Գազերի վտանգավոր քանակություն օդում
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցի, 1-ին փակուղու թիվ 8 տանը հարակից տարածքով անցնող կոյուղու դիտահորից սուր հոտով գազեր են դուրս գալիս եւ լցվում մոտակա տները։
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱՆ հիգենիկ հակահամաճարակային տեսչության, Բնապահպանության նախարարության եւ "Ջրմուղ-կոյուղի" ՓԲԸ-ի պատասխանատուները։
Դեպքի վայր են մեկնել ՀՓԾ համապատասխան մասնագետները։
Տեղում իրականացվել է օդում թունավոր օրգանական եւ անօրգանական գազերի առկայության, ինչպես նաեւ թթվածնի տոկոսային պարունակության ստուգում։
Մի շարք տների ջրահեռացման հանգույցներում եւ բակերում գտնվող դիտահորերում հայտնաբերվել է շմոլ գազի եւ ցնդող օրգանական միացությունների վտանգավոր քանակություն։
Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ` անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Հրդեհ Աբովյանում
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.55-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյանի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքին հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել` ժամը 21.50-ին։
Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ` 27 քմ մակերեսով։ Տնակում հայտնաբերվել է տանտիրոջ, 1939թ. ծնված Ն. Հովհաննիսյանի դին եւ հանձնվել է 1-03 ծառայության աշխատակիցներին։
Ճանապարհատրանսպորտային պատահար
Նոյեմբերի 25-ին, փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատի խումբը, կենցաղային կանչի վայր մեկնելիս, Երեւանյան լճին հարակից հատվածում` Բագրատունյաց պողոտայում, հանդիպել է ճանապարհատրանսպորտային պատահարի։
Իրար են բախվել "Օպել" մակնիշի 20 ԼԼ 066 եւ "Սոֆիա" տաքսի ծառայությանը պատկանող "ՎԱԶ-2109" մակնիշի Տ 6267 պետհամարանիշների ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել` 1959 թ. ծնված Մ. Նստոյանը, 1974 թ. ծնված Ս. Ջեյրանյանը եւ 1982 թ. ծնված Վ. Սարգսյանը։
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել "ՎԱԶ-2109" մակնիշի ավտոմեքենայից եւ 1-03 ծառայության կողմից տեղափոխվել "Արմենիա" եւ "Էրեբունի" բժշկական կենտրոններ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության։
Երեխային վտանգ էր սպառնում
Նոյեմբերի 25-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ 1974 թ. ծնված Լ.Դավթյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իր 7 տարեկան երեխայի հետ փակվել է բնակարանում, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02 եւ 1-03 ծառայությունների հերթապահները։
Ահազանգի հետքերով Երեւանի Սվաճյան փողոց է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։
Ժամը 03.25-ին ոստիկանների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը։
Լ.Դավթյանը հանձնվել է հոգեբույժների խնամքին։ Տուժածներ չկան։
Հրդեհ Մեղրիում
Նոյեմբերի 25-ին, ժամը 01.10-ին Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեղրիի Զորավար Անդրանիկի 36/19 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։
Գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում։