Նման վատ եղանակ Համբուրգի բնակիչները դեռ չէին տեսել: Արդեն մի քանի օր փչում էր ոչ այնքան ուժեղ, բայց շարունակական քամի՝ Էլբա գետ բերելով ծովի ալիքները: Եվ էլբան, որը թափվում է Բալթիկ ծով, ի վերջո, դուրս եկավ ափերից ու սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ՝ դեպի իր երկու ափերին փռված քաղաքը: Դա տեղի ունեցավ 1962 թվականի փետրվարի 16-ի գիշերը: Ջուրը հորդում էր Համբուրգի փողոցներով, հրապարակներով` ծածկելով դրանք ջրի մեկ մետրանոց շերտով, հետո երկու մետրանոց, երեք...
Բեռլինից հետո Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքը, որ գտնվում է Բալթիկ ծովից հարյուր կիլոմետր հեռավորության վրա, մասնակիորեն անցավ ջրի տակ: Փողոցներում հայտնված բարձր ջրի պատճառով ամբողջությամբ դադարեցվեց տրանսպորտային հաղորդակցությունը, վնասվեցին հեռախոսային գծերը, շենքերում չէին գործում վերելակները, խափանվել էր ջրի եւ գազի մատակարարումը: Մարդիկ ընդհանրապես չէին կարողանում դուրս գալ տներից՝ ամենուրեք ջուր էր:
Հատկապես ծանր կացության մեջ էին հայտնվել առաջին հարկերի բնակիչները: Նրանք ստիպված էին գիշերը փախչել իրենց տներից: Բայց ու՞ր: Մթության, սառնության մեջ մարդիկ դուրս էին գալիս պատուհաններով, փորձում բարձրանալ ձեղնահարկեր կամ տանիք: Շատերը սայթաքում եւ ընկնում էին հենց այն ջրի մեջ, որից ուզում էին փրկվել: Ջրի ջերմաստիճանը հազիվ յոթ-ութ լիներ, իսկ բարձրությունը հասնում էր երեք մետրի: Լողալ չիմացողների համար դա անխուսափելի մահ էր: Իսկ ի՞նչ անեին տարեցները, դեռ չոչ անող փոքրիկները: Ոչ նավակներ, ոչ էլ փրկարարական այլ միջոցներ ձեռքի տակ չկային:
Ջրային պաշարման ենթարկվեց քաղաքի Վիլհելմսբուրգ թաղամասը, որն ամբողջությամբ անցավ ջրի տակ: Տարերքը մոլեգնեց մի ամբողջ օր, իսկ փետրվարի 17-ի գիշերը ջրի ճնշմանը չդիմացան քաղաքը պաշտպանող ամբարտակները: Սրանք փլվեցին, եւ ազատություն ստացած ալիքները շարունակեցին իրենց մահաբեր երթը Համբուրգի փողոցներով: Ջրի մակարդակը հասավ չտեսնված չափի՝ 5,7 մետրի: Քաղաքին սպառնում էր ամբողջական հեղեղում:
Մարդիկ այլեւս չէին սպասում օգնության: Ինչպես հաճախ է պատահում, առաջնորդվելով □խեղդվողների փրկությունը հենց իրենց՝ խեղդվողների գործն է□ տխուր սկզբունքով, քաղաքի տուժած բնակիչները փայտից եւ կահույքից պատրաստում էին լաստանավակներ, շարունակում մագլցել տանիքները: Թրջված, մրսած, առանց սննդի եւ տաք հագուստի նրանք չէին կարող երկար ժամանակ դիմանալ: Շատերը սայթաքում էին տանիքներից, ծառերից եւ ընկնում սառցե ջուրը:
Էլբայի նման անսպասելի հեղեղում, այն էլ ձմռանը, ոչ ոք չէր կանխատեսել, թեեւ քաղաքային իշխանություններն ունեին ջրհեղեղի դեպքում մարդկանց փրկելու հակաճգնաժամային ծրագիր: Ոչ ոք չէր սպասում ջրի մակարդակի այդչափ բարձրացում մեկ օրվա ընթացքում, ուստի ամեն ինչ կազմակերպվում եւ արվում էր առանց նախապատրաստման:
Մարդկանց փրկելու աշխատանքները համակարգում էր Սաքսոնիայի կառավարության ներքին գործերի նախարար Հելմուտ Շմիդտը՝ Գերմանիայի ապագա կանցլերը: Նրա կարգադրությամբ փրկարարական գործողություններին ներգրավվեցին բանակայիններ: Իրենց օգնությունն առաջարկեցին նաեւ դաշնակից ամերիկացի զինվորականները: Վերջիններս տրամադրեցին նավակներ եւ ուղղաթիռներ: Այսպես Համբուրգի փողոցներում հայտնվեցին ռետինե նավակներ՝ գերմանացի եւ ամերիկացի զինվորներով, երկնքում երեւացին ուղղաթիռներ:
Զինվորները տանիքներից եւ ծառերից, հեղեղված տներից փրկեցին ավելի քան քսան հազար մարդու: Մոտ երկու հարյուր փոքր դեսանտային եւ 140 փչովի նավակ վենետիկյան գոնդոլների նման շարժվում էին հեղեղված փողոցներով: Նավակներում կային տաք սնունդ, խմելու ջուր, ծածկոցներ:
Միայն մի քանի օր անց ջուրը նահանջեց եւ տարերքն ի վերջո հանդարտվեց: Հենց այդ ժամանակ էլ բացահայտվեցին աղետի իրական չափերը՝ զոհվել էր 337 մարդ, 75 հազարը մնացել էին անօթեւան, իսկ ընդհանուր վնասը հասավ երեք միլիարդ գերմանական մարկի:
1962 թվականի փետրվարի 17-ը Համբուրգի բնակիչների համար դարձավ սեւ օր: