Տրամադրության բարձրացում, ազատության ու թեթեւության զգացում, սուր
տպավորություններ` սրանք են այն արտասովոր զգացողությունները, որ
պարգեւում են թմրամիջոցները։ Սակայն այս հաճույքներն օգտագործողը վայելում
է միայն առաջին մեկ-երկու անգամը, որից հետո թմրադեղերն սկսում են իրենց
ավերիչ գործը մարդու օրգանիզմում, ուղեղում, հոգեկան աշխարհում,
ընտանիքում։
Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի
համակարգող Գրիգոր Մալինցյանն ասում է, որ թմրամոլ է համարվում մարդը այն
պահից, երբ բժշկական ախտորոշումը վերջնականապես հաստատվում է։
-
Մարդը առաջին անգամ ներարկային թմրամիջոց օգտագործելուց հետո հնարավոր է,
որ դառնա թմրամոլ այն դեպքում, եթե մարդ կամային հատկություններից զերծ է
եւ եթե նրա օրգանիզմը պատրաստ է թմրանյութի այդ չափաբաժինն ընդունելուց ու
մաքրվելուց հետո տվյալ թմրանյութի նկատմաբ հակում առաջացնել։ Իսկ եթե
մարդը թմրանութ օգտագործի երկրոդ եւ երրորդ անգամ՝ հույսը դնելով իր
կամային հատկությունների վրա ու մտածելով, որ “դե լավ, ինչ է որ, մի անգամ
արել եմ, մի քանի անգամ էլ կանեմ ու կդադարեցնեմ”, դա այդպես չէ, հնարավոր
է, որ հակումն առաջանա հենց այդ փորձից հետո եվ նա այլեվս չկարողանա
կանգնել,- ասում է Մալինցյանը։
Թմրանյութերը, լինելով
հոգեներգործուն նյութեր, վնասում են նյարդային կենտրոնական ողջ համակարգը,
- ասում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական
կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայի դիսպանսերային բաժնի վարիչ,
բժիշկ-նարկոլոգ Գայանե Վարդազարյանը։
- Քանի որ թմրանյութերը
հոգեներգործուն նյութեր են, դրանք առաջացնում են գիտակցության,
տրամադրության, զգացմունքային ֆոնի փոփոխություններ եւ բնականաբար դրանց
չարաշահումը ժամանակի ընթացքում կարող է առաջ բերել սուր ինտոքսիկացիոն
հոգեկան խանգարումներ, որոնք կարող են առաջանալ նաեւ զրկանքի վիճակում,
երբ մարդը փորձում է թողնել թրմանյութերի օգտագործումը։ Իսկ ինչ
վերաբերում է մարդու ֆիզիկական առողջությանը, ապա չկա մի այնպիսի օրգան -
համակարգ, որը չի տուժում թմրամոլության հետեւանքով, - բացատրում է բժիշկը։
Հոգեբան
Սամվել Խուդոյանը թմրամոլության ամենավատ հետեւանքն է համարում այն, որ
թմրամոլությունը փոխում է մարդուն եւ նրա մոտիվացիոն համակարգը։
-
Եթե մեր նպատակը մեր հաջողություններն են, նորմալ սոցիալական կյանքով
ապրելը, ընտանիքը, երեխաները, ապա թմրամոլի համար դա այլեւս այդպես չէ։
Նրանց համար առաջին մոտիվը դառնում է այդ պահը՝ հաճույք ստանալը։ Ի դեպ,
շատ դեպքերում նրանք ոչ թե փորձում են հաճույք ստանալ, այլ մեղմել արդեն
տհաճ վիճակը։
Վիճակագրությունը վկայում է, որ առաջին անգամ
թմրանյութ փորձում են հիմնականում երիտասարդ տարիքում, իսկ դեռեւս
կազմավորման փուլում գտնվող օրգանիզմի համար թմրանյութերի ազդեցությունը
կարող է կործանարար լինել։
Բժիշկ-թմրաբան Մկրտիչ Խաչատրյանն ասում է, որ դեռահաս տղաների մոտ կազմավորման շրջան է մինչեւ 25 տարեկանը։
-
Այդ շրջանում պետք է զարգանա նրա նյարդային համակարգը, ուղեղը, եւ
ֆիզիկապես նա պետք է աճի։ Իսկ եթե այդ ժամանակ նրա օրգանիզմը անընդհատ
ռմբակոծվում է թմրանյութերի ազդեցությամբ, նա սկսում է տարբերվել իր մյուս
հասակակիցներից՝ հիմնականում իր հոգեկան աշխարհով, ընդունակություններով։
Նա ետ է մնում ուսման մեջ, դառնում է ավելի դյուրագրգիռ։
Թմրանյութերից
կախվածություն ձեռք բերած մարդու արտաքին տեսքը եւ վարքագիծը փոխվում է։
Թմրադեղերի ընդունումն առաջ է բերում հուզական ու ֆիզիկական հստակ
շեղումներ՝ քնկոտություն, դող ու սարսուռ, աչքերի կարմրություն եւ բբերի
լայնացում, ծամծմված խոսք, այտուցներ աչքերի տակ, մարմնի քաշի կորուստ, ոչ
տրամաբանական խոսք ու պահվածք, ցրվածություն, մշտապես ինչ-որ բանի
փնտրտուք։
Հայտնի է, որ թմրանյութի ամեն հաջորդ չափաբաժինն ավելի
թույլ ազդեցություն է ունենում։ Ավելացնելով թմրամիջոցի քանակությունը`
մարդը փորձում է ստանալ առաջին անգամվա հաճույքը, սակայն դրա փոխարեն ձեռք
է բերում կախվածություն։ Թմրանյութի հաջորդ օգտագործումն արդեն օրգանիզմի
պահանջ է դառնում, իսկ դրա բացակայության դեպքում վրա է հասնում
բժշկության մեջ հայտնի զրկանքի համախտանիշը, այլ կերպ ասած «լոմկան»։
Թմրամոլի
բուժման հարցում մեծ դեր կարող են ունենալ նրա շրջապատի մարդիկ, անմիջական
հարզատները կամ ընկերները։ Եթե թմրամոլն ինքը չի ցանկանում դիմել
նարկոլոգիական կլինիկա, ապա նրա հարազատները, դա կարող են անել նրա
փոխարեն եւ համապատասխան բժիշկների օգնությամբ գտնել խնդրի լուծման
ելքերը։
- Դա քրոնիկ հիվանդություն է , ինչպես դիաբետը, ինչպես քաղցկեղը, - ասում է Գրիգոր Մալինցյանը, -
մարդ , որը ձեռք է բերել իր ախտորոշումը որպես թմրամիջոցներից կախված անձ,
նա ամբողջ կյանքի ընթացքում այդ խարանը կրում է եւ այդ հիվանդությունը
տանում է իր հետ։ Հետեւաբար այստեղ ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության
բուժում է անհրաժեշտ, այլ նաեւ հոգեբանական բուժում։ Անհրաժեշտ է, որպեսզի
հոգեբույժներն ու հոգեբաններն անմիջականորեն աշխատեն այդ թմրամոլի հետ,
փորձեն նրան իր ամբողջ կյանքի ընթացքում ցուցաբերել շարունակական
հոգածություն, որպեսզի այդ մարդը երբեւէ չվերադառնա թմրամիջոցների
գործածմանը։
Թմրամոլությունն իր հետ բերում է լուրջ ռիսկեր։
Անհատի արժեքային համակարգի, բարոյականության եւ սոցիալական կարգավիճակի
փոփոխությունից բացի, նրան սպառնում են նաեւ մի շարք ծանր խրոնիկ
հիվանդություններ, որոնցից են ՁԻԱՀ-ը, հեպատիտը, մաշկային տարաբնույթ
հիվանդությունները, որոնք ի վերջո կարող են հագեցնել հաշմանդամության։
Հետաքրքրության
համար թմրանյութ օգտագործելու առաջին անմեղ փորձը հազվադեպ է վերջինը
լինում։ Այդ փորձը կանխելը գուցե ֆիզիկական եւ հոգեբանական որոշ ջանքեր է
պահանջում անհատից, սակայն թուլությունը կարող է մի ամբողջ կյանք արժենալ։
Մանե Գրիգորյան