Մարտի 21-ը Ռուսաստանի Դաշնությունում հայտարարվել է սգո օր՝ կապված Կուզբասի, Կուբանի եւ Սամարայի ողբերգական դեպքերի հետ։ Կուզբասի Կեմերեվոյի մարզի “Ուլյանովսկայա” հանքահորում տեղի ունեցած պայթյունը, Սամարայի օդանավակայանում ՏՈՒ-134 օդանավի վթարը եւ Կրասնոդարի երկրամասի ծերանոցում բռնկված հրդեհը խլել են տասնյակ մարդկային կյանքեր։
Ռուսաստանի Դաշնությունում միմյանց հաջորդած եւ բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովին, որում, մասնավորապես, ասված է.
“Մեծարգո Միխայիլ Եֆիմովիչ,
ՀՀ կառավարության եւ անձամբ իմ անունից խոր ցավակցություն եմ հայտնում Կուզբասի հանքահորում տեղի ունեցած վթարի, Կրասնոդարի երկրամասում բռնկված հրդեհի եւ Սամարայի ինքնաթիռային աղետի կապակցությամբ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի։
Ռուսաստանի ժողովրդի համար ողբերգական այս ժամին անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում ենք Ձեզ։
Խնդրում եմ մեր ցավակցությունները փոխանցել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին”։
Նորագույն սարքավորումները չփրկեցին հանքափորներին
Կուզբասի հանքահորում վերջին 60 տարվա ամենախոշոր վթարի հետեւանքով զոհվել է 108 մարդ։ Պայթյունի պահին հանքում գտնվում էր 203 մարդ, փրկվել է 93 հանքափոր, եւս երկուսի ճակատագիրն անհայտ է մնում։ Բացի հանքափորներից զոհվածների թվում են ածխահանող ընկերության գրեթե ամբողջ ղեկավար կազմը։ Նրանք այդ օրն իջել էին հանքահոր՝ արտասահմանյան ընկերության ներկայացուցիչներին ցուցադրելու գազի հայտնաբերման համակարգի նոր սարքավորումները։ Նրանցից ոչ մեկն այդպես էլ դուրս չեկավ հանքից։
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, մոտ 300 մետր խորության վրա։ Պայթյունի հետեւանքով հանքահորի առանձին հատվածներում առաջացել են փլուզումներ, ինչը դժվարացրել է փրկարարների աշխատանքը։ Բացի լեռնափրկարարներից որոնողական գործողություններին մասնակցում են նաեւ ջրասույզներ, քանի որ հանքահորի որոշ հատվածներ հեղեղված են։
“Ուլյանովսկայան” ունի ընդամենը հինգ տարվա պատմություն, այն հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք գտնվում են մշտական հսկողության տակ։ Վերջին անգամ տեխնիկական հսկողության տեսուչները հանքահոր են իջել մարտի 6-ին։ Նախնական տվյալներով՝ հանքում տեղի է ունեցել գազի արտանետում, որին հետեւել է կործանիչ ուժգնության պայթյուն։ Չեն բացառվում նաեւ նոր սարքավորումների տեխնիկական խափանման եւ հանքահորի սխալ նախագծման վարկածները։ Ածխահանող ընկերությունը, որին պատկանում է “Ուլյանովսկայան”, հայտարարել է, որ հանքահորն ամբողջությամբ կվերականգնվի մինչեւ այս տարվա հուլիս ամիսը։
Ըստ Կեմերովոյի նահանգապետի՝ զոհվածների ընտանիքները կստանան առնվազն երկուական միլիոն ռուբլի։ 
Կուզբասում հայտարարվել է եռօրյա սուգ։
Մարտի 21-ին Կուզբասում գրանցվել է եւս մեկ արտակարգ պատահար։ Կեմերովոյի մարզի “Ալարդինսկայա” հանքահորում ծխի առաջացման պատճառով տարահանվել է 370 մարդ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ռուսաստանի հանքահորերում վերջին տարիների խոշոր վթարները.
2003 թ. հունիսի 16-ին “Զիմինկա” ածխահանքում տեղի ունեցած վթարը խլեց 12 մարդու կյանք։
2004 թ. ապրիլի 10-ին “Տայժինա” հանքահորում գազի պայթյունի հետեւանքով զոհվեց 47 հանքափոր։
2004 թ. հոկտեմբերի 28-ին գազի պայթյուն տեղի ունեցավ “Լիստվյաժնայա” հանքահորում։ Զոհվեց 13 եւ վնասվածքներ ստացավ 23 հանքափոր։
2005 թ. փետրվարի 9-ին “Եսաուլսկայա” հանքահորում գազի պայթյունի եւ բռնկված հրդեհի զոհ դարձավ 25 մարդ։
Արդյո՞ք վառելիքը մարդկային կյանքից թանկ է
Շաբաթ օրը Սամարայի “Կուրումոչ” օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել ՏՈՒ-134 ինքնաթիռը։ Սուրգուտ-Սամարա-Բելգորոդ չվերթն իրականացնող օդանավն իջել է թռիչքուղուց 400 մետր հեռու, թեւով դիպել գետնին, մի քանի անգամ շրջվել ու մաս-մաս եղել։ Ինքնաթիռում կար 50 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Զոհվել է վեց մարդ, ավելի քան քսան ուղեւոր ստացել են վնասվածքներ, նրանցից չորսը ծանր վիճակում են։
Մարտի 21-ին մասնագետներն ավարտել են վթարի ենթարկված օդանավի ինքնագրիչների վերծանումը։ Տվյալների նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ ՏՈՒ-134-ի շարժիչներն աշխատունակ էին ընդհուպ մինչեւ օդանավի կործանումը։ Ինքնաթիռն օդում չի կործանվել, եւ հրդեհի բռնկում չի եղել։ Այժմ հանձնաժողովն սկսել է դիսպետչերների ու օդաչուների խոսակցությունների ձայնագրության վերծանումը։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ դիտարկվում է վթարի պատճառների մի քանի տարբերակ. բարդ եղանակային պայմաններ, օդաչուների սխալ գործողություններ, օդանավի տեխնիկական անսարքություն։ Չի բացառվում նաեւ, որ դժբախտության է հանգեցրել նշված գործոնների համադրությունը։ Օդանավի անձնակազմի բոլոր անդամները ողջ են մնացել, ինչը պետք է զգալիորեն թեթեւացնի գործի քննությունը։
Սակայն արդեն այսօր մի շարք փորձագետներ պնդում են, որ Սամարայում տեղի ունեցած ողբերգության պատճառն ամենեւին էլ տեխնիկական անսարքությունը չէ։ Ըստ նրանց՝ ավելի շուտ հերթական ավիաաղետի պատճառն այսպես կոչված` մարդկային գործոնն է։ Դա կարող է լինել, օրինակ, օդաչուների սխալը, որոնք բարդ եղանակային պայմաններում գերագնահատել են իրենց հնարավորությունները եւ դիմել չարդարացված ռիսկի՝ փորձելով ամեն գնով տնտեսել թանկ վառելիքը։ Չէ՞ որ գնալ երկրորդ պտույտի կամ վայրէջք կատարել պահեստային օդանավակայանում նշանակում է ծախսել վառելիքի ավելորդ տոննաներ։ Սխալվել կարող էին նաեւ դիսպետչերները, որոնք պետք է անմիջապես զգուշացնեն, եթե օդաչուն շեղվել է հանձնարարաված ուղղությունից կամ վատ եղանակային պայմանների դեպքում օդանավը ուղարկեն երկրորդ պտույտի։ Թե իրականում ինչ է եղել` կպարզի հանձնաժողովը։
Երբ հրշեջ մասը 50 կիլոմետր հեռու է
Մարտի 21-ը սգո օր է նաեւ Կրասնոդարի երկրամասում։ Նախորդ գիշեր Կամիշեւատսկայա ավանի ծերանոցում բռնկված սարսափելի հրդեհը խլել է 62 մարդու կյանք։ Տեղի բնակիչները ողբերգության մեղավոր են համարում Յեյսկի շրջանի իշխանություններին, որոնք որոշել են հրաժարվել ավանում տեղակայված հրշեջ մասից։
Ըստ էության, ավանում պահպանվել է հրշեջ մասը, այնտեղ նույնսիկ հրշեջ մեքենա կա։ Սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով հրշեջներին դադարեցրին աշխատավարձ տալ։ Կրակի դեմ մարտնչողներին աշխատանքից ազատեցին 2005 թվականի վերջին։ Ի հետեւանք՝ արդեն մի քանի տարի ամենամոտիկ հրշեջ կայանը Կամիշեւատսկայայից 50 կիլոմետր հեռու է գտնվում։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն ավելացնում են, որ ծերանոցը վաղուց փրկարարների “սեւ ցուցակում” է գտնվում, քանի որ ծերանոցի ղեկավարությունն այդպես էլ չի վերացրել հրշեջների հայտնաբերած խախտումները՝ մասնակիորեն մոնտաժված ազդարարման համակարգ, շնչուղիների պաշտպանության միջոցների բացակայություն, կրակմարիչների պակաս։
Բոցավառվող ծերանոցի բնակիչներին օգնության են շտապել տեղի բնակիչները։ Յեյսկից դուրս եկած հրշեջները կանչի վայր են հասել ահազանգից մոտ մեկ ժամ հետո միայն։ Այդ պահին արդեն շենքի առաջին հարկն ամբողջությամբ բոցերի մեջ էր։ Ծերանոցի ավելի քան 60 բնակիչ ծխահեղձ էր եղել։ Հրդեհը հաջողվել է մարել առավոտյան ժամը հինգին։
Հրշեջների եւ տեղի բնակիչների ուժերով շենքից դուրս է բերվել եւ հիվանդանոց տեղափոխվել 34 մարդ։
Ինչպես հայտնել են գործի քննությունը վարող հանձնաժողովում, դիտարկվում է հրդեհի բռնկման մի քանի հնարավոր պատճառ՝ անզգուշություն, էլեկտրական լարերի կարճ միացում եւ հրկիզում։
Ռուսաստանի հատուկ բուժհիմնարկներում վերջին տարիների խոշոր հրդեհները.
1999 թ. մարտի 18-ին Ուստյուժնի քաղաքի նյարդահոգեբանական դիսպանսերում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվեց 21 եւ այրվածքներ ստացավ 14 հիվանդ։
1999 թ. դեկտեմբերի 21-ին Պրիմորսկ քաղաքի նյարդահոգեբանական դիսպանսերում կրակի զոհ դարձավ 22 մարդ։
2001 թ. ապրիլի 27-ին ուժեղ հրդեհ բռնկվեց Սալեմալ ավանի հատուկ ինտերնատում։ Ողբերգությունը խլեց 6 երեխայի կյանք։
2003 թ. ապրիլի 10-ին Մախաչկալայի խուլ ու համր երեխաների հատուկ դպրոցում կրակի զոհ դարձավ 8-14 տարեկան 30 երեխա, եւս 100-ը ստացան տարբեր վնասվածքներ։
2006 թ. դեկտեմբերի 10-ի գիշերը Մոսկվայի թիվ 17 նարկոլոգիական հիվանդանոցում բռնկված ուժեղ հրդեհի հետեւանքով զոհվեց 45 մարդ։
Նույն օրը Կեմերովոյի շրջանի Տայգա քաղաքի նյարդահոգեբանական ինտերնատում կրակը խլեց 10 մարդու կյանք։