Առաջին օդերեւութաբանական կայանը Հայաստանում բացվել է 1843 թվականին Ալեքսանդրապոլում` մերօրյա Գյումրիում։ Սակայն դեռեւս 5-րդ դարում Հայկական լեռնաշխարհի կլիմայի մասին խոսել է Մովսես Խորենացին, երկու դար հետո Անանիա Շիրակացին նկարագրել է ամպերի տեղաշարժն ու եղանակի փոփոխությունը, իսկ Խաչատուր Աբովյանն արդեն 19-րդ դարի սկզբին համապատասխան գործքիներով չափումներ է արել։ 1843-ից հետո մեկը մյուսի հետեւից սկսել են բացվել այլ դիտակայաններ, ու 1925-ին Հողժողկոմին առընթեր ստեղծվել է Հայաստանի օդերեւութաբանական ծառայությունը։
- Շատ կարեւոր էին մեր դիտարկումները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ոչ մի ինքնաթիռ երբեք չի թռնի, ոչ ոք ոչ մի զենք չի օգտագործի կամ փորձարկի` առանց իմանալու, թե մթնոլորտում ինչ է կատարվում։ Այդ պատճառով մեր ծառայությունը պատերազմի տարիներին մտավ զինված ուժերի կազմի մեջ, - պատմում է Հայպետհիդրոմետի տնօրենի խորհրդական Սերգեյ Անանյանը։ Այսօր Հայաստանի տարածքում գործում է Հայպետհիդրոմետի 44 դիտակայան։ Դրանցից 3 ժամը մեկ պարբերականությամբ տվյալներ են հաղորդվում Հայպետհիդրոմետ, որտեղից էլ ուղարկվում են կանխատեսման միջազգային կենտրոններ։
- Բացի միջազգային կանխատեսման կենտրոններ ուղարկվելուց, այդ տվյալները այստեղ` մեզ մոտ ենթարկվում են վերլուծության, համեմատվում նախորդ օրերի տվյալների հետ։ Իսկ միջազգային կանխատեսման կենտրոններում դրանց հիման վրա կազմվում են կանխատեսման քարտեզներ եւ հետ են ուղարկվում ազգային կենտրոններ։ Ոչ մի պետություն, նույնիսկ ամենազարգացածը, չի կարող ինքնուրույն եղանակի կանխատեսում կատարել, որովհետեւ դա կախված չէ միայն իր դիտարկումներից։ Մթնոլորտը անընդհատ շարժման մեջ է, ու երեկ մի երկրում գտնվող օդային զանգվածը հաջորդ օրը կարող է գալ այլ երկրի տարածք, ու պետք է իմանալ, թե որ կողմից եկավ, ինչպիսի եղանակային պայմաններ կբերի, - բացատրում է ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Հիդրոօդերեւութաբանական ռեժիմի ուսումնասիրման կենտրոնի պետ Վլադիմիր Եգանյանի խոսքերով էլ, այսօր Հայպետհիդրոմետի 6 դիտակայաններ ընդգրկված են միջազգային օդերեւութաբանական կազմակերպության դիտարկումների գլոբալ ցանցում, եւ 16 կայան` ԱՊՀ միջպետական դիտարկումների ցանցում։
Ագրոօդերեւութաբանական կաaյանը Հայպետհիդրոմետի դիտակայաններից մեկն է։ Այստեղ կատարվում են 3 տիպի դիտարկումներ` մետեորոլոգիական, աքինոմետրիական եւ ագրոմետերիոլոգիական։ Ծովի մակերեւույթից 942 մետր բարձրության վրա գտնվող այս կայանը պատասխանատու է Արարատյան դաշտի մթնոլորտային երեւույթների ուսումնասիրման եւ դիտարկման համար։ Մետեորոլոգիական դիտարկումները կատարվում են օրվա մեջ 2 անգամ` Գրինվիչի ժամանակով։
- Երբ դիտողը դուրս է գալիս դիտարկման, առաջին հերթին ուշադրություն է դարձնում տեսանելիությանը,- բացատրում է Ագրոօդերեւութաբանական կայանի առաջատար մասնագետ Նվարդ Առաքելյանը, - մենք այստեղ մի քանի օբյեկտներ ունենք, ըստ որոնց էլ որոշում ենք տեսանելիության աստիճանը։ Եթե դիտողը չի տենում ամենահեռու օբյետը, ասենք` Արայի լեռը, փնտրում է հաջորդը` ավելի մոտը։ Դրանից հետո նայում է ամպերին, նշում դրանց տեսակները։ Հետո արդեն օդի ջերմաստիճանը չափելու ժամանակն է։ Ջերմաչափերը գտնվում են փսիխոմետրիական տնակում։
Նվարդ Առաքելյանը նաեւ բացատրում է, որ օդի ջերմաչափերը պիտի պարտադիր այդ տնակներում լինեն, որպեսզի հնարավոր լինի չափել կանգնած օդը, որովհետեւ միայն այդ դեպքում են դրանք ճիշտ ջերմաստիճան ցույց տալիս։
- Մարդիկ հաճախ ասում են` Հիդրոմետը 35 աստիճան է ասում, իսկ իմ պատուհանից կախած ջերմաչափը 40 է ցույց տալիս։ Բայց դա ճիշտ ջերմաստիճանը չէ, որովհետեւ օդն այդտեղ կանգնած չէ,- ասում է նա։
Մերձավանում գտնվող Ագրոօդերեւութաբանական կայանում բազմաթիվ այլ գործիքներ ու ջերմաչափեր կան, որոնցով չափում են քամու մաքսիմալ արագությունը, մթնոլորտային ճնշումն ու օդի խոնավությունը, հողի ջերմությունը, հողի սառածության կամ հալվածության աստիճանը, արեւի ռադիացիան, արեւափայլի տեւողությունը եւ այլն։
ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետին շատերը ճանաչում են որպես եղանակը կանխագուշակող կառույց, սակայն դրանից բացի համապատասխան կայաններում կատարվում են նաեւ օզոնոմետրիական, ագրոօդերեւութաբանական, ացինոմետրիական, ռադիոլոգիական եւ հիդրոլոգիական դիտարկումներ։
Ամեն օր հեռուստատեսությամբ օդի ջերմաստիճանից, հավանական տեղումներից եւ քամու արագությունից բացի հաղորդվում են նաեւ ճառագայթային ֆոնը, այսինքն` ռադիացիան, մթնոլորտային ճնշումը եւ օդի հարաբերական խոնավությունը։ Ընթերցողներից շատերի համար առաջին երեքը թերեւս պարզ են, բայց թե ինչ են նշանակում վերջին երեքը եւ որն է դրանց նորման, ոչ բոլորն են տեղյակ։
- Մթնոլորտային ճնշումը մթնոլորտի ազդեցությունն է միավոր մակերեսի` մեր մարմնի, բոլոր առարկաների վրա։ Տարբեր վայրերում այն կարող է տարբեր լինել- բացատրում է Զարուհի Պետրոսյանը, - մթնոլորտային ճնշումը չափվում է հեկտոպասկալներով կամ միլիմետր սնդիկի սյունով։ Բայց մարդը միշտ սովորում եւ հարմարվում է այն վայրի ճնշմանը, որտեղ ապրում է։ Եթե նա տեղափոխվում է մեկ այլ վայր, կամ փոփոխվում է տվյալ վայրի բնակլիմայական իրավիճակը, բնականաբար, մարդու օրգանիզմը պահանջ է ունենում հարմարվելու այդ փոփոխություններին, այսինքն` մարդու օրգանիզմից պահանջվում է լրացուցիչ լարվածություն, որպեսզի հարմարվի։ Սովորաբար հաղորդվում է նաեւ օդի հարաբերական խոնավությունը, այն ցույց է տալիս մթնոլորտում գոլորշիների քանակը։ Եթե մենք դիտում են մառախուղ, ուրեմն` օդի հարաբերական խոնավությունը 100 տոկոս է։ Հայաստանի ամենաչոր մասերում ամռանը կարող է հասնել 20-18 տոկոսի, ինչը նշանակում է խիստ չոր եղանակ։ Օդի խոնավության փոփոխությունն, անշուշտ, կարող է ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա, բայց մարդը դրան նույնպես հարմարվում է։
- Ռադիացիան չափում ենք միկրոռենտգենով- ասում է Սերգեյ Անանյանը,- 60 միկրոռենտգեն եւ ավելիի դեպքում մենք` օդերեւութաբաններս, արդեն սկսում են աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի պարզենք, թե ինչով է պայմանավորված այս ցուցանիշը։ Բայց 60 միկրոռենտգենը դեռ մեծ վտանգ չէ։ Հայաստանում մենք երբեք 60 միկրոռենտգեն չենք ունեցել։
Ամեն տարի էլ գրանցվում են եղանակի նորմայից շեղումներ։ Եթե նախորդ ձմեռներին դրանք բացասական շեղումներ էին ու Հայաստանում շատ ցուրտ էր, ապա այս տարի շեղումները դրական էին։ Նման ձմեռներ վերջին անգամ մեր երկրում եղել են 1963 եւ 1966 թվականներին։
Անի Ստեփանյան