Խոշոր ավտոպատահար
Օգոստոսի 28-ին, Ժամը 10.10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակ - Երեւան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Երեւանի ուղղությամբ ընթացող "Միթսուբիշի" մակնիշի 06 ՍՍ 804 պ/հ միկրոավտոբուսը (վարորդ` Արսեն Ասրյան) բախվել է ճամփեզրին կայանված "ՊԱԶ" մակնիշի ԱՄ 0906 Լ պ/հ ավտոբուսին, որի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել միկրոավտոբուսի վարորդն ու 11 ուղեւորները։
Փրկարարների ուժերով տուժածները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության բրիգադներով նրանց տեղափոխել են Երեւանի "Արմենիա" եւ "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոններ։
Ժամը 17.00-ի սահմաններում "Արմենիա" բժշկական կենտրոնում գտնվող 1969 թ. ծնված Մարիամ Գուլոյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր եւ միջին ծանրության։
Այրվել է խոտի դեզ
Օգոստոսի 28-ին, ժամը 12.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, քիչ անց օգնության է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել` 13.50-ին։
Ն. Արմենակյանին պատկանող տան բակում այրվել է 5 տոննա ծավալով խոտի դեզ։