Հռոմի կործանումը
Պատմությունից հայտնի է, որ կայսր Ներոնը չէր սիրում Հռոմեական կայսրության մայրաքաղաքը։ Նա ատում էր աղքատությունը, նրան նյարդայնացնում էին քաղաքի հին տները, ծուռումուռ, կեղտոտ փողոցները եւ ամենուր լսվող վաճառականների գոռգոռոցները։ Կայսրը երազում էր վերակառուցել Հռոմը սեփական նախագծով։ Եվ ահա, 64 թվականի հուլիս ամսին քաղաքը զոհ գնաց անտիկ պատմության մեջ ամենամեծ հրդեհին։ Քաղաքի մեծ մասը վերածվեց մոխիրով ծածկված ավերակների։
Հին Հռոմի պատմաբանները գրեթե միակարծիք էին այն ենթադրության մեջ, որ Ներոնն ինքն էր հրկիզել քաղաքը։ Նրանցից մեկը մասնավորապես գրում էր, որ Հռոմը հրկիզել է հենց Ներոնը՝ մարդ, որն անխիղճ էր եւ՛ իր ժողովրդի, եւ՛ իր հայրենիքի նկատմամբ։ Հրդեհը բռնկվել էր մեծ կրկեսի մերձակայքում գտնվող նեղլիկ փողոցներից մեկում, այնուհետեւ քամին ինչ-որ անհասկանալի արագությամբ տարածել է կրակը հարեւան թաղամասերի վրա։ Ոչ ոք չէր համարձակվում մարել հրդեհը, քանի որ բոլորն էլ վախենում էին նրանցից, ովքեր նպատակաուղղված խոչընդոտներ էին ստեղծում տարերքի դեմ պայքարողների համար։ Այդ մարդիկ կայսեր հրամանով վառվող ջահեր էին նետում այն տների մեջ, որոնք դեռ հեռու էին հրդեհի դաժան բոցերից։
Հրդեհը մոլեգնեց վեց օր եւ յոթ գիշեր՝ իր հետ տանելով հազարավոր մարդկային կյանքեր։ Ամենուրեք լսվում էին փլվող շինությունների փլատակներում մնացած մարդկանց ճիչեր եւ օգնության կանչող ձայներ։ Նրանք, ովքեր փրկվել էին Հռոմի մերձակա դաշտերում, վերադառնալով իրենց մահը գտան դատարկ, հրդեհից ամբողջությամբ ոչնչացված քաղաքում։
Հռոմ
Կրակի բաժին դարձան մայրաքաղաքի պալատները, գրադարանները, բաղնիքները, աստվածների եւ կայսրերի արձանները, արվեստի յուրահատուկ գործերը, այդ թվում՝ Յուպիտերի տաճարը, որը կառուցվել էր դեռ Հռոմուլի օրոք՝ հրդեհից ավելի քան ութ հարյուր տարի առաջ։
Շուտով քաղաքում լուրեր տարածվեցին, թե իբր կայսրը, նայելով Հռոմն իր գիրկն առած հրդեհին, հաղթանակ էր տոնում։ Սակայն Ներոնն ամեն ինչում մեղադրեց քրիստոնյաներին, շատերին նա հրամայեց նետել վայրի շների հոշոտմանը, մյուսներին խաչեցին կայսեր պալատի այգում (ասում են, որ դրանց թվում էր նաեւ Պետրոս առաքյալը)։ Ներոնն անմիջապես սկսեց վերականգնել քաղաքը։ Այդպես կառուցվեց հսկայական մի պալատ, որի նախասրահում վեր էր խոյանում կայսեր 40 մետրի հասնող արձանը։ Վերականգնվեց նաեւ մեծ կրկեսը, որտեղ տեղավորվում էր ավելի քան 300 հազար մարդ։
Նավթի լամպից այրված Չիկագոն
Ընդամենը քառասուն տարվա ընթացքում ԱՄՆ-ի Միչիգան լճի ափին գտնվող Չիկագոն փոքրիկ գյուղից վերածվեց առեւտրի, բորսային բիզնեսի եւ մեքենաշինության խոշոր արդյունաբերական կենտրոնի։ Քաղաքում մեկը մյուսի հետեւից նոր թաղամասեր էին կառուցում, որտեղ բնակվողների թիվը հասավ 334 հազարի։ Շինությունների մեծ մասը փայտե տներ էին, եւ նույնիսկ ճանապարհների որոշ հատվածներ ծածկված էին փայտե տախտակներով։
Չիկագո
1871 թվականի հոկտեմբերի 8-ն ամենեւին էլ աշուն չէր հիշեցնում։ Թվում էր՝ չոր եղանակը ամուր հաստատվել է Չիկագոյում. շուրջ երկու ամիս անձրեւները շրջանցում էին քաղաքը։ Երեկոյան քաղաքի ծայրամասում գտնվող ոմն Փաթրիք Օլերիի գյուղատնտեսական ֆերմայում շրջված նավթի լամպից հրդեհ բռնկվեց։ Ֆերմայում պահեստավորած չոր խոտը նպաստեց, որ հաշված վայրկյանների ընթացքում կրակը տարածվի հարեւան ֆերմա։ Հրդեհն այնքան ուժեղ էր, որ մարելու փորձերը միայն ժամանակի իզուր կորուստ էին։ Երկու ֆերմաներն այրվում էին ջահերի նման։ Թվում էր, թե դրանով ամեն ինչ կվերջանա, սակայն քամին արեց իր սեւ գործը. բոլորի համար անսպասելիորեն կրակը վրա պրծավ ճանապարհի մյուս կողմի բնակելի տներին։ Հրշեջները փորձում էին խոչընդոտել կրակի հետագա տարածմանը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ ամենակուլ բոցն իր ճանապարհին հիմնականում փայտե շինությունների էր հանդիպում։ Փողոցում ջերմաստիճանն այնքան բարձր էր, որ վեց հարկանի շենքն ամբողջությամբ այրվում էր մոտ վեց րոպեի ընթացքում. նման մթնոլորտում հալչում էին անգամ քարն ու մարմարը։ Չիկագոյի Ազգային բանկի շենքը հրդեհից լիովին ապոհավագրված էր համարվում. այն կառուցված էր քարից, երկաթից եւ ապակուց։ Սակայն կառուցողները չարաչար սխալվել էին. հրակայուն շենքն այրվեց հինգ րոպեում։ Տարերքի մոլեգնության վեցերորդ ժամում կրակը կուլ տվեց նաեւ ջրամատակարարման կայանը՝ անզեն թողնելով հրշեջներին։
Հետեւանքները սարսափելի էին. տարերքը խլեց ութ հարյուր մարդկային կյանք, այրված շինությունների թիվը գերազանցեց 18 հազարը։ 27 ժամվա ընթացքում հրդեհն ամբողջությամբ ոչնչացրեց ծաղկուն քաղաքը՝ բոլոր հյուրանոցները, բանկերը, թատրոնները, քաղաքային օպերան եւ աշտարակը՝ միեւնույն ժամանակ լիովին անվնաս թողնելով հրդեհի պատճառ դարձած ֆերմայում գտնվող Օլերիի տունը։
Նույն օրը, նույն երկրում...
1871 թվականի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում բռնկվեց ուժեղ մի հրդեհ, որը մեկ օրվա ընթացքում հողին հավասարեցրեց Փեշթիգո քաղաքը։ Այս հրդեհի մասին քիչ էին խոսում, քանի որ բոլոր մարդկանց եւ առաջին հերթին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր Չիկագոյի աղետը։
Փեշթիգոն Վիսկոնսինի անտառներում գտնվող արագ զարգացող քաղաքներից էր։ Այնտեղ պլանավորվում էր անգամ երկաթուղային գծեր անցկացնել եւ քաղաքը ներառել ԱՄՆ-ի տրանսպորտային ցանցի մեջ։ Սակայն կրակը վերջ դրեց բոլոր ծրագրերին։
Ավստրալիա
Այդ աշնանը Փեշթիգոն շրջապատող անտառածածկ տարածքներում անձրեւների պակաս էր զգացվում։ Հոկտեմբերի ութին անտանելի շոգ եղանակն ու արտասովոր լռությունը պատել էին քաղաքը։ Շուտով անտառի կողմից ինչ-որ անբացատրելի դղրդյուն լսվեց, որը գնալով ավելի ու ավելի էր ուժեղանում։ Հանկարծ քաղաքի վրա հրեղեն կարկուտ թափվեց, անտառի դարավոր ծառերը բռնկվեցին լուցկու հատիկների նման։ Հրեղեն փոթորիկը պոկում-տանում էր տների տանիքները, վեր բարձրացնում մարդկանց եւ կենդանիներին։ Սեփական տներում պատանդ դարձած տասնյակ մարդիկ ինքնասպան եղան՝ վախենալով ողջակիզվել սարսափելի հրդեհի բոցերում։
Քաղաքից ոչինչ չմնաց, ավելին` մարդիկ հրաժարվեցին այն վերականգնելու մտքից։
Ամենախոշոր հրդեհը եկեղեցում
1863 թվականի դեկտեմբերի 8-ին Սանտյագո դե Չիլիի Լա Կոմպանիա եկեղեցին տոնական տեսք ուներ։ Այն զարդարելու համար օգտագործել էին մուսլին, թուղթ եւ ստվարաթուղթ, լուսավորելու նպատակով պատրաստել էին 20 հազար լամպ։ Առավոտյան եկեղեցին լցվեց մարդկանցով. հավաքվեց մոտ երեք հազար հավատացյալ, որոնց մեծ մասը՝ կանայք։ Տղամարդիկ հիմնականում կանգնած էին երկաթյա ցանկապատի հետեւում։ Արդեն վառվել էին գրեթե բոլոր լամպերը, երբ հանկարծ բռնկվեց ծաղկաշղթաներից մեկը։ Վայրկյաններ անց հրդեհն ընդգրկեց ամբողջ եկեղեցին։ Սկսվեց սարսափելի մի հրմշտոց։ Տղամարդիկ հեշտությամբ դուրս եկան վառվող եկեղեցուց, փրկվեցին նաեւ մուտքի մոտ կանգնած կանայք։ Հրեղեն դժոխքը տեւեց 15 րոպե։ Ավելի քան 2500 կին եւ երեխա մահացան տանջալլուկ մահով։
Մինչ այսօր եկեղեցին այդպես էլ չեն վերականգնել։
Փակ դռներ
Այդ օրը Բոստոնի գիշերային ակումբներից մեկը լեփ-լեցուն էր այցելուներով։ Ֆուտբոլային հանդիպումից հետո հաղթանակից ոգեւորված ֆուտբոլասերները “գրոհեցին” փոքրիկ բարը։ Ակումբում հավաքվել էր մոտ հազար մարդ, իսկ մյուսները դեռ փորձում էին ներս մտնել։
Այդքան մեծ թվով մարդկանց մուտքը կանխելու համար, ակումբի բոլոր դռները փակել էին։ Այդպես էլ չպարզված պատճառներով հանկարծ հրդեհ է բռնկվում, փակ դռների մոտ կուտակված մարդիկ սկսում են ծխախեղդ լինել։
Այդ երեկո՝ 1942 թվականի նոյեմբերի 28-ին, զոհվեց 493 մարդ։
Ավստրալիան արհավիրքի մեջ
1983 թվականի ամռանն Ավստրալիայի հարավային նահանգներում առանձնահատուկ շոգ եւ չոր եղանակ էր։ Տափաստանների վայրի թփուտները վերածվել էին “վառոդի, որը ցանկացած պահի կարող էր բռնկվել”։ Փետրվարի 16-ի առավոտյան տեղեկություններ ստացվեցին առաջին բռնկումների մասին։ Հրդեհների որոշ օջախներ հաջողվեց անմիջապես մեկուսացնել։ Սակայն շատ վայրերում կրակն անվերահսկելի դարձավ։ Հրեղեն աղեղը տարածվեց հազարավոր կիլոմետրերի վրա՝ Ադելաիդից մինչու Մելբուրն։
Հրդեհի դեմ պայքարին ներգրավվեցին ավելի քան քսան հազար հրշեջ եւ կամավոր։ Սակայն տարերքին հաղթելը գրեթե անհնար էր։ Կրակն արագորեն տարածվում էր՝ աստիճանաբար մոտենալով քաղաքներին։ Հազարավոր մարդիկ ստիպված էին շտապ լքել իրենց տները՝ անգամ հնարավորություն չունենալով վերցնել ամենաանհրաժեշտ իրերը։
Աղետի զոհ դարձավ 74 մարդ, հասցված նյութական վնասի չափը հասավ 500 միլիոն դոլարի։ Մոտ հինգ քառակուսի կիլոմետր անտառածածկ տարածքից միայն այրված հող էր մնացել։ Բացի այդ, հրդեհը ոչնչացրեց երկու հազար շինություն եւ հազարավոր ավտոմեքենաներ։