Բախվել են մեքենաներ
Հունվարի 4-ին, ժամը 11.15-ին Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մերձակայքում տեղի է ունեցել ավտոպատահար։ Բախվել են "ՎԱԶ-2121" մակնիշի 67 ԼԼ 447 պետհամարանիշի ավտոմեքենան եւ "ԼԱԶ" մակնիշի 0018 Տ պետհամարանիշի Վեդի-Մարտունի երթուղային ավտոբուսը։ Պատահարի հետեւանքով "ՎԱԶ-2121" մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 45-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ, 1957 թ. ծնված Նադեժդա Ավագյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, նույն հասցեի բնակիչ, 1958 թ. ծնված Աշոտ Խաչատրյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Սեւանի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոն։
Նույն օրը երեկոյան Ա. Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Մեքենան շրջվել է
Հունվարի 4-ին Վայոց ձորի մարզային ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար։
Դեռեւս չպարզված հանգամանքներում "ՈՒԱԶ-469" մակնիշի 56 ՕՕ 140 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել։ Պատահարի հետեւանքով ուղեւոր, Վայքի բնակչուհի, 3-ամյա Լիլիթ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ վարորդ, Վայքի բնակիչ` 1977 թ. ծնված Արտավազդ Ավետիսյանը եւ ուղեւորներ` Վայքի բնակիչներ 1951 թ. ծնված Տիգրան Ավետիսյանը, 1955 թ. ծնված Վարդուշ Գրիգորյանը, 1982 թ. ծնված Լուսինե Ավագյանը եւ Ազատեկ գյուղի բնակիչ, 8-ամյա Վահե Պողոսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վայքի հիվանդանոց, այնուհետեւ` Լ. Ավագյանը տեղափոխվել է Երեւանի "Էրեբունի" բժշկական կենտրոն։
Նույն օրը երեկոյան Լ. Ավագյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Գրիգորյանը եւ Տ. Ավետիսյանը դուրս են գրվել հիվանդանոցից։
Ըստ բժիշկների` Վ. Պողոսյանի վիճակը գնահատվում է բավարար։
Ընկել է դիտահորը
Հունվարի 5-ին, ժամը 04.30-ին ստացված ահազանգի համաձայն` Արարատ քաղաքի հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող դիտահորի մեջ կին է ընկել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Արարատ քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնված Մարգուշ Մարգարյանին եւ տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց։
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։