80-ամյա Վեմիր Մովսիսյանն ու նրա կինը մի օր իրենց համար հեռուստացույց էին նայում ու լրիվ մոռացել էին, որ խոհանոցում գազի վառվող սալօջախին թեյնիկ են թողել:
- Կինս ջուրը միացրեց, նստեցինք հյուրասենյակում, մեկ էլ ուժեղ ձայն լսեցինք: Սիգնալիզացիայի ձայնը որ լսեցի, եկա, տեսա ջուրը թափվել է: Ասի` սենց բան ես չեմ տեսել, առաջին անգամ եմ տեսնում, - պատմում է Վեմիր պապը, - դրանից հետո էլ նկատեցի, որ գազն անջատվել է: Մեր գազի աշխատող Գառնիկին կանչեցի, եկավ նորից միացրեց:
Վեմիր Մովսիսյանի խոհանոցում, փաստորեն, գազի արտահոսք էր տեղի ունեցել: Ազդանշանային սարքն աշխատել էր ու ավտոմատ անջատել գազի մատակարարումը տվյալ բնակարան:
- Սա ծերերի համար փառք է, ամենակարեւորը` մեծահասակների համար է շատ լավ, որ մոռանում են, չեն հասցնում, սա ինքն իրան անջատում է, - ասում է Վեմիր պապը, - արդեն ես ինձ ապահով եմ զգում, եթե բան եղավ, սարքը մեզ պահապան է:
Վեմիր Մովսիսյանն այսուհետեւ գիտի, որ ազդանշանային սարքը հենց այնպես չէ իր խոհանոցում տեղադրված: Նա երբեք հոսանքից չի անջատել այն, իսկ հիմա արդեն սեփական փորձից գիտի` եթե անջատեր սարքը, հաստատ իր եւ, շատ հնարավոր է, նաեւ ամբողջ շենքի հետ, դժբախտ պատահար տեղի կունենար:
- Ճիշտ է` 80 տարեկան եմ, բայց խելքս դեռ տեղն է, - կատակում է նա:
Գազի ազդանշանային սարքերի ու անվտանգության փականների տեղադրումն իրականացվել է Հայռուսգազարդի կողմից` ՀՀ կառավարության 2007 թվականի որոշման համաձայն: 97 տոկոսով գազաֆիկացված հանրապետությունում այսօր սարքերով ապահովված է մոտ 500 000 բաժանորդ: Դրանց սպասարկումն իրականացնում է "Էյ-Ի-Ջի սերվիս" ընկերությունը:
- "Էյ-Ի-Ջի սերվիսն" այդ նպատակով ձեռք է բերել լաբորատոր սարքավորում, ստեղծել է սերվիս կենտրոն, որտեղ հնարավորություն ունենք բավական մեծ քանակությամբ նման սարքեր ստուգել, նորոգել եւ կրկին տեղադրել, - ասում է ՙ"Էյ-Ի-Ջի սերվիսի" տնօրեն Աշոտ Հովսեփյանը:
Սերվիս կենտրոնում նորոգվում ու փորձարկվում են ազդանշանային սարքերը, կարգավորվում է դրանց զգայունության շեմը: Գազի ազդանշանային սարքն ունի 4 ֆունկցիա: Նախ այն զգում է մեթան գազի արտահոսքն ու շմոլ գազի առաջացումը: Օդում այս երկու գազերի որոշակի եւ մարդու համար արդեն վտանգավոր կոնցենտրացիայի դեպքում սարքն անմիջապես ահազանգում է ու ավտոմատ անջատում գազի մուտքը բնակարան: Ազդանշանն ու անվտանգության փականն աշխատում են, եւ գազի մատակարարումը կասեցվում է նաեւ հրդեհի ժամանակ, երբ բնակարանի ջերմաստիճանը հասնում է 70-ի: Ազդանշանային սարքը նաեւ ունի այսպես կոչված սեւ արկղ, որտեղ գրանցվում են վերջին 24 ժամվա տվյալները:
- Եթե ազդանշան է եղել, փականը փակվել է, եւ բնակչին կհետաքրքրի` որն է պատճառը, կամ եթե պետք է պարզել ամեն ինչ, այդ սարքը միաց-վում է համակարգչին, եւ գրաֆիկի միջոցով կարող ենք տեսնել, թե որ ժամին, որ գազի կոնցենտրացիան ինչքանով է ավելացել նորմայից, - ասում է "Էյ-Ի-Ջի սերվիսի" տնօրեն Աշոտ Հովսեփյանը:
Վերջերս գազի արտահոսք էր եղել նաեւ 72-ամյա Ֆահրատ Աբրահամ-յանի բնակարանում:
- ժամը երկուսի կողմերն էր` աշխատանքից եկա, "զադանիա" ունեի կարտոֆիլ խաշելու, - պատմում է Ֆահրատ պապը, - դրեցի գազին, որ եփվի, գնացի նստեցի հեռուստացույցի դիմաց, աչքս կպավ, քնեցի: Մեկ էլ ազդանշան լսեցի: Արթնացա, եկա, տեսա` ջուրը թափվել է, գազը հանգել է, դռները բացեցի, օդափոխեցի ու փորձեցի գազը նորից միացնել: Չմիացավ: Թե սարքի զանգն ու փականը չլինեին, ես տենց էլ քնած կմնայի, գազը կլցվեր ու մեծ դժբախտություն տեղի կունենար: Սարքը` սարք, բայց դե մարդ ինքը պիտի զգույշ լինի: Ես ապահով եմ զգում, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ եթե գազը լցվում է տուն, սարքն ավտոմատ անջատում է:
Ազդանշանային սարքը դժբախտ պատահարից փրկել էր նաեւ Շուշան Հակոբյանին: Մի անգամ պահարանների գլխին մաքրություն անելիս նա պատահաբար վնասել էր գազի խողովակ-փականը, որտեղից արտահոսք էր սկսվել: Սարքն անմիջապես ահազանգել էր:
- Զանգից անհանգստացա, ոչ թե գազի հոտից: Հոտը, թվում է, քիչ է, չես էլ հասկանում վտանգավորությունը, - ասում է Շուշան Հակոբյանը:
Դեպքից հետո տիկին Շուշանն անմիջապես կանչել էր "Էյ-Ի-Ջի սեր-վիսի" տեղամասային մասնագետին, ով պարզել էր պատճառն ու լուծել խնդիրը: Շուշան Հակոբյանը գիտի, որ ազդանշանային սարքը միշտ պիտի միացրած մնա, ու չի հասկանում մարդկանց, ովքեր անջատում են այն` կարծելով, թե անիմաստ է կամ էլ, իբր, շատ հոսանք է խլում:
Հարցն այն է, որ ազդանշանային սարքը բոլորովին էլ շատ էլեկտրաէներգիա չի խլում: Այն մի ամսում հազիվ 25 դրամի հոսանք վառի: Սակայն ամսական 25 դրամն ինչ է մարդու անվտանգության դիմաց: Բաժանորդները պիտի հիշեն, որ գազի ազդանշանային սարքերն ու ավտանգության փականները հենց այնպես չեն տեղադրված, ոչ մի դեպքում ու երբեք չի կարելի անջատել այն հոսանքից:
Գազից թունավորումների ու դժբախտ պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանց մեծ մասը տեղի չէր ունենա ու մարդիկ կփրկվեին, եթե ինքնագլուխ չանջատեին իրենց բնակարաններում տեղադրված սարքերը:
- Եթե ազդանշանիչը ձայն է հանում, անջատում է գազը, ուրեմն այդ բնակարանում ինչ-որ բան տեղին չէ, - ասում է "Էյ-Ի-Ջի սերվիսի" տնօրենի տեղակալ Մկրտիչ Ջալալյանը, - պետք է անհապաղ կանչել մասնագետին, սպասարկող անձնակազմին, ովքեր կգան, տեղում կպարզեն պատճառը, համապատասխան հրահանգավորում կանեն, անհրաժեշտության դեպքում կփոխարինեն սարքը, իսկ եթե պետք լինի, կփոխեն սարքի զգայունության շեմը` ելնելով այդ տան ու խոհանոցի ծավալներից: Բայց անտեսել սարքի աշխատանքը ոչ մի դեպքում չի կարելի:
Մարդիկ երբեմն բողոքում են, որ ազդանշանիչը միանում է նույնիսկ ճաշ եփելիս: Դա լրիվ նորմալ երեւույթ է: Եթե ձեր խոհանոցը փոքր է, իսկ պատուհաններն ու դռներն, այսպես կոչված, "եվրո" են, նշանակում է` թարմ օդի հոսք չկա, հետեւապես տեղի է ունենում գազի թերայրում ու առաջանում է շմոլ գազ, ինչը մարդն զգալ չի կարող, իսկ սարքն զգում է:
- Ոչ բոլորն են պատկերացնում, որ մեկ խորանարդ մետր գազ այրելու համար պահանջվում է 10 խորանարդ մետր օդ, եւ այդ օդի արգասիքը պիտի հեռացվի բնակարանից, - բացատրում է "Էյ-Ի-Ջի սերվիսի" տնօրենի տեղակալ Մկրտիչ Ջալալյանը, - հետեւաբար, դուք արդեն պատկերացնում եք, թե ինչքան կարեւոր են օդատարները, իսկ հերմետիկ դուռ-լուսամուտի կիրառումն, իհարկե, լավ է, ձայնամեկուսացնում է, ջերմամեկուսացնում է, բայց` զուգահեռաբար խանգարում է թարմ օդի ներհոսքին:
Կարծում ենք` դուք չեք ուզում սեփական անզգոնության ու անլրջության զոհը լինել եւ, առավել եւս, վտանգի տակ դնել ամբողջ շենքը: Եթե ձեր հարեւանը կամ ծանոթը, իբր բարեկամաբար, խորհուրդ է տվել էներգիա խնայելու համար անջատել սարքը, կամ եթե դուք ինքնագլուխ որոշել եք, որ այն ձեզ պետք չէ, ապա հիշեք` ազդանշանային սարքը բոլորովին էլ էլեկտրաէներգիա չի խլում եւ միայն ու միայն ձեր անվտանգության համար է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում ու զգուշացնում է, որ գազի անվտանգությանն անլուրջ վերաբերվելը կարող է ցավալի հետեւանքներ ունենալ: Այնպես որ, հետեւեք, որ ձեր տանը տեղադրված ազդանշանային սարքերը միշտ միացված լինեն ու գործեն: Իսկ եթե դրանք ահազանգում են, ապա պետք է անհապաղ զանգահարել "Էյ-Ի-Ջի սերվիսի" գրասենյակ, որտեղից մասնագետները կգան, կպարզեն պատճառն ու կվերացնեն այն:
Անի Ստեփանյան