Մեր ընթերցողներից մեկը մեզ նամակ էր ուղարկել, որտեղ գրում էր, որ իր 6 տարեկան աղջիկը շատ ամաչկոտ է։ Նա խուսափում է հասակակիցների հետ խաղալուց, իրեն անվստահ է պահում անծանոթ միջավայրում, մայրիկից չի "պոկվում", անծանոթների հարցերին չի պատասխանում եւ փորձում է դեմքն ամեն կերպ թաքցնել, որպեսզի չնայի նրանց աչքերին։ Մեր ընթերցողը փորձել է հասկանալ, թե ինչով է պայմանավորված այդ վիճակը, սակայն ոչինչ չի կարողացել անել։ Մենք կփորձենք հնարավորինս օգտակար լինենք մեր ընթերցողին, որ նա էլ կարողանա օգնել իր փոքրիկին` հաղթահարելու ամաչկոտությունը։
Մինչ անդրադառնալը մեր բուն թեմային, փորձենք հասկանալ, թե ինչ է ամաչկոտությունը եւ ինչպես է այն առաջանում։
Ամաչկոտ երեխային, ինչպես նաեւ մեծահասակին, բնորոշ են հետեւյալ նախանշանները` անվստահություն, ցածր ձայն, վախ, զգուշավորություն, լարված է ամբողջ մարմինը, զարկերակն արագանում է, արյան ճնշումը` բարձրանում, ստամոքսում դիտվում են տհաճ զգացողություններ, քրտնարտադրությունն է արագանում, դեմքը կարմրում է։
Իրականում ամաչկոտ երեխան շատ է տանջվում, նա չգիտի, թե ինչպես պահի իրեն նոր միջավայրում, խուսափում է անծանոթներից, չգիտի, թե ինչպես վայելի իր հասակակիցների ուշադրությունը եւ հարգանքը։ Այդ ժամանակ բարձրանում է երեխայի տագնապայնության մակարդակը, արգելակվում են նրա բոլոր ընդունակություններն ու հմտությունները։ Պարզենք, թե որոնք են ամաչկոտության պատճառները։ Ամաչկոտությունը բնածին երեւույթ չէ, այն ձեռք է բերվում կյանքի ընթացքում` որոշ պայմանների ազդեցության հետեւանքով։ Այսինքն, երեխաներն ամաչկոտ չեն ծնվում, նրանք ամաչկոտ են դառնում ծնողների, միջավայրի ոչ ճիշտ մոտեցման արդյունքում։ Ենթադրվում է, որ զգայուն նյարդային համակարգ ունեցող երեխաներն ավելի են հակված ամաչկոտության, քանի որ նրանք ավելի հուզական են, խոցելի, տպավորվող։ Շատ կարեւոր են ընտանեկան մթնոլորտն ու դաստիարակությունը։ Եթե ծնողները տագնապային են, մեծ է հավանականությունը, որ երեխաներն ամաչկոտ կլինեն, քանի որ ծնողն անընդհատ անհանգստանում է երեխայի փոխարեն, վերահսկում է այն բոլոր իրավիճակները, որտեղ երեխան հայտնվում է։ Նրան զերծ են պահում անհայտ վտանգներից` թույլ չտալով, որ նա ձեռք բերի վստահություն, ինքնուրույն վարք, սեփական փորձ` մարդկանց հետ հարաբերվելու միջոցով։ Ծնողների` չափն անցնող խնամակալությունը նպաստում է, որ երեխան իրեն զգա անկարող ու անվստահ։ Երեխայի մեջ ինքնուրույն պահվածք ձեւավորելով` մենք նրան օգնում ենք վստահել սեփական ուժերին եւ չվախենալ ուրիշներից։ Երեխան պետք է զգա, որ իր ծնողների ամենացանկալի բալիկն է, ինչն էլ ինքնավստահություն է ներշնչում։ Երեխան պետք է համոզված լինի, որ ընդունակ է ինչ-որ գործ իրականացնելու, եւ ամեն ինչ կստացվի։ Որպեսզի երեխան գիտակցի իր սեփական հնարավորությունները, նա պետք է ունենա դրանք կիրառելու հնարավորություն եւ ունենա հաջողություններ։
Շատ հաճախ ծնողներն իրենց երեխաներին բնութագրում են հետեւյալ բառերով` ամաչկոտ, ծույլ, նյարդային, դյուրագրգիռ եւ այլն, համարելով, որ սրանք անվնաս բնութագրեր են, որոնք ընդամենը երեխայի վարքն են արտացոլում։ Շատ ծնողներ չեն պատկերացնում, որ երեխաները բոլորովին այլ կերպ են ընկալում այդ բնութագրերը։ Ծնողը երեխայի համար հեղինակություն է, եւ նրա կողմից հնչած յուրաքանչյուր արտահայտություն երեխան ընկալում է որպես ախտորոշում, որի հետ չի վիճում եւ սկսում է դա ընկալել որպես իր բնավորության մի մաս։ Շատ ծնողներ, ամաչկոտության նշաններ նկատելիս, սկսում են դրան վատ արձագանքել, եւ, երեխային հասկանալու փոխարեն, ավելի են խորացնում ամաչկոտության զգացողությունը` նրան այդ մասին անընդհատ հիշեցնելով։ Հիշե՛ք, սիրելի ծնողներ, երեխայի ներկայությամբ երբեք մի բարձրաձայնեք, որ նա ամաչկոտ է, քանի որ փոքրիկն առանց այդ էլ տանջվում է այդ մտքից, եւ այդ պիտակը կարող է նրան հետապնդել ողջ կյանքի ընթացքում։ Երեխան սկսում է մտածել, որ ամաչկոտությունն անհաղթահարելի է, քանի որ ծնողներն էլ են այդպես կարծում։
Ամաչկոտությունը հիվանդություն չէ, եւ երեխան այն կարող է հաղթահարել, եթե դուք փորձեք հասկանալ եւ չմեղադրել նրան ամաչելու համար։
Ծնողներից շատերը երազում են, որ իրենց երեխան լինի ակտիվ, ուրախ, սեփական ուժերի վրա վստահ, եւ անում են ամեն ինչ, որպեսզի երեխան համապատասխանի իրենց սպասումներին եւ չեն կասկածում անգամ, որ այդպես իրականում ճնշում են երեխայի անձը` փոխանակ նպաստելու նրա զարգացմանը։ Ծնողները պետք է հիշեն մի կարեւոր բան. երեխան չի ծնվել իրենց պահանջները եւ սպասումներն իրականացնելու համար։
Ամաչկոտությունն առաջանում է հետեւյալ հիմնական պատճառներից.
Սեփական Ես-ի կերպարը. ենթադրվում է, որ ամաչկոտությունը կապված է երեխայի ցածր ինքնագնահատականի հետ, նա իրեն համարում է ոչ բավարար հետաքրքրական անձնավորություն, որը չի կարող գրավել շրջապատի ուշադրությունը, ինչն էլ խանգարում է շփվել մարդկանց հետ։
Ուրիշ մարդու կերպարը. երեխան չի համարձակվում դեմ առ դեմ հաղորդակցվել ուրիշ մարդկանց հետ, քանի որ ուրիշները նրան վախեցնում են եւ նույնիսկ վտանգավոր են թվում։
Ամաչկոտության սոցիալական արտահայտումը. առաջանում է միայն այն ժամանակ, երբ երկու մարդ սկսում են հարաբերվել, եւ հարաբերումը, ուրախություն պատճառելու փոխարեն, առաջացնում է տագնապ ու վախ։
Ինչ անել
Մինչեւ 2 տարեկան. Սիրեք եւ գուրգուրեք փոքրիկին, շատ խոսեք նրա հետ, դա երեխային տալիս է ապահովվածության եւ վստահության զգացողություն, օգնում է, որ երեխան լինի շփվող։
2 տարեկանից մինչեւ 6 տարեկան. Երեխաները դժվարությունների են հանդիպում հաղորդակցման ժամանակ։ Սովորեցրեք երեխային նայել իրավիճակին ուրիշ մարդկանց աչքերով, զարգացրեք նրա մեջ վստահություն սեփական ուժերի եւ հնարավորությունների հանդեպ։ Երեխային, որը գիտի իր հնարավորությունները, ամաչկոտության վտանգը չի սպառնում։
6 տարեկանից մինչեւ 12 տարեկան. Դպրոց գնալիս շատ երեխաներ կորցնում են ինքնավստահությունը, քանի որ հայտնվում են բոլորովին անծանոթ միջավայրում։ Երեխան պետք է իմանա, որ ծնողն իրեն սիրում է, ոչ թե գնահատականի, ուսուցիչների գովեստների համար, այլ` որ ինքը կա։
Աննա Կարապետյան
հոգեբան-խորհրդատու