Եթե պատասխանատու հարցազրույցից, քննությունից կամ ապագա աներոջ հետ առաջին հանդիպումից առաջ դուք դողում եք ու ձեր տեղը չեք գտնում, պետք չէ վալերիանի կաթիլներ կուլ տալ։ Ավելի լավ է 30 հատ կքանիստ արեք եւ պառկած ձգումներ, ասում են մասնագետները։
Պարբերական ֆիզիկական վարժությունները կարող են զգալիորեն նվազեցնել տագնապայնության աստիճանը, որը հաճախ շատ քրոնիկական հիվանդությունների մշտական ուղեկիցն է եւ մարդուն թերեւս ավելի շատ է տանջում, քան ֆիզիկական ցավը։ Նման հետեւությունների են հանգել ԱՄՆ Ջորջիայի նահանգի համալսարանի կինեզիոլոգիայի ամբիոնի մասնագետները։
Կինեզիոլոգիա
Համեմատաբար նոր ուղղություն է (40 տարուց պակաս), որը ելնում է մարդկային օրգանիզմի ինքնակարգավորման սկզբունքից։ Կինեզիոլոգիայի հիմնական լոզունգն է` մարմինն ավելի լավ գիտի, թե ինչ է իրեն պետք տվյալ պահին։
Տագնապի ախտանշանները
- Հաճախասրտություն
- Դող, ձեռքերի ու ոտքերի թուլություն
- Քրտնարտադրություն, սառն ափեր
- Շնչառության դժվարացում
- Փորի ներքեւի հատվածում սեղմման զգացողություն
- Ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի խանգարում
- Արյան ուժեղ հոսք դեմքի շրջանում
- “Սագամաշկ”
Հետազոտության ընթացքում բժիշկները հնարավորություն են ստացել վերլուծելու տարբեր հիվանդություններով տառապող 2914 մարդկանց փորձը։ Նրանց միավորում էր այն, որ բոլորն էլ դեպրեսիայի ու տագնապի ախտանիշներ ունեին։ Գիտնականները հայտնաբերել են, որ իրենց ֆիզիկական ակտիվությամբ օրական առնվազն 30 րոպե ծանրաբեռնող հիվանդների տագնապայնությունը 20 %-ով նվազում է։
- Մեր հետեւությունները եզակի չեն, բայց դրանք լրացնում են այն տեսությունը, որ ֆիզիկական ակտիվությունը, օրինակ` քայլքը կամ ծանրությունների բարձրացումը, կարող են լավագույն դեղամիջոցը լինել` քրոնիկական հիվանդություններին ուղեկցող հոգեբանական հավասարակշռության խախտումների ժամանակ։ Մենք կարող ենք պարզագույն մեթոդներով օգնել հիվանդներին ազատվել տագնապներից ու դեպրեսիայից, - ասում է աշխատանքների ղեկավար, դոկտոր Մեթյու Հերինգը։
Հերինգը պատմել է նաեւ, որ ներկա պահին լավ ուսումնասիրված է ֆիզիկական ծանրաբեռնվածության դերը դեպրեսիվ վիճակների թեթեւացման գործում։ Մինչ այս տագնապայնությանն այնքան էլ մեծ ուշադրություն չէր դարձվում հետազոտողների կողմից։