ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Սեյսմիկ պաշտպանություն

Սպիտակի երկրաշարժի դասերը

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ։ Երկրաշարժից եղան զանգվածային փլուզումներ, մարդկային զոհերը հասան տասնյակ հազարների։

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ։ Փոքր Կովկասի տեկտոնական եւ երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային՝ հյուսիս-արեւմտյան, հարավ-արեւելյան ուղղությամբ։ Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց՝ ընդհանուր առմամբ, այն բնորոշվում է երկրի կեղեւի սեղմումով ու խտացմամբ՝ Արաբական եւ Եվրասիական սալերի զուգամերձության պատճառով։

Երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան նման ավերիչ ուժի 15-20 երկրաշարժ է լինում։ Սակայն ինչպես յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժ, Սպիտակինն էլ ունի իր որոշակի առանձնահատկությունները։

Սպիտակի երկրաշարժը սկսվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.), էպիկենտրոնը՝ սարքերի գրանցումների տվյալներով, ունի հետեւյալ կոորդինատները, լայնությունը 40092`, երկարությունը 44023`։ Հիպոկենտրոնի խորությունը, ըստ տարբեր մեթոդների եւ մոտեցումների, տարբեր է, սկսած 2,5 կմ-ից մինչեւ 10-15 կմ։ Դա բնական է, քանի որ օջախը, որպես տարածական, երկրաբանական մարմին, Ձորաշեն-Հալավար հատվածում դուրս է եկել երկրի մակերես, իսկ ընդերքում տարածվել է ամենաքիչը մինչեւ 15-20 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0, իսկ անջատված էներգիան հավասար էր 1016 Ջոուլի։ Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվում է 10 բալ։

Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված՝ լրիվ ցիկլի երկրաշարժերին՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում։

Բավական ուժեղ նախացնցումները (ֆորշոկ) եղել են 1988թ. դեկտեմբերի 3-ին (մեկ) եւ 6-ին (երեք)։

Դրանցից առավել ուժեղը՝ մոտ 5 բալ ուժգնության, տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 7 անց 27-ին։

Հիմնական սեյսմիկ իրադարձութունը կազմված է եղել երեք տարբեր ցնցումներից 5 եւ 14վրկ. ընդմիջումներով (45 վայրկյանի ընթացքում իրար հաջորդող երեք տարբեր երկրաշարժեր)։ Առաջին ցնցումը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը եւ շրջակա գյուղերը։ Երկրորդ ցնցումը, որը սկսվել է առաջինից 5 վայրկյան հետո, եղել է ամենաթույլը եւ ամենամակերեսայինը (մինչեւ 5 կմ հիպոկենտրոնի խորությամբ)։

Այն տեղի է ունեցել Հալավար գյուղի մոտ, Վանաձորից ոչ հեռու։ Այս ցնցումից եւս 15 վրկ. անց Ձորաշենի մոտ սկսվել է երրորդ, ամենաուժեղ եւ ամենախոր (10-15 կմ) ցնցումը, որը եւ եղավ Գյումրիի ու Ստեփանավանի ավերման հիմնական պատճառ (քանի որ մոտ էր գտնվում նրանց)։

Առաջին ուժեղ հետցնցումը եղել է հիմնական ցնցումից 4 րոպե 20 վրկ. հետո։ Հետցնցումները շարունակվում են առ այսօր։ Վերջին տարիներին դրանց հաճախականությունը նվազել է, բայց այդ մարումը խիստ օրինաչափ չի ընթացել։ Խոսքը վերաբերում է ինչպես հետցնցումների քանակին, այնպես էլ ուժգնությանը։

Այսպիսով, 1988 թ. Սպիտակի երկրաշարժը առաջին հերթին առանձնանում է բազմաստիճան (մուլտիպլետ) բնույթով, երբ կարճ ժամանակամիջոցում փոքր ընդմիջումներով եղել է երեք ուժեղ ցնցում։

Երկրաշարժի ժամանակ առաջացել են բազմաթիվ եւ բազմաբնույթ, նաեւ խոշոր չափի սեյսմադիսլոկացիաներ, որոնցից մասնագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկուսը՝ սեյսմատեկտոնական խզումը եւ խոշոր սեյսմագրավիտացիոն առաջացումները։

Սեյսմատեկտոնական կամ գլխավոր խզումն ունի 35 կմ երկարություն եւ ձգվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ՝ Գուգարքի տարածաշրջանի Հալավար գյուղից մինչեւ Աշոցքի Գետիկ գյուղի ավերակները։

Խզման հարթությունը անկում է դեպի հյուսիս-արեւելք մոտավորապես 30-600։ Հիմնական խզումը, ըստ կինեմատիկ բնութագրի, որոշվում է որպես վերնետկողաշարժ։ Այս խզումը հատում է Սպիտակ-Երեւան եւ Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղին երը, ինչպես նաեւ Վանաձոր-Գյումրի երկաթգիծը։ Հատման տեղամասերում հստակորեն երեւում է խզումը եւ կարելի է որոշել նրա որոշ պարամետրերը։

Սեյսմագրավիտացիոն առաջացումները գտնվում են Աշոցքի Ձորաշեն գյուղի դիմաց՝ Մեծ Ծմակ լեռան լանջերին, Գետիկի աջ ափին։

Տեղանքում այս ձեւափոխություններն առաջին հերթին աչքի են ընկնում իրենց ահռելի չափերով եւ հսկայական լեռնային զանգվածների տեղաշարժով։ Սրանց առաջացումը պայմանավորված է ինչպես սեյսմիկ, այնպես էլ երկրի չափերով, 15-20մ խորությամբ, որով մոտ 2 մլն տոննա զանգվածը 30-50 մ շպրտված է 10-150 թեքությամբ լանջնիվար։

Այս ամենը խոսում է այն մասին, որ սեյսմագրավիտացիոն առաջացումների տեղամասը վերջին ամենաուժեղ ցնցման էպիկենտրոնն է։

Սպիտակի երկրաշարժից հետո էպիկենտրոնային գոտին ուսումնասիրելիս հայտնաբերեցին հինսեյսմադիսլոկացիաներ, որոնք շատ մոտ են տեղադրված նոր առաջացած սեյսմատեկտոնական խզմանը եւ ձգվում են նրան զուգահեռ։ Սա վկայում է, որ այստեղ անցյալում եւս եղել են ուժեղ երկրաշարժեր։

Սպիտակի երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը, ուր ապրում էր մոտ 1 մլն. մարդ։

Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ եւ ավելի, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն։ Տուժել է 21 քաղաք եւ շրջկենտրոն, 342 գյուղ։ Անօթեւան է մնացել 51 հազար մարդ։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20 հազար մարդ, որոնցից հոսպիտալացվել է 12500-ը, զոհերի թիվը կազմել է 25 հազար։ Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար եւ Սպիտակում 4 հազար։

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասել գյուղերին եւ ագրոարդյունաբերական համալիրին։ Վնասվել է գյուղատնտեսական նշանակության 600 կմ ջրային մայրուղին։ Մեծ վնաս է հասցվել նաեւ ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ։

* * *

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց արտակարգ իրավիճակում գործելուն կոչված կազմակերպություններին եւ ծառայություններին։ Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան միայն 2-3 օր հետո։ Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն նրանց փորձի եւ արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էր անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի։ Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակաս։

Բնակչության եւ փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ։

Վնասների հիմնական պատճառներն են՝ Հանրապետության ողջ տարածքում սեյսմիկ վտանգի թերագնահատումը։ Մասնագետներն այն գնահատել էին 7 բալ, այն դեպքում, եnբ 1988 թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում կազմեց 10, Ստեփանավանում՝ 9, Վանաձորում՝ 8-9 բալ։

Աղետի հետեւանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ։ Այսինքն՝ խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները։

Ցածր է եղել շինարարության որակը։ Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարդին։

Շինարարական նորմերի ու կանոնների մեջ սեյսմակայուն շենքերը հաշվարկելիս ուղղաձիգ տատանումների ազդեցությունը հաշվի չառնվել։ Մեր հանրապետության շատ բնակավայրեր կառուցված են երկրաշարժի օջախների վրա, եւ ուղղաձիգ ուժերի ազդեցությունը հաշվի չառնելը կոպիտ սխալ է։

Ճիշտ չեն ընտրվել շենքերի սյուների (եւ ամրանների) կտրվածքները, որոնք չդիմացան ուղղաձիգ բաղադրիչից առաջացած իներցիոն ուժերին, եւ հատկապես կարկասապանելային շենքերը, այդ թվում եւ տխրահռչակ 111 շարքի շենքերի մեծ մասը, փլվեցին։

Երկրաշարժի ժամանակ գետնի տատանման գերակշռող պարբերությունը մոտավորապես 0,4-0,8 վրկ էր, որը շատ մոտ էր Գյումրիում կառուցված բարձրահարկ շենքերի սեփական տատանման պարբերությանը։ Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսի երեւույթներ, որոնք բերում են տատանման ամպլիտուդների աճի։

Բավական մեծ թիվ են կազմում այն շենքերը, որոնք փլվել կամ կիսաավեր են դարձել բնակիչների կողմից անօրինական կոնստրուկտիվ ձեւափոխումների հետեւանքով։

Խախտվել են շենքերի շահագործման պայմանները՝ ծանր հաստոցները եւ սարքավորումները տեղադրվել էին վերին հարկերում, խմելու ջրի մեծ տարողություններ հանվել տանիքներ։

Հաշվի չեն առնվել տեղի ինժեներաերկրաբանական, հետեւաբար եւ սեյսմիկ պայմանները։ Շատ քաղաքներ առայսօր չունեն սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ։

Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու սխալ կազմակերպումը, բնակիչների՝ արտակարգ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների բացակայությունը։

1988 թ. Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ Հայաստանում չկար որոշակի սեյսմապաշտպանական համակարգ, պետությունը եւ բնակչությունը անպատրաստ էին դիմագրավելու ավերիչ երկրաշարժը, թեեւ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ ուժեղ երկրաշարժեր Հայաստանում եղել են եւ կարող են լինել։

Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել։

Պետք է, թեեւ ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները՝ աններելիորեն շատ։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`