ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Աշխարհի հզոր աղետների պատմությունից

Աշխարհի ամենաերկար "դիակիզարանները". այրվող թունելներ

Ամբողջ աշխարհում նկատվում է ստորգետնյա տարածության մեջ մարդկանց ներխուժման շարունակական միտում: Առաջին հերթին դա վերաբերում է խոշոր քաղաքներին եւ արդյունաբերական կենտրոններին, որտեղ ակնհայտորեն զգացվում է ստորգետնյա ավտոտնակների, ավտոկանգառների եւ այլ օբյեկտների համար անհրաժեշտ ազատ տարածությունների պակաս:
Ըստ կանխատեսումների՝ խոշոր քաղաքներում ստեղծվելու են ստորգետնյա հսկայական կենտրոններ, որոնք ներառելու են մետրոյի կայարաններ, ստորգետնյա անցումներ, մշակութային, բնակչության սոցիալ-կենցաղային սպասարկման կենտրոններ, ավտոկանգառներ եւ այլն: Քաղաքների զարգացումը կպահանջի նաեւ քաղաքային տրանսպորտի երթեւեկությունը կազմակերպել երկու, երեք եւ ավելի մակարդակներում: Նշված պատճառներով հողի տակ՝ տարբեր խորության վրա կառուցվելու են բազմաթիվ թունելներ եւ թունելային անցումներ:


Խոսելով թունելային շինարարության եւ ստորգետնյա ենթակառուցվածքի ստեղծման մասին՝ պետք է հիշել, որ ցանկացած ստորգետնյա կառույց՝ լինի ավտոմեքենաների կամ երկաթուղային թունել, մետրո կամ ստորգետնյա ավտոկանգառ, վտանգի բարձր մակարդակ ունեցող օբյեկտ է: Այսպես, օրինակ, երկրի մակերեսին բռնկված հրդեհն իր մեջ պարունակում է մարդու կյանքի համար վտանգավոր շատ գործոններ՝ ծուխ, բարձր ջերմաստիճան, օդում թթվածնի քանակի նվազում, կոնստրուկցիաների փլուզում եւ այլն: Սակայն թունելում թվարկված գործոնները կարող են ավելի շուտ հասնել կրիտիկական կետի: Պարզ է նաեւ, որ մարդկանց համար ավելի դժվար է դուրս գալ այրվող ստորգետնյա թունելից, քան վերեւում գտնվող ինչ-որ շինությունից: Ստորգետնյա կառույցներում հրդեհների շիջումը կապված է լուրջ բարդությունների հետ:

Լա Մանշի Եվրաթունելը
Գրեթե բոլորը լսել են ուղեւորաբեռնատար Եվրաթունելի մասին, որն անցնում է Լա Մանշի նեղուցի տակ՝ միացնելով Անգլիայի եւ Ֆրանսիայի ափերը: Թունելը գտնվում է ծովի հատակից 45 մետր խորության վրա, դրա ընդհանուր երկարությունը 50,5 կիլոմետր է: Այս եզակի ճանապարհը հնարավորություն է տալիս երեք ժամում Լոնդոնից հասնել Փարիզ: Սակայն հրդեհի բռնկման դեպքում հարյուրավոր մարդկանց համար այն կարող է նենգ ծուղակ դառնալ:
 
Դեռ թունելի կառուցման ժամանակ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը մտահոգված էր այս կառույցի հակահրդեհային պաշտպանության ապահովմամբ: Պալատի անդամներից մեկը, կարծես կանխատեսելով պատահարը, թունելն անվանեց □աշխարհի ամենաերկար դիակիզարան□: 1996 թ. նոյեմբերի 18-ին Եվրաթունելում առաջին անգամ լսվեց հրդեհային տագնապի ազդանշանը: Կրակը բռնկվեց դյուրավառ նյութերով բեռնատար մեքենայում՝ Ֆրանսիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա: Հրդեհի պատճառն այդպես էլ չի բացահայտվել, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել ինչ-որ մեկի անփութության հետեւանքով: Կրակն ընդգրկեց առջեւից շարժվող գնացքի վագոններից չորսը: Որոշ ժամանակ անց թունելը լցվեց հեղձուցիչ թունավոր ծխով: Ուղեւորները խուճապահար սկսեցին դուրս վազել թունելից: Պատահարի հետեւանքով տուժեց 36 ուղեւոր: Բարեբախտաբար, զոհեր չգրանցվեցին: Կրակի դեմ պայքարում էր 70 հրշեջ, որոնք աշխատելով հակագազերով, բարձր ջերմաստիճանի պատճառով ամեն 10 րոպեն մեկ հերթափոխում էին միմյանց: Հրդեհը հաջողվեց մարել միայն հաջորդ օրվա կեսին:

Մոնբլան
Ալպերում փորված Մոնբլան թունելը, որն ունի 11,6 կմ երկարություն, շահագործման է հանձնվել 39 տարի առաջ: Թունելի մի մասը պատկանում է Ֆրանսիային, մյուսը՝ Իտալիային: Մոնբլանի ընդհանուր լայնությունը 8,6 մետր է, երթեւեկելի հատվածինը՝ 7 մետր: Երկու կողմից տարահանման եւ փրկարարական աշխատանքների համար նախատեսված են 0,8 մետր լայնությամբ կողմնային □ճյուղեր□:
 
1999 թ. մարտի 24-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, կարագով եւ ալյուրով բեռնված բելգիական մի բեռնատար ավտոմեքենա, անցնելով ֆրանսիական կողմի մաքսակետը, ուղեւորվեց դեպի Իտալիա: 10.52-ին բեռնատարը բռնկվեց: Թունելում անմիջապես հնչեց հրդեհի բռնկման ազդանշանը, երկու կողմից դադարեցվեց տրանսպորտի մուտքը ստորգետնյա անցում: Րոպեներ անց թունել մտան առաջին հրշեջ ստորաբաժանումները: Սակայն մրի եւ ծխի պատճառով հրշեջներն ստիպված էին կանգ առնել հրդեհի բռնկման օջախից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Կրակի շիջման աշխատանքները տեւեցին 50 ժամ: Հրդեհի զոհ դարձավ 41 մարդ, այդ թվում` մեկ հրշեջ, ամբողջությամբ այրվեց 34 ուղեւորատար եւ երկու հրշեջ մեքենա:
Հրդեհից հետո թունելը փակեցին եւ երկար ժամանակ վերականգնում էին:

Թաուեր թունելն Ավստրիայում
Թունելներում բռնկված հրդեհների մեծ մասը դասվում է բարդության ամենաբարձր կարգին: Հենց այդպիսի հրդեհ բռնկվեց Թաուեր թունելում 1999 թ. մայիսի 25-ին: Ու թեեւ իր հետեւանքներով Թաուեր թունելի հրդեհն ավելի քիչ ողբերգական էր, քան Մոնբլանինը, բայց, այնուամենայնիվ, այն ցույց տվեց բոլորին եւ առաջին հերթին` թունելների աշխատակիցներին, փրկարարներին եւ հրշեջներին, որ ստորգետնյա կառույցների հրդեհային անվտանգության ապահովման մակերեսային մոտեցումն անթույլատրելի է:
 
Տրանսպորտային երթեւեկության համար թունելը բացվեց 1995 թ. հունիսին: Այն անցնում է ավստրիական Ալպերի Թաուեր լեռան տակ եւ Ավստրիայի հյուսիսն ու հարավն իրար միացնող կարեւորագույն մայրուղիներից է: Այս ստորգետնյա կառույցի երկարությունը 6041 մետր է, երթեւեկելի հատվածի բարձրությունը` 4,7 մետր: Թունելի երկայնքով` իրարից մոտ 200 մետր հեռավորության վրա կա 30 որմնախորշ, որոնք նախատեսված են արտակարգ իրավիճակներում կանչերի համար: Այդ □խցիկներն□ ունեն ապակյա դռներ, պաշտպանված են աղմուկից եւ աղտոտվածությունից: □Խցիկներում□ կան հաղորդակցության սարքավորումներ, ազդանշանային կոճակներ, կրակմարիչներ: Բացի այդ, Թաուեր թունելում տեղադրված է 36 տեսախցիկ: Վթարի դեպքում երեք ինքնուրույն էլեկտրակայան ապահովում են թունելի լուսավորութան 50 տոկոսը, ռադիո եւ հեռախոսակապի, համակարգիչների եւ տեսախցիկների աշխատանքը: Թունելն ապահովված է նաեւ օդափոխման գերժամանակակից համակարգով:


1999 թ. մայիսին թունելի հյուսիսային հատվածում սկսվեցին շինարարական աշխատանքներ, ինչի պատճառով ճանապարհի մի հատվածը (500 մետր երկարությամբ) ժամանակավորապես փակվեց: Երթեւեկությունը չդադարեցնելու նպատակով ճանապարհի մյուս հատվածն օգտագործվում էր երկկողմանի երթեւեկությամբ: Ավտոմեքենաների երթեւեկությունը կարգավորվում էր լուսացույցով: Ճանապարհի հենց այս ծանրաբեռնված հատվածում մայիսի 29-ին մի բեռնատար մեքենա, գերազանցելով թույլատրելի արագությունը, բախվեց լուսացույցի մոտ կանգնած եւ ճանապարհը շարունակելու ազդանշանին սպասող մեքենաների շարանին: Առջեւում կանգնած չորս մեքենաներից երկուսն այնքան էին ձեւախեղվել հարվածից, որ վթարից հետո մի քանի օրվա ընթացքում դրանք համարում էին մեկ մեքենա: Ջարդուփշուր արված մյուս երկու մեքենաները սեղմվեցին թունելի պատին: Բախման ժամանակ տեղի ունեցավ վառելիքի արտահոսք, որին հաջորդեց հրդեհը: Այդ պահին վթարի վայրի ուղղությամբ շարժվում էր մեքենաների շարասյուն: Դրանց մեջ էր նաեւ կովեր տեղափոխող մի բեռնատար: Մեքենաների ուղեւորները փորձեցին հրդեհը մարել ձեռքի տակ եղած կրակմարիչներով, սակայն դա նրանց չհաջողվեց: Կրակը, ծուխը եւ բարձր ջերմաստիճանը գնալով ավելի ինտենսիվ էին դառնում: Խուճապի մատնված մարդիկ սկսեցին վազել ելքի ուղղությամբ:


Թունելում միացված տագնապի ազդանշանը գործի դրեց հակահրդեհային օդափոխությունը, բոլոր լուսացույցերի վրա կարմիր լույս միացվեց: Սակայն որոշ վարորդներ, անտեսելով զգուշացնող կարմիր լույսը, շարունակեցին առաջ շարժվել:
Հրդեհը տարածվում էր չտեսնված արագությամբ: Շատ կարճ ժամանակում ջերմաստիճանը հասավ 1200 0C-ի: Հրշեջներն աշխատում էին շատ բարդ պայմաններում: Թունելի շիկացած առաստաղից եւ պատերից պոկվում եւ հրշեջների վրա էին ընկնում բետոնի կտորներ: Ճանապարհը ծածկվել էր բեկորների հաստ շերտով: Ամենուրեք մոլեգնում էին կրակի բոցեր: Ըստ ականատեսներից մեկի պատկերավոր բնութագրման՝ դժոխքը բացել էր իր երախը: Լրացուցիչ վտանգ ստեղծեցին նաեւ պատերի մասնակի փլուզումները: Այս պատահարի զոհ դարձավ 12 մարդ, ամբողջությամբ այրվեց 40 ավտոմեքենա: Հրշեջների ավելի քան 160 ժամ տեւած անընդմեջ աշխատանքից հետո միայն հաջողվեց մարել թունելի հրդեհը:

Ճոպանուղի Ալպերում
2000 թվականի նոյեմբերի 11-ին ավստրիական Ալպերի Կապրուն հանգստավայրի ճոպանուղու ստորգետնյա թունելում տեղի ունեցավ սարսափելի մի պատահար: Թունելի մուտքից մոտ 600 մետր հեռավորության վրա բռնկվեց զբոսաշրջիկներին լեռան գագաթ բարձրացնող վագոնը: Կրակի զոհ դարձավ 155 մարդ` Ավստրիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների քաղաքացիներ: Հրեղեն տարերքից փրկվեց ընդամենը մի քանի ուղեւոր:

 

 

 

Սեն Գոտարդ
2001 թվականի հոկտեմբերի 24-ին ողբերգական պատահար տեղի ունեցավ Շվեյցարիայի Սեն Գոտարդ թունելում, որն ունի 16 հազար 322 մետր երկարություն: Թունելը շահագործման է հանձնվել 1980 թվականի սեպտեմբերին: Այն կարեւոր տրանսպորտային նշանակություն ունի ոչ միայն Շվեյցարիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Օրինակ, թունելի միջոցով են Իտալիա հասնում Գերմանիայից իրականացվող բեռնափոխադրումները: Ամեն օր թունելով անցնում էր մոտ 19 հազար բեռնատար եւ ուղեւորատար ավտոմեքենա: Ինչպես ասում էին թունելի աշխատակիցները, ամեն տարի Սեն Գոտարդում գրանցվում էր մոտ հինգ հրդեհ, սակայն հոկտեմբերի 24-ինն իր հետեւանքներով ամենասարսափելինն էր:


Երկու բեռնատարի բախման հետեւանքով թունելում հրդեհ բռնկվեց: Մեքենաներից մեկը բեռնված էր անվադողերով: Սեն Գոտարդում ճանապարհի հանդիպակաց ուղղությունները տարանջատված չեն պատով, ուստի բեռնատարներից մեկը, այդպես էլ, չպարզված պատճառներով, դուրս եկավ հանդիպակաց հատված եւ բախվեց շարժվող ավտոմեքենաներին: Հրդեհի արագ տարածմանը նպաստեց այն, որ այրվող անվադողերը բարձր ջերմաստիճան եւ հեղձուցիչ սեւ ծուխ էին առաջացրել: Բացի այդ, բեռնատարներից մեկում պայթեց վառելիքի բաքը: Պայթյունի հետեւանքով ստորգետնյա կառույցը մոտ 100 մետր երկայնքով փլվեց, ինչն էլ ավելի դժվարեցրեց փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքները:


Այս պատահարի հետեւանքով զոհվել եւ անհետ կորել է մոտ 20 մարդ: Թունելի շահագործումը դադարեցվել է: Պետք է նաեւ ասել, որ զոհերի թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե Սեն Գոտարդում նախատեսված չլինեին մարդկանց տարահանման համար հատուկ սրահ եւ ամեն 250 մետրի վրա` բացված պահեստային ելքեր:


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`