1935 թ. մայիսի 18-ին, Մոսկվայի երկնքում՝ հազարավոր մարդկանց աչքի առաջ տեղի է ունենում մի սարսափելի ավիավթար։ Ի-15 կործանիչը, որն ուղեկցում էր ութ շարժիչ ունեցող "Մաքսիմ Գորկի" անվամբ AHT-20 հսկա ինքնաթիռին, երկնքում բարդ հնարք կատարելիս բախվում է օդանավի թեւին, որից հետո երկուսն էլ ընկնում են գետնին։ Աղետի հետեւանքով զոհվում է հիսուն մարդ՝ "Մաքսիմ Գորկու" ուղեւորները, անձնակազմը եւ կործանիչի օդաչուն։
Համամիութենական հանգանակություն
"Մաքսիմ Գորկի" օդանավի ստեղծման գաղափարը պատկանում էր երիտասարդ, բայց արդեն հայտնի լրագրող Միխայիլ Կոլցովին, որը նաեւ Ստալինի սիրելին էր։
1932 թ. սեպտեմբերին Խորհրդային Միությունում հանդիսավոր կերպով նշում էին "պրոլետարական մեծ գրող" Մաքսիմ Գորկու ստեղծագործական գործունեության 40-ամյա հոբելյանը։ Կոլցովն առաջարկում է, որպես մեծ գրողին նվեր, ողջ երկրում դրամական հանգանակություն սկսել եւ այդ միջոցներով կառուցել աշխարհում ամենամեծ ինքնաթիռը, որը կկոչվի Գորկու անունով։ Այն պետք է դառնար ինքնաթիռների մեծ էսկադրիլիայի առաջատարը, որոնց հիմնական առաքելությունը լինելու էր բոլշեւիկյան գաղափարների քարոզչությունը։
"Այս հսկա քարոզչական մեքենայի կառուցումը պետք է հիմք ծառայի մեր քարոզչական եւ զանգվածային քաղաքական աշխատանքի նորացման ու մեթոդների վերանայման համար, ինչը նաեւ կդառնա բարձր տեխնոլոգիաների կիրառման նոր աստիճան, որի առաջ հիմա կանգնած է մեր երկիրը։ Խորհրդային բոլոր ինժեներները, նախագծողները, գյուտարարներ, քաղաքական աշխատողներն ու գրողները պետք է այս գործի մեջ ներդնեն ոչ միայն իրենց նյութական միջոցները, այլեւ իրենց միտքը, գաղափարները, փորձն ու գիտելիքները", - գրում էր Կոլցովը "Օգոնյոկ" ամսագրում։ Հանգանակության վերաբերյալ Կոլցովի կոչը տպարանները բազմացնում ու տարածում էին միլիոնավոր օրինակներով։
ԽՍՀՄ-ում ավիացիան մեծ հարգանք էր վայելում, իսկ Մ. Գորկին ժողովրդի կողմից սիրված գրող էր, այնպես որ մեկ տարվա ընթացքում հաջողվում է շուրջ վեց միլիոն ռուբլի գումար հավաքել։
Երկնային քարոզչամեքենան
Կոմունիստական գաղափարները տարածելու համար ինքնաթիռում տեղադրված էր 16 համար սպասարկող ավտոմատ հեռախոսակայան, որը կապ էր հաստատում օդանավի տարբեր հատվածների հետ։ Այնտեղ կար նաեւ անձնակազմի ու ներսում եղած քաղաշխատողների միջեւ գրություններ փոխանցելու համար նախատեսված օդամղիչ փոստային համակարգ, հզոր բարձրախոս, որը կոչվում էր "Ձայն երկնքից", տպարան, որը կարող էր մեկ ժամանոց թռիչքի ընթացքում 10 հազար թռուցիկ տպագրել, ֆիլմեր ցուցադրելու սարք եւ ֆոտոլաբորատորիա։
Իր հիմնական խնդրից բացի՝ "երկնային քարոզչամեքենան" կարող էր օգտագործվել նաեւ բեռներ եւ ուղեւորներ տեղափոխելու համար։ Դիտարկվում էր նաեւ այն որպես հզոր կործանիչ ինքնաթիռ զինելու գաղափարը, ինչի մասին, սակայն, թերթերը լռում էին։
Ինքնաթիռի կառուցման համար, որը բոլորին պետք է ցուցադրեր աշխարհում առաջին սոցիալիստական պետության նվաճումները, ստեղծվում է հանձնաժողով, որի նախագահը Մ. Կոլցովն էր։ Օդանավի նախագծումը հանձնարարվում է Ա. Ն. Տուպոլեւին, որը ԽՍՀՄ-ում ստեղծել էր առաջին հսկա, ամբողջապես մետաղից պատրաստված ինքնաթիռները, ինչպիսիք էին ТБ-1, ТБ-3 կործանիչները։
"Մաքսիմ Գորկին" նախագծվում էր որպես վեց շարժիչ ունեցող ТБ-4 կործանիչի առավել կատարելագործված տարբերակ, որը մեծ էր, սակայն ռազմական նպատակներով օգտագործելու համար չափազանց դանդաղաշարժ։
1934 թ. հունիսի 17-ին հայտնի փորձարկող-օդաչու Մ. Գրոմովն առաջին անգամ "Մաքսիմ Գորկին" բարձրացնում է երկինք։ 35 րոպե տեւած փորձնական թռիչքից հետո Գրոմովը հայտարարում է. "Հրաշք մեքենա է"։ Նույն տարում փորձարկումների ժամանակ ինքնաթիռը երկու ոչ պաշտոնական ռեկորդ է սահմանում՝ օդ բարձրացնելով սկզբում 10, իսկ հետո 15 տոննա բեռ։
Որպես ուղեւոր՝ "Մաքսիմ Գորկի" օդանավը նստելու առիթ է ունենում նաեւ հայտնի գրող Անտուան դե Սենտ Էքզյուպերին, որը Ֆրանսիայի ռազմական պատվիրակության կազմում 1935 թ. գարնանը ժամանել էր Մոսկվա։
Պատմում է ականատեսը
Դժբախտությունը տեղի է ունենում մայիսի արեւոտ, հանգստյան օրերից մեկին։ "Մ. Գորկի" օդանավի փորձարկումներն արդեն ավարտվել էին, եւ ղեկավարությունը որոշում է դրա պատրաստման աշխատանքների ժամանակ աչքի ընկած աշխատակիցների համար ինքնաթիռով փոքրիկ օդային զբոսանք կազմակերպել։ Ցանկացողները շատ էին, եւ ինքնաթիռի առջեւ երկար հերթ էր գոյացել։ Առաջին չվերթի համար օդանավ են վերցնում 38 ուղեւոր (գործարանի աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների), այդ թվում՝ 7 երեխա։ Օդանավի անձնակազմը բաղկացած էր 9 հոգուց։ Օդաչուներն էին փորձառու Ն. Ժուրովը եւ Ի. Միխեեւը։ "Մաքսիմ Գորկուն" օդում պետք է ուղեկցեին մեկ կործանիչ եւ մեկ հետախույզ ինքնաթիռներ։ Այս վերջինի մեջ գտնվող օպերատորը պետք է տեսախցիկով նկարահաներ հսկայի թռիչքը, իսկ կործանիչը պետք է կողքից թռչեր, որպեսզի "Մաքսիմ Գորկու" ահռելի չափերն ավելի ընդգծվեին։ Այն մասին, թե ինչ պատահեց հետո, պատմում է հետախույզ ինքնաթիռի օդաչու Վ. Ռիբուշկինը. "Ես առաջինն օդ բարձրացա, ինձանից հետո՝ կործանիչը, այնուհետեւ՝ "Մաքսիմ Գորկին"։
Ես տեղավորվեցի նրա ձախ կողմում, կործանիչը՝ աջ։ Երկրորդ պտույտը կատարելուց հետո "Մ. Գորկին" շրջվեց ձախ եւ ուղղություն վերցրեց դեպի օդանավակայան։ Ես մի փոքր վեր բարձրացա եւ ընթանում էի նրա ձախ թեւից մոտ 50 մետր բարձրության վրա։ Մեկ էլ տեսնեմ՝ Բլագինը (կործանիչի օդաչուն), անտեսելով արգելքի հրահանգը, կատարում է բարձրագույն պիլոտաժի ամենաբարդ հնարքներից մեկը։ Ես մի փոքր հետ քաշվեցի՝ մտածելով, որ հիմա նա կփորձի նույնը կատարել նաեւ ձախ կողմից, սակայն Բլագինն անսպասելիորեն ավելացրեց ինքնաթիռի արագությունը եւ մեկ այլ բարդ հնարք կատարեց։ Դա չափազանց վտանգավոր էր, քանի որ նրա իներցիան կարող էր իր հետեւից տանել նաեւ "Մ. Գորկի" ինքնաթիռը"։ Հնարքը չի ստացվում, կործանիչը կորցնում է արագությունը եւ բախվում հսկա ինքնաթիռի աջ թեւին։ Ամենայն հավանականությամբ՝ նա հարվածում է յուղի բաքին, քանի որ օդանավից սեւ ծխի մի մեծ ամպ է բարձրանում։ Հարվածը սարսափելի ուժ ուներ։ "Մաքսիմ Գորկին" թեքվում է աջ, իսկ կործանիչի կտորները դրա վրայից այս ու այն կողմ են թռչում։ Հսկա օդանավն իներցիայով թռչում է եւս 10-15 վայրկյան, այնուհետեւ թեքման անկյունն ավելի է մեծանում, նրա քիթն ուղղվում է ներքեւ եւ այն սկսում է ընկնել։ Արդեն ճանապարհին նա սկսում է կտոր-կտոր լինել ու շրջվում է մեջքի վրա"։
Պաշտոնական ու ոչ պաշտոնական վարկածներ
Նույն օրվա երեկոյան տեղի է ունենում արտակարգ խորհրդակցություն՝ կուսակցական վերնախավի եւ ինքնաթիռի կառուցման աշխատանքներին ներգրավված մասնագետների մասնակցությամբ, որը նախագահում էր անձամբ Իոսիֆ Ստալինը։ Ներկա չէր միայն Տուպոլեւը։ Նա գտնվում էր Միացյալ նահանգներում՝ գործուղման։ Խորհրդակցության ընթացքում պատրաստվում է ինքնաթիռի կործանման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը եւ քննարկվում զոհվածների հուղարկավորության խնդիրը։ Որոշվում է նրանց թաղել մոսկովյան ամենահայտնի՝ Նովոդեւիչյե գերեզմանատանը, իսկ զոհվածների ընտանիքներին 10 հազար ռուբլի հատուցում տալ եւ բարձր թոշակ նշանակել։
Խորհրդային մամուլն աղետի միակ մեղավոր էր համարում կործանիչի օդաչու Բլագինին, սակայն գոյություն ունեն նաեւ պատահարի այլ, ոչ պաշտոնական տարբերակներ։ Դրանցից մեկի համաձայն՝ Բլագինը "Մ. Գորկուն" կանխամտածված կերպով էր հարվածել։ Այս վարկածը կապված է Լեհաստանում 1935 թ. մայիսի 12-ին լույս տեսած ռուսական "Մեչ" թերթի հետ։ Այնտեղ հրատարակված նամակում, որն իբր Բլագինը գրել էր մահից մեկ օր առաջ, ասվում էր. "Եղբայրնե՛ր ու քույրե՛ր, վաղը ես իմ ինքնաթիռով հարվածելու եմ այդ ստահակ Մ. Գորկու անվան օդանավին։ Դա պատահաբար չի կատարվելու։ Ես կսպանեմ մեկ տասնյակից ավելի անբան-հանցագործների՝ կոմունիստների, որոնք իրենք իրենց հորջորջում են հարվածայիններ ու ելել են ձեր շալակը։ Այդ ինքնաթիռը, որը կառուցվել է ստիպողաբար, ձեր փողերով, նույնպես իջնելու է ձեր շալակին։ Պետք չէ համբերել, քույրե՛ր ու եղբայրնե՛ր, ամեն բան սահման ունի։ Մահից առաջ ես օրենքից դուրս եմ հայտարարում բոլոր կոմունիստներին ու նրանց կողմնակիցներին։ Ես կմեռնեմ, սակայն դուք միշտ կհիշեք Նիկոլայ Բլագինին, որը վրեժ լուծեց ու մեռավ ռուս ժողովրդի համար"։
Այն հանգամանքը, որ Բլագինի այրին եւ դուստրը հետապնդումների չեն ենթարկվում, ինչը բնորոշ էր ստալինյան դարաշրջանի համար, իսկ օդաչուին թաղում են կոմունիստական կուսակցության խոշոր գործիչների կողքին, ստիպում է մտածել, որ Բլագինն ընդամենը կատարել է իրեն տրված հրամանը. այն է՝ "մահվան օղակներ" կատարել "Մաքսիմ Գորկի" ինքնաթիռի կողքին։
Տեսականորեն Բլագինը կարող էր հակակրանք ունենալ կոմունիստական իշխանության նկատմամբ, քանի որ սերում էր ազնվական ընտանիքից, իսկ նրա հայրը ցարական բանակի գնդապետ էր եղել։ Սակայն փաստերը հակառակն են պնդում։ 1918 թ. նա կամավոր զինվորագրվել է Կարմիր բանակ եւ դարձել կոմունիստական կուսակցության անդամ։
Վերջերս ՌԴ նախագահի արխիվից գաղտնազերծված որոշ նյութեր օգնեցին լույս սփռել "Մ. Գորկի" օդանավի հետ պատահած աղետի վրա։ Ահա, թե ինչ է ասվում 1935 թ. հունիսի 14-ին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ղեկավար Գ. Յագոդայի՝ Ստալինին ուղղված նամակում. "Օդանավի հետ տեղի ունեցած աղետին նախորդող իրադարձությունների հետաքննությունից պարզվել է, որ թռիչքից 1-2 ժամ առաջ օդաչուները եւ Մոսկվայի ռազմաուսումնական ֆիլմերի կինոֆաբրիկայի աշխատակիցները միասին քննարկել են ինքնաթիռների թռիչքուղին եւ նկարահանման ընթացքը։ Բլագինը հայտարարում է, որ ավելի գեղեցիկ տեսարաններ ստանալու համար ինքը կարող է "Մաքսիմ Գորկու" կողքին իր կործանիչով բարձրագույն պիլոտաժի մի քանի հնարք ցուցադրել։ Ժուրովն առարկում է, քանի որ դա կարող էր վտանգավոր լինել։ Հետագայում, արդեն Ժուրովի հեռանալուց հետո կինոֆաբրիկայի աշխատակիցներ Ռյաժսկին եւ Պուլինը պայմանավորվում են Բլագինի հետ՝ երկնքում մի քանի ֆիգուր ցուցադրել։ Կինոֆաբրիկայի վերոնշյալ աշխատակիցները մեր կողմից ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ առանց համապատասխան թույլտվության օդաչուի հետ պայմանավորվելու համար, ինչը եւ դարձել է "Մաքսիմ Գորկի" օդանավի կործանման պատճառ"։