1990 թ. Քուվեյթն օկուպացնելու օպերացիայի տապալումից հետո Հուսեյնը աշխարհից վրեժ լուժեց՝ առաջացնելով անհավանական թվացող էկոլոգիական աղետ։ Այդ օպերացիան նպատակ ուներ ողջ աշխարհին ցույց տալ Իրաքի ղեկավարի հզորությունը, նվաճել մուսուլ մանական երկրների հարգանքը։
Սակայն այդ գործողությունն ավարտվեց անհաջողությամբ, իսկ հետեւանքը եղավ տասնյակ հազարավոր իրաքցիների մահը։ Ամերիկյան ռմբակոծությունների արդյունքում երկիրը հիմնահատակ ավերվեց եւ առնվազն 10 տարով հետ ընկավ։ Դրան հաջորդող տարիներին երկիրը ստիպված էր տառապել տնտեսական շրջափակումից։
Իրաքյան զորքերի կողմից հարեւան Քուվեյթի օկուպացիան տեւեց 6 ամիս։ Պարտությունից հետո Սադամը վրեժ լուծեց։ Պատերազմի ավարտից հետո շուրջ մեկ տարի Իրաքի ու Քուվեյթի հորիզոններում արեւը չէր երեւում։ Այն կորել էր այրվող նավթահորերի սեւ ծխի ու գարշահոտության մեջ։
1990 թ. օգոստոսին, երբ Հուսեյնի բանակը ներխուժեց Քուվեյթ, ինժեներական ու սակրավորական գնդերի առաջ մի նպատակ կար՝ գրավել եւ ականապատել Բուրգանի, Վաֆրի, Սաբրիսի, Ում Հուդայրի, Ահմադիայի եւ այլ վայրերի նավթահորերը։ Չականապատված հորերը պայթեցվեցին իրաքցիների դիրքերից նետված արկերով։
Պայթյուններին հետեւեցին սարսափելի հրդեհները, որոնք ուժգնանում էին ստորգետնյա նավթամբարների ճնշումից։ Նավթը դուրս էր նետվում վիթխարի ուժով եւ ահռելի քանակությամբ։
Ամեն օր մթնոլորտը էր արտանետվում 500 հազար քիմիական վնասակար նյութ։ Այդ թիվը գերազանցում էր ամերիկյան բոլոր արդյունաբերական եւ էլեկտրաարտադրման գործարանների արտամղած վնասակար նյութերի քանակը միասին վերցրած։ Նավթային ծուխը պարունակում էր թունավոր բազմաթիվ նյութեր, այդ թվում՝ ծծմբի երկօքսիդ, շմոլ գազ եւ ածխաջրածին։
Ատոմային ձմեռվա սպառնալիքը
Գիտնականները մտավախություն ունեին, որ այդ ծուխը սարսափազդու աղետի պատճառ կարող է դառնալ։ Մոլորակին
սպառնում էր ատոմային ձմեռը։
Ծուխն արտամղվելով մթնոլորտ՝ կարող էթ փակել արեւի ճառագայթների ճանապարհը։ Եվ երկիրը կհայտնվեր մշտական ցրտի ճիրաններում։
Այրվող նավթահորերը սպառնում էին նաեւ անապատի փխրուն էկոհամակարգին։ Աղետից հետո անապատի ավելի քան 300 հազար քառակուսի մղոն տարածք հայտնվեց նավթի հաստ շերտի տակ։ Տեղ-տեղ նավթի լճեր էին գոյացել։
Ամեն օր միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում հեռուսացույցով հետեւում էին Պարսից ծոցի իրադարձություններին։ Էկրաններին հայտնվում էին դժոխային պատկերներ՝ կեսօրին կրակի հսկայական լեզուները ծածկում էին արեւը։ Դրանք ոռնում ու գալարվում էին առասպելական վիշապների նման, սեւ մուրը նստում էր անապատի ոսկե ավազի վրա, սեւ կպչուն անձրեւները լցվում էին Պարսից ծոցի ջրերը։ Ծխի ամպերի պատճառով օդի ջերմաստիճանն իջել էր 20 աստիճանով։
Մասնագետները կարծում էին, որ առնվազն երկու տարի կպահանջվի կրակի տարածման եւ նավթի արտահոսման դեմն առնելու համար, եւ, եթե նույնիսկ դա նրանց հաջողվի, մոլորակին հասցված վնասն արդեն անուղղելի կլինի։
Բարեբախտաբար աղետը հաջողվեց կանխել։ Աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Բելգիայից եւ այլ վայրերից ժամանած հրշեջների անասելի ջանքերի շնորհիվ կարողացան կրակը վերահսկողության տակ առնել, քանի դեռ էկոլոգիային հասցված վնասն անդառնալի չէր։
Սեւ բծերը
Սադամ Հուսեյնը Պարսից ծոցում էկոլոգիական աղետ առաջացրեց, ցանկացած, նույնիսկ ահաբեկչության ձեւով իր նպատակներին հասնելու պատրաստակամությունը ցուցադրելու համար։
Նավթի հազարավոր տոննաներ լցվելով ծովը՝ թունավորեցին բազմահազար ձկնատեսակներ ու ծովային թռչուններ՝ Պարսից ծոցը վերածելով հսկայական գերեզմանոցի։ Վնասի չափերը հաշվել հնարավոր չէր։
Ծովից նավթի միլիոնավոր լիտրերդուրս քաշվեցին, սակայն եւս այդքան էլ մնաց ափերին՝ կիզիչ արեւի տակ վերածելով մշտական սեւ կեղեւի։
Կլիմայագետ Հասան Նաստալլահը զգուշացնում է, որ Քուվեյթում էկոլոգիական աղետի հետեւանքները դեռ կհիշեցնեն իրենց մասին։ Նա գրում է. “Մենք գործ ունենք թունավոր նյութերի այնպիսի զանգվածային արտանետման հետ, որը նախկինում երբեք չէր եղել։ Աշխարհը երբեք Քուվեյթի հրդեհների նման աղետ չէր տեսել։ Մարդը դարձավ այդ չարիքի պատճառը եւ մարդն էլ ստիպված է լինելու կրել դրա հետեւանքները”։