ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

“Սիբիր” հյուրանոցի մղձավանջը

Անցյալ տարի լրացավ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքի պատմության մեջ ամենասարսափելի հրդեհի տասնամյակը։ 1995 թվականի մարտի 13-ի գիշերը հրդեհ բռնկվեց Իրկուտսկի Լենինի փողոցում գտնվող “Սիբիր” հյուրանոցում։ Ի՞նչ տեղի ունեցավ այդ սարսափելի գարնանային գիշերը։ Փորձենք վերականգնել սահմռկեցուցիչ իրադարձությունների զարգացման ընթացքը։


Կանչիր հրշեջներին

Այդ գիշեր Իրկուտսկում տիրում էր սովորական գարնանային եղանակ՝ զրոյից ցածր 22 աստիճան, եւ դատարկ մութ փողոցներում սովորականի պես մոլեգնում էր սառցային թափանցիկ քամի։ Ժամը 03.23-ին հրշեջ կապի կենտրոնական մասում հեռախոսազանգ հնչեց՝ հրդեհ “Սիբիր” հյուրանոցում։ Ինչպես պարզվեց հետագայում՝ բավական ուշ հյուրանոց վերադարձած բնակիչներից մեկը հանկարծ դիմել է պահակներին՝ շնչակտուր ասելով, որ ձախ սանդուղքի մոտ ուժեղ ծխի հոտ է զգացվում։ Պահակներից մեկը որոշել է պարզել հանգամանքները, դուրս եկել միջանցք եւ հյուրանոցի ձախ թեւի ուղղությամբ մի քանի քայլ անելով՝ սարսափից սառցակալել. միջանցքի կահույքը վառվում էր վառոդի պես։ Նետվելով դեպի կրակմարիչը՝ պահակը գոռացել է գործընկերոջը, որպեսզի վերջինս ահազանգի հրշեջներին։


Արդեն ուշ է...

Հետագայում հանձնաժողովը պարզեց, որ բռնկման մասին ահազանգն ուշացել էր 10 րոպեով։ Ձեռքի տակ եղած միջոցներով չհաջողվեց մարել հետզհետե տարածվող եւ արդեն տասնյակ քառակուսի մետրեր ընգրկած բոցը։

Չստացվեց կրակը մարել նաեւ հրդեհաշիջման փողրակի ջրով։ Ժամը 03.26-ին դեպքի վայր ժամանեց թիվ 1 հրշեջ մասի մարտական հաշվարկը։ Իրավիճակը բարդանում էր նրանով, որ երկու ժամ առաջ հրդեհ էր բռնկվել մոտակա Լիստվյանկա բնակավայրում եւ Իրկուտսկի հրշեջ մասից չորս մարտական հաշվարկ էր ուղարկվել դեպքի վայր։


Մարդիկ պատուհաններում

Հրշեջների առջեւ բացված տեսարանն ահասարսուռ էր։ Շենքի կենտրոնական հատվածի պատուհաններում դեսուդեն էին նետվում վախից սարսափած մարդիկ, ամենուրեք օգնության ճիչեր էին լսվում։ Մղձավանջին ակամա ականատես դարձած մոտակա տների բնակիչները հետագայում պատմում էին, թե ինչպես սանդուղքներից մեկուսացված մարդիկ ջարդում էին պատուհանների ապակիները եւ ցած նետվում ձյան վրա կամ էլ իջնում ջրատար խողովակներով։ Շատերը, սայթաքելով սառցակալած քիվերի վրա, ընկնում էին ցած` ստանալով տարբեր վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ “ինքնատարահանման” ժամանակ տուժել էր 21 մարդ։


Պայքար մարդկային կյանքերի համար

Հրշեջները շարունակում էին լրացուցիչ ուժեր կենտրոնացնել. ծառայությունից դուրս գտնվող հրշեջներին եւ վարորդներին բառացիորեն հանում էին անկողիններից եւ ուղարկում դեպքի վայր։ Հրշեջներն արագորեն գործի դրեցին մարդկանց տարահանման կոմբինացված ձեւը՝ օգտագործելով եռոտանի, գրոհման եւ ավտոմոբիլային սանդուղքներ։ Կարճ ժամանակում կրակով պատված հյուրանոցից դուրս բերվեց 45 մարդ։ Փրկարարական աշխատանքները հիմնականում ավարտվեցին, եւ հրշեջներն ամբողջովին անցան շինության ձախ թեւն ընդգրկած կրակի դեմ պայքարին։


Սառնամանիք եւ բոց

Որոշ ժամանակ անց էլեկտրացանցերի վթարային խումբը դադարեցրեց ամբողջ թաղամասի էլեկտրամատակարարումը։ Հանգեցին նույնիսկ փողոցային լապտերները, աղետի վայրը լուսավորում էին միայն հրշեջ լուսարձակները։ Փողոցային հիդրանտներին միացրած մայրուղային գծերի թիվն այնքան մեծ էր, որ ջրի ճնշումը կտրուկ նվազել էր։ Հրդեհաշիջման փողրակները, պոմպերի ճյուղավորումներն անընդհատ սառցակալում էին. սարքավորումները տաքացնում էին զոդման լամպերով եւ տեղում վառած խարույկներով։ Սառած փողրակներից ջուրը քաշելու համար դեպքի վայր բերեցին տաք ջրով ջրատարներ։

Մոտ մեկ ժամ հետո փլվեցին ձախ թեւի միջհարկային ծածկերը եւ ձեղնահարկը։ “01” ծառայության աշխատակիցներն ամեն գնով փորձում էին կանխել կրակի ներթափանցումը շինության աջ հատված։ Այդ խնդիրը բավական բարդ էր, քանի որ ստալինյան շրջանի շենքում միայն արտաքին պատերն էին աղյուսից, մնացածը պատրաստված էր փայտից` այսպես կոչված “դատարկություններով”։ “Սիբիրը” փաստորեն հսկայական ծխնելույզ էր՝ հիանալի քարշուժով, որն ուժեղացնում էին քամին եւ սառը օդը։

Անցավ եւս երկու ժամ, եւ պարզ դարձավ, որ հրշեջներին հաջողվել է փրկել շինության աջ հատվածը։ Մինչ այդ պահը ձախ թեւում գրեթե բոլոր ծածկերն արդեն փլվել էին` մերկացնելով ջերմությունից եւ կրակից սեւացած “Սիբիրի” “ընդերքը”։  Հրդեհը մարում էին ամբողջ քաղաքով. դեպքի վայրում աշխատում էին 24 հրշեջ մեքենա եւ 171 հրշեջ։


Ով է մեղավոր եւ ինչ է արվել

Ամբողջ հաջորդ օրը “Սիբիրը” շարունակում էր այրվել եւ ծխալ։ Հրդեհն ի վերջո մարվեց ժամը 03.20-ի սահմաններում։ Ինչպես հետեւում է գործի փաստաթղթերից՝ կրակը ոչնչացրել էր 3325 քառակուսի մետր տարածք։ Հյուրանոցի ձախ թեւն ամբողջովին այրվել էր։ Հրդեհի վայրում գտան 7 մարդու դիակ։ Հյուրանոցում գրանցված եւս 5 մարդու ճակատագիր մինչ այսօր անհայտ է մնում։

Իրկուտսկում տեղի ունեցած հրդեհից հետո կազմվեց հատուկ հանձնաժողով, որը վերլուծեց հրշեջ ծառայության աշխատակիցների բոլոր գործողությունները, նշեց հյուրանոցի հակահրդեհային ստուգայցերի ժամանակ տեղ գտած թերությունները, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ մարդկանց փրկելու ընթացքում հրշեջների սխալները։ Սակայն հրշեջներից ոչ մեկը լրջորեն չպատժվեց, քանի որ իրականում հակահրդեհային ծառայությունն իր առջեւ ծառացած խնդիրը բավական լավ էր լուծել. նման մասշտաբի հրդեհի համար զոհերի թիվը նվազագույն էր, իսկ շինության մեծ մասը հաջողվեց փրկել։

Լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացավ հրդեհի բռնկման պատճառների շուրջ. որոշ ականատեսներ պնդում էին, որ դա կանխամտածված հրկիզում էր։ Սակայն այդ վարկածը չհաստատվեց։ Պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ “Սիբիր” հյուրանոցում հրդեհը բռնկվել է բնակիչների կամ սպասարկող անձնակազմի կողմից կրակի հետ անզգույշ վարվելու հետեւանքով։

 


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`