Երկրաշարժեր ու փոթորիկներ, հրդեհներ ու ջրհեղեղներ, տրանսպորտային աղետներ, համաճարակներ ու պատերազմներ… Ի՞նչ են դրանք բերում մարդուն. սարսափ, երկյուղ, հուսահատություն, մահ։ Ինչպե՞ս չկորչել այս խելակորույս աշխարհում, որ լի է մարդկային վշտով։
Տիեզերական աղետից է սկսել իր գոյությունը մեր աշխարհը, ծագել տիեզերքը։ Այնուհետեւ, հենց մի շարք առավել փոքր, բայց ոչ պակաս աղետալի իրադարձություններից հետո Երկրի վրա ծնունդ է առել կյանքը, իսկ մի քանի միլիոն տարի անց՝ նաեւ բանականությունը։
Հավանաբար, մարդկության գոյության վերջը եւս կարող է գալ ինչ-որ վիթխարի աղետի հետեւանքով։ Մենք չգիտենք, այդ աղետն արդյոք բնակա՞ն երեւույթ կլինի. ասենք Աստվածաշնչում նկարագրված համաշխարհային ջրհեղեղ, գուշակների կանխատեսած բախում վիթխարի երկնաքարին, իսկ միգուցե, Երկրի վրա կյանքի կործանումը կլինի աստղի մարելու, ծերանալու արդյունք, չէ՞ որ մենք գոյատեւում ենք միայն Արեգակից ստացվող էներգիայի շնորհիվ։ Բայց անհամեմատ սարսափելի է այն, որ ահավոր վախճանը կարող է հենց մարդու ձեռքի գործ լինել՝ շրջակա միջավայրի համընդհանուր աղտոտմամբ հարուցված էկոլոգիական աղետ, պատվամոլ խելագարների սանձազերծած ջերմամիջուկային պատերազմ։
Իսկ ի՞նչ է աղետը‚ ի՞նչ սահմանում կարելի է տալ մեզ համար այդքան կարեւոր հասկացությանը։ Ամբողջությամբ վերցրած աղետն ինչ է բերում մարդկությանն, աշխարհին. միայն սարսափ, երկյուղ, հուսահատություն, մահ, իսկ միգուցե, այն հանգեցնում է հնացածը նորով, ավելի առաջադիմականով, թեպետ ցավագին, բայց անհրաժեշտ փոխարինման. այսինքն՝ աղետը բնության կատարելագործման ստեղծարար գործընթաց է, որը նման է կենդանի էակների մեզ հայտնի բնական ընտրությանը։ Ի դեպ, վերջինս նույնպես ուղեկցվում է շրջակա միջավայրի դաժան պայմաններին չհարմարված բույսերի ու կենդանիների տեսակների ոչնչացումով։
Մեր վերաբերմունքն այս կամ այլ աղետալի իրադարձությանը կախված է այն բանից, թե ինչ դիրքից ենք նրան դիտում. արդյոք ողբերգության անմիջական մասնակիցնե՞ր ենք, թե՞ աղետի հետեւանքների կողմնակի դիտորդներ։ Նման իրավիճակում օբյեկտիվ մնալ գործնականում անհնար է, կարելի է սոսկ ենթադրել, որ աղետը բարդ, բազմակողմ երեւույթ է եւ իր մեջ պարունակում է ինչպես ավերիչ չարիք, այնպես էլ անկանխատեսելի նոր բարիք։
Առավել ճիշտ կարելի է համարել այդ հասկացության հետեւյալ սահմանումը. աղետը (հունարեն՝ katastrophe - անսպասելի փոփոխություն, հեղաշրջում) հանկարծակի իրադարձություն է մեծ չափեր ընդգրկող ողբերգական հետեւանքներով, մարդկային զոհերով ու ավերածություններով (երկրաշարժ, հրաբուխի ժայթքում, հեղեղ, փոթորիկ, հրդեհ եւ այլն)։ Կարելի է միայն ավելացնել, որ ողբերգական հետեւանքները կարող են մարդուն ոչ միայն ֆիզիկական հաշմություն կամ մահ պատճառել, այլեւ՝ արտահայտվել ծանր հոգեկան ցնցումով, որը կհանգեցնի մարդու բնավորության, հայացքների, սկզբունքների արմատական փոփոխությունների։
Ընդ որում աղետը կարող է ունենալ ինչպես համընդհանուր (գլոբալ) բնույթ, այնպես էլ շոշափել մարդկանց ոչ մեծ խմբի, անձամբ մեկ մարդու։ Մեր այսօրվա կյանքը հագեցած է սթրեսային իրավիճակներով, որոնք առաջացել են ինչպես հասարակական աղետալի իրադարձություններից, այնպես էլ մանր անձնական հիմնախնդիրներից, կարելի է ասել, միկրոաղետներից։ Եվ հենց այդ իրավիճակներում է բացահայտվում մարդը. դրսեւորվում են ինչպես նրա լավագույն հատկությունները՝ հերոսությունը, անձնազոհությունը, կամքի ուժը, այնպես էլ վեր են ելնում ամենավատթար «մութ» գծերը, որոնք սովորական պայմաններում հաջողվում է զսպել, որովհետեւ դրանցից ամաչում ենք։ Մարդկային փոխհարաբերությունները, հայացքները, կարծիքները, ինչպես նաեւ սոցիալական կառույցներն աղետի ազդեցության տակ ենթարկվում են փոփոխությունների, բայց դրանք չեն կարող ամբողջովին ոչնչացվել։ Հենց դա է հնարավորություն ընձեռում մարդկանց գոյատեւելու անգամ ամենածանր պայմաններում։
Տիեզերական աղետներ
Տիեզերք-արեգակնային համակարգ-երկիր
Ենթադրում են, որ առաջին աղետը տեղի է ունեցել 15 միլիարդ, իսկ հնարավոր է եւ 20 միլիարդ տարի առաջ։ Չէ՞ որ գիտնականները գտնում են, թե մեր տիեզերքի ծնունդն իր մասշտաբներով մեծագույն, աներեւակայելի մի աղետի հետեւանք է, որը համեմատելի է բիլիոն-բիլիոնավոր ջերմամիջուկային լիցքերի պայթյունի։
Այդպես են առաջացել տարածությունը եւ մատերիան, լույսն ու ժամանակը։ Տիեզերքը ընդլայնվել ու հովացել է, հայտնվել են աստղային կազմավորումներ։ Մարդու համար գրեթե անհնար է այդ ամենը պատկերացնել, բայց սկզբում մեր տիեզերքը միանգամայն այլ տեսք է ունեցել։ Առաջին պահին նրա մեջ մեր աշխարհի ֆիզիկական օրենքները չեն գործել, թեպետ այդ ժամանակամիջոցը, ըստ մարդկային չափանիշների, անասելի փոքր է եղել՝ ընդամենը վայրկյանի 10(-43) աստիճան։
Այնպիսի գալակտիկաների ձեւավորման գործընթացը, ինչպիսին մերն է, սկսվել է մոտ 7 միլիարդ տարի առաջ եւ նույնպես ուղեկցվել տիեզերքում աղետալի փոփոխություններով։
Որոշ գալակտիկաների միջուկների շուրջը պտտվում էին պարուրաձեւ միգամածություններ, դրանցից մեկի "բազուկում" էլ ծագել է արեգակը։ Տեսական հաշվումների համաձայն, այդ "բազուկները" կազմված էին ոչ թե աստղերի եւ ուրիշ մարմինների հոսքից, այլ գրավիտացիայով պահպանվող գազի ու փոշու թանձրուկներ էին։ Դա նման է այնպիսի հարվածային ալիքի, որի մեջ աստղերը "բազուկների" հետ չեն շարժվում, այլ հայտնվում են հերթականությամբ՝ նախ մեկը, հետո մյուսները։
Որքան աստղը պայծառ, ուժեղ է լուսավորում, այնքան ավելի արագ է ծերանում ու մարում։ Այդ վառ աստղերից ոմանք պայթում են եւ դառնում բազմաթիվ ծանր տարրերի աղբյուր։ Արեգակն, ի բարեբախտություն մեզ, այնքան էլ մեծ ու պայծառ չէ եւ տակավին նվազագույնը 10 միլիարդ տարվա կյանք ունի։
Հիմա մեր մոլորակի մասին։ Երկիրը ծագել է արեգակնային նախաամպից, որը գրավիտացիայի ազդեցության տակ‚ չպարզված պայմաններով‚ արեգակի բաղկացուցիչ մաս չի դարձել։ Մոլորակի ձեւավորման գործընթացը տեւել է ընդամենը մի քանի միլիոն տարի։ Ենթադրում են, որ մյուս մոլորակները երեւան են եկել ավելի վաղ։ Գիտնականները գտնում են, որ հատուկ դերը Յուպիտերինն է։ Հենց նրա էլեկտրամագնիսական դաշտն է ազդել, որ Երկրին բաժին են ընկել երկաթ եւ կյանքի համար ուրիշ կարեւոր տարրեր։ Չէ՞ որ ոչ մի այլ մոլորակ չունի այսպիսի երկաթախառը միջուկ եւ, որպես հետեւանք‚ այսպիսի մագնիսական դաշտ։