Հրդեհ Ձմեռային պալատում
1838 թվականը Պետերբուրգի բնակիչները դիմավորում էին խոր տխրության մեջ։ Նրանք չկարողացան ըստ ավանդույթի նոր տարին դիմավորել Ձմեռային պալատում, որտեղ ցարին շնորհավորելու նպատակով սովորաբար հավաքվում էր մինչեւ քսան հազար հյուր։ Այս անգամ հավաքվելու տեղ չկար՝ հյուսիսային մայրաքաղաքի հոյակերտ շինությունն այլեւս գոյություն չուներ։
Օտարերկրացիներին Ձմեռային պալատը հիացնում էր որպես արվեստի հրաշալի հուշարձան, իսկ ռուսների համար այն ուղղակի հայրենիքի մարմնավորում էր։ Պատմական առումով Պետերբուրգի բնակիչների համար այն ուներ նույն նշանակությունը, ինչ Կրեմլը Մոսկվայի։ Դեռ մի քանի օր առաջ շենքը փայլում էր իր շքեղությամբ, այստեղ եռում էր կյանքը, իսկ այժմ անհամար դահլիճները դատարկ էին եւ մութ։
1837 թվականի դեկտեմբերի 17-ին պալատի դահլիճներում սկսել էին հավաքվել ռեկրուտներ եւ գվարդիայի ցածր աստիճանավորներ։ Մեծ իշխան Միխայիլ Պավլովիչը պատրաստվում էր ստուգատես անցկացնել հենց պալատում։ Սակայն հավաքվածների ուշադրությունը գրավեց ֆելդմարշալյան դահլիճից եկող ծխի հոտը։
Երեկոյան ժամը յոթի սահմաններում հերթապահի սենյակի վառարանի հետեւից երեւացին ծխի առաջին քուլաները։ Ձմեռային պալատում բռնկված հրդեհի մասին զեկուցեցին այդ պահին թագավորական տան մյուս անդամների հետ թատրոնում գտնվող կայսրին։ Վերջինս անմիջապես ուղեւորվեց հրդեհի վայր։ Կայսեր հրամանով պալատ ժամանեց Պրեոբրաժենսկու գունդը։ Հաշված րոպեներում անվտանգ վայր տեղափոխվեցին ֆելդմարշալյան դահլիճը զարդարող գվարդիական դրոշները եւ նկարները։ Պալատական եկեղեցուց հաջողվեց հանել դրա հարուստ սպասքը, հրաշալի խորանը, թանկարժեք սրբապատկերները։
Թագավորական ընտանիքի շքեղ ունեցվածքը` կահույք, ոսկե եւ արծաթե սպասք, մարմարե արձաններ, ճենապակյա ծաղկամաններ, կտավներ, գորգեր, արտասովոր կերպով խառնվեց սպասավորների, խոհարարների, ծխնելույզներ մաքրողների ավելի քան համեստ իրերի հետ։ Ձմեռային պալատում ապրում էր մոտ երեք հազար մարդ։
Ինչպես պարզվեց հետագայում, կրակը բռնկվել էր պալատի նկուղային սենյակներից մեկում, այնտեղից հասել ֆելդմարշալյան դահլիճի բաց օդանցքին եւ բոցավառել փայտյա միջնապատերը, րոպեներ անց` նաեւ մոմած չոր հատակը։ Հրդեհը տարածվում էր անահավատալի արագությամբ, մեկը մյուսի հետեւից փլվում էին պալատի շքեղ դահլիճները։ Դեպի էրմիտաժ կրակի ճանապարհը փակելու համար կայսրը հրամայեց քանդել Էրմիտաժը պալատի հետ միացնող պատշգամբասրահների տանիքը։ Զինվորներն անմիջապես սկսեցին լինգերով եւ կացիններով պոկել ձնածածկ, սառցակալած տանիքի երկաթները։ Ու թեեւ ուժեղ քամին կրակը տանում էր հենց Էրմիտաժի ուղղությամբ, հրդեհն այնուամենայնիվ չհասավ պատկերասրահին։ Դրա փոխարեն կրակի ամենակուլ բոցերը տարածվեցին պալատի բոլոր մասնաշենքերով եւ հարկերով։
Ականատեսների վկայությամբ տեսարանը ուղղակի սարսափելի էր, կարծես Պետերբուրգի կենտրոնում հրաբուխ էր ժայթքում։ Ամենուրեք սեւ ծխի քուլաներ էին, շնչահեղձ եղած մարդիկ չէին տեսնում` թե ուր կարելի է փախչել։
Պալատում իշխող բոցերը չհանդարտվեցին եւս երկու օր։
Այն պահին, երբ հրդեհն ամբողջ հզորությամբ մոլեգնում էր, հյուսիսային մայրաքաղաքի մեկ այլ վայրում տեղի ունեցավ համանման պատահար։ Գալերնայա ավանում, որը հիմնականում բնակեցված էր աղքատներով, բռնկվեց ոչ պակաս ուժեղ հրդեհ։ Նիկոլայ Առաջինը հրամայեց այնտեղ ուղարկել հրշեջ խմբերի մի մասին։
Երկար ժամանակ պաշտոնական տվյալներով հավաստվում էր, թե իբր հրդեհի ժամանակ զոհեր չեն եղել։ Սակայն ավելի ուշ հրդեհաշիջման մասնակիցներից մեկը խոստովանել էր, որ միայն զինվորներից հրդեհի զոհ էր դարձել 30 մարդ։
Հրդեհից հետո իրականացվեցին մի շարք միջոցառումներ` պալատը նման աղետներից պաշտպանելու համար։ Ամենուրեք փայտը փոխարինեցին երկաթով եւ քարով։
Ոչնչով չապահովագրված
1967 թվականին Բրյուսելի կենտրոնում՝ Նեւ փողոցի վրա գտնվում էր “Ինովասյոն” խոշոր հանրախանութը։ Սովորական մայիսյան օր էր, ցերեկվա ժամը երկուսը, երբ խանութը, որպես կանոն, լեփ-լեցուն է հաճախորդներով։ Միայն սպասարկող անձնակազմը բաղկացած էր 1200 մարդուց։ Մայիսի 22-ին, հենց օրվա եռուզեռի պահին, հանրախանութում բռնկվեց մի հրդեհ, ինչպիսին բարեկեցիկ Բելգիան վաղուց չէր տեսել։
Ինչպես պարզվեց հետագայում, կրակը բռնկվեց շենքի չորրորդ հարկում` սպորտային ապրանքների բաժնում։ Բութանային բալոնի պայթյունից բռնկվեցին վրաններն ու տուրիստական հանդերձանքի այլ պարագաներ։ Կրակի բոցերը կայծակնային արագությամբ տարածվեցին մյուս հարկերով եւ արդեն մի քանի րոպե անց բազմահարկ հանրախանութը վերածվեց բոցավառվող խարույկի։ Պարզվեց, որ “Ինովասյոնի” ազդանշանային եւ ավտոմատ հրդեհաշիջման համակարգերն անսարք են, եւ ինչպես հետագայում պնդում էին խանութի աշխատողները, տագնապի ազդանշան այդպես էլ չի հնչել։
Վաճառողուհիներից մեկը, նկատելով վերեւի հարկերից իջնող սեւ ծուխը, փորձեց գտնել անվտանգության ծառայության պետին։ Սակայն ծառայության աշխատակիցներից ոչ մեկին չգտնելով` նա տեսածի մասին պատմեց հարկերից մեկում հանդիպած հրշեջին։ Գալով դեպքի վայր` հրշեջը փորձեց կրակը հանգցնել կրակմարիչով, բայց ապարդյուն։ Դրանից հետո բռնկված հրդեհի մասին հայտնեցին քաղաքային հրշեջ պաշտպանություն։
Միեւնույն ժամանակ հանրախանութում չտեսնված խուճապ բարձրացավ։ Վախից եւ սարսափից խելագարված մարդիկ փախչում էին տարբեր ուղղություններով։ Հայտնվելով մթության մեջ` նրանք բախվում էին վաճառասեղաններին, մեկը մյուսի ոտքերի տակ ընկնում, ինչից խուճապն ու իրարանցումն էլ ավելի էին ուժեղանում։ Շատերը, փորձելով փրկվել կրակի դաժան բոցերից, հանրախանութի պատուհաններից իրենց ցած էին նետում։ Մոլեգնող հրդեհի պատճառով անջատվել էր էլեկտրականությունը, կանգ էին առել բոլոր ուղեւորատար վերելակները։ Այնտեղ գտնվող մարդիկ ողջակիզվեցին։ Կրակի զոհ դարձավ 322 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ կանայք եւ երեխաներ, հարյուրավոր տուժածներ տեղափոխվեցին հիվանդանոց։
Նեւ փողոցը ծածկված էր ապակու բեկորներով, երկաթի կտորներով, շենքի ճակատամասում երեւում էին ջարդված դատարկ ցուցափեղկերը։ Մերձակա թաղամասերի բնակիչներն արագորեն տարահանվեցին անվտանգ վայր, քանի որ քամուց հետզհետե տարածվող կրակը կարող էր սպառնալ նաեւ հարեւան շենքերին եւ անգամ փողոցներին։ Կրիտիկական պահը վրա հասավ ժամը չորսին, երբ կրակն իր գիրկը առավ նաեւ Դամյե փողոցը եւ հրեղեն փոթորկով հարձակվեց այնտեղի շենքերի վրա։
Շուտով կրակը հասավ Կանոն փողոցի տեքստիլի պահեստին։ Ջերմաստիճանն այնքան էր բարձրացել, որ նույնիսկ բռնկվեց հրշեջներից մեկի սաղավարտը։ Դա դեռ ոչինչ, իսկ ահա մոտակա “Պրիբա” խանութի վեցերորդ հարկում տապից հալչեցին հակահրդեհային զրահապատ դռները, որոնք պետք է դիմանային +1050 աստիճան տաքության։
Բրյուսելի բոլոր հրշեջները Նեւ փողոցում էին։ Չնայած ձեռնարկվող բոլոր միջոցառումներին` հրդեհը շարունակում էր մոլեգնել նույն ուժգնությամբ։ Շուտով փլվեցին “Ինովասյոնի” գմբեթն ու տանիքը։ Քաղաքի փողոցները լցվեցին հետաքրքրասերներով. այսքան սարսափելի եւ կործանիչ հրդեհ Բրյուսելում երբեք չէին տեսել։
Արդեն բոցավառվում էր մետաքսյա գործվածքների ֆաբրիկան, սպառնալիքի տակ էր հայտնվել մերձակայքում գտնվող հեռախոսակայանը։ Հրշեջները ջարդում էին այրվող տների դռները` ներսից կրակի դեմն առնելու համար, սակայն ուժեղ քամին շարունակում էր տարածել բոցերը։ Ֆաբրիկայից հետո կրակն “այցելեց” մոտակա մանկապարտեզն ու դպրոցը։ Հրշեջ սանդուղքների վրա տեղադրված ջրացայտերը հրանոթների պես պաշարում էին այրվող շենքերը։ Բայց հրդեհը ոչ միայն չէր հանդարտվում, այլեւ ընդհակառակը` էլ ավելի էր տարածվում։ Քաղաքի իշխանություններն ստիպված էին լրացուցիչ ուժեր կանչել հարեւան Լիեժից։ Ի վերջո, համատեղ ջանքերով հրշեջներին հաջողվեց կասեցնել կրակի հետագա առաջխաղացումը։ Սակայն “Ինովասյոնն” արդեն ամբողջությամբ այրվել էր, մեծ վնաս էր հասցվել “Պրիբա” խանութին եւ այլ խոշոր շինությունների։
Մի քանի օր անց ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է պարզեր, թե ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով, ամուր եւ հուսալի կառուցված “Ինովասյոնը” ի վիճակի չեղավ դիմակայելու հրե տարերքին։ Թերթերից մեկը որպես օրինակ էր բերել միջնադարի տարերային աղետները, երբ կրակի պատճառով ամբողջովին անհետանում էին փայտից կառուցված քաղաքներ եւ բնակավայրեր։ Սակայն, ինչպես պարզվեց, ժամանակակից բաբելոնյան աշտարակներն էլ խոցելի են։ Հանրախանութի հենապատերը, չդիմանալով բարձր ջերմաստիճանին, փլուզվեցին խաղաթղթի տնակի պես։