Հրդեհ մայրաքաղաքում
Օգոստոսի 13-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանում` հեռուստաաշտարակին հարակից խոտածածկ տարածքում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.29-ին, մարվել` 14.33-ին։
Այրվել է 1 հա մակերեսով չոր խոտ։
Ահազանգ Պառավաքարից
Օգոստոսի 13-ին, ժամը 18.15-ին Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչներից ստացված ահազանգի համաձայն` գյուղի ջրամբարի ափին հայտնաբերվել է տղամարդու հագուստ եւ կա ենթադրություն, որ ջրամբարում մարդ է խեղդվել։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատի ջրասուզակը եւ մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20.00-ին փրկարարները ջրամբարից դուրս են բերել Պառավաքար գյուղի բնակիչ, 1927 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանի դին եւ հանձնել իրավապահ մարմիններին։
Սողանք Տավուշի մարզում
Օգոստոսի 13-ին Տավուշի մարզից հայտնել են, որ ժամը 18.00-ին Վաղանիսի գյուղից ստացված տեղեկության համաձայն` Ոսկեպատ-Վաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում սողանք է սկսվել (9 մետր լայնությամբ, 30 մետր երկարությամբ ու 50 մետր խորությամբ)։
Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, “Նոյեմբերյանի ՃՇՇ” ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Վ. Մամյանը եւ Տավուշի մարզպետարանի տրանսպորտի վարչության պետ Ա. Սարգսյանը։
Դեպքի վայրում պարզվել է, որ սողանքը շարունակվում է։ Սողանքային գոտում գտնվում է Վաղանիս գյուղի մեկ բնակելի տուն, իսկ ավտոճանապարհի ստորին հատվածով հոսում է Վաղանիս գետը, որի հունը կփակվի, եթե սողանքը լցվի գետը։
Տան բնակիչները տարահանվել են, ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Նոյեմբերյանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից։