Փլուզումներ անձրեւներից
Մայիսի 6-ին, ժամը 14.10-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 4-ից 5-ը տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզվել են Ծակքար գյուղի բնակիչներ` Գ. Գեւորգյանին պատկանող հացատան պատը, ծածկը եւ գոմի ծածկը` 45 քմ ընդհանուր մակերեսով, Վ. Հակոբյանին պատկանող` 25 քմ մակերեսով հացատունն ամբողջությամբ, Լ. Հակոբյանին պատկանող հացատան ծածկը` 20 քմ մակերեսով, եւ Ա.Հակոբյանին պատկանող անասնագոմի ծածկն ու միջնապատը` 50 քմ ընդհանուր մակերեսով:
Վնասի չափերը ճշտելու նպատակով կազմվել է հանձնաժողով:
Սողանք Սյունիքում
Մայիսի 6-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ հողի սողքի պատճառով փակվել է Կապան-Համլետավան ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ մոտ 60 խմ ծավալով հողային զանգվածն ամբողջությամբ փակել է նշյալ ճանապարհը, իսկ զուգահեռ` Երեւան-Մեղրի ավտոմայրուղու 320 կմ-ում երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Կապանի "Ճանշինի" աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:
Այրվել են մալուխներ
Մայիսի 6-ին, ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նալբանդյան փողոցի 28-րդ շենքին հարակից էլեկտրական ենթակայանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Դեպքի մասին տեղեկացվել է էլ.ցանցի հերթապահը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.43-ին, մարվել` ժամը 20.53-ին:
Թիվ 28 էլ.ենթակայանում այրվել են մալուխներ: