Շտապում եք դպրո՞ց կամ աշխատավա՞յր, եւ տեղը տեղին հաց ուտելու ժամանակ չկա՞։ Արագ-արագ լավաշի մեջ եք փաթաթում մի կտոր պանիր եւ դուրս թռչում տանից։ Սա, երեւի թե, սանդվիչի մեր տեղական, հայրենական տարբերակն է։ Սակայն եթե հայկական ֆասթ-ֆուդի ամենահայտնի կերակրատեսակի՝ բրդուճի հայտնագործման ստույգ տարեթիվն ու հեղինակը հայտնի չեն, ապա արագ պատրաստվող սննդի սիրահարների պատմությունը համար պահպանել է սենդվիչը հայտնագործողի անունը։ Պարզվում է, որ հիմնականում մարդկանց չունեւոր խավի համար նախատեսված ուտելիքն ի սկզբանե ազնվական ծագում է ունեցել։ Այն ստեղծել է Բրիտանական կայսրության ռազմածովային եւ արտաքին գործերի նախարար Ջոն Մոնթեգյուն՝ 4-րդ կոմս Սենդվիչը։ Տարբերակներից մեկի համաձայն՝ կոմսը խաղաթղթերի մեծ սիրահար էր։ Ասում են, որ 1762 թ. Լոնդոնի տղամարդկանց ակումբներից մեկում նա մեծ հաջողությունների է հասել եւ դրանից ոգեւորվելով խաղասեղանի մոտ անցկացրել է մի ամբողջ օր՝ 24 ժամ։ Որքան էլ հաջողությունը մեծ լիներ, կոմսը քարից չէր շինված եւ, բնականաբար, այդ ընթացքում նրա մեջ քաղցի զգացում է առաջանում (այլ կարիքների մասին պատմությունը լռում է)։ Չցանկանալով ռիսկի դիմել եւ ընթրելու համար լքել խաղասեղանը՝ կոմսը պատվիրում է իր համար բերել երկու կտոր հացի արանքում դրված մի շերտ պանիր եւ մի կտոր տապակած միս, որպեսզի կարողանա քաղցը հագեցնել առանց խաղից կտրվելու։ Այս միտքն այնքան է դուր գալիս մյուս խաղացողներին, որ նրանք եւս սկսում են պատվիրել “նույնը, ինչ Սենդվիչին”։
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ կոմսն այնքան աշխատասեր էր, որ հաճախ, նույնիսկ, ուտելու նպատակով չէր ցանկանում լքել իր գրասեղանը։ Այդ պատճառով նրա հիմնական սնունդը երկու շերտ հացի արանքում դրված սառը միսն էր, որը նա ուտում էր աշխատելու ընթացքում՝ միաժամանակ հասցնելով մյուս ձեռքով գրառումներ անել։
Ինչեւէ, շատ շուտով քաղցը հագեցնելու այս եղանակը դառնում է երեխաների ու զբաղված մարդկանց ուտելու վրա ծախսվող ժամանակը տնտեսելու ամենատարածված ձեւը եւ, ելնելով այդ նույն ժամանակի պահանջներից, մարդիկ հորինում են դրա նոր տարբերակներ։
Ինչպե՞ս կարելի է սենդվիչը տարբերել բուտերբրոդից։ Այսպես ուրեմն, սենդվիչը բաղկացած է առնվազն երկու կտոր հացից, որոնց մեջտեղում դրվում է միջուկը՝ զանազան համեմունքներով ու սուուսներով համեմված միս, պանիր կամ բանջարեղեն։ Իսկ բուտերբրոդ բառացի նշանակում է “հաց ու կարագ”։ Սենդվիչի չափն ու ձեւը եւս տարբեր են։ Սկսած շատ փոքրից, որը կարելի է միանգամից կուլ տալ, մինչեւ այնքան մեծ, որը հնարավոր է ուտել միայն դանակ-պատառաքաղի օգնությամբ։
Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի սենդվիչի իր ազգային տարատեսակը։ Օրինակ` Հնդկաստանում դրանք հիմնականում բուսական ծագում ունեն եւ պատրաստվում են լոլիկից, կարտոֆիլից, բազուկից եւ այլ բանջարեղենից։ Արաբական սենդվիչը հայտնի է արամ կամ լեւանտ անունով։ Այն պատրաստվում է լավաշով, սերուցքային (հալած) կամ կոշտ պանրով, մսի բարակ կտորներով, սալաթի տերեւներով կամ այլ միջուկով։ Ամերիկայում տարածված են սենդվիչի բուրգեր, համբուրգեր, սուզանավ-սենդվիչ եւ ակումբային սենդվիչ տեսակները։ Այս վերջինը բաղկացած է հացի երեք կտորից, ապխտած մսից, հնդկահավի մսից, խոզի ապխտած մսից, բանջարեղենից ու մայոնեզից։ Սուզանավ են անվանում բատոններով կամ երկարավուն հացիկներով պատրաստված սենդվիչը։ Հյուսիսային ամերիկացիները նախաճաշի համար ավանդաբար պատրաստում են գետնանուշի (արախիս) կարագով ու դոնդողով սենդվիչ։ Հացի մի կտորի վրա կարագ են քսում, մյուսի վրա՝ որեւէ մրգային դոնդող, ջեմ կամ մարմալադ։ Ի դեպ, սա նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի սիրելի ուտեստն է։
Թուրքակական սենդվիչն անվանում են դյոներ քյաբաբ։ Այն հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլեւ Գերմանիայում ու Մեծ Բրիտանիայում եւ, ինչպես հուշում է նրա անունը, այն պատրաստվում է քյաբաբով։
Կուբայի բնակիչները նախընտրում են “կուբանո” սենդվիչը, որը պատրաստվում է տեղական հացով, ապխտած մսով, խոզի տապակած մսով, մանանեխով, մայոնեզով, սամիթով ու շվեյցարական պանրով։
Սակայն ինչպիսի բաղադրություն էլ այն ունենա, սենդվիչն այնքան էլ օգտակար ուտեստ չէ, եւ չարժե այն չարաշահել։ Իհարկե, տնային պայմաններում պատրաստածն անհամեմատ ավելի անվտանգ է, քան բիստրոներից կամ պատահական կրպակներից գնվածը, որոնց մեջ կարող են լինել զանազան արհեստական համային հավելումներ կամ պատրաստվել ոչ հիգիենիկ պայմաններում։ Արագ սպասարկման սննդի կետերում մշտապես սնվելը բացասական ազդեցություն է ունենում լյարդի գործունեության վրա։ Բացի դրանից, այդօրինակ սննդից օրգանիզմը չի ստանում սպիտակուցների ու վիտամինների իրեն անհրաժեշտ չափաբաժինը։
Ողջ աշխարհում կազմակերպվում են սենդվիչին նվիրված մրցույթներ, սահմանվում են սենդվիչներ ուտելու ռեկորդներ, սակայն պետք չէ մոռանալ, որ սնունդը պետք է լինի ոչ միայն համեղ, այլեւ` օգտակար։