Ալկոհոլային թունավորում
Հունվարի 3-ին, ժամը 09.20-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ալկոհոլային թունավորումով Ապարանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վարդենիս գյուղի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինե Սաֆարյանը։
Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել։
Դիակ թերակղզում
Հունվարի 3-ին, Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.10-ին Սեւանա լճի ափամերձ տարածքում` սերֆինգի դպրոցի մոտ (Ախթամար թերակղզում) հայտնաբերվել է դիակ։
Ժամը 09։20-ին փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնվել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Արթուր Վերդյանի դին։
Մեքենաները ձյան տակ
Հունվարի 3-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում ձնաբքի հետեւանքով ճանապարհին ավտոմեքենաներ են մնացել։
"Ճանշին" ՓԲԸ-ի ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել ՊՆ զինվորական անձնակազմ տեղափոխող ավտոմեքենան։
Վայոց ձորի մարզում փրկարարների ուժերով ճանապարհի անանցանելի հատվածից դուրս է բերվել "Գարիկ տրանս" ՍՊԸ-ին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենան։
Ուժեղ քամի
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Սառնաղբյուր գյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է 5 տան տանիք։
***
Նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Մարտունու քաղաքապետարանի, մանկապարտեզի, մշակույթի պալատի, կենտրոնական հիվանդանոցի, 3 կազմակերպությունների, 4 բնակելի շենքերի, 18 առանձնատների տանիքներ` 3045 քմ ընդհանուր մակերեսով եւ 50 էլեկտրասյուն։
Գավառ քաղաքում վնասվել է 75 քմ մակերեսով անասնագոմի տանիք, Վաղաշեն գյուղում` 14 տան տանիք` 775 քմ ընդհանուր մակերեսով; Բացի այդ` քամին քշել-տարել է 2 տոննա խոտ։
***
Հունվարի 2-ին Սյունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Կապանի թիվ 13 դպրոցի տանիքը` 108 քմ մակերեսով։
***
Հունվարի 2-3-ը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 125 տան, Երեւանյան փողոցի թիվ 13 եւ 24 շենքերի, Սայաթ-Նովա փողոցի թիվ 39 շենքի տանիքները` 287 քմ ընդհանուր մակերեսով։
Հայտնաբերվել է անօգնական վիճակում
Հունվարի 3-ին, Ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 18 շենքի 13-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է ոտքի կոտրվածք ստացած եւ անօգնական վիճակում գտնվող, 1925 թ. ծնված Բավական Անտոնյանը։
Փրկարարները նրան ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ հանձնել "1-03" ծառայության աշխատակիցներին։