուստատեսություն
  5. ԱԻ լրագրողների և կազմակերպությունների ցանց
  6. Կամավորական ցանցի ստեղծում

Համաժողովի առաջարկների փաթեթը ձևավորելիս քննարկվեցին նաև միջազգային աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ հարցերը, որոնք ուրվագծվել էին դեռևս երևանյան 3-րդ համաժողովի ընթացքում: Քննարկումների համաձայն` աշխատանքային խումբն առաջ կտանի տեղեկատվության և հաղորդակցության օրակարգը` աղետների ռիսկի արդյունավետ նվազեցման համար:

Միջազգային աշխատանքային խումբը կստանձնի հետևյալ հանձնառությունները.

(առաջարկվող, ոչ պարտադիր հարցերի ցանկ, որոնք պետք է ուսումնասիրվեն միջազգային աշխատանքային խմբի կողմից)

(i) Ինչպես ԱՌՆ տեսակետից զարգացնել հանրային տեղեկատվությունը` ներառյալ ճգնաժամային հաղորդակցությունը, անդամ պետությունների համար իրազեկման ուղեցույցերը և չափանիշները` հիմնված առկա լավագույն փորձի վրա, պիտանի մշակութային նպատակահարմարության տեսանկյունից, համահունչ հաղորդակցության տեխնոլոգիաների նվաճումներին և գիտելիքի փոխանցման շարունակական` վստահ լինելու համար, որ ուղեցույցերն ու չափանիշները մնալու են արդիական:

(ii) Ինչպես մշակել հանրային իրազեկման ցուցանիշներ, որոնք համահունչ կլինեն Սենդայի ԱՌՆ ծրագրին:

(iii) Ինչպես հիմնել Արտակարգ ալիք միջազգային ասոցիացիա` ընդգրկելով պետական մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և տեղեկատվական հոսքերի համար մյուս պատասխանատուների:

(iv)     Ինչպես խթանել ու ներազդել բոլոր մակարդակների կրթական հաստատություններում ԱՌՆ ընդգրկման վրա (մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ, հետբուհական ծրագրեր ու մասնագիտական կրթօջախներ): Ինչպես մշակել ռիսկի տեղեկատվության և հանրային իրազեկման ընդլայնված դասընթացներ` ԱՌՆ և այս ոլորտներում երկրի գործիչների հիմնական կարողությունների կառուցման վերաբերյալ:

(v) Ինչպես կապել կրթությունը և ԱՌՆ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում առկա հետազոտական կառույցները` լավագույն փորձի և նոր միտումների մասին գիտելիքը բարելավելու համար:

(vi) Ինչպես մշակել չափիչներ, օրինակներ ու թեմատիկ հետազոտություններ, որոնք կօգնեն հանրությանը տարբերակել ԱՌՆ տեղեկատվությունը:

(vii) Ինչպես խրախուսել ԶԼՄ-ներին առավել ակտիվ ներգրավվել ԱՌՆ կրթության և տեղեկատվության տարածման մեջ` օրինակ լրագրողների համար ուսումնական ռեսուրս կենտրոնների միջոցով:

(viii) Ինչպես խրախուսել ԱԻ նախարարություններին և վարչություններին ուժեղացնել իրենց ԱՌՆ տեղեկատվության և հաղորդակցության կառավարման կարողությունները:   

(ix) Ինչպես հրավիրել կառավարություններին ու միջազգային կազմակերպություններին մշակել հանրային տեղեկատական պլաններ, անցկացնել ճգնաժամային հաղորդակցության ուսումնավարժություններ և առնվազն տարին մեկ անգամ կազմակերպել հանրային իրազեկման ազգային քարոզարշավներ:

(x) Ինչպես հրավիրել կառավարություններին և այլ շահագրգիռ կողմերին ուժեղացնելու իրենց համագործակցությունը` արդյունավետ ԱՌՆ նպատակով տեղեկատվության ու հաղորդակցության և ընդհանուր մոտեցումներ կիրառելու առումով: ԱՌՆ ուղղորդված հանրային իրազեկման և կրթական նյութերում խթանել ընդհանուր մոտեցում: 

Աշխատանքային խումբը գործելու է պատասխանատու գործակալությունների առկա կարողությունների շրջանակում` անհրաժեշտության դեպքում գործընկերների աջակցությամբ:

Աշխատանքային խումբը պետք է գլոբալ, տարածաշրջանային/երկրի մակարդակով մշակի աշխատանքի պլանավորման գործողություններ` ընդգրկելով տարբեր գործակալություններ և պատրաստելով համատեղ տարեկան աշխատանքային պլաններ` ընդհանուր գործողությունների, միջոցառումների, հրապարակումների և այլնի համար ժամանակացույցերով ու բյուջեով:

Աշխատանքային խումբը պետք է իր գործունեության մասին զեկույցներ ներկայացնի` տարեկան և կիսամյակային հանդիպումների ընթացքում:

Աշխատանքային խմբի ղեկավարը պետք է խմբի համար ապահովի բաց և թափանցիկ գործունեություն: Նա առաջին հերթին պատասխանատու է խմբի աշխատանքային պլանով գործողություններն ուղղորդելու և գործընկերների հետ նպատակային հանդիպումների համար, որոնց համար անհրաժեշտության դեպքում Աշխատանքային խմբի քարտուղարությունը կտրամադրի նյութատեխնիկական աջակցություն: Խումբը կարող է աջակցել մոբիլիզացնելու տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսներ` աշխատանքային պլաններն արդյունավետ իրագործելու համար:

Առաջարկների ձևավորման քննարկումներից հետո եզրափակիչ ելույթներով և իրենց դիտողություններով հանդես եկան համաժողովի հիմնական բանախոսները: 

 Ն. Գրիգորյան

 - Երեխաները մեզ դիմում են՝ մի՛ կառուցեք մեր ապագան առանց մեզ: Սա պետք է հաշվի առնենք և մեր ուղերձներում օգտագործենք: Մասնավոր սեկտորին ներգրավելիս ՍԳԾ-ը հստակ ասում է` ԱՌՆ ոլորտում ֆինանսավորումը ոչ թե ծախս է, այլ՝ ներդրում: Մենք պետք է հստակեցնենք, որ թիրախային խմբին ինչ ուղերձներ ենք հասցնում: Ես շատ զարմացա, որ խմբերը չէին անդրադարձել հանրային լրարշավների կազմակերպմանը: Ես առաջարկում եմ անցկացնել այնպիսի արշավներ, ինչպես որ Ճապոնիայում է կազմակերպվում: Անհրաժեշտ է Սիմուլյացիոն վարժանքի հետ միասին անել հանրային լրարշավներ: Այսինքն` յուրաքանչյուր թիրախային խմբին իր ուղերձները տալ, ուսուցում կազմակերպել և ուսումնավարժանքի ժամանակ դա արդեն կլինի և´ ֆիզիկական վարժանք, և´ իրազեկության, գիտելիքի փոխանցում, ինչը շատ կարևոր է: Այս բոլոր առաջարկները մենք հստակ կձևակերպենք և կդնենք շրաջանառության մեջ: Մենք շատ կաևոր ուղերձներ ունենք լրատվական կառույցների ղեկավարներին: Թիրախային խմբերից է նաև հաշմանդամների խումբը: Այն շուրջ 4 տասնյակ հաշմանդամներին, որոնց ներգրավել ենք ԱԻ նախարարությունում, նրանց հետ միասին մշակում ենք, թե ինչպես պիտի կազմակերպենք հատուկ կարիքավոր մարկանց իրազեկումը, ինչպես ազդարարենք, ինչպես տարհանենք նրանց:

Մադավի Արիաբանդու 

- Շատ կարևոր, շատ նշանակալից քննարկումներ ունեցանք այս երկու օրերի ընթացքում: Դրանց մասնակցեցին տարբեր կազմակերպություններ աշխարհի տարբեր վայրերից: Պետք է ասեմ, որ սա այն ձևաչափի համաժողով չէր, ինչ որ սովորաբար լինում է: Մենք այստեղ տեսանք ՄԱԿ-ի տարբեր կառույցներից շատ ներկայացուցիչների, Հայաստանի տարբեր սեկտորների փորձը, տեսանք ՏՏ ոլորտի մասնագետների ներգրավվելու հնարավորությունները: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար այս ամենը շատ-շատ հարուստ փորձ էր: Այս համաժողովից ես հեռանում եմ բազմաթիվ գաղափարներով հարստացած: Հուսամ՝ սա բոլորիդ համար նմանօրինակ փորձ էր: Երկրորդ հերթին, կուզեմ նշել, որ համաժողովի ընթացքում մեր կատարած այս «վարժանքը» նորից ապացուցեց, որ մենք իսկապես բավական շատ գաղափարներ ունենք: Նկատեցի, որ մեծ եռանդ կար: Հետևում էի, թե ինչպես են ընթանում թեժ քննարկումները, ինչպես էին տարբեր մասնակիցներ ելույթներ ունենում, ինչը ևս շատ խրախուսելի է: Կարծում եմ հնչած կարծիքները ի մի կբերվեն, կխմբագրվեն և վերջնական փաթեթ կձևավորվի: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարարության ղեկավարությանը` այս համաժողովը կազմակերպելու համար: Այս ամենը շատ գովելի ու օրինակելի էր, և UNISDR-ն իրոք շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը: Գլոբալ Պլատֆորմն անպայման պետք է ստանա այս գաղափարները` որպես ՍԳԾ-ի շրջանակներում իրականցված գորոծողությունների արդյունք: Այսինքն` սա գաղափարների տոնահանդեսի նման մի բան է, որը պետք է ներկայացվի: Բնականաբար, դեռ պետք է փաստաթղթեր կազմվեն, ինչևէ անելիքներ դեռ շատ կան: Շնորհակալություն բոլորին: Հավաստիացնում եմ, որ կհետևենք կատարված աշխատանքների արդյունքներին և հետագա զարգացումներին: 

Ջոնաթան Ֆոուլեր 

- Ես շատ բան չունեմ ավելացնելու: Մենք բնականաբար կունենանք ոչ պաշտանական հանդիպումներ, ՍԳԾ-ի վերաբերյալ հաշվետվություններ կլինեն, և բնական է` օրակարգը կլինի շատ խիտ: Սա Սենդայից հետո ամենակարևոր իրադարձությունն է և հնարավորություն է տալու մի պահ կանգել ու նայել անցած ճանապարհի վրա` հասկանալու` ինչ առաջընթաց է եղել: Մենք այս ուղղությամբ պետք է շատ արագ առաջ շարժվենք, որովհետև հունվարը վերջնաժամկետն է Գլոբալ պլատֆորմին մեր հայտերը ներկայացնելու համար: Շատ շնորհակալ եմ, որ այս համաժողովը կազմակերպեցիք և հյուրընկալեցիք: Ես ամբողջովին բավարարված եմ դրա բովանդակությունից և համաձայն եմ տկն. Մ. Արիաբանդուի հետ, որ այս համաժողովի բովանդակությունը շատ բարձր էր որակի տեսանկյունից:

Ամջադ Բհաթի

- Շատ շնորհակալ եմ: Բացի շատ հետաքրքիր ու ոգևորիչ ուղերձներից, ձեռք բերած գիտելիքներից, ես անձամբ մեծ ջերմություն եմ ստացել սառը Հայաստանից: Ասեմ, որ շատ լավ ներկայություն էր. պրն. Գրիգորյանը խրախուսում էր բոլորին մասնակցել քննարկումներին, պրոակտիվ լինել, զրուցել, նա ուղղորդում էր համաժողովը: Կասեմ, որ դա շատ ոգևորիչ էր անձամբ ինձ համար: Ես զգացի, որ եթե ղեկավարության շրջանում կա նման նվիրվածություն ու եռանդ, ապա կարծում եմ` առհասարակ, կառավարությունները նույնպես կարող են մեծ ներդրում ունենալ և դառնալ մարդկանց միավորման «կառուցողական կենտրոն»: Տարբեր երկրներում ես տեսել եմ, որ նման առաջնորդները քաղաքացիական հասարակության շարքերից են, և կառավարություններին ընդամենը հրավիրում են, որ գան և պարզապես մասնակցեն այդ միջոցառման արարողակարգային մասին:

Հայաստանի դեպքում իրավիճակն ամբողջովին այլ է: Նյութի, բովանդակության, մեթոդաբանության տեսակետից այս համաժողովը կազմակերպված էր հենց ՀՀ կառավարության անմիջական մասնակցությամբ: Մյուս կողմից հրավիրված էին և մասնակցում էին քաղաքացիական հասարակության ու այլ սեկտորների ներկայացուցիչներ, ովքեր ազատորեն արտահայտում էին իրենց տեսակետները: Դա ստեղծում է տպավորություն, որ այս երկրում կա թիմ: Ի վերջո, կառավարությունն է պատասխանատու բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման համար: Ոչ պետական կառույցները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են մասնակցել` որպես լավագույն դեպքում կամավոր օժանդակող մեխանիզմներ: Այս ուղերձը ես այս համաժողովից տանելու եմ ինձ հետ, որ փաստացի ՀՀ կառավարության նվիրվածության մակարդակը բավական բարձր էր, քննարկումների, զրույցների և փաստարկների որակը` շատ տպավորիչ: ՏՏ ոլորտի ներկայացուցիչների զեկույցներ ևս շատ տպավորիչ էին: Նրանք շատ ստեղծագործաբար են մասնակցում գործին: Նրանք ինձ փոխանցեցին շատ նորարարական լուծումներ, որոնք ես ինձ հետ կտանեմ Հայաստանից: Ես դա կներկայացնեմ Պակիստանի քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին և այլոց: Մենք անպայման կուսումնասիրենք Հայաստանի փորձը, կփնտրենք ավելի սերտ կապեր և կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան մեր հայ գործընկերներին հրավիրելու Պակիստան` այս փորձը իմ երկրում ևս վերարտադրելու ակնկալիքով: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ծանոթանալ այս փորձի հետ: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին: 

Հիտոշի Բաբա 

 - Ամբողջ համաժողովը շատ ոգևորիչ էր, իսկ հանրության լայն շերտերի ներկայությունն ու մասնակցությունը` ակներև: Մեր նպատակն է հասարակությանը պաշտպանել տարբեր ռիսկերից: Այս գործընթացում հանրությունը պետք է ինքն ընդգրկվի: Մենք պետք է հրավիրենք բոլոր մյուս շահառուներին: Հասարակությունը պետք է գիտակցի, որ իրազեկ պետք է լինեն բոլորը, ոչ թե միայն կառավարության անդամները: Հուսով եմ` այս համաժողովը կշարունակի մեր նախաձեռնությունները և շատ արդյունավետ ազդեցություն կունենա ոլորտում հետագա գործողությունների վրա: Ինչ վերաբերում է ձեր` Ճապոնիայի հետ փոխգործակցության հետագա ընթացքին` JICA-ն միանշանակ և ամեն ինչում կօժանդակի ձեզ: Շատ շնորհակալ եմ այս շատ կարևոր և արդյունավետ համաժողովին հրավիրելու համար:

Հիշեցնենք, որ «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» միջազգային համաժողովը մեկնարկել է 2013 թ.՝ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, և անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ: 2013 թ. համաժողովը կրում էր «Պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, լրատվության պատասխանատուները և լրագրողները միասին հանուն աղետակայուն Երկիր մոլորակի», 2014 թ.՝ «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման», իսկ 2015 թ.-ին՝ «Լրատվամիջոցները, հանրային իրազեկումը և Սենդայի աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը» խորագրերը:

 

 

 

 


ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ