Այսօր, երբ տարերային ու տեխնածին աղետների թիվն աշխարհում գնալով աճում է, մեծ կարեւորություն են ստանում արտակարգ իրավիճակների ուսումնասիրությունները, այդպիսի պայմաններում առաջացող տարբեր հոգեկան տեղաշարժերը, ինչպես նաեւ հետագա կյանքում այդ իրավիճակի ազդեցությունները։ Հոգեկան տրավման, որն առաջանում է արտակարգ պայմաններում, անշուշտ, անհետեւանք չի կարող անցնել։
Այս փոքրիկ հետազոտության շրջանակներում մի փորձ էր արվել ներկայացնել1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժի հետեւանքով մարդկաց մեջ առաջացած հոգեվիճակների տեղաշարժերիը, դրանց դրսեւորումները, ինչպես նաեւ այդ ողբերգական աղետի հետեւանքները հատկապես երեխաների հետագա զարգացման վրա։ Համեմատվել են երկրաշարժը վերապրած երեխաների, որոնք այժմ արդեն երիտասարդներ են, եւ աղետը չտեսած նույն տարիքային խմբի հոգեբանական վիճակները։
Մինչ այդ, փորձենք համառոտ ներկայացնել, թե ինչ է "էքստրեմալ իրավիճակը"։ Տարբեր մասնագետներ տարբեր սահմանումներ են տվել դրան։ Օրինակ՝ Վ.Դ. Նեբիլիցինը այն սահմանել է այսպես. "Էքստրեմալ են համարվում այն պայմանները, որոնք օրգանիզմում, ինչպես նաեւ հոգեկան կառույցում առաջացնում են հիվանդագին խանգարման եզրին հասցնող ռեակցիաներ"։ Այսօր արդեն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնական աղետները բնորոշում է որպես անկանխատեսելի, լուրջ եւ անմիջականորեն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ։
Որպեսզի հասկանալի լինեն արտակարգ իրավիճակների պայմաններում խանգարումների առաջացման գործոնները, կարճ նշեմ նաեւ արտակարգ իրավիճակի հոգեբանության հիմնահարցը։ Եվ այսպես, արտակարգ պայմանները իրենցից ներկայացնում են իրավիճակներ, երբ մարդը կանգնում է երկու տարբեր "աշխարհների" միջեւ, եւ դա է այն բարդությունը, երբ մարդը խնդիր է ունենում հաղթահարելու սահմանը՝ բնականոն կյանքի ընթացքը փոխարինվում է արտակարգ պայմաններով։ Հենց այդ ժամանակ էլ առաջանում են հոգեկան սուր ռեակցիաներ, որոնք իրենցից մեկ ինքնուրույն փուլ են ներկայացնում արտակարգ իրեվիճակների վերապրման ընթացքում։ Այսպիսի դժվարությունները հաղթահարելու փուլում զգացմունքային դաշտը լուրջ փորձության է ենթարկվում։
Հոգեծին խանգարումների ի հայտ գալը, բնութագիրը, հաճախականությունը, արտահայտվածությունը եւ դինամիկան կախված են բազմաթիվ գործոններից, էքստրեմալ իրավիճակի բնութագրից, առանձին մարդկանց պատրաստվածությունից, նման` ոչ բարենպաստ պայմաններում գործելու ունակություններից։ Սա ընդհանրապես պայմանավորվում է անհատի տիպոլոգիական առանձնահատկություններով՝ հոգեկան կայունությամբ, կամքով, ֆիզիկական պատրաստվածությամբ եւ այլ։
Անդրադառնալով երկրաշարժի հետեւանքով առաջացող դրսեւորումներին՝ հարկ է նշել, որ չնայած ուսումնասիրությունների ժամանակ առաջացող մեթոդիկական դժվարություններին, գիտնականները եկել են այն եզրակացության, որ արտակարգ իրավիճակի ազդեցության պահին ռեակտիվ պսիխոզներ առաջանում են արդեն բնակչության 10-25%-ի մոտ։ Իսկ հետագա փուլերում հասնում են են մինչեւ 35%-ի։ Այսպես, օրինակ, դեկտեմբերյան երկրաշարժից հետո` մեկ տարվա ընթացքում հոգեբուժական ստացիոնարներ հոսպիտալացվողների քանակն աճել էր երկու անգամ, գրանցվել էր նեւրոզներոնով հիվանդների մեծ աճ։
Որպես հետազոտվող խումբ վերցված էին երկրաշարժի ժամանակ 7-8 տարեկան եղած անձինք, որոնք տեսել էին երկրաշարժը եւ պահպանել էին այդ տեսարաններն իրենց հիշողության մեջ։ Որպես վերահսկիչ խումբ, ընտրվել էին նույն տարիքի, բայց երկրաշարժ եւ ընդհանրապես աղետ չտեսած անձիք։
Հետազոտությունները տարվել էին հիմնականում տագնապայնության աստիճանը բացահայտելու համար, քանի որ արտակարգ իրավիճակում, գրգռիչներին ի պատասխան, ասպարեզ է ելնում առաջին հերթին տագնապը։
Ընդհարացնելով` կարող ենք ասել, որ տագնապը առաջանում է որպես իրավիճակի նկատմամբ հակազդում, երբ այդ իրավիճակներն իրենց մեջ պարունակում են վտանգ, եւ վերարտադրվում է այն ժամանակ, երբ մարդը սարսափ է ապրում` նման իրավիճակի կրկնման կամ նման իրավիճակի մասին նոր ինֆորմացիայի ստացման դեպքում։ Հետազոտության շրջանակներում տագնապայնությունն ուսումնասիրվել է որպես ապրած տրավմայի մնացորդային երեւույթ։
Վերլուծության արդյունքում ստացված տվյալները վկայում էին փորձարկվող խմբի անդամների մեջ տագնապայնության բարձր աստիճանի մասին։ Նրանց մեջ գերակշռող էր տագնապայնության ֆոնը, ինչը բացակայում էր վերահսկիչ խմբի դեպքում։ Ուստի հետազոտության ընթացքում հաստատվեց այն վարկածը, որ տարիներ առաջ տարած տրավման թողել է իր ազդեցությունն արդեն հասուն մարդու հոգեկանում եւ դրսեւորվում է տագնապայնության բարձր աստիճանի արտահայտվածությամբ, ինչը բացակայում էր երկրաշարժին ականատես չեղած՝ վերահսկիչ խմբի երիտասարդների հոգեկանի պրոֆիլում։
Արտակարգ իրավիճակը բավական մեծ ազդեցություն է թողնում մարդու հոգեկանի վրա եւ կարող է առաջացնել տարբեր հակազդումներ։ Մեր օրերում, բացի բնական աղետներից, ակտուալ են դառնում նաեւ մարդածին պայմաններից առաջացող արտակարգ իրավիճակները, ուստի՝ հարց է ծագում, թե ինչքանով ենք մենք պատրաստ դրանց դիմակայելու եւ ճիշտ կազմակերպելու մեր վարքը տվյալ պայմաններում։
Գիտակցելով այս ամենը, պետք է կազմակերպվեն ուսումնական միջոցառումներ, որոնց ընթացքում հնարավորինս շատ մարդիկ կտեղեկանան արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու ունակություններին, քանի որ խուճապը եւ տագնապը գլխավորապես ինֆորմացիայի պակասի հետեւանք են։
Ալեքսանդրա Ջուլֆակյան
բժշկական հոգեբան