Մեզանից յուրաքանչյուրը, եթե մի քիչ ավելի ուշադիր լինի, ապա անպայման կնկատի, որ 1,5 տարեկանից սկսած, երեխան կրկնում է այն ամենն, ինչ անում են իր ծնողները։ Աղջիկները հաճույքով կրկնօրինակում են մայրիկի շարժուձեւը` ուտելիք պարտաստելը, երեխային խնամելու առանձնահատկությունները, տղաները նմանակում են հայրիկին, թե ինչպես է նա թերթ կարդում, ծխում, խոսում եւ այլն։ Մեծահասակներին կարող է այս ամենը խաղ թվալ, իսկ ծայրահեղ դեպքում էլ` դուր չգալ, սակայն իրականում այդ ամենը շատ կարեւոր եւ օգտակար է երեխայի զարգացման համար։
Ծնված օրվանից փոքրիկը փորձում է ամեն կերպ հաղորդակցվել ծնողի հետ։ Սկզբնական շրջանում երեխայի եւ ծնողի միջեւ շփումն իրականանում է զուտ միմիկայի միջոցով։ Այնուհետեւ երեխան, աստիճանաբար լսելով ծնողի ձայնը, հիշելով նրա ձայնի ինտոնացիան, դեմքի արտահայտությանը` ձեռք է բերում մարդկանց հույզերը եւ զգացմունքները ճանաչելու մեծ փորձ, սովորում է հասկանալ նրանց խոսքը եւ արձագանքում է դրանց։ Տարիքի հետ երեխայի հնարավորություններն ավելի են մեծանում, եւ նա սկսում է նմանակել ծնողների ավելի բարդ գործողություններ։ 2-3 տարեկանում երեխան արդեն նկատելի կերպով կրկնօրինակում է շատերի ժեստերը, վարքի ձեւերը, հույզերը։ Ծնողի հետ անմիջական շփման եւ նրան նմանակելու հետեւանքով երեխան ձեռք է բերում հաղորդակցման հմտություններ, որոնց հիման վրա էլ մշակում է շփման իր ձեւը` համապատասխան իր խառնվածքին եւ անհատականությանը։
Ուրիշներին նմանակելը երեխային բնորոշ հատկություններից մեկն է։ Այստեղ շատ կարեւոր է, թե երեխան ում է նմանակում եւ ինչպես, ում է նա ընտրում որպես նմանակման օբյեկտ, այն դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունի երեխայի վրա։ Նմանակումը որեւէ կերպարի հետ նույնականանալու գործընթաց է։ Այդ կերպարը կարող է լինել մայրիկը, հայրիկը կամ այլ անձ, ով չափազանց կարեւոր է երեխայի համար։ Նա իր ընտրած կերպարին սկսում է նմանակել` դերային խաղեր խաղալու միջոցով։ Սկզբնական շրջանում դերային խաղերի թեման պտտվում է զուտ ընտանիքի շուրջը, հետո այն աստիճանաբար ավելի ընդարձակ բնույթ է կրում։ Օր.` մայրիկն ինչ-որ բան է պատրաստում խոհանոցում, տունն է հավաքում, մազերն է հարդարում, այս ամենը շատ է հետաքրքրում երեխային, ինչը նա ընկալում է որպես շատ զվարճալի եւ առեղծվածային մի խաղ։ Երեխան կրկնում է մեծերի կողմից իրականացվող գործունեությունը, որպեսզի հասկանա այդ երեւույթների նշանակությունը եւ իմաստը։ Այս միջոցով երեխան միջավայրը դարձնում է իր համար հասկանալի։ Սա երեխայի զարգացման կարեւոր եւ անհրաժեշտ փուլ է, որը պահանջում է ուշադրության կենտրոնացում, որպեսզի կարողանա ֆիքսել բոլոր մանրամասնությունները։ Երեխային սկսում են ավելի հետաքրքրել մայրիկի եւ հայրիկի "խաղալիքները", քան նրանք, որ իրեն են պատկանում։
Փորձեք մաքսիմալ արդյունավետ օգտագործել այդ ժամանակը։ Իրական իրերի խաղալիք տարբերակները` հեռախոս, խոհանոցային սպասք, պլաստմասե գործիքներ եւ շատ այլ խաղալիքներ օգնում են երեխային նախապատրաստվել մեծերի կյանքին։ Փորձեք հնարավորինս ամեն ինչ երեխայի հետ միասին անել։ Միասին հաց կերեք, լվացվեք, հագնվեք, խաղեր խաղացեք։ Մանրամասն մեկնաբանեք ձեր գործողությունները երեխային հասկանալի ձեւով. դուք նրան օգնում եք սովորել ինքնասպասարկման հմտություններ։
Աղջիկների ամենաառաջին դերային խաղը "մայր ու աղջիկ" խաղն է։ Հետո խաղերն ավելի են բարդանում, ավելանում են նոր սյուժեներ, դերեր` բժիշկ, զինվոր, արքայադուստր եւ այլն։ Այսպես երեխան սովորում է մեծահասակ լինել։ Մի դերից մյուսին անցնելով` երեխան սովորում է կողմնորոշվել մարդկային տարբեր մասնագիտությունների եւ առարկաների միջեւ։ Այսինքն, երեխան սկսում է հասկանալ, թե ինչի համար են օր.` ջերմաչափը, դեղերը։ Բացատրեք երեխային, թե ինչի համար են այս կամ այն գործիքներն, իրերը։ Խաղի ժամանակ փոխեք ձեր դերերը, որպեսզի պարզեք, թե երեխան որքանով է ճիշտ հասկացել այս կամ այն գործիքի դերը եւ նշանակությունը։ Մի կարծեք, թե ժամանակն անիմաստ եք վատնում` այդ շփումը շատ կարեւոր է երեխայի համար, քանի որ նա ձեռք է բերում արդյունավետ ինքնուրույն փորձ, դուք ոչ միայն խաղում եք երեխայի հետ, այլ ծանոթացնում եք նրան անծանոթ իրերի հետ։
Երեխաները շատ բաներ սովորում են ուրիշներից, սակայն, ցավոք, միշտ չէ, որ սովորում են լավ բաներ։ Երեխան սպունգի նման կլանում է նաեւ վատը։ Նա ծեծում է տիկնիկին, հարվածում է դռանը, բղավում է արջուկի վրա եւ այլն։ Այս ամենի միջոցով երեխան դուրս է բերում իր բացասական հույզերը, լարվածությունը։
Մեր երեխաները վերցնում են ծնողի սովորույթներն անկախ նրանից` դրանք դրական են, թե բացասական։ Երեխան հակված է նաեւ նմանակել իր մեծ քույրիկին կամ եղբորը։ Երբ երեխան սկսում է նմանակել ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսին, ծնողներն առաջին հերթին պետք է մտածեն` արդյո՞ք այդ նմանակումը դրականորեն կանդրադառնա երեխայի վրա։ Ուշադիր եղեք, թե նա ինչ հերոսներ է ընտրում նմանակելու համար։ Երեխային դեռեւս դժվար է տարանջատել լավը վատից, իսկ դուք պետք է օգնեք նրան, բացատրեք, թե ինչու է այս հերոսը դրական, իսկ մյուսը` բացասական։ Դուք պետք է ուշադիր լինեք, թե երեխան ինչ ֆիլմեր եւ մուլտֆիլներ է նայում, ինչ հեքիաթներ եք կարդում նրա համար։ Դուք կարող եք ուղղորդել ձեր երեխայի վարքն` օրինակներ բերելով իր սիրելի հերոսներից։
Օր.` "Թեդի արջուկն իրեն այդպես չի պահում, ես կարծում եմ նա իրեն այսպես կպահեր"։ Այս ամենը բավական է, որ երեխան շարժվի արջուկի օրինակով։
Լինում են դեպքեր, երբ երեխան վատ վարվելաձեւ է յուրացնում մանկապարտեզում կամ մանկական խաղահրապարակում։ Երբեմն ծնողները բարկանում են երեխայի վրա ու պատժում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մոտեցումն ավելի շատ ամրապնդում է երեխայի վատ վարքը, քան նպաստում դրա չկրկնվելուն։ Թե ո՞ր միջոցն առավել արդյունավետ կլինի, որ երեխան չկրկնի վատ արարքը` վիճելի հարց է։ Առավել արդյունավետ կլինի, երբ դուք երեխայի ուշադրությունը սեւեռեք իր դրական պահվածքի վրա, խրախուսեք նրա լավ արարքները, որն էլ կնպաստի դրանց հաճախակի կրկնվելուն։
Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու
Ձեր հարցերը հոգեբանին կարող եք ուղարկել hogeban@emergency.am էլ. հասցեով։