ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Նորություններ

Երկրաշարժի թանգարաններ. Հայաստանում եւս փորձեր են արվում

Երկրաշարժի թանգարաններ. Հայաստանում եւս փորձեր են արվում

Երկրաշարժի առաջին  թանգարանը ճապոնիայում բացվել է Կանտոյի շրջանում 1923 թվականին 8,3 մագնիտուդով տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ ավերակների վերածվեցին Տոկիոն, Յոկոհաման, Յոկոշուկան եւ 8 այլ խոշոր քաղաքներ: Զոհվեց 175 հազար մարդ, անհետ կորավ 542 հազարը: Մեկ միլիոնից ավելի ճապոնացիներ մնացին անօթեւան: Այս աղետից մի քանի տարի անց բացվեց երկրաշարժի թանգարանը, որը մինչ օրս էլ գործում է:

Այսօր արդեն Ճապոնիայում բազմաթիվ նման թանգարաններ կան: Յուրաքանչյուր խոշոր աղետից հետո ճապոնացիները մի ամբողջ համալիր են կառուցում, որն այցելուներին պատմում ու իրազեկում է տեղի ունեցածի մասին: Օրինակ, Շիմաբարա թերակղզում գործում է Ունզեն գործող հրաբխին նվիրված թանգարան, որտեղ պատմվում է լեռան ժայթքումների ու դրա գործած ավերածությունների, ընդհանրապես հրաբուխների մասին: Մարդիկ կարող են տեսնել, թե որքան հզոր է ժայթքող լավայի ուժը եւ չթերագնահատել վտանգը:

Կոբեի երկրաշարժի թանգարանը կառուցվել է 2002 թվականին` ի հիշատակ 1995ին տեղի ունեցած երկրաշարժի, որի ժամանակ զոհվեց մոտ 6500 մարդ, ավելի քան 100 000ը մնացին անօթեւան: Այս թանգարանը կառուցվել է ոչ միայն զոհերի հիշատակը հարգելու, այլեւ այցելուներին երկրաշարժերի մասին իրազեկելու եւ այդպիսով աղետի ռիսկերը նվազեցնելու նպատակով: Այստեղ մեծ էկրաններով մշտապես ցուցադրում են տեսանյութեր երկրաշարժի ավերածությունների ու հետագա վերականգնողական աշխատանքների մասին: Ճապոնացիները 3D անիմացիայով ամենայն մանրամասնությամբ վերականգնել են մոտ 40 վայրկյան տեւած երկրաշարժը եւ Կոբեում դրա պատճառով տեղի ունեցած բոլոր փլուզումները, հրդեհներն ու վթարները:
Թանգարանում նաեւ ցուցադրվում են լուսանկարներ, քաղաքի վերակառուցման մակետները, փլատակներից դուրս բերված իրեր, փրկարարների օգտագործած գործիքներ, բժշկական պարագաներ, նույնիսկ այն ժամանակ օգտագործված սնունդը, պահածոներն ու ինքնաշեն սպասքը:

Կոբեի երկրաշարժի թանգարանը, ինչպես նաեւ աղետներին նվիրված մնացած այլ թանգարանները մեկ գլխավոր նպատակ ունեն: Դրանք ստեղծվում են տեղի ունեցածի մասին մարդկանց հիշեցնելու, այդ հիշողությունների եւ քաղված դասերի հիման վրա նրանց կրթելու, իրազեկելու ու նախապատրաստելու համար: Ճապոնացիները կարծում են, որ աղետների նվազեցման մի եղանակ էլ այդ մասին պատմություններ պատմելն է` բոլոր հնարավոր միջոցներով, եւ թանգարանն էլ այդպիսի մի ձեւ է: Նման թանգարանները կարեւորվում են որպես հանրային իրազեկման շատ արդյունավետ միջոց: Դրանք օգնում են, որ մարդիկ չմոռանան իրենց հետ տեղի ունեցած սարսափն ու միշտ զգոն լինեն: Կոբեի երկրաշարժի թանգարանում դպրոցականների պարտադիր այցելություններ են լինում ու նրանք, ովքեր չեն տեսել աղետը, նույնպես յուրացնում են քաղված դասերը:

Հայաստանում նույնպես գիտակցում են երկրաշարժի թանգարանի ու դրանով մարդկանց իրազեկելու կարեւորությունը: Այս առումով` "թանգարանային արվեստը՚"մեզ մոտ, բնականաբար, այն մակարդակի վրա չէ, ինչ, ասենք, Ճապոնիայում, սակայն որոշ քայլեր արվել են:
Սպիտակ քաղաքի թանգարանը մինչեւ 1988-ի երկրաշարժը ուրիշ շենքում էր գործում, որն աղետի ժամանակ ավերակների վերածվեց: Փլատակներից փրկվեցին մի քանի նմուշներ միայն: 10 տարի անց` 1998-ին Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանի ու Սպիտակի այն ժամանակվա քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի նախաձեռնությամբ թանգարանում բացվեց երկրաշարժին նվիրված ցուցադրություն:
 
- Երանի ոչ երկրաշարժը լիներ, ոչ էլ այս ցուցադրությունը,  ասում է Սպիտակի թանգարանի տնօրեն Կլիմենտ Ռստակյանը,-  սրա ստեղծման նպատակն էր ի մի բերել նյութերը, երախտագիտական խոսք ասել այն պետություններին, մարդկանց, որոնք Սպիտակի եւ հայ ժողովրդի համար ամենածանր օրերին մեր կողքին էին: Այսպես մենք ուզում ենք ասել, որ ՙուրիշի ցավ՚ հասկացություն չկա, աշխարհի որ ծայրում ինչ աղետ էլ լինի, դա մարդկության ցավն է:
Մեկ ցուցասրահում տեղավորված Սպիտակի թանգարանում երկրաշարժին նվիրված բաժինը մի քանի տեսակի ցուցանմուշներ ունի: Ամենաշատը թերեւս լուսանկարներն ու ցուցապաստառներն են: Այս լուսանկարներում Սպիտակն է երկրաշարժից հետո` ավերակներ, հուսահատ մարդիկ, փրկարարական աշխատանքներ, այնուհետեւ վերակառուցում, նոր շենքեր ու տներ:


Ցուցապաստառներն այցելուներին հիշեցնում են, թե 1988-ի աղետից հետո որ պետությունները մեզ օգնության եկան ու ինչպես աջակցեցին`  Նորվեգիա, Իտալիա, Գերմանիա, Ավստրալիա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքմենիա եւ շատ այլ երկրներ ու կազմակերպություններ:
Թանգարանում նաեւ երկրաշարժին ու սեյսմիկ շինարարությանը վերաբերող գրականություն կա: Այստեղ մենք նույնիսկ ճապոներեն գրքեր տեսանք, որոնք պատմում էին ճապոնացիների փորձի մասին:
"Ինչպես պաշտպանվել երկրաշարժից" թեմայով գրքեր են, տեսաֆիլմեր էլ կան: Ասելը հեշտ է` ինչպես պաշտպանվել երկրաշարժից,  հոգոց է հանում Կլիմենտ Ռստակյանը,  գիրքը` գիրք, բայց կրիտիկական պահին հոգեբանորեն դիմանալը դժվար է, մարդը դժվարությամբ է ղեկավարում իրեն, ու դա, անշուշտ, իր բացասական ազդեցությունն է ունենում: Եթե դիմանանք այդ ահեղ փորձությանն ու սառնասրտորեն գործենք, երեւի թե կարելի է ինչ-որ բան փրկել, երեւի այդպես ավելի հեշտ կլինի:  
Թանգարանի տնօրեն Կլիմենտ Ռստակյանը 1967 թվականից Սպիտակում է ապրում: Նա լավ է հիշում` մինչեւ 1988ի աղետը երկրաշարժի մասին գիրգրականություն նույնիսկ աչքով չի ընկել:


- Այն ժամանակ ես դպրոցի տնօրեն էի, երկրաշարժի մասին մենք աղոտ պատկերացումներ ունեինք, իսկ այն մասին, թե շենքերը կդիմանան երկրաշարժին, ընդհանրապես խոսակցություն չէր գնում, չէին խոսում նաեւ, թե քանի բալանոց երկրաշարժ կարող է լինել,- պատմում է Կլիմենտ Ռստակյանը,-   երեւի թե, գաղափարախոսությունը թույլ չէր տա նման հարցերի մասայականորեն անդրադառնալ, եւ մեզ թվում էր` թե խորհրդային երկիր ենք, անգամ աղետներից ենք ապահովագրված: Աղետներն էլ կարծես պիտի ենթարկվեին խորհրդային գաղափարախոսությանը:

Թանգարանում կա նաեւ ցուցասեղան, որի լուսանկարներն ու թերթից հանված հոդվածները պատմում են այն ուսուցիչների մասին, ովքեր երկրաշարժի ժամանակ դպրոցից դուրս են բերել ու փրկել բազմաթիվ աշակերտների, սակայն իրենք զոհվել են: Այս անկյունը պատմում է նաեւ այն մարդկանց մասին, ովքեր օգնել են, որպեսզի որբացած երեխաները շարունակեն ուսումն ու կրթություն ստանան: Թանգարանի տնօրեն Կլիմենտ Ռստակյանը, ով աղետի ականատեսն է եղել ու հարազատների է կորցրել, խոստովանում է, որ մինչեւ օրս էլ ծանր ապրումներ է ունենում այս ցուցանմուշները տեսնելիս: 1988 թվականին նա Սպիտակի թիվ 3 դպրոցի տնօրենն էր:

- Ես այդ ժամանակ հիվանդանոցում էի, գործով էի գնացել,- հուզված հիշում է Կլիմենտ Ռստակյանը,-հետ գալուց մտածեցի` տուն մտնեմ մեկ րոպեով, նոր գնամ դպրոց: Չհասցրեցի տուն մտնել, բանալին հենց մտցրեցի դռան մեջ, երկրաշարժը սկսվեց: Վազեցի դպրոց, 2 հարկանի շենքից ընդամենը մեկուկես մետր էր մնացել: Մոտ 300 երեխա եւ ուսուցիչ հանեցինք փլատակներից, փրկեցինք, բայց 150 երեխա ու 13 ուսուցիչ զոհվեցին: Ամենացավոտ հիշողություններիցս է. մենք ունեինք 6 տարեկան երեխաների առաջին դասարան` 32 հոգի: Երբ առաջին րոպեներին հասա քանդված դպրոցի մոտ,  լսվում էր այդ երեխաների ձայնը` Ռստակյան պապի՛:  Թե ինչու՞ չէին այդ պահին ասում` ընկեր Ռստակյան, չգիտեմ: Ռստակյան պապի՛, օգնի՛ր: Բայց մենակ չէի կարողանում, հետս այդ պահին ոչ ոք չկար: Հետո հավաքվեցին մարդիկ, բայց դրանից 1520 րոպե անց բոլոր 32 երեխաները խեղդվեցին: Ու հավատացեք, երբ ուրիշ տեղ երկրաշարժ է լինում, ես ապրում եմ այդ ամբողջ սարսափը, արտասվում եմ, ինձ դնում եմ նրանց տեղը, ճապոնիայի երկրաշարժը նույնպես շատ "ծանր նստեց" ինձ վրա:  

Երկրաշարժի թանգարանում այցելուներ այդքան էլ շատ չեն լինում: Հիմնականում գալիս են դպրոցականներ, ովքեր հենց ցուցասրահում բաց դաս են անցկացնում, օտարերկրացիներ, Սպիտակ եկած հայտնի հայ գործիչներ: Բոլորը հեռանում են հուզված. այս լուսանկարներն ու պաստառները ոչ ոքի անտարբեր չեն թողնում: Իրենց ապրումների ու տպավորությունների մասին թանգարանի այցելուների մատյանում շատ հայտնի մարդիկ են նշումներ արել:

Սպիտակի թանգարանի երկրաշարժի բաժինն, իհարկե, այնպիսին չէ, ինչպիսին որ պիտի լիներ երկրաշարժի իսկական թանգարանը: 1988-ի աղետից հետո Գյումրիում երկրաշարժի թանգարան ստեղծելու պլան մշակվեց: 2005 թվականին Շիրակի զարգացման աջակցության հիմնադրամը շենքի նախագծի մրցույթ հայտարարեց: Հաղթեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանի նախագիծը: Ըստ դրա` Գյումրիի Երկրաշարժի թանգարանը ոչ միայն ցուցանմուշների ցուցադրություն էր կազմակերպելու, այլեւ իրականացնելու էր ուսուցում, արտագնա էքսկուրսիաներ, աղետների հետազոտություն, ունենալու էր լաբորատորիաներ, ցուցանմուշների պատրաստման արհեստանոց, երկրաշարժագիտությանը, պատմությանը, սեյսմիկ շինարարությանն ու այլ հարցերին նվիրված բաժիններ:  Սկզբում կառուցման գումարը 2.6 միլիոն դոլար էր, հետո այն մեծացավմեծացավ ու դարձավ 4.5 մլն: Գյումրիում երկրաշարժի թանգարանի համար 8 հեկտար հող տրամադրեցին, սկսեցին հիմքը փորել:

Սակայն ֆինանսական սղության պատճառով գործընթացը կանգ առավ:  ՍՊԱԾ աշխատակից Արմինե Կիրակոսյանի ջանքերով նախագիծը նույնիսկ մտել էր երկրաշարժերի թանգարանների համաշխարհային ցանց:  Սակայն նրա մահվանից հետո գործընթացն ավելի սառեց, ու մինչ օրս Գյումրիում երկրաշարժի թանգարան կառուցելու հարցը մնում է օդում կախված:

Անի Ստեփանյան


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`