Եթե բնական աղետները կանխատեսել ու կանխարգելել հնարավոր չէ, ապա նույնը չի կարելի ասել տեխնածին վթարների մասին։ Դրանք հնարավոր է կանխել այն դեպքում, երբ արտադրական վտանգավոր օբյեկտները` վերելակները, շարժասանդուղքները, ամբարձիչները, բենզալցակայանները, գազալցավորման կայանները եւ այլն, տարին մեկ անգամ փորձաքննություն անցնեն եւ թերությունները ժամանակին վերացվեն։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի նվազեցնել տեխնածին վթարների թիվը եւ ռիսկի չենթարկել օգտվողների ու շահագործողների կյանքը։
2006 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը, որը սահմանում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձանց եւ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության գծով պատասխանատուների իրավունքներն ու պարտականությունները։ Այսինքն` ցանկացած տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելուց առաջ, առաջին եւ կարեւոր հանգամանքը տեխանվտանգության ինժեներ ունենալն է։ Սակայն, խոսքը թափուր հաստիքը որեւէ` մեկով լրացնելու մասին չէ, քանի որ տեխանվտանության ինժեների ուսերին է դրվում արտադրական վտանգավոր օբյեկտի անվտանգ շահագործման պատասխանատվությունը։ Այսինքն, նրա մասնագիտական որակավորման աստիճանից է կախված թե՛ արտադրական վտանգավոր օբյեկտի սեփականատիրոջ, թե՛ այնտեղ աշխատող մարդկանց եւ թե՛ դրանից օգտվողների կյանքը։
Տեխնածին վթարների հետեւանքով մարդկանց կյանքին սպառնացող վտանգը կարելի է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես բացառել, եթե շահագործման պատասխանատուները` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք կամ տեխանվտանգության ինժեներներն ընդամենը կատարեն օրենքի պահանջը։
- Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք, ի պաշտոնե պարտավոր են, գիտեն եւ ծանոթ են արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջներին, քանի որ օրենքով սահմանվում է, որ յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտի համար պետք է նշանակված լինի եւ գոյություն ունենա պատասխանատու անձ, որը պետք է ունենա որակավորում եւ պետք է համապատասխան որակավորման դասընթաց անցնի, - ասում է ԱԻՆ Տեխնիկան անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արամ Օհանյանը։
ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը 2006 թվականից իրականացնում է տեխանվտանգության մասնագետների որակավորում, տալիս է վկայական։ Որակավորված մասնագետի ներկայությունը ձեռնարկություններում, գազի, վառելիքի լիցքավորման կայաններում, եւ այլ օբյեկտներում լուրջ երաշխիք է, որ տեխնածին վթարները հնարավորինս քիչ կլինեն։
- Արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության կանոնների եւ տեխանվտանգության օրենսդրության պահանջների իրականացման համար պատասխանատվություն է կրում հենց ինքը` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը,- ասում է Արամ Օհանյանը,- քանի որ հենց արտադրական վտանգավոր օբյեկտներում տարին 365 օր, օրը 24 ժամ տեղի է ունենում այն ամենն, ինչը ծնում է տեխնածին վթարի ռիսկ, եւ հենց այդտեղ էլ պետք է դա կանխվի։
Տեխնածին վթարների ռիսկերը կանխելու համար բոլոր պայմանները կան։ Օրենքն ընդունված է, իսկ համապատասխան մարմինը տարին մեկ անգամ փորձաքննություն է իրականացնում եւ վերալակի, ամբարձիչի, շարժասանդուղքի կամ այլ արտադրական վտանգավոր օբյեկտի թերությունների մասին տալիս եզրակացություն։ «Իմեքս գրուպը», որը շահագործում է 19 արտադրական վտանգավոր օբյեկտ, արդեն 4 տարի է` տարին մեկ անգամ անցկացնում է դրանց փորձաքննություն։
«Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի տեխանվտանգության ինժեներ Էդիկ Ավետիսյանն ասում է, որ իրենց բոլոր օբյեկտները գրանցված են եւ տարեկան 1 անգամ անցկացնում են փորձաքննություն։
- Այսօր ես ներկայացրեցի անցյալ տարվա տվյալները, որի ժամկետը մինչեւ ապրիլի 1-ն է, բայց գերադասել ենք ժամանակից շուտ հանձնել։
Ոչ թե ժամանակից շուտ, այլ եթե ընդամենը ժամանակին «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի ղեկավարությունը ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցեր իր կողմից շահագործվող թրթուրավոր տեսակի կռունկը եւ ժամանակին վերացվեին դրա թերությունները, ապա տեղի չէր ունենա հերթական ողբերգական դեպքը։ Պարզելու համար, թե ինչպես է ամբարձիչ սարքավորումների տեխնիկական զննությունն իրականացվում, զրուցեցինք ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնի ամբարձիչ սարքավորումների գլխավոր փորձագետ Գեորգի Գեոլեցյանի հետ.
- Սկզբում ստուգվում են կռունկի հիմնական հանգույցները, ենթակռունկային գծերը, իրենց փակուղային նեցուկները, կռունկի աշտարակն ամբողջությամբ, կռունկի հակակշիռը, խցիկը, որտեղ կռունկավարն է նստում։ Կարեւոր մասերից է նաեւ կռունկի սլաքը, որի վրա տեղաշարժվում է բեռնասայլակը։ Երբ փորձաքննության ժամանակ հայտնաբերվում են թերություններ, օրինակ` մետաղական մասերը ժանգոտված են այն աստիճանի, որ թույլատրելի չեն, դրանց հանգույցների միացման մասերը, քանդովի մասերը կամ զոդակարերի մասերն ունեն այնպիսի թերություններ, որոնք կարող են բերել հետագա պատահարների, կազմվում է արձանագրություն, նշվում են թերությունները։ Ամբարձիչ սարքավորումների դեպքում շատ կարեւոր է ճոպանների վիճակը պարզելը, քանի որ դրանք անընդհատ շարժման մեջ են եւ դրանց միջոցով են նաեւ տեղափոխվում շինարարական ծանր ապրանքները։
Վերջին 4 տարիներին ամբարձիչ սարքավորումների շահագործման ժամանակ տեղի է ունեցել 15 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 11 մարդ։
- Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելիս տնտեսվարող սուբյեկտը գործ է ունենում մարդու կյանքի եւ առողջության հետ, եւ գումարներ խնայելով փորձել խախտել օրենսդրության պահանջները եւ իրենց կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներն ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնում չգրանցելն ու տարեկան մեկ անգամ տեխզննում չիրականացնելն, իմ կարծիքով, խիստ հանցավոր մոտեցում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխատում են այդ օբյեկտներում, ովքեր օգտվում են այդ ծառայություններից,- ասում է ԱԻՆ Տեխանվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արամ Օհանյանը։
Ժամանակն է, որ քաղաքացիները պահանջեն, իսկ տնտեսվարողները կատարեն օրենքի պահանջը։ Քանի որ, յուրաքանչյուր վերելակի փորձաքննության համար, օրինակ, տարեկան պետք է վճարել ընդամենը 2950 դրամ, իսկ ամենաթանկ փորձաքննությունը, որը կազմում է մոտ 100 հազար դրամ տարեկան, կամ` օրական 276 դրամ, պետք է վճարեն գազալցակայանները, որպեսզի խուսափեն տեխնածին վթարներից ու մարդկանց կյանքը հարցականի տակ դնելուց։
Եվ վերջում, հիշեցնում ենք, որ արտադրական վտանգավոր օբյեկտները ռեեստրում չգրանցելու եւ փորձաքննության չներկայացնելու դեպքում նշանակվում է տուգանք` մեկ միլիոն դրամի չափով` յուրաքանչյուր օբյեկտի համար։