Մեր երկրագնդում ցուրտ ձմեռներ դիտվել են մինչեւ ջերմաչափի եւ օդերեւութաբանական ծառայությունների հայտնվելը։
Ըստ տարեգիրների պատմածների, 401 եւ 801 թվականների ձմռանը Սեւ ծովի "ալիքները պնդացան"։
859 թվականին Ադրիատիկ ծովն այնպես սառեց, որ Վենետիկ կարելի էր գնալ ոտքով։ 850 տարի հետո այդ երեւույթը նորից կրկնվեց։ 1010-1011 թթ. ցրտերը սառցածածկեցին Սեւ ծովի թուրքական ափերը։ Ուժեղ ցրտերը հասան Աֆրիկա, որտեղ Նեղոսի ստորին ավազանի գետերը ծածկվեցին սառույցով։
1210-1211 թթ. Պո եւ Ռոնա գետերը սառեցին։ Վենետիկում սառցակալած Ադրիատիկ ծովի վրայով ընթանում էին սայլախմբեր։
1322 թվականին Բալթիկ ծովը ծածկվեց սառույցի այնպիսի հաստ շերտով, որ Լուբեկայից Դանիա, Պամերայի ափերով գնում էին սահնակներով։
1316 թվականին սառույցը քշեց Փարիզի բոլոր կամուրջները։
1326 թվականին Միջերկրական ծովն ամբողջությամբ սառեց։
1365 թվականին Հռենոսն երեք ամիս շարունակ ծածկված էր սառույցով։
1407-1408 թ.թ. շվեյցարական ծովն ամբողջությամբ սառեց։
1420 թվականին Փարիզում սարսափելի ցրտից շատ մարդիկ մահացան։ Նույնիսկ քաղցած գայլերն անտառներից գալիս էին քաղաք, որ փողոցներում ընկած դիակները հոշոտեն։
1468 թվականին Բուրգունդիայի նկուղներում սառեցին գինիները։
1558 թվականին ամբողջ 40 հազար հոգանոց բանակը ճամբար էր գցել սառցակալած Դանուբի վրա, իսկ Ֆրանսիայում բոլորին վաճառում էին սառած գինու "թիքաներ"։
18-րդ դարի ցրտահարությունների մասին արդեն ավելի հստակ տեղեկություններ կան` շնորհիվ ջերմաչափի հայտնաբերման։
1709 թվականին Փարիզում մի քանի օր դիտվեց 24 աստիճան ցուրտ, մառաններում գինիները սառեցին եւ զանգերը ղողանջների ժամանակ ճաքում էին։
Իսկ 1795 թվականին ջերմաստիճանը հասավ մինչեւ - 23 աստիճան։ Այդ տարի Ֆրանսիայի ափերի սառցապատման հետեւանքով ֆրանսիական հեծելազորի խմբերից մեկին հաջողվեց գրոհով վերցնել հոլանդական նավատորմը։
20-րդ դարում, 1953-1954 թվականների ձմռանը Ատլանտիկայից Ուրալ ընկած ամբողջ տարածքում նոյեմբերից մինչեւ ապրիլ մոլեգնում էր սառնամանիքը, սառեցին Սեւ ծովի հյուսիսային հատվածը եւ Ազովի ծովի ամբողջ ջրավազանը։
Հիշարժան են նաեւ 1962-1963 թվականների ձմեռը եւ այրող ցրտերն ու կուրացնող փոթորիկները։ Սառույցով պատվեց սովորաբար չսառչող Դանիական նեղուցը, նորից սառեցին Վենետիկի ջրավազանները եւ Ֆրանսիայի գետերը։
"Ձմռան խելահեղ ցրտեր" անվանվեցին նաեւ 1968-1969 թվականները։
2002 թվականին Գերմանիայում ուժեղ սառնամանիքների հետեւանքով եվրոպական ջրային տրանսպորտի ամենակարեւոր զարկերակը համարվող Լային-Դանուբ ջրանցքով ամբողջությամբ դադարեցվեց նավերի շարժը։ Սառույցի հաստությունը, որի մեջ մնաց ավելի քան 20 նավ, տեղ-տեղ կազմում էր 70 սմ։ Հենց այդ ժամանակ էլ ուժեղ ցրտերի հետեւանքով սառեց Վենետիկի ծովալճակը (բուստալճակ)։ Մինչ այս ծովալճակը սառել էր 1985 թվականին։
2005 թվականի վերջին Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայի երկրները հայտնվեցին առատ ձյունատեղման իշխանության տակ։ Գերմանիայում, տարվա այդ ժամանակի համար ոչ սովորական ցրտերը հանգեցրեցին սառցակալման եւ էլեկտրահաղորդման լարերի կտրման։
Նիդեռլանդներում էլեկտրահաղորդման լարերի կտրվելու հետեւանքով շատ բնակավայրեր նույնպես հոսանքազրկվեցին։
Փարիզում Էյֆելյան աշտարակը մի քանի ժամով փակվեց զբոսաշրջիկների համար, Ֆրանսիայի գլխավոր տեսարժան վայրն ամբողջությամբ սառցակալել էր։
Մեծ Բրիտանայի ճանապարհներին խցանման մեջ հայտնվեց 500-ից ավելի ավտոմեքենա։ Շրջափակման մեջ հայտնված մարդկանց տարահանելու համար ներգրավցին շինարարական եւ ճանապարհային ծառայությունների խմբեր, փրկարարների, հրշեջների, ինչպես նաեւ զինվորական ստորաբաժանումների։ Ամենաձնապատ շրջաններ ուղաթիռներով տանում էին մթերք եւ վերմակներ։