Քարաթափումները կանխելու համար
Մայիսի 4-ին, ժամը 09.27-ին "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի Փամբակ-Շահալի վազորդի 2644-րդ կմ-ում (Վանաձոր-Ալավերդի 10-րդ կմ-ում) հետագա քարաթափումները կանխելու համար պետք է իրականացվեն պայթեցման աշխատանքներ։
Ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ժամը 12.25-ին երթևեկությունը երկաթգծով դադարեցվել է։
Ժամը 13.30-ից մինչև 17.00-ն "Քարաբերդ" ՍՊԸ-ի կողմից կատարվել են թվով 3 պայթեցումներ, իսկ երկաթգծի վթարավերականգնողական խմբերը իրականացրել են մաքրման աշխատանքներ։
Ժամը 19.00-ին երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է։
Քարաթափման վտանգը լրիվ չվերանալու հետևանքով մայիսի 5-ին կշարունակվեն պայթեցման և մաքրման աշխատանքները։
Փլուզում
Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը տեղացած անձրևների հետևանքով Լոռու մարզի Ձորագետ-Ձորագյուղ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոճանապարհի` 70 մ երկարությամբ և 6,5 մ լայնությամբ փլուզում, իսկ ավտոճանապարհի 1,5 մ լայնությամբ հատվածը դարձել է ոչ երթևեկելի։
Ավտոճանապարհի մաքրման համար Լոռու ՃՇՇ-ի կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ։
Դեպքի մասին տեղյակ է պահվել Լոռու մարզպետարանը։
Ծառը գետում
Մայիսի 4-ին Տավուշի մարզային փրկարարական վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Աղստև գետը շրջված ծառը դուրս բերելու համար ժամը 11.30-ին դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 12.57-ին հրշեջ-փրկարարների և "Դիլիջանի ճանշին" ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ծառը դուրս է բերվել գետից։
Սողանք
Մայիսի 4-ին, ժամը 15.30-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքից տեղեկություն է ստացվել, որ տեղացած երկարատև անձրևներից "Երոի" և "Դարխախտ" կոչվող հանդամասերում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով քանդվել է համայնքին պատկանող ոռոգման արտաքին ցանցի 35-40 մ երկարությամբ երկաթբետոնյա խողովակաշարը, որով ջուր չի հոսում։
Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետերանում ստեղծվել է հանձնաժողով։
Ուժեղ կարկուտ
Մայիսի 4-ին Արմավիրի մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ուժեղ կարկուտ է տեղացել մարզի Բագարան, Ակնալիճ, Եղեգնուտ և Արագած գյուղերի տարածքում։
Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով։
Շունը գետում
Մայիսի 4-ին, ժամը 16.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում շուն է ընկել Գետառ գետը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները ժամը 17.10-ին շանը դուրս են բերել գետից։
Այրվել են վագոն-տնակներ
Մայիսի 5-ին, ժամը 00.01-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Աղյուսի փողոցի թիվ 122/011 վագոն-տնակում։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մարվել է ժամը 00.43-ին։
Այրվել են Ս. Ծատուրյանին պատկանող երկու վագոն-տնակներն իրենց գույքով` 45 քմ մակերեսով։