ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Մասնագետի անկյուն

Համատիրություններ ու անտեր վերելակներ

Վերջին  տարիներին անսարք վերելակների պատճառով առաջացած դժբախտ դեպքերն ավելի հաճախ են պատահում։ Այդ դեպքերի հետեւանքներն էլ բավական ծանր են` լուրջ կոտրվածքներ ու վնասվածքներ, հաճախ` կյանքի հետ անհամատեղելի։

Հերթական վերելակային պատահարը հասարակությանը  ցնցեց 2009 թվականի նոյեմբերի 25-ին։  Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 19 շենքի 4-րդ մուտքի բնակչուհի` 34-ամյա Աղավնի Կիվրիկյանը անսարք վերելակի զոհ դարձավ։

Դեպքից երկու ամիս է անցել։ Այս ընթացքում  շենքի վերելակը չի գործել։ Սակայն վերջերս, առանց վերանորոգելու, փորձել են նորից «աշխատեցնել» այն։

- Երեկվանից եկել են լիֆտը միացնեն։ Հարցնում եմ` կա՞ թույլատրություն, ո՞վ է թույլ տվել, որ միացնեք։ Դեպքից հետո նույնիսկ քննիչը չի մտել տուն, հարցնի, թե ինչպես եղավ, որ հարսս մահացավ։ Մի անգամ տղայիս  են կանչել, բա այդպիսի բա՞ն է լինում,- զայրացած ասում էր Աղավնի Կիվրիկյանի սկեսրայրը։

Նրան միացան նաեւ հարեւանները.
- Ներքեւի շենքերի լիֆտերի համար այնքան բողոքեցին բնակիչները, որ եկան այնպես սարքեցին, կարծես հյուրանոցի վերելակ լինի։ Իսկ մերը որ նստում ենք, ճռճռոցից վախենում ենք,  ասում ենք` «հեսա կպոկվի, կընկնենք»։ 30 տարվա վերելակներ են։ Մենք մեր հաշվին կոպեկ-կոպեկ հավաքելով գործարկում ենք ու  հասել ենք էս օրվան։

Նույն շենքի 6-րդ մուտքի բնակչուհի տիկին Ռիտան, որն զբաղվում  է իրենց մուտքի վերելակների վարձավճարները հավաքելով, ասում է.
- Անցյալ տարի ասացին 3000-ական դրամ հավաքեք վերելակի պրոֆիլակտիկայի համար, կգան, կնայեն։ Մինչ գումարներ հավաքելը վերելակներն անջատեցին, հետո, երբ մենք հավաքեցինք գումարները եւ տվեցինք համատիրությանը, եկան վերելակները միացրեցին։ Բայց տեսնում եք, դժբախտ դեպք պատահեց։ Մի խոսքով` հասկանալի չէ, թե մեր գումարներն ուր են գնում։ Յուրաքանչյուր ամիս, միայն սպասարկման համար, ամեն բնակարան 500 դրամ գումար է վճարում, բայց չգիտենք, թե ուր են գնում այդ փողերը։ Կողքի շենքում, վերելակի անսարքության պատճառով 9-րդ հարկից 10-ամյա մի տղա ընկավ, հաշմանդամ դարձավ։

ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ արտադրական պատահարներ, դժբախտ դեպքեր` մահվան ելքով կամ ծանր վնասվածներով, հիմնականում տեղի են ունենում խցիկում փակված մնացած ուղեւորների ինքնատարհանման կամ պատահական, ոչ մասնագիտացված անձանց  միջամտության պատճառով։

- Եթե անդրադառնանք վերջերս տեղի ունեցած Խաղաղ Դոնի 19 շենքի 4-րդ մուտքի մահացու ելքով դեպքին, ապա կարող ենք ասել, որ վերելակը, լինելով գրանցված տեխնիկական անվտանգության արտադրական վտագնավոր օբյեկտների պետական ռեեստրում, 2006 թ.-ից մինչ օրս չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Վերելակը չունի հրամանով նշանակված` թե՛ սարքին վիճակում շահագործման, եւ թե՛՛ անվտանգ շահագործման պատասխանատու։ Վերելակը տեխնիկապես սարքին վիճակում չի եղել, - ասում է Լ.Հովհաննիսյանը։

ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն ասում է, որ մայրաքաղաքի եւ հանրապետության մյուս քաղաքների բազմաբնակարան շենքերի վերելակները երկար տարիներ փորձաքննություն չեն անցել, հայտնի չէ, թե վերելակներն այսօրվա դրությամբ ի՞նչ թերություններ ունեն։ 

- Ծառայությունները, որոնք պետք է սպասարկեն այդ վերելակները, հիմա չկան, դիսպետչերական կետերն ամբողջովին վերացվել են։ Դե պատկերացրեք, եթե առաջ Երեւանում գոյություն ուներ 120-ից ավել դիսպետչերական կետ, այսօր ընդամենը 10-12 են` 10 անգամ պակաս, - ասում է ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենը։

Համաձայն 2006-ի հունվարից գործող համապատասխան օրենքի, հանրապետության տարածքում գործող վերելակները պետք է գրանցվեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում եւ տարին մեկ անգամ փորձաքննություն անցնեն։ Երեւան քաղաքի 4481 վերելակներից անցյալ տարի միայն  900-ն է փորձաքննություն անցել։ Մասնագետներն ասում են, որ յուրաքանչյուր վերելակի շահագործման ժամկետը 25 տարի է, բայց մայրաքաղաքում կան վերելակներ, որոնք 50-60 տարի է` շահագործվում են։

Նոր-Նորք համայնքի համատիրությունների աշխատանքները համակարգող համայնքային ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի նախագահ Սպարտակ Մաթեւոսյանն ասում է, որ երբ թաղապետարանը համայնք էր եւ բյուջե ուներ,  վերելակների վերանորոգման համար որոշակի ներդրումներ անում էր։ Հիմա քաղաքապետարանն այդպիսի ներդրումներ չի անում։

- Վերելակների վերանորոգման բոլոր ծախսերը պետք է կատարեն  համատիրությունները, - ասում է Սպարտակ Մաթեւոսյանը։

Որպեսզի վերելակներն անխափան աշխատեն, հարկավոր է, որ տվյալ համատիրության ղեկավարը պայմանագիր կնքի որեւէ վերելակային ծառայության հետ` իրենց սպասարկման տարածքում գործող վերելակների անվտանգ շահագործման ու վերանորոգման նպատակով։

Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում, ի տարբերություն Դավիթաշենի կամ Հարավ-Արեւմտյան զանգվածի, վերելակային դիսպետչերական 4 կետ կա։ Այս համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակներն սպասարկում է 15 մեխանիկ։ Նոր Նորք  համայնքի համատիրությունների շուրջ  90 տոկոսի ղեկավարները կնքել են համապատասխան պայմանագրեր վերելակային ծառայության հետ, իսկ մնացածում` օգտվողների կյանքը դեռեւս կախված է վերելակի մատուցած անակնկալներից։

Նոր Նորք վարչական շրջանի  վերելակային ծառայության ճարտարագետ Գարեգին Խուրշուդյանն ասում է, որ իրենց կազմակերպությունը լիցենզավորված է եւ գործունեություն է ծավալում օրենքի շրջանակներում։

- Մեր էլեկտրամեխանիկներն ամեն տարի որակավորում են ստանում ազգային անվտանգության կենտրոնում։ Իսկ այն համատիրությունը կամ լիազորված մարմինը, որը չի կնքել պայմանագիր, սպասարկվում է պատահական մարդկանց, այլ ոչ թե մեր  մեխանիկների կողմից։  Եւ թե ինչ վիճակում են այդ վերելակները, մենք տեղեկություն չունենք, քանի որ դրանք մեր լիազորություններից դուրս են։

Վերելակային ծառայությունները կամ համատիրությունների ղեկավարները, բացի վերելակային ծառայությունից, պարտավոր են պայմանագիր կնքել նաեւ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ, որը տարին մեկ անգամ  իրականացնում է վերելակի փորձաքննություն եւ տալիս եզրակացություն` յուրաքանչյուր վերելակի համար գանձելով 2950 դրամ։ Սա օրենքի պահանջն է։

ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխանվտանգության փորձագետ Լ. Հովհաննիսյանն ասում է, որ վերելակի անվտանգության հանգույցներից առաջինը, որ ստուգում են փորձագետները,  մեխանիկական փականներն են։ Ի՞նչ է արվում այդ ժամանակ։ Կանգնեցնում են վերելակը եւ փորձում  ձեռքի ուժի գործադրմամբ բացել խցիկի դռները։ Եթե դռները չեն բացվում, գործում է մեխանիկական բլոկավորումը, ուրեմն` վերելակը սարքին վիճակում է։

Երկու տարի առաջ կառավարությունը 3 միլիարդ դրամ գումար տրամադրեց մայրաքաղաքի վերելակային տնտեսության վերանորոգման համար։ Վերանորոգվեց մոտ 2000 վերելակ, 38 նոր վերելակ տեղադրվեց, որոնք եւս, որքան էլ զարմանալի է,  այս երեք տարիների ընթացքում փորձաքննություն չեն անցել։

Այնպես որ, վերելակ նստելիս` մինչ խցիկ մտնելը, ուշադիր եղեք։ Նայեք, որ խցիկը տեղում լինի։ Իսկ վերելակում փակված մնալու դեպքում զանգահարեք մասնագետի կամ էլ` փրկարարներին` 1-01։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`