ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Ավազե փոթորկի կործանիչ հետեւանքները

Ամերիկացի վերաբնակվողները միշտ հետաքրքրվել են միջին արեւմուտքի (այժմյան Կանզաս նահանգ) տափաստաններով։ 19-րդ դարի վերջին աշխատասեր, եռանդուն շատ երիտասարդներ, նոր հողեր յուրացնելու նպատակով, իրենց ավելի քան համեստ ունեցվածքով գնացին այդ տարածքներ։ Նրանք տներ էին կառուցում, ճանապարհներ անցկացնում, ֆերմերային տնտեսություններ ստեղծում։ Կարճ ժամանակում նորեկներին հաջողվեց ոչ միայն բնակեցնել ընդարձակ տափաստանները, այլեւ անմշակ, այրված հողերը դարձնել բերքառատ։ Չորս կողմը հասնում էր ցորենը, որի բերքը լավ եկամուտ էր տալիս։ Երբեմնի ամայի տափաստաններում երեւում էին ձիերի երամակներ, կովերի ու ցուլերի հոտեր։ Թվում էր՝ այդ անապատային ու արեւաշող վայրերում մարդն ու բնությունը մեկընդմիշտ ներդաշնակվել եւ միասնություն են ձեռք բերել։
Բայց ներդաշնակությունը թվացյալ էր ու շատ կարճատեւ։ Ամեն տարի վրա էր հասնում ամիսներ շարունակվող երաշտը, պատահում էին անբերրիության դեպքեր, կերի պակասից սատկում էին հարյուրավոր անասուններ։ Ճիշտ է՝ անցնում էր որոշ ժամանակ, ու երկար ընդմիջումից հետո երկնքում նորից ամպեր էին երեւում, տեղում էր վաղուց սպասված անձրեւը, հավասարակշռությունը վերականգնվում էր, եւ կյանքը նորից վերադառնում էր իր սովորական հունը։ Բայց դարձյալ շատ կարճ ժամանակով։
Տասնամյակներ շարունակ դաշտերում ցանում էին միեւնույն մշակաբույսը, գյուղատնտեսության մեջ անընդհատ խախտումներ էին արվում։ Այս ամենն ի վերջո հանգեցրեց նրան, որ 1930-ական թթ. սկզբին ցանքատարածությունների մեծ մասում հողը քայքայվեց։ Երբեմնի բերքառատ հողն ուժասպառ էր եղել, այն սկսել էր ճաքճքել ու փշրվել։ Բերքն արագորեն պակասում էր, անասունները մնացին առանց կերի։ Աննկուն կովբոյները տխրեցին ու ընկճվեցին։
Իսկ 1935 թվականին այդ անծայրածիր տարածություններում այնպիսի երաշտ սկսվեց, ինչպիսին տեղի բնակիչները երբեք չէին տեսել։ Այն արագ վերացրեց մարդկանց բազմամյա աշխատանքի արդյունքը եւ հարյուր հազարավոր մարդկանց դատապարտեց մահվան։ Կանզասի ծաղկուն դաշտերն ու մերձակա Կոլորադո եւ Տեխաս նահանգների օազիսները վերածվեցին չոր, քարքարոտ, անբերրի տարածքների։ Ծառերը ժամանակից շուտ տերեւաթափ եղան, դեղնած խոտն այլեւս պիտանի չէր անասունների կերի համար։ Մարդն անզոր էր բնության առջեւ։
1935-ին ԱՄՆ-ում դեռ չկային օդերեւութաբանական ճյուղավորված ցանցեր, ֆերմերային տնտեսությունների միայն տասը տոկոսն ուներ էլեկտրականություն։ Ի հետեւանք՝ ոչ բոլոր ընտանիքներում կար ռադիոընդունիչ, եւ մոտեցող փոթորկի մասին տագնապալի լուրեր ստացան միայն խոշոր քաղաքներում ու գյուղերում։ Առանձին ֆերմերներ, որոնց տնտեսությունը ծայրամասում էր գտնվում, լիովին անտեղյակ էին նահանգին պատուհասող աղետից։
Ձմռան անձյուն ամիսներից հետո երկնքում հայտնված արեւը քչերին էր ուրախացնում։ Ամպի ոչ մի նշույլ, ձյան ոչ մի փաթիլ, անձրեւի ոչ մի կաթիլ՝ միայն անվերջ, անդադար քամի։ Հողը չորանում էր, եւ բույսերի ծիլերը, չհասցնելով գլուխ բարձրացնել, ոչնչանում էին։ Քամին ու արեւը կարծես հատուկ պայմանավորվել էին կործանել տանջալլուկ աշխատանքով մարդու ստեղծած ամեն ինչ։
Քամու բերած ավազը թափանցում էր մարդկանց տները եւ լցնում-փակում ջրհորները։ Քամին տանում էր ամենաարժեքավորը՝ բերքատու հողը։ Հարյուրավոր կիլոմետրեր հեռու քշած հողի փոխարեն փոթորիկը բերում էր դեղին, անկենդան ավազ։
Սկզբում ֆերմերները դեռ հույս ունեին, որ քամին կհանդարտվի եւ երաշտը կանցնի, երկնքում ամպեր կերեւան եւ կտեղա բարեբեր անձրեւը։ Այդ տարածքներում նման դժբախտություններ էլի էին պատահել։ Բայց այս անգամ բնությունն անողոք էր։ Ավազը ծածկել էր ոչ միայն դաշտերը. մի շարք ավաններում տները մինչեւ պատուհանները թաղվել էին ավազի մեջ։ Մարդիկ շնչահեղձ էին լինում օդում եղած ավազից, նրանցից շատերը տառապում էին թոքային հիվանդություններից։ Սակայն ոչ բոլոր բնակավայրերը հիվանդանոց ունեին, բացի այդ՝ կար նաեւ դեղորայքի ու բժշկական այլ միջոցների պակաս։ Պարզվեց, որ անգամ կոփված եւ տարբեր արհավիրքների դիմակայած կանզասցիները պատրաստ չէին նման դաժան փորձության։
Եվ դարձյալ սկսվեց մեծ գաղթը, սակայն այս անգամ՝ ստիպողական եւ հակառակ ուղղությամբ. խիզախ կովբոյները լքում էին իրենց ֆերմաները։ Հարյուր հազարավոր մարդիկ իրենց ընտանիքով եւ ունեցվածքով, սայլերի քարավան կազմած թողնում էին հարազատ տները եւ հեռանում։ Շատերն էլ ճանապարհ էին ընկնում ոտքով՝ ուղղություն վերցնելով դեպի ավելի բարեկեցիկ ու կուշտ նահանգներ։
Հիվանդներին փորձում էին տանել մեքենաներով, բայց հաճախ ճանապարհին վրա էր հասնում ավազե փոթորիկը՝ խեղճ մարդկանց զրկելով փրկության վերջին հույսից։ Ավազի հատիկներն այնքան մանր էին ու թափանցող, որ լցվում էին անգամ մեքենաների շարժիչի մեջ։ Հիվանդները ստիպված էին ոտքով կտրել տասնյակ կիլոմետրեր։ Շատերը չէին դիմանում, ընկնում ու այլեւս չէին բարձրանում։
Կոլորադո նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում մի ամբողջ մայրուղի անհետացավ մանր ավազի տակ։ Ոչ ոք այդպես էլ չիմացավ, թե որքան մարդ թաղված մնաց այդ ավազե հսկա գերեզմանում։ Ավազի զոհ դարձավ նաեւ Հարավային Դակոտա նահանգով անցնող ավտոճանապարհը։ Այն մաքրելու տեղի հրշեջների ու զինվորների բոլոր փորձերն ապարդյուն էին. մեկ գիշերվա ընթացքում քամին նորից ավազե լեռներ էր բերում։ Փախստականներին օգնության շտապող ինքնաթիռները հաճախ ստիպված էին կես ճանապարհից վերադառնալ. ավազե փոթորիկը թույլ չէր տալիս վայրէջք կատարել։
Հինգ ամիս շարունակվում էր չտեսնված երաշտը։ Այն անթիվ արհավիրքներ բերեց ամերիկացիներին. հարյուրավոր զոհված մարդիկ, երկրի քարտեզից անհետացած տասնյակ գյուղեր ու քաղաքներ։ Երեք նահանգների գյուղատնտեսության մեջ զբաղված երեք միլիոն ֆերմեր մնաց անօթեւան։ Նրանք դատապարտված էին համալրել գործազուրկների բանակը։ Չիկագոյի ֆինանսական բորսայում սննկացան հարյուրավոր հողատերեր ու գյուղատնտեսական մեքենաներ արտադրողներ։
1936 թվականին ԱՄՆ-ի ամբողջ գյուղատնտեսությունը կործանման եզրին հայտնվեց։ Միայն հունիս ամսին երկիրը կրեց 150 միլիոն դոլարի վնաս։ Կանզաս նահանգը գրեթե ամբողջությամբ մարդաթափվեց։ Անհրաժեշտ օգնություն տրամադրելու կառավարության խոստումներն անզոր էին մարդկանց պահել ամայացած նահանգներում։ Սովը, երաշտը եւ քամիներն ավելի ուժեղ էին, քան կառավարության խոստումները։
Միայն 1937-ին մարդիկ աստիճանաբար սկսեցին վերադառնալ Կանզասի երբեմնի բերքառատ հողերը։ Ճիշտ տնտեսություն վարելու հարցում տեղի ֆերմերներին օգնում էին գյուղատնտեսության նախարարության մասնագետները, կառավարությունն էլ իր հերթին հատկացնում էր անհրաժեշտ գումարներ։ Դաշտերի միջեւ փորվեցին հատուկ ջրանցքներ, գործի դրվեց արհեստական ոռոգումը, դաշտերում պարբերաբար ցանում էին տարբեր մշակաբույսեր։ Արվեց ամեն ինչ՝ հետագայում նման աղետներից խուսափելու համար։


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`