Բժշկության պատմության էջերում, բացի անցած դարում բռնկված եւ ներկա դրությամբ արդեն բավական լավ ուսումնասիրված տարբեր համաճարակային հիվանդություններից, արձանագրված են տարօրինակ մի քանի համաճարակներ եւ հույժ արտասովոր հիվանդություններ, որոնց առաջացման եւ անհետացման պաճառներն առ այսօր հայտնի չեն։
Շատ կարճ ժամանակահատվածում, քաղաքներում եւ գյուղերում մեծ թվով մարդիկ հանկարծակի վարակվել են մինչ այդ անհայտ հիվանդությամբ, որից հետո այն, ինչպես սկսվել, այնպես էլ հանկարծակի, հանելուկային ձեւով անհետացել է, որ այլեւս չվերադառնա։
Ֆուկդիդյան ժանտախտ
Օրինակ, ի՞նչ է նշանակում այսպես կոչված աթենքյան ժանտամահ կամ ինչպես անվանել էին այդ հանելուկային հիվանդությունը` “Ֆուկդիդյան ժանտախտ”։
Մ.թ.ա. 431 թվականին տեղի է ունեցել Պելեպոնյան պատերազմը, եւ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր Աթենքի ու Սպարտայի հակամարտությունը, եթե չլիներ Աթենքում հանկարծակի հայտնված տարօրինակ հիվանդության համաճարակը, որը մեկ տարվա ընթացքում խլեց մոտավորապես բնակչության մեկ երրորդի կյանքը, ինչն էլ պատերազմում աթենացիների պարտության պատճառը դարձավ։ Հին հույն պատմիչ Ֆուկդիդի նկարագրության համաձայն. “...հիվանդությունը կարծես սկսվել է Եգիպտոսի հարավում՝ Եթովպիայում, որտեղից այն թափանցել է Եգիպտոս եւ Լիբանան, տարածվել ամբողջ Պարսկական կայսությունով մեկ, ու հանկարծ ներխուժել Աթենք”։ Հենց լակեդեմոնյան Արհիդամա 2-րդ կայսրի հրամանատարությամբ Աթենք մտան պելեպոնյան զորքերը, գրեթե անմիջապես ի հայտ եկավ նաեւ մինչ այդ անհայտ հիվանդությունը, որը սարսափելի արագությամբ տարածվեց։
“Համաճարակի առաջին զոհերը Պիրեի բնակիչներն էին, - գրում է Ֆուկդիդը։ - Ենթադրվում էր, որ պելեպոնցիները թունավորվել են ջրհորից... Հետո հիվանդությունը տարածվել էր, եւ դրա հետեւանքով մահացությունը գնալով շատանում էր”։ Շուտով մարդակեր հիվանդությունը հասավ Աթենքի բնակչությանն ու պաշտպաններին։ Միանգամից շատ աթենացիներ համակվեցին անբացատրելի ջերմությամբ, աչքերը կարմրեցին եւ բորբոքվեցին։ Կոկորդն ու լեզուն դարձան վառ կարմիր, իսկ շնչառությունը` ծանր ու գարշահոտ։ Հետո սկսվեց փռշտոց, կոկորդի քոր եւ հազ։ Դրան հետեւեց լեղիի ուժեղ փսխում եւ նկատվեցին ջղաձգություններ։ Մաշկը ծածկվեց կարմիր ցանով եւ թարախապալարներով, որոնք վերածվեցին խոցի։ Ներքին ջերմությունն այնքան ուժեղ էր, որ հիվանդները չէին կարողանում նունիսկ կրել թեթեւ քաթանե հագուստներ եւ գերադասում էին ամբողջ ժամանակ մերկ լինել։ Նրանց տանջում էր ծարավը, որը հնարավոր չէր հագեցնել նույնիսկ լիառատ ջուր խմելով։ Նրանք չէին կարողանում քնել, քանի որ անհանգստությունը գնալով դառնում էր անտանելի, տանջում անգամ գիշերը։
“Քանի դեռ հիվանդությունն իր տարերքի մեջ էր, մարմինը չորանալու փոխարեն այդ տառապանքներում մնում էր հիանալի տեսքով, - շարունակում է նկարագրել Ֆուկդիդը։ - Եվ եթե նրանք յոթերորդ կամ իններորդ օրը մեռնում էին, ապա ոչ թուլությունից եւ ընկճվածությունից, այլ ներքին ջերմությունից, որը սահման չուներ”։
Ֆուկդիդյան ժանտախտն Աթենքում թեւածեց 2 տարի, որից հետո հանկարծակի էլ դադարեց։ Սակայն մ.թ.ա. 427 թվականի վերջին այդ արտասովոր վարակիչ հիվանդությունը կրկնվեց եւ մնաց եւս մեկ տարի, որպեսզի հետո նորից անհետանա` այս անգամ արդեն ընդմիշտ։
Այս տարօրինակ հիվանդության շուրջ վեճերը չեն դադարում մինչ օրս։ Չնայած դրան վերաբերվող պատմիչների եւ բժիշկների աշխատությունների ցուցակներն ընդգրկում են ավելի քան 100 անվանում, այս հարցում ամբողջական հստակություն առ այսօր չկա։ Որոշ մասնագետներ գտնում են, որ այսպես կոչված աթենքյան ժանտամահը սովորական քութեշն է։ Մյուսները չեն բացառում կարմրուկի, գրիպի համաճարակները կամ էլ հիվանդությունների մի ամբողջական խումբ, օրինակ, տիֆի եւ քութեշի համակցումը։
Անգլիական քրտինք
Ոչ պակաս հանելուկային հիվանդություն է եղել այսպես կոչված “անգլիական քրտինքը” կամ “անգլիական քրտնքային ջերմախտը”։ 15-րդ եւ 16-րդ դարերում Եվրոպայում մոլեգնած բավական տարօրինակ այդ համաճարակը չէր հանդիպել ոչ մինչ այդ, ոչ էլ հիվանդությունից հետո։ Համաճարակը խլեց բազմաթիվ մարդկային կյանքեր, իսկ հետո, ինչպես հանկարծակի ծագել էր, այնպես էլ անհետացել։
Առաջին անգամ այդ հիվանդությունը հայտնվել է 1486 թվականի օգոստոսի 22-ին Անգլիայում եւ մի քանի օրվա ընթացքում գրեթե ամբողջությամբ տարածվել է ամբողջ երկրով մեկ։ Վարակն ուներ բավական բնորոշ նշաններ, որոնք այդ ժամանակվա բժիշկներին ծանոթ չէին, եւ աչքի էր ընկնում արագ տարածումով։
Առողջ մարդկանց մոտ հանկարծակի բարձրանում էր ջերմությունը, դեմքը կարմրում էր, երբեմն նկատվում էին ջղաձգություններ, գլխացավ, հոդացավ, սրտի արագ բաբախում, տհաճ համ եւ բերանից գալիս էր անտանելի հոտ։ Իսկ հետո ամբողջ մարմինը պատվում էր գարշահոտ առատ քրտինքով։ “Անգլիական քրտինքի” եւս մեկ առանձնահատուկ նշան եղել է քնկոտությունը՝ հիվանդը քնել եւ այլեւս չի արթնացել։ Ամբողջ հիվանդությունը տեւում էր մի քանի ժամից մինչեւ մի քանի օր։ Եվ ինչպես պատմում են այդ ժամանակի բժիշկները, երբեմն մահը լինում էր ակնթարթային. նախաճաշին մարդիկ առողջ էին, իսկ ճաշին արդեն մեռած։
“Քրտնքային ջերմախտից” մեռնում էին հիվանդների մինչեւ 95 եւ ավելի 100 տոկոսը։ Ի դեպ, հիվանդանում էին միջին տարիքի մարդիկ, երեխաները եւ տարեցները չէին վարակվում։ Փոխանցվող վարակը չէր տալիս իմունիտետ, շատ քիչ առողջացածները կարող էին երկրոդ, երրորդ անգամ էլ հիվանդանալ։ Առաջին համաճարակը տեւեց հինգ շաբաթ` Անգլիայի քաղաքներում առաջացնելով հսկայական ամայացում։
“Քրտնքային ջերմախտի” հաջորդ համաճարակը բռնկվեց 1507 թվականին, բայց ունեցավ համեմատաբար սահմանափակ ընդգրկում` տարածվելով միայն Լոնդոնում։ Երրորդը սկսվեց 1518 թվականի հուլիսին եւ ավելի արագ տարածվեց, քան առաջին երկուսը։ Այս անգամ հիվանդությունն ընդգրկվեց ամբողջ Բրիտանիան, բացի Շոտլանդիայից եւ Իռլանդիայից, որից հետո թափանցեց Եվրոպա, որտեղ հասավ մինչեւ Ֆրանսիայի Կալի քաղաքը` ճանապարհին վարակելով բնակչության հսկայական զանգվածների։ Երրորդ համաճարակի բերած ամայացումն ու դաժանությունը բավական մեծ էր առաջինից։ Առանց որեւէ նախանշանի հիվանդները երկու կամ երեք ժամից մեռնում էին։ Մի շարք քաղաքներում մեռնում էր բնակչության երրորդ մասը, իսկ որոշ դեպքերում` նույնիսկ կեսը։ Այդ ժամանակ Օքսֆորդի եւ Քեմբերջի համալսարաններում տարօրինակ հիվանդությունից մեռան շատ ուսանողներ եւ անվանի պրոֆեսորներ։
1529 թվականին Լոնդոնում սկսված չորրորդ համաճարակն իր նախորդի ընդգրկումն ունեցավ, հետո հայտնվեց Գերմաիայում, Պրուսիայում, լատվիայում, Լեհաստանում։ Հիվանդությունը չշրջանցեց նաեւ Ռուսաստանը։ Նովգորոդում եւ դրա շրջակայքում մահացավ մոտ 300 հազար մարդ։
16-րդ դարի վերջին “անգլիական քրտնքային ջերմախտը” հանկարծակի անհետացավ եւ այդ ժանամակվանից ի վեր երբեք ու ոչ մի տեղ չհայտնվեց։ Այնպես որ, ներկայումս այս անսովոր եւ հանելուկային հիվանդության ծագման մասին միայն կարելի է ենթադրություններ անել։