Հիանալի քաղաքի վերջին օրը
Անտիոքը, որը Թուրքիայի հարավում գտնվող այսօրվա Անտաքիան է, անվանում էին "Արեւելքի հիանալի թագ"։ Այս քաղաքն իր գեղեցկությամբ ու շքեղությամբ չէր զիջում նույնիսկ Ալեքսանդրիային ու Հռոմին։
Անտիոքն այն քաղաքն էր, որտեղ ծաղկում ապրեց քրիստոնեությունը, այստեղի քրիստոնեական համայնքը հնագույններից մեկն է համարվում։ Այստեղ առաջին անգամ Հիսուս Քրիստոսի հետեւորդներին քրիստոնյա անվանեցին։
526 թվականի մայիսի 29-ին, Քրիստոսի Համբարձման տոնին, Անտիոքը բազմամարդ էր. ժողովուրդը քաղաք էր եկել տոնին մասնակցելու։
Քաղաքը եռում էր։ Երեկոյան, սակայն, ամեն ինչ կանգ առավ. գետինը ցնցվեց ստորգետնյա հզոր ցնցումներից, տները փլվում էին թղթե տնակների նման։ Փլատակների տակ մնացին հազարավոր մարդիկ։
Մարդիկ, ուշքի գալով, սկսեցին փնտրել իրենց հարազատներին, երբ իրար հաջորդեցին եւս մի քանի ուժգին ստորգետնյա ցնցումներ։ Եւ կարծես դա քիչ էր, շուտով ուժեղ հրդեհ բռնկվեց, որն ականատեսները նմանեցրել են կրակե անձրեւի։
Առավոտյան Անտիոքը ջնջված էր գետնի երեսից։
Այդ գիշեր զոհվեց 250-300 հազար մարդ։ Քաղաքում կանգուն էր մնացել միայն ոսկե գմբեթով 200-ամյա եկեղեցին, որն էլ փլվեց երկրաշարժից 5 օր անց։
Մահը քարանձավներում
Չինաստանի հյուսիսային գավառներից Շանյսին համարվում էր կայսրության ամենաաղքատ շրջաններից մեկը։ Մարդիկ այստեղ ապրում էին լեռների մեջ փորված քարանձավներում։
1556 թվականի հունվարի 23-ին այստեղ երկրաշարժ տեղի ունեցավ, որից փլուզվեցին համարյա բոլոր քարանձավները։ Աղետի հետեւանքով զոհվեց 800 հազար մարդ։ Նրանց մեծ մասը ողջ-ողջ թաղվեց սեփական քարանձավ-բնակարանում։
Փողոցների դղրդյունը
Այդ օրը՝ 1906 թվականի ապրիլի 17-ին, Սան Ֆրանցիսկոյի բնակիչներն արթնացան փշրվող ապակիների ու կոտրվող ծառերի աղմուկից։ Ցած ընկնող սյուների ու քարերի դղրդյունը տեւեց մոտ մեկ ժամ, որին հաջորդեց խորը լռությունը։
Քաղաքի մի շարք շրջաններ վեր էին ածվել ավերակների։
Ինչպես հաճախ պատահում է, երկրաշարժին հաջորդեց հրդեհը։ Այն մոլեգնեց ողջ քաղաքով՝ իր ճանապարհին ոչնչացնելով ամեն ինչ։
Հրշեջներն անզոր էին տարերքի առաջ, քանի որ երկրաշարժի հետեւանքով վնասվել էին ջրատար խողովակները։
Այդ օրը զոհվեց 750 մարդ, քանդվեց 28 հազար 188 շինություն։
Ողբերգություն՝ Բոլոր Սրբերի օրը
Լիսաբոնում, երբ այն դեռ Պորտուգալական թագավորության մայրաքաղաքն էր, ավելի քան 225 հազար մարդ էր ապրում։ Այն խոշոր մշակութային ու հոգեւոր կենտրոն էր։
1755 թվականի նոյեմբերի 1-ը կիրակի էր։ Մարդիկ առավոտյան եկեղեցի էին գնում։
9։30 րոպեին քաղաքը հանկարծակիի եկավ ուժեղ ստորգետնյա ցնցումներից։ Գետնի տակից դղրդյուն էր լսվում։ Այդ ամենը ընդամենը 2 րոպե տեւեց, բայց այդ ընթացքում փլվեց Լիսաբոնի շենքերի մեծ մասը։
Աղետին հաջորդեց հրդեհը, որը կարծես ուղարկված էր ավարտելու ավերիչ երկրաշարժի գործը։ Զոհերի թիվը հասել էր 60 հազարի։
Ուշագրավ է այն փաստը, որ քաղաքում փլվել էին բոլոր եկեղեցիները, մինչդեռ հասարակաց տները կանգուն էին մնացել։
Օգնություն չեղավ
Էկվադորում 1797 թվականի փետրվարի 4-ին հզոր երկրաշարժը հիմնահատակ ավերեց Կիտո քաղաքը։ 4 ուժգին ցնցումները մեկ ժամում ոչնչացրեցին քաղաքը, որը գտնվում էր ծովի մակարդակից 2850 մ բարձրության վրա։
Բնակչության մեծ մասը՝ մոտ 40 հազար մարդ զոհվեց տեղում։ Ավելի դաժան ճակատագիր էր սպասվում ողջ մնացածներին։ Նրանցից շատերը մահացան ողբերգության հաջորդ օրերի ընթացքում՝ սովից ու ստացված վնասվածքներից։ Երկրաշարժն ավերել էր լեռնային քաղաք տանող բոլոր ճանապարհները, եւ փրկարարները չէին կարողացել օգնության հասնել։
Սոցիալական կարգավիճակը՝ փրկության պատճառ
"Ավերակների կույտին նստած էին մի քանի հոգի՝ պատսպարվելով միայն անձրեւանոցով։ Նրանք ոչինչ չասող հայացքով նայում էին անորոշ ուղղությամբ եւ չէին արձագանքում ոչ մի հարցի" - այսպես է նկարագրում ականատեսը մարդկանց՝ Մեսսինի 1908 թվականի դեկտեմբերի 28-ի երկրաշարժից հետո։
Ցուրտ ու անձրեւոտ մի առավոտյան երկիրը ցնցվեց։ Երկրաշարժի էպիկենտրոնը Մեսսինի նեղուցն էր, որը Սիցիլիան բաժանում է Իտալիայից։
Տներն այստեղ բարձրահարկ էին, կառուցված էին սալաքարերով եւ
սեյսմակայուն չէին։ Փլատակների տակից դուրս եկողներին քշում էր ծովը. ալիքներն այդ օրը 10 մետր էին։ Միայն Մեսսինում 86 հազար մարդ զոհվեց, հարեւան Ռեջո-դի-Կալաբրիայում զոհերի թիվը 40 հազար էր։
Փրկվածները հիմնականում ծառայողներ ու բանվորներ էին, որոնք վաղ առավոտյան դուրս էին եկել աշխատանքի։
1783 թվականին Մեսսինն արդեն մի անգամ ավերվել էր, բայց մարդիկ դաս չէին առել՝ կառուցելով ոչ ամուր շինություններ։ Միայն 1908 թվականից հետո սեյսմակայուն շենքերի կառուցման օրենքներ ընդունվեցին։