Վնասներ ուժեղ քամուց
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով պոկվել են Մեծ Պառնի գյուղի 7 բնակելի տնակի եւ 1 անասնագոմի թիթեղյա ծածկերը, շրջվել է մեկ էլեկտրասյուն։
Տան պատը փլուզվել է
Փետրվարի 23-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ս. Ավանեսյանին պատկանող տան պատը ինքնափլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները։
Տեղում պարզվել է, որ 1930 թ. կառուցված տունը գտնվում է բնակվելու համար անթույլատրելի` վթարային վիճակում. չունի բետոնե հիմք, ծածկը փայտից է` 60 քմ ընդհանուր մակերեսով, երկարամյա շահագործումից ու խոնավությունից պատերը քայքայվել են, հիմքերը նստվածք են տվել, ինչի հետեւանքով տան ճակատային պատը մասնակի փլուզվել է։
Բարեբախտաբար` տուժածներ չկան։
Դժբախտ պատահար շինհրապարակում
Փետրվարի 23-ին, ժամը 17.24-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է, ընկել շինարարներից մեկի վրա, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները մեխանիկական ամբարձիչի օգնությամբ բարձրացրել եւ կռունկի պոկված սլաքի տակից դուրս են բերել 1993 թ. ծնված Արման Գասպարյանի դին։
Հրդեհ չորանոցում
Փետրվարի 23-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.03-ին հրդեհ է բռնկվել Սեւքար գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.30-ին, մարվել` 23.50-ին։
Այրվել է Թ. Ղալումյանին պատկանող` 33 քմ մակերեսով փայտի չորանոցը եւ 15 խմ փայտ։