2010 թվի հունվարի 17-ին տեղական ժամանակով 17։05-ին ՀՀ տարածքում` Գառնի գյուղից 13 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել M=3.2 մագնիտուդով (ըստ Ռիխտերի սանդղակի) երկրաշարժ։ Նրա հիպոկենտրոնը գտնվում էր 9 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Երեւան եւ Աբովյան քաղաքներում 3 բալ ուժգնությամբ։
Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման եւ սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության նպատակով կատարվել է սեյսմոլոգիական վերլուծություն ՀՀ կենտրոնական մասի համար։ Այս գոտուն բնորոշ է սեյսմիկ ակտիվությունը` թույլ երկրաշարժերի (M<4.0) արտահայտմամբ։
Նշված օջախային գոտում վերջին տարիներին զգալի երկրաշարժեր գրանցվել են 2008 թվի ապրիլի 18-ին` M=3.3 մագնիտուդով, եւ 2009 թվի հունիսի 18-ին` M=3.8 մագնիտուդով, որոնք նույնպես զգացվել են Երեւանում 3-4 բալ ուժգնությամբ։
Ս/թ հունվարի 17-ին տեղի ունեցած երկրաշարժը ուսումնասիրվող գոտուն բնորոշ ակտիվության արտահայտումն է։ Սակայն հարկ է նշել նաեւ, որ տեղի ունեցած երկրաշարժի գոտին հատկապես ակտիվ է դրսեւորվում 2009 թվից, երբ հունիսի 18-ին (M=3.8) եւ օգոստոսի 21-ին (M=2.7) երկու զգալի ցնցումներ գրանցվեցին` մի շարք հետցնցումներով։ Նշված գոտում կա սեյսմիկ ակտիվության քանակական ֆոնի աճ, սակայն մագնիտուդային ֆոնային արժեքը նորմայի սահմաններում է` 2=M=3.5։ Այս գոտում հնարավոր երկրաշարժի ամենամեծ մագնիտուդը չի գերազանցի M=5.0 սահմանը։
Այսպիսով, 2010 թվի հունվարի 17-ին տեղի ունեցած M=3.2 մագնիտուդով երկրաշարժը սեյսմիկ ակտիվության ֆոնային դրսեւորում է։
Հրաչյա Պետրոսյան,
Լիլիթ Սարգսյան
ՍՊԱԾ աշխատակիցներ