Անցյալից դասեր քաղելն ավելի հատուկ է քաղաքական գործիչներին, նրանք են, որ հին ու ավելի հին պատմական դեմքերի գործն ու ճակատագիրը հիշելով՝ փորձում են հեռուն գնացող հետեւություններ անել: Սակայն աղետների պատմությունն էլ հուշում է սխալներ, որոնք շտկելով կամ բացառելով կարող ենք խուսափել մեծ ու փոքր աղետներից:
"Աղետների պատմությունից" խորագրի ներքո ներկայացվող դեպքերը բացի հետաքրքրական լինելը՝ կունենան նաեւ ուսուցողական ուղղվածություն: Կարդալով՝ կարելի է հասկանալ՝ ինչ չի՛ կարելի անել, ինչպես չի՛ կարելի վարվել, ինչու՛ չի կարելի անտեսել հնարավոր վտանգը, վերջապես իմանալ այն պարզ ճշմարտությունը, որ ոչ ոք փորձանք-աղետներից ապահովագրված չէ:
Ածխահան շրջաններում մարդիկ սովոր են ողբերգությունների, սակայն այն, ինչ տեղի ունեցավ 1966 թվականին Հարավային Ուելսի Աբերֆան փոքրիկ գյուղում, ցնցեց նույնիսկ ամենաամուր նյարդեր ունեցողներին։ Ածխային նստվածքի հսկայական հոսքը կուլ էր տվել գյուղի դպրոցը։
Ուելսի պատմությունը մարդկային ողբերգությունների պատմություն է: Ածխափոշով պատված տխուր հովիտները բնակեցվել են մարդկանցով, որոնք պարզապես դատապարտված էին ծանր, հոգնեցուցիչ աշխատանքի, աղքատության եւ վերջապես՝ կյանքի համար ամենօրյա վտանգի, որոնցից չէին կարողանում ազատվել շատ սերունդներ։
Հանքահորեր իջնելիս նրանք պատրաստ էին եւ՛ հանկարծակի փլուզումների, եւ՛ մեթանի պայթյունների։ Բայց ոչ մեկը պատրաստ չէր ողբերգության, որ կարող էր տեղի ունենալ գետնի երեսին։ Եվ երբ սարը փլվեց եւ գետնի տակն առավ դպրոցը, ցնցվեցին բոլորը։ Սարն արհեստական էր, այն ձեւավորվել էր տարիների ընթացքում՝ հանքերից դուրս բերված ապարներից։
Հանքերը կործանեցին երեխաներին, ինչպես նախկինում կործանել էին նրանց հայրերին ու պապերին։ Ողբերգության հետքերն այստեղ երեւում են նույնիսկ այսօր։ Աբերֆանն այլեւս այն տեղը չէ, որտեղ մարդիկ իրենց ապահով են զգում։
Աղետը
Մի քանի շաբաթ հորդ անձրեւները չէին դադարում։ Ջրի հոսանքներն անդադար ողողում էին համար 7 կույտը՝ (ազգային ածխային խորհրդի տերմինաբանությամբ այդպես է անվանվում արտանետված ապարների սարը)։ Ուռուցքի նման այն կպել էր Մերտիր լեռանը, որի գագաթը հազիվ էր նշմարվում անձրեւի վարագույրի հետեւից։
Անձրեւն արեց իր սեւ գործը. առավոտյան 7.30-ին ցեխը շարժվեց։ Հարյուր հազար տոննա քար ու հող անշեղորեն շարժվեցին դեպի բնակավայր։
Փոքրիկ Պոլ Դեվիսն այդ առավոտ դպրոցում էր, եւ քանի որ սիրում էր նկարել՝ փորձեց պատկերել գյուղի վրա շարժվող սեւ զանգվածը։ Մի քանի ժամ անց նրան գտան սողանքի տակ։
Քահանա Քեննետ Հեյսը աղետի րոպեները հիշում է բավական հստակ։ Փողոց դուրս գալով նա տեսել էր, թե ինչպես է դպրոցի վրա հոսում ցեխի հսկայական զանգվածը։ Այնտեղ էր նաեւ նրա 9-ամյա որդին։
Ութնամյա Սյուզեն Մեյբանկը նստած էր դասարանում։ Նա հանկարծ նկատեց, որ պատը ուսուցչի հետեւում քանդվում է։ Աղջիկը վախեցած գոռաց, եւ ուսուցիչը հասցրեց դասարանը դուրս բերել շենքից։ Բայց Սյուզենի 10-ամյա քրոջը չհաջողվեց փրկվել։
Այդ օրը երեխա կորցրեցին գյուղի համարյա բոլոր ընտանիքները։ Զոհերի ընդհանուր թիվը 144-ն էր, որոնցից 116-ը՝ մինչեւ 10 տարեկան երեխաներ։
Ինչպես ընդունված է նման դեպքերում, ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Հետաքննությունը տեւեց 5 ամիս։ Պարզվեց, որ ողբերգությունը կարելի էր կանխել։ Պարզվեց նաեւ, որ երկրում չկա նման աղբակույտերի վերահսկման ու վերացման ազգային ծրագիր։
Երբ հետաքննությունը հիմնավորեց, որ խոշոր արդյունաբերողներն անտեսել են Աբերֆանի աղբակույտի վտանգավորությունը, մասնագետների նախազգուշացումները՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը պաշտոնապես ընկավ ածխային խորհրդի վրա։ Խորհրդի նախագահ լորդ Ալֆրեդ Ռոբենսն իր կյանքում շատ տխուր պահեր ապրեց՝ հիշելով այս ողբերգությունը, տխրություն, որ բոլորովին համեմատելի չէ որդեկորույս ծնողների վշտին։ Տարիներ անց, երբ նշվում էր Աբերֆանի ողբերգության քսաներորդ տարելիցը, նախկին նախագահն ասաց. □Ինձ անվերջ տանջում է այն միտքը, թե հնարավո՞ր էր կանխել աղետը։ Երկրում կան հազարավոր նման կույտեր, որոնք բոլորն էլ տեղական իշխանությունների հսկողության տակ են։ Անմտություն է ամեն անգամ ստուգել՝ բոլո՞րն են արդյոք խստորեն պահպանում անվտանգության կանոնները։ Երբ հիշում եմ, թե ինչով էի զբաղված ածխային խորհուրդը ղեկավարելիս՝ Աբերֆանի ողբերգության ֆոնին ամեն ինչ փուչ է թվում: