Բոինգների ճակատագրական բախումը
1960-ական թվականների վերջին սկիզբ առավ ռեակտիվ ինքնաթիռների դարաշրջանը։ Այդ պահից բոլոր ավիաընկերությունները գիտեին, որ նման հսկաներից մեկի ընկնելը հանգեցնելու է սարսափելի աղետի։ Սակայն ոչ ոք չէր կարող ենթադրել, որ երկու հսկայական օդանավ կարող են իրար բախվել գետնի վրա։
1977 թվականի մարտի 27-ին հոլանդական “KLM” ավիաընկերությանը պատկանող “Բոինգ-747”-ը դուրս եկավ Տեներիֆեի Սանտա Կրուս փոքրիկ քաղաքի օդանավակայանի թռիչքուղի։ Օդանավում կար 248 մարդ՝ ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ։ Նավի հրամանատարը փորձառու օդաչու Յակոբ վան Զանտենն էր։ Մի քանի օր առաջ նա Ամստերդամից Տեներիֆեի գեղատեսիլ վայրեր էր բերել մի խումբ զբոսաշրջիկների։ Այժմ օդաչուն պետք է Լաս Պալմաս քաղաքից ուղղություն վերցներ դեպի հայրենի երկիր։ Սանտա Կրուսում “Բոինգի” վայրէջքը նախատեսված չէր։ Նախորդ օրը Լաս Պալմասի օդանավակայանի խանութներից մեկում ահաբեկիչները ռումբ էին պայթեցրել։ Իրավիճակը խիստ լարված էր, եւ որոշվեց բոլոր զբոսաշրջիկներին ընդունել եւ ճանապարհել հարեւան Սանտա Կրուսի օդանավակայանից։
Սանտա Կրուսի օդանավակայանը գտնվում է երկու հանգած հրաբուխների միջեւ ընկած հովտում։ Թռիչքուղու երկարությունը հասնում է երեք կիլոմետրի։ Սակայն, չնայած բնության գեղեցկությանը, միջազգային ավիաընկերությունների շատ օդաչուներ չեն սիրում այս օդանավակայանը, քանի որ մառախուղն այստեղ հազվադեպ հյուր չէ։ Սարսափելի է նաեւ ցածր ամպամածությունը, որը դժվարացնում է տեսանելիությունը եւ թաքցնում լեռների գագաթները։ Հենց այսպիսի եղանակ էր տիրում կղզու վրա այդ չարաբաստիկ օրը։ Կիրակի էր, սակայն ահաբեկչական պայթյունի պատճառով եւ՛ զբոսաշրջիկները, եւ՛ օդանավակայանը սպասարկող մարդիկ անտրամադիր էին։ Բացի այդ, կուտակվել էր ավելի քան 180 օդանավ, որոնք պետք է կամ վայրէջք կատարեին, կամ թռչեին։ Անգլերենին վատ տիրապետող դիսպետչերների համար դա հսկայական ծանրաբեռնվածություն էր։ Կար եւս մեկ խնդիր՝ երեք ռադիոհաճախականությունից երկուսը չէին գործում, եւ բոլոր ինքնաթիռների օդաչուներն ստիպված էին օգտվել միակ գործողից։ Պարզ է, որ դա լրացուցիչ խառնաշփոթ էր ստեղծում։
Թռիչքուղու վրա իսկական հերթ էր գոյացել։ Յակոբ վան Զանտենը, որ համարվում էր Հոլանդիայի լավագույն օդաչու, որոշեց նավը լիցքավորել հենց Սանտա Կրուսի օդակայանում։
Միեւնույն ժամանակ թռիչքի էր պատրաստվում նաեւ ամերիկյան “Պան Ամ” ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը նույնպես Լաս Պալմասի փոխարեն չպլանավորված վայրէջք էր կատարել Սանտա Կրուսում։
Շուտով օդանավակայանը լցվեց անընդհատ վայրէջք կատարող եւ թռիչքի թույլատվության սպասող օդանավերով։ Թռիչքների երկարատեւ հետաձգումը նյարդայնացնում էր օդաչուներին եւ ուղեւորներին։ Հետաձգումը կարող էր ամբողջությամբ խառնել չվացուցակը։ Բացի այդ, եթե, օրինակ, ուղեւորները Հոլանդիա ժամանեին ոչ նախատեսված ժամին, գիշերը, ապա ընկերությունն ստիպված կլիներ ավելի քան 230 մարդու տեղավորել հյուրանոցում՝ կատարելով բոլոր վճարումները։ Սպասվող ծախսերը հսկայական էին, եւ դրա համար օդաչուներից յուրաքանչյուրն աշխատում էր որքան հնարավոր է շուտ լքել Սանտա Կրուսը։
Իսկ եղանակը հետզհետե վատանում էր ու վատթարանում, ծովից եկած քամին իր հետ բերեց նաեւ անձրեւ, տեսանելիությունը գրեթե հավասարվեց զրոյի։ Ի վերջո, հոլանդական “Բոինգը” լիցքավորվեց եւ թռիչքի թույլատվություն ստացավ։ Գրեթե միաժամանակ թռչելու թույլատվություն ստացավ նաեւ ամերիկյան ինքնաթիռը։
Դիսպետչերները հրահանգներ էին տալիս ինքնաթիռներին՝ հենվելով բացառապես օդաչուների զեկույցների վրա։ Ամեն ինչ կարծես ավտոմատ կերպով էր իրականացվում։ Դիսպետչերները հարցնում էին, օդաչուները՝ պատասխանում, գրեթե ուշադրություն չդարձնելով հարցերին, քանի որ առաջին հերթին հետեւում էին թռիչքուղուն։ Վատ տեսանելիության պայմաններում օդանավերի գտնվելու վայրը որոշվում էր միայն օդաչուների խոսքերով, ինչը կարող էր բազմաթիվ սխալների հանգեցնել։ Եվ երկու “Բոինգների” հրամանատարներն արդեն իսկ սխալվել էին. նրանք չէին կարողանում հասկանալ, թե թռիչքուղու որ հատվածում են գտնվում։ Հոլանդական ինքնաթիռն արդեն շարժվում էր 250 կմ/ժ արագությամբ եւ պատրաստվում էր օդ բարձրանալ, երբ հանկարծ ուղիղ իր առջեւ վան Զանտենը տեսավ ամերիկյան “Բոինգի” մոխրագույն ուրվագծերը։ Հոլանդացին մի պահ չհավատաց իր աչքերին։ Նա փորձեց անմիջապես օդ բարձրացնել իր մի քանի տոննանոց մեքենան եւ անցնել ամերիկյան ինքնաթիռի վրայով։ Բայց վազքաթափը դեռ շատ փոքր էր, իսկ արագությունն էլ չէր բավարարում։
Ամերիկյան “Բոինգի” օդաչու Վիկտոր Գրաբսը նույնպես տեսել էր սրընթաց իրեն մոտեցող ինքնաթիռը։ Նա փորձեց ազատել ուղին, բայց չհասցրեց։ Բարձրացող “հոլանդացին” չորս անիվով բախվեց ամերիկյան ինքնաթիռի տանիքին եւ ամբողջությամբ պոկեց այն։ Հոլանդական “Բոինգը” չկարողացավ բարձրանալ, անցնելով մի քանի մետր այն վայր ընկավ եւ անմիջապես բռնկվեց։ Նրա վառվող բեկորները տարածվեցին հարյուր մետր շառավիղով։ Բեկորներից բռնկվեց նաեւ “Պան Ամ” ընկերության ինքնաթիռը։
“Հոլանդացին” ամբողջությամբ այրվեց։ Ուղեւորներից եւ անձնակազմից ոչ ոք կենդանի չմնաց։ Ամերիկյան ինքնաթիռից կարողացան դուրս գալ ընդամենը մի քանի ուղեւոր։ Այս ողբերգությունը խլեց 582 մարդու կյանք։
Երկու “Բոինգների” բախման պատճառները հետաքննող հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մեղավորը, այնուամենայնիվ, հոլանդացի օդաչու Յակոբ վան Զանտենն էր։ Նա չլսեց դիսպետչերի բառերը միչեւ վերջ, քանի որ շատ էր շտապում, եւ սկսեց օդ բարձրանալ այն ժամանակ, երբ թռիչքուղուց ապարդյուն փորձում էր հեռանալ մառախուղի մեջ մոլորված ամերիկյան ինքնաթիռը։
Կուրսից շեղված կորեական “Բոինգը”
1983 թվականի օգոստոսի 31-ի գիշերը Սախալին կղզու տարածքում վայր է ընկել հարավկորեական “Բոինգ-747” ինքնաթիռը։ Տասնչորս րոպե 11 հազար մետր բարձրությունից ընկնում էին 269 ուղեւորի, անձնակազմի անդամների եւ ինքնաթիռի մնացորդները։
Ռադարների էկրաններից անհայտացած ինքնաթիռը, որն իրականացնում էր Նյու Յորք-Սեուլ հերթական չվերթը, սկզբից առանձնապես չանհանգստացրեց ճապոնացի դիսպետչերներին, որոնք “Բոինգին” սպասում էին իրենց տարածքի վրա առավոտյան։ Նախ նրանք մտածեցին, թե դա ժամանակավոր խափանում է, եւ մի քանի րոպեից ինքնաթիռը նորից կհայտնվի էկրաններին։ Սակայն ժամանակը գնում էր, իսկ օդանավն այդպես էլ չէր հայտնվում։ Ճապոնացիները որոշեցին, որ “Բոինգը” շեղվել է կուրսից եւ, հավանաբար, վայրէջք է կատարել։ Բայց որտե՞ղ, ու՞մ տարածքի վրա, ինչու՞ որեւէ ազդանշան չի տալիս։
Սպասումների մեջ անցավ մի քանի ժամ։ Իսկ արդեն առավոտյան ռադիոյով լսվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Շուլցի հայտարարությունն այն մասին, որ հարավկորեական “Բոինգը” ոչնչացվել է խորհրդային կործանիչի “օդ-օդ” տիպի հրթիռներով։
Ճապոնական ծովի վրա տեղի ունեցած ողբերգությունը դժգոհությունների ալիք բարձրացրեց արեւմուտքում։ Արտասահմանյան հեռուստաալիքները, ռադիոկայանները եւ թերթերն առաջարկում էին աղետի պատճառների նորանոր տարբերակներ, մասնավորապես այն մասին, որ ինքնաթիռը կարող էր դառնալ ահաբեկիչների զոհ կամ այնտեղ տեղի է ունեցել պայթյուն։ Միեւնույն ժամանակ անպատասխան էին մնում հիմնական հարցերը. ինչու՞ ժամանակակից սարքավորումներով զինված ուղեւորատար ինքնաթիռը շեղվել է կուրսից եւ ներխուժել Խորհրդային Միության օդային տարածք, ինչու՞ չի պատասխանել խորհրդային կործանիչի ազդանշաններին։
Խորհրդային կողմը լռում էր։ Միայն երկու օր անց հայտարարվեց, որ չճանաչված ինքնաթիռը խախտել է Խորհրդային Միության պետական սահմանը եւ ներխուժել երկրի օդային տարածք։ Բացի այդ, կործանիչը նախ իրականացրել է նախազգուշական հարվածներ, սակայն ինքնաթիռը ոչ մի կերպ չի արձագանքել։ Նույն հայտարարության մեջ նաեւ ակնարկվում էր, որ թռիչքը, հավանաբար, իրականացվում էր ամերիկացիների ղեկավարությամբ լրտեսական նպատակներով։ Արտաքին գործերի նախարար Գրոմիկոն հայտարարեց, որ նման պրովոկացիաների դիմող յուրաքանչյուրը պետք է իմանա, որ պատասխանատվության է ենթարկվելու իր գործողությունների համար։ Սակայն բոլոր մեղադրանքները միջազգային հանրության կողմից մերժվեցին որպես հիմքեր չունեցող։ Ուղեւորատար “Բոինգը”, գիշերը թռչելով մեծ բարձրության վրա, չէր կարող օգտակար տեղեկատվություն հավաքել։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը տարակույս չհանդուրժող տոնով հայտարարեց, որ քաղաքակիրթ երկրներն ինքնաթիռների կուրսից շեղվելը չեն համարում մի հանցագործություն, որի համար մահապատիժ է հասնում։
Այսօր, տարիներ անց, կարելի է հանգամանորեն նկարագրել այն իրավիճակը, որում հայտնվել էր հարավկորեական ինքնաթիռը։ Այսպես, 1997 թվականին Ճապոնիայի ռազմական հետախուզության նախկին պաշտոնյաներից մեկը խոստովանել է, որ հարավկորեական օդանավն իրականացնում էր ամերիկյան հատուկ ծառայությունների առաջադրանքը, եւ կուրսից շեղվելը ոչ թե օդային սարքավորումների կամ դիսպետչերների սխալի հետեւանք էր, այլ խորհրդային օդային տարածք ներխուժելու ակնհայտ փորձ։ Ինքնաթիռի նպատակն էր աշխատեցնել հակաօդային պաշտպանության խորհրդային համակարգը եւ արձանագրել ռադիոլոկացիոն կայանները։ Ամերիկյան հետախույզ-ինթնաթիռներին չէր հաջողվում հայտնաբերել իրեն ոչնչով չբացահայտող հակաօդային պաշտպանության համակարգը։ Ամերիկացիները կարծում էին, որ այդ խնդիրը լավագույնս կարող է իրականացնել ուղեւորատար ինքնաթիռը, որը հազիվ թե ինչ-որ մեկը համարձակվի ոչնչացնել։ Սակայն ամեն ինչ այլ կերպ կատարվեց։
Երբ “Բոինգը” հայտնվեց ԽՍՀՄ-ի սահմանների մոտ, խորհրդային ռազմական ավիադիսպետչերները շուրջ երկու ժամ որոշում էին՝ ինչ անել անհայտ թռչող օբյեկտի հետ։ Սակայն հենց որ օդանավը հասավ Կամչատկա, օդ բարձրացավ “ՄԻԳ-23” եւ “ՍՈՒ-15” մակնիշի չորս ինքնաթիռ։ Ի սկզբանե նրանց խնդիրն էր` մոտենալ անծանոթին եւ ստիպել վայրէջք կատարել։ Բայց “Բոինգը” գտնվում էր շատ մեծ բարձրության վրա եւ չէր արձագանքում ազդանշաններին։ Խորհրդային ռազմական օդաչուների խնդիրն այն էր, որ վառելիքի սակավության պատճառով նրանք կարող էին օդում մնալ մեկ ժամից ոչ ավելի։ Անհայտ ինքնաթիռը շարունակում էր համառորեն լռել։ Խորհրդային օդային տարածքից դուրս գալու համար “Բոինգին” հաշված վայրկյաններ էին մնում։ Հետախույզ-ինքնաթիռների վառելիքը գրեթե վերջացել էր, ժամանակն էր վերադառնալ բազա։ Դա նշանակում էր, որ “օտարը” կարող էր հեռանալ, ինչը լուրջ անախորժությունների պատճառ կդառնար։
Այսօր հայտնի է նաեւ խորհրդային ինքնաթիռի օդաչուի եւ ռազմական դիսպետչերների միջեւ տեղի ունեցած “խորհրդակցության” ձայնագրությունը.
6.13.05 - Ես նրան տեսնում եմ վիզուալ եւ էկրանի վրա.
6.13.26 - Նշանակետը չի պատասխանում.
6.19.08 - Նրանք ինձ չեն տեսնում.
6.20.49 - Կրակում եմ.
6.23.37 - Հիմա փորձում եմ հրթիռներով.
6.26.20 - Կրակոցն իրականացված է.
6.26.22 - Նշանակետը ոչնչացված է։
1992 թվականի նոյեմբերին Սեուլ կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինը պաշտոնապես ճանաչել է խորհրդային ռազմական հրամանատարության սխալ գործողությունները եւ խորին ցավակցություն հայտնել տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Ցավալի է, որ հերթական անգամ մեծ տերությունների շահերի բախման զոհ դարձան հարյուրավոր անմեղ մարդիկ։