Ողբերգություն Լվովում
2002 թվականի հուլիսի 27-ին Ուկրաինայի Լվով քաղաքի Սկնիլով օդանավակայանում տոնական տրամադրություն էր։ Ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ցուցադրական թռիչքները դիտելու համար Սկնիլովի տարածքում հավաքվել էր մոտ տասը հազար մարդ։ Եկել էին ընկերներով, բարեկամներով, ամբողջ ընտանիքներով։
Եվ ահա հայտարարվեց երկար սպասված թռիչքների սկիզբը։ Կործանիչները մեծ աղմուկով սավառնում էին հայացքները դեպի երկինք հառած մարդկանց գլխավերեւով։ Շոուի մասնակիցներից մեկը՝ "ՍՈՒ-27" կործանիչը, ցուցադրելով "թռիչք կամրջի տակով" բարձրագույն պիլոտաժի ֆիգուրը, որն ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ իրականացրել էր Վալերի Չկալովը, կտրուկ մոտեցավ հանդիսատեսներով լի ամբիոններին։ Այժմ մնում էր միայն աստիճանաբար բարձրացնել ինքնաթիռը։ Սակայն դա չհաջողվեց։ "ՍՈՒ-27"-ը, դիպչելով օդանավակայանում կանգնած մի ինքնաթիռի, բախվեց ամբիոնին։ Լսվեց խլացուցիչ դղրդյուն, ապա՝ նույնքան ուժեղ պայթյուն։ Բռնկված հրդեհի բոցերն սկսեցին արագորեն տարածվել։
Սկնիլովում չտեսնված մի քաոս էր. դեսուդեն նետվող սարսափահար մարդիկ, կործանիչի եւ ջարդուփշուր եղած ամբիոնի այրվող բեկորներ, մարդկանց դիակներ։ Վիրավորների ձայներին միախառնվեց շտապօգնության եւ հրշեջ մեքենաների աղմուկը։ Պայթած "ՍՈՒ-27"-ի բեկորները սփռվել էին հարյուր մետր շառավիղով։ Դրանց զոհ էր դարձել 86 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Ավելի քան երեք հարյուր մարդ ստացել էին տարբեր վնասվածքներ։
Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ ողջ էին մնացել. նրանք հասցրել էին դիմել կատապուլտի օգնությանը։
Հետաքննություն եւ հետեւանքներ
Գործով զբաղվող հատուկ հանձնաժողովը դիտարկում էր երկու վարկած՝ ինքնաթիռի անսարքություն եւ օդաչուների սխալ։ Թեեւ կործանիչը ղեկավարում էին գնդապետի աստիճան ունեցող երկու փորձառու օդաչու, որոնցից մեկն անգամ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի "Ուկրաինական բազեներ" հատուկ խմբի անդամ էր, "ՍՈՒ-27"-ն անցնում էր հանդիսատեսից շատ ցածր ու վտանգավոր բարձրության վրա։ Նախ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդեց, որ աղետի պատճառն ինքնաթիռների շարժիչների խափանումն էր։ Սակայն երբ գտան վթարի ենթարկված կործանիչի "սեւ արկղը", շարժիչների անսարքության վարկածից հրաժարվեցին։
Հետաքննության հանձնաժողովի դիտարկմամբ՝ բացի օդաչուների թույլ տված սխալներից վթարին նպաստել էր նաեւ ներքեւում՝ Սկնիլով օդանավակայանի տարածքում անվտանգության տարրական միջոցների բացակայությունը։ Այսինքն՝ մեղավոր էին նաեւ շոուի կազմակերպիչները։
Լվովի ողբերգությունը ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած աղետներից ամենախոշորն է։ 1988 թվականին համանման պատահար էր եղել Գերմանիայի Ռամշտայն ռազմական բազայում։ Ավիաշոուի ժամանակ օդում իրար բախվեցին երեք իտալական ինքնաթիռներ։ Դրանցից մեկն ընկավ հանդիսատեսների վրա եւ պայթեց։ Այս վթարը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր, շատերը ստացան վնասվածքներ։ Ռամշտայնի աղետի պատճառների բացահայտումից հետո արեւմուտքի երկրներում խստացրին ավիաշոուների անցկացման կանոնները։ Այժմ օդաչուներին արգելվում է անցնել հանդիսատեսների ամբիոնների վրայով, բացի այդ՝ նրանք պարտավոր են պահպանել առնվազն հարյուր մետր հեռավորություն։ Այս կանոնի խախտման համար օդաչուին կարող են ընդհանրապես հեռացնել թռիչքներից։ Լվովում նման միջոցներ չէին նախատեսվել։
Պատահարից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիդչենկոն հրաժարական տվեց։ Ճակատագրի հեգնա՞նք էր. 2001 թվականի հոկտեմբերին Շկիդչենկոն նախարարի պաշտոնին նշանակվել էր մեկ այլ օդային պատահարի հետեւանքով, երբ ուկրաինական հրթիռով ռուսական ուղեւորատար լայների կործանման համար պաշտոնից հեռացվեց գեներալ Ալեքսանդր Կուզմուկը։ Նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց նաեւ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը։
Դատավճիռ
Սեպտեմբերի 6-ին հրապարակվեցին պաշտպանության նախարարության հատուկ հանձննաժողովի հետաքննության արդյունքները։ Լվովում տեղի ունեցած ողբերգության պատճառ ճանաչվեց "առաջադրված թռիչքից օդաչուների շեղումը եւ "ՍՈՒ-27"-ի սխալ վարումը"։ Դատարանի վճռով կործանիչի օդաչուները դատապարտվեցին 14 եւ 8 տարի ազատազրկման, ինչպես նաեւ խոշոր դրամական տուգանքներ վճարեցին։ Կալանավայրում հայտնվեցին նաեւ 14-րդ ավիակորպուսի հրամանատարը, թռիչքների անվտանգության ծառայության պետն ու թռիչքների ղեկավարի տեղակալը։ Դատապարտվածներից ոչ մեկը չճանաչեց իր մեղքը։
Պատահար Մոսկվայի երկնքում
1935 թվականի մայիսի 18-ը տաք, արեւոտ կիրակի էր։ Այդ օրը Մոսկվայի կենտրոնական օդանավակայանում ցուցադրական թռիչք էր նախատեսված։ Ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ պատրաստված հսկայական ներկայացումը կարող է դժբախտության վերածվել։
Օդանավակայանում հավաքված լրագրողների, կինովավերագրողների եւ հարյուրավոր հանդիսատեսների աչքի առաջ "Մաքսիմ Գորկի" ինքնաթիռը՝ խորհրդային ավիատեխնիկայի հրաշքը, որը զինված էր առաջին խորհրդային ավտոպիլոտով եւ ութ շարժիչներով, բախվեց իրեն ուղեկցող Ի-5 թեթեւ կործանիչին։
Տեխնիկական անսարքությունները հազիվ թե կարող էին լինել ինքնաթիռների բախման պատճառ։ Տոնի նախօրեին՝ մայիսի 17-ին կազմակերպված նախաթռիչքային ստուգումը ոչ մի խախտում չհայտնաբերեց։ "Մաքսիմ Գորկին" բազմաթիվ թռիչքներ էր կատարել, սավառնել Մոսկվայի երկնքում, անցել Կարմիր հրապարակի վրայով։ Հրաշք-ինքնաթիռի առաջին պատվավոր ուղեւորների թվում էր եղել ֆրանսիացի հայտնի օդաչու եւ գրող Անտուան դե Սենթ Էքզյուպերին, որը հիացմունքով էր խոսում նոր օդային մեքենայի մասին։ "Մաքսիմ Գորկուն" մեծ ապագա էր սպասում. այն պետք է գլխավորեր քարոզչական էսկադրիլիան։
Ինքնաթիռը ղեկավարում էր ութ հոգուց բաղկացած անձնակազմը։ Այն կարող էր ընդունել 72 ուղեւորի։ Բայց հիմնական նպատակը մարդկանց փոխադրումը չէր, այլ քարոզչությունը։ Ուստի օդանավի սրահներում տեղադրաված էին հատուկ սարքավորումներ՝ բարձրախոս ռադիոկայանք, կինոսարքեր, թռուցիկների պատրաստման համար փոքրիկ տպարան, ֆոտոլաբորատորիա։
Այդ մայիսյան օրը նախատեսված էր իրականացնել մի քանի զբոսանքային թռիչք կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտի աշխատակիցների համար։ Օդանավ բարձրացան անձնակազմի 11 անդամները եւ 39 ուղեւոր՝ լաբորատորիայի աշխատակիցներն իրենց ընտանիքներով։
Հաջորդ օրը "Պրավդա" թերթում հայտնվեց տեղի ունեցած դժբախտության մասին հաղորդագրությունը, որում մասնավորապես ասվում էր, որ Ի-5 կործանիչի օդաչու Բլագինը խախտել է բարձրագույն պիլոտաժի ֆիգուրներ չանելու հրամանը եւ 700 մետր բարձրության վրա կատարել է Նեստերովի "մեռյալ հանգույցը"։ Սակայն "հանգույցից" դուրս գալու պահին կործանիչը բախվել է "Մաքսիմ Գորկու" թեւին։
"Պրավդան" շտապեց վթարի համար մեղադրել օդաչու Բլագինին, որը գնացել էր վտանգավոր մանեւրի եւ իր գործողություններով տասնյակ մարդկային զոհերի պատճառ դարձել։ Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Բլագինին հրամայել էին իրականացնել վտանգավոր մանեւրը։ Հենց այդ մանեւրի նկարահանման համար օդանավակայանում հավաքել էին լրագրողների եւ կինովավերագրողների, որոնք պետք է նկարահանեին եւ ամբողջ աշխարհին ցուցադրեին խորհրդային ավիատեխնիկայի հերթական նշանակալի ձեռքբերումը։ Օդաչուների մեջ ասեկոսեներ էին տարածվել, որ Բլագինը շատ դժգոհ էր այդպիսի հրամանից եւ վստահ չէր, որ կկարողանա իրականացնել նման պատասխանատու առաջադրանք։
Աղետից հետո, որը խլեց 51 մարդու կյանք, "Մաքսիմ Գորկու" նման ինքնաթիռներ այլեւս չարտադրեցին։ Հետագայում հրաժարվեցին նաեւ օդային քարոզչության գաղափարից։