ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Բացառել ցածրորակ շինարարությունը

Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ  9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը հավասարազոր է 12 բալի: Նման երկրաշարժը մեկ այլ` համեմատաբար ավելի քիչ զարգացած երկրում գետնին կհավասարեցներ ամեն ինչ, սակայն Ճապոնիայում շենքերը դիմացան ցնցումներին:

ԱԻՆ ՍՊԱԾ տնօրենի տեղակալ Աշխեն Թովմասյանն ասում է, որ Ճապոնիայի մասին  տեսանյութերում բոլորովին դժվար չէր տեսնել, որ, ի տարբերություն հայաստանցիների, որոնց սովորեցնում են երկրաշարժի առաջին ցնցումների ժամանակ անմիջապես պատսպարվել բնակարանում` նախապես որոշված հնարավորինս ապահով տեղերում, ճապոնացիները փորձում էին պահել դարակների վրա դասավորված գրքերը, տուփերը, թղթերը.

- Դա մտածելու տեղիք է տալիս, նշանակում է` ոչ թե ճապոնացիները չգիտեն, թե ինչ պետք է անել, ինչպես պետք է պաշտպանվել երկրաշարժից, այլ` նրանք իրենց չափազանց ապահով են զգում այն շենքերում, որտեղ ապրում են:

Ճապոնիայում աղետի պատճառով ավելի քան 11 000 մարդ զոհվեց, մոտ 17 000-ը համարվում են կորած: Սակայն զոհերի ու ավերածությունների մեծ թվի պատճառը ոչ թե երկրաշարժն ու ցնցումներն էին, այլ դրանց հաջորդած ցունամին: Եթե 10 մետր բարձրությամբ ալիքը չլիներ, երկրաշարժի հետեւանքները նվազագույն կլինեին, քանի որ ճապոնացներն իրենց շինությունները չափազանց ամուր են կառուցել:
Ցավոք, նման սեյսմակայուն շենքերով չի կարող պարծենալ Հայաստանը, որը նույնպես սեյսմիկ ակտիվ գոտում է գտնվում: Ճիշտ է` 12 բալանոց երկրաշարժը մեզ մոտ քիչ հավանական է, սակայն դեռ հարց է` արդյոք մեր շինությունները կդիմանան ավելի քիչ ուժգնությամբ ցնցումներին:
1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից Հայաստանը շատ դասեր քաղեց: Նախ պարզվեց, որ թերագնահատված է սեյսմիկ վտանգը, այսինքն` հնարավոր երկրաշարժի առավելագույն ուժը: Խորհրդային միության տարիներին որոշվել էր, որ մեր երկրում ամենաուժեղ երկրաշարժը չի գերազանցի 8 բալը, ու բոլոր շենքերը կառուցել էին ըստ այդ հաշվարկների:

- Սովետական բոլոր երկրներում միշտ աշխատում էին չգերազանցել, հաշվարկվածից ավելի ամուր չկառուցել` բացառությամբ հատուկ շենքերի: Օրինակ, օպերայի շենքը մեկ բալ ավել էր հաշվարկվել, բայց մնացածը` տնտեսական նկատառումներով, ավելի թույլ ցնցումների համար են կառուցված, -
ասում է Քաղաքաշինության նախարարութան Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը:

Սպիտակի աղետից հետո վերագնահատվեց Հայաստանի սեյսմիկ վտանգն ու ընդունվեց, որ մեր երկրում հնարավոր են 9 եւ ավելի բալանոց երկրաշարժեր: Դրանից հետո խնդիր առաջացավ վերանայել նաեւ շինարարական նորմերը:


- Հայաստանում անկախությունից հետո մշակվեցին մի շարք ՀՀՇՆ-եր` Հայաստանի Հանրապետության շինարարական նոմեր: 1994 թվականին ընդունվել են նախագծային սեյսմիկ նորմերը, 2006 թվականին դրանք վերանայվել են: Դա նշանակում է, որ մեր հանրապետությունում այնքան մեծ նշանակություն են դարձնում սեյսմիկ նորմերին, որ միայն այս բնագավառում նորմերը փոխվել են երկու անգամ, ու այդ նորմերի համաձայն, Երեւանը հիմա գտնվում է 9 եւ ավելի բալայնության սեյսմիկ գոտում, - նշում է Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը:

Խորհրդային շրջանում բացի նրանից, որ թերագնահատված էր սեյսմիկ վտանգը, նաեւ կատարվող շինարարության որակն էր ցածր:

- Մեզ մոտ այդ տարիներին, գուցե կոպիտ հնչի, համատարած գողություն էր: Շինանյութ էին գողանում: Դրա համար շաղախի, բետոնի տեսականիշն ընկնում էր, ամրանների քանակը չէր ապահովվում: Հանգույցները վատ էին իրականացվում, շատ-շատ թերություններ կային, - ասում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության` շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Ցածրորակ շինարարությունը մի կողմից, մյուս կողմից էլ, ինչպես պարզվեց, կառուցվող շինությունների մի մասը նախագծային թերություններ ուներ: Նման շենքեր հանրապետությունում մինչեւ օրս շահագործվում են:

- Օրինակ` մենք ունենք 111 սերիայի կարկասային շեքներ, որոնք բարձր խոցելի են: Նրանք  չեն դիմակայի նույնիսկ 8 բալի, 9 բալի դեպքում լրիվ կփլուզվեն: Գյումրիում դրանք լրիվ փլուզվեցին, Վանաձորում` 50-60 տոկոսը: Դրա հիմնական պատճառն այն է, որ նախագծերում լուրջ թերություններ են եղել: Կոնստրուկտիվ մյուս լուծումներով շենքերում էլ կան թերություններ, օրինակ, 1-450ա սերիայի քարե պատերով շենքերը բարձր խոցելի են, - նշում է Գուրգեն Նամալյանը:

Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում շինարարության ոլորտի բացթողումները հաշվի  են առել, դասերը` յուրացրել. վերջին 20 տարում կառուցված շենքերը շատ ավելի ամուր ու սեյսմակայուն են: Նույն բանը չի կարելի ասել Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած շինությունների մասին:

- Մեզ մոտ նորմեր ընդունվեցին ոչ միայն երկաթբետոնե կարկասային շենքերի, այլեւ` քարե շենքերի համար: Մոտ 1500 տարի մենք շենքեր ենք սարքել ու ոչ մի անգամ ամրան չենք դրել շարվածքի մեջ: Հիմա, ըստ նորմերի, պիտի տեղադրվի, արդեն "քարամրանային շարվածք" նոր տերմին է առաջացել, - բացատրում է Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը, - հին շենքերից ոչ մեկը չունի այդ պողպատից պատրաստված կմախքը, էդ պատճառով չեմ կարող ասել, թե ինչ կլինի:


ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը ասում է, որ խորհրդային ժամանակաշրջանից մնացած շենքերը չեն ամրացվել, իսկ 90-ականներին դրանցից շատերի վիճակն ավելի է վատացել սխալ շահագործման հետեւանքով.

- Այդ շեքների վրա ինքնակամ կառուցվել են վերնահարկեր, կցակառույցներ, նկուղային հարկերում կամայական ձեւափոխություններ են արվել: Այդ շենքերին դառը հետեւանքներ են սպասվում երկրաշարժի դեպքում:

Դեռ Սպիտակի երկրաշարժից հետո գիտենք, որ եթե բնակիչները կամայական ձեւափոխություններ չանեին ու ճիշտ շահագործեին բնակարանները, փլված շենքերի, հետեւապես նաեւ զոհերի թիվն անհամեմատ ավելի քիչ կլիներ:

- Գյումրիում բազմաթիվ շենքեր կային, որոնց բնակիչներն ապամոնտաժում էին քարաշարվածքի մեկ շերտը, քարե պատերով շենքը երկու քարաշարվածքից է` մեջտեղը շաղախը լցված: Մի շերտը քանդում էին, որ իրենց կահույքը տեղադրեն պատի մեջ: Կամ պատերում ոչ թույլատրելի չափերի անցքեր էին անում, կամ նկուղային հարկերում իրականացնում էին վերակառուցում` քանդելով կրող պատերը: Շատ շենքերում էլ բնակիչները, չհասկանալով ինչ բան է "դիաֆրագման", դրանք շփոթում էին միջնորմի հետ եւ ուղղակի կտրում-հանում էին` երկու սենյակները միացնելու նպատակով: "Դիաֆրագման" հենց երկրաշարժի դեպքում շենքը պահպանելու համար է: Ահա  եւ շենքերը "հաշմանդամ" էին դարձրել, - պատմում է Գուրգեն Նամալյանը: 

Այսօր նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունն ապահովող փաստաթղթային ու նորմատիվային բոլոր պայմանները կան: Նախագծայինից մինչեւ շահագործման հանձնելու փուլում իրականացվում է վերահսկողություն համապատասխան մարմինների ու հանձնաժողովների կողմից:

- Նոր կառուցվող շեքների ցուցանիշները, կարելի է ասել, բավարար են, բայց մեզ մոտ, օրինակ, կառուցվել են 16 հարկից բարձր շեքներ: Կա "սահմանային հարկ" հասկացություն, այսինքն` երկաթբետոնյա հիմնակմախքով շենքերը պիտի լինեն 14 հարկից ոչ ավելի: Եթե կիրառում են կոշտ ամրանավորում, ապա դրանք կարող են 16 հարկ լինել: Նորմերը չեն սահմանափակում հարկայնությունը, պարզապես, եթե կառուցում եք էդ եղանակով, ապա բարի եղեք 14 կամ 16 հարկով սահմանափակվել, եթե դրանից բարձր եք սարքում, ապա` բարի եղեք կիրառել մեր նորմերով նախատեսված հատուկ մեթոդները, կամ մեր նորմերով նախատեսված լրացուցիչ կոնստրուկտիվ միջոցներ կիրառեք, - ասում է ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Մասնագետը նշում է, որ չգիտի, թե արդյոք 16-ից ավելի հարկ ունեցող շենքերը կիրառել են այդ մեթոդները, քանի որ ՍՊԱԾ-ը վերահսկողության իրավասություն չունի:
- Քաղաքաշինության նախարարությունը շենքը շահագործման հանձնելուց առաջ վերջնական ստուգում է` արդյոք այն կառուցվել է նախագծի ու նորմերի համաձայն, - ասում է Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը, - դրական եզրակացությունից հետ նոր արդեն համարվում է, որ շինարարությունն ավարտված է: Ասել, որ եթե շենքը բարձրահարկ է, այն անպայման կփլվի, սխալ է, ուղղակի որոշ նկատառումներց ելնելով` ավելի ապահով է կառուցել ցածրահարկ շեքներ:

Շենքերի սեյսմակայությունը, փաստորեն, պայմանավորված է մի քանի գործոններով` նախագծային ճիշտ մոտեցում, գործող նորմերի խիստ պահպանում, շինարարության բարեխիղճ ու բարձրորակ իրականացնում, բնակիչների կողմից ճիշտ շահագործում: Շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար կան նաեւ հատուկ միջոցներ:

- Սեյսմակայունության բարձրացման տարբեր մեթոդներ կան: Մեր նորմերում ամրագրված կան դինամիկական մարիչներ, կապվող-անջատվող համակարգեր, սեյմամեկուսիչ բարձիկներ եւ այլն, - տեղեկացնում է ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

Սեյսմակայունության բարձրացման մեթոդներից մեկը, օրինակ, ռետինամետաղական բարձիկների կիրառումն է, որը թույլ  է տալիս ամրացնել շենքը` առանց դրա շահագործումը դադարեցնելու ու բնակիչներին  տարհանելու: Հայաստանում արդեն կան մի շարք շինություններ, որոնք այդ կերպ սեյսմամեկուսացվել են: Այդ բարձիկներն առանձնացնում են շինությունը երկրակեղեւից, ու երկրաշարժի ալիքը շենք չի բարձրանում:
Հստակորեն ասել, թե ուժեղ երկրաշարժի դեպքում Հայաստանում հին շենքերը կփլվեն, իսկ նորերը կանգնուն կմնան, սխալ կլինի: Մասնագետների հավաստմամբ` Խորհրդային տարիներից մնացած շատ շենքեր կան, որոնք, եթե հաշվի չառնենք դրանցում կատարված կամայական ձեւափոխությունները, բավական ամուր են: 

- Խոշորապանելային շեքները, իմ կարծքիով, լիարժեք կդիմակայեն երկրաշարժին: Դրանք կազմում են մեր բնակֆոնդի մոտ 15 տոկոսը: Այդ 111 սերիայի ու խոցելի շեքների մոտ 12-15 տոկոսը կփլուզվեն: Քարե պատերով շեքները մոտ 25 տոկոսն են կազմում` դրանց կեսը բարձր խոցելի է, կեսը` միջին խոցելի: Այսպիսի համեմատություններ կարելի է անել, իսկ ընդհանուր առմամբ ասել, որ կոնկրետ այսքանը կփլուզվի, այսքանը կմնա` հնարավոր չէ, - ասում ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը:

- Ամրացնելու խնդիրը կա, մեթոդներին էլ են ծանոթ, միայն ֆինասնական միջոցներն են պակասում: Օրինակ, հարկերի բարձրացման մեթոդը, երբ պետք է դիաֆրագմա դնել ու բարձրացնել հարկը: Բայց դա նշանակում է  բնակիչներին տարհանել, միջնորմերը քանդել, երկաթբետոնե պատեր սարքել` ֆինանսների հետ կապված հարցեր են: Ամբողջ Երեւանը, Հայաստանը նորից վերակառուցել հնարավոր չէ, - կարծում է - Քաղաքաշինական պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը:

Խորհրդային տարիներից մնացած խոցելի շենքերն ամրացնելը պետության համար դեռեւս անլուծելի խնդիր է: Այս դեպքում առավել կարեւորվում է այն, որ բնակիչներն իրենք ավելի չբարդացնեն իրավիճակը` բնակարաներում ինքնագլուխ ձեւափոխություններ անելով: Հիշենք, որ  ցանկացած ավելորդ միջամտություն ավելի է թուլացնում շենքը:

Անի Ստեփանյան 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`