Փլուզում
Հունվարի 5-ին Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ ինքնափլուզվել է նույն գյուղի բնակիչ Սեդա Մաթեւոսյանին պատկանող առանձնատունը։
Դեպքի վայր են մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները։
Տեղում պարզվել է, որ առանձնատունը բնակեցված չի եւ ունեցել է 5-րդ աստիճանի վթարայնության կարգ։ Տուժածներ չկան։
Հոսանքահարում
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հոսանքահարվել եւ զոհվել է նույն գյուղի բնակչուհի, 1955 թ. ծնված Սուսաննա Դավթյանը։
Դեպքի վայրում փրկարարները բարձր լարման հաղորդալարերի տակ (որոնք գետնից բարձր են եղել մոտ 1,5 մետր) հայտնաբերել են Ս. Դավթյանի դին եւ սատկած մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Հոսանքազրկումից հետո փրկարարների ուժերով դիակը տեղափոխվել է շտապօգնության ավտոմեքենա։
Ավտոպատահար
Հունվարի 5-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարների օգնությունը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են "Մոսկվիչ 412" մակնիշի 06 ԼՍ 921 եւ "ՎԱԶ-21099" մակնիշի 26 ՕԼ 449 պետհամարանիշների ավտոմեքենաները։
Պատահարի հետեւանքով "ՎԱԶ-21099" մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1972 թ. ծնված Արամ Մելքոնյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։ Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց։
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր։