Թերթի նախորդ համարներում մենք արդեն խոսել ենք այն մասին, թե որքան կարեւոր է երեխայի հետ ընդհանուր լեզու գտնելը, որպեսզի նա ծնողներին լիովին վստահի եւ ամեն ինչի մասին պատմի, թե ինչպես է անցել նրա օրը դպրոցում կամ մանկապարտեզում, ում է հանդիպել, ով ինչ է ասել եւ այլն։ Գուցե այդ զրույցների ընթացքում փոքրիկը պատմի մի մարդու մասին, որը հաճախ է նրան նայում, հետեւում, երբ նա խաղում է բակում, գնում է խանութ կամ դպրոց։ Նման դեպքերում ծնողի վերաբերմունքը հաճախ արտահայտվում է «Հիմարություններ դուրս մի տուր» կամ «Շատ սիրուն ես, դրա համար էլ նայում են» բառերով։ Սակայն այդպիսով ծնողները կարող են ոչ միայն վիրավորել երեխային, այլեւ կորցնել վստահությունն իրենց նկատմամբ։ Եթե նույնիսկ կարծում եք, որ այդ պատմությունները երեխայի երեւակայության արդյունք են, ավելի ապահով լինելու համար աշխատեք պարզել բոլոր մանրամասները։ Առաջին հերթին հարցրեք փոքրիկին, թե ինչպիսի մարդ է նա, վաղուց է արդյոք նրան նկատել եւ ինչ արտաքին ունի։ Այնուհետեւ ճշմարտությունն իրականությունից զանազանելու համար որոշ ժամանակ ուղեկցեք նրան դպրոց գնալիս կամ ավելի ուշադիր եղեք այն վայրի նկատմամբ, որտեղ փոքրիկը նկատել է իրեն հետեւող անծանոթին։ Լավ կլինի, որ դուք միասին լինեք` երեխային ձեզանից մի փոքր առաջ թողնելով։ Եթե իսկապես նկատեք, որ ինչ-որ մեկը հետեւում է երեխային, ապա սկսեք անպայման ճանապարհել ու դիմավորել նրան դպրոցից տուն գալիս, միայնակ մի թողեք բակ եւ, ընդհանրապես, ուղեկցեք նրան որեւէ տեղ գնալիս։ Այդպիսով դուք անծանոթին զգացնել կտաք, որ երեխան միշտ ձեր հսկողության տակ է։ Աշխատեք լավ հիշել նրա արտաքինը եւ մյուս ծնողներից հետաքրքրվեք, արդյո՞ք նրանց երեխաներն այդ մարդուն չեն նկատել։ Եթե դուք ամենուր սկսել եք ուղեկցել փոքրիկին, սակայն ոչ մի տարօրինակ բան չեք նկատել, ապա փորձեք ստուգիչ հարցերով պարզել արդյո՞ք նա ձեզ չէր խաբում։ Օրինակ` կարող եք հարցնել. «Դա այն կարմիր վերնաշապիկով մարդը չէ՞ր» կամ «Ուշադրություն դարձրե՞լ ես նրա ձեռքին դաջվածքին»։ Եթե երեխան ստել է, ապա ձեր խայծը կուլ կտա եւ սկսի խոսել։ Հարցրեք, թե ինչ հեռավորությունից է տեսել եւ խնդրեք մանրամասն նկարագրել վերնաշապիկի կամ դաջվածքի նախշը։ Եթե երեխան ստում է, ապա նա կարող է նկարագրել նույնիսկ ամենաչնչին մանրուքները, որոնք կարելի է տեսնել միայն շատ մոտ հեռավորությունից։
Զրույցի ընթացքում երեխան կարող է պատմել նաեւ հարեւաններից մեկի մասին, որը միշտ հարթակի վրա է հայտնվում հենց այն պահին, երբ փոքրիկը դուրս է գալիս տանից։ Նա հաճախ նաեւ քաղցրավենիք կամ այլ նվերներ կարող է տալ երեխային։ Արգելեք նրան ընդունել այդ նվերները եւ մյուս հարեւաններից հետաքրքրվեք, թե արդյո՞ք վերոնշյալ հարեւանն իրենց երեխաների նկատմամբ էլ է նման ուշադրություն ցուցաբերում։
Եթե փոքրիկը ձեզ պատմի, որ դպրոցի զուգարանում ինչ-որ մեկը հետեւում է իրենց, ապա ասացեք նրան, որ այսուհետ այնտեղ գնա միայն դասընկերների կամ ուսուցչի ուղեկցությամբ եւ ոչ մի դեպքում որեւէ պատճառաբանությամբ չմոտենա այդ անձնավորությանը։ Այս պատմությունը կարող է վերաբերել նաեւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչին, որը հաճախ է հայտնվում, օրինակ, աղջիկների հանդերձարանի մոտ։ Այդ դեպքում անպայման խոսեք դասարանի մյուս ծնողների հետ, եւ եթե երեխայի պատմածը հաստատվի, ապա տվյալ ուսուցչին փոխարինելու կամ աշխատանքից հեռացնելու խնդրանքով դիմեք դպրոցի տնօրենին։
Երբեմն երեխան կարող է սխալ մեկնաբանել ուրիշի ուշադիր հայացքը։ Օրինակ` դեռահաս աղջիկները, նկատելով իրենց կողմը նետված հայացքները, սկսում են կոկետություն անել եւ մոռանում սեփական անվտանգության մասին։ Աղջկա համար դա միայն խաղ է, սակայն դիմացինը դա կարող է ընկալել որպես ավելի վճռական գործողությունների անցնելու հրավեր։ Բացատրեք ձեր դստերը, որ նման պահվածքը կարող է մարդկանց բռնության հրահրել։
Փոքրիկը քայլում է փողոցով եւ նրան թվում է, թե ինչ-որ մեկը հետեւում է իրեն։ Նա արագացնում է քայլերը, անծանոթը` նույնպես, երեխան թեքվում է, հետեւից եկողը` նույնպես։ Ինչպե՞ս ստուգել ձեզ հետեւում են, թե պարզապես ձեր ճանապարհները համընկել են։ Առաջին հերթին երբեք մի մտեք մութ ու նեղլիկ փողոցներ` հույս ունենալով, թե հետապնդողը կկորցնի ձեզ։ Միշտ աշխատեք քայլել լավ լուսավորված վայրերով, քանի որ այդպիսով ոչ միայն նա է ձեզ տեսնում, այլեւ դուք նրան, ինչը շատ կարեւոր է։ Եթե ճանապարհին խանութ կա, մտեք ներս եւ դուրս եկեք երկրորդ դռնից։ Եթե խանութն այլ ելքի դուռ չունի, իսկ անծանոթը ձեր հետեւից մտել է ներս, ապա ձեւացրեք, թե դուրս եք գալիս։ Եթե նա եւս ցանկանա դուրս գալ ձեր հետեւից, ապա համարձակորեն մոտեցեք խանութի կառավարչին կամ հերթապահող անվտանգության աշխատակցին։ Անհրաժեշտ է հեռախոսից օգտվելու թույլատվություն խնդրել եւ զանգահարել ծնողներին, որպեսզի նրանք գան ձեր հետեւից։ Պահակին երեխան կարող է հայտնել, որ իրեն հետապնդում են եւ խնդրի մի փոքր պահել անծանոթին, որպեսզի ինքը հասցնի հեռանալ։
Տեսնելով, որ դուք խոսում եք հեռախոսով` անծանոթը կարող է մոտենալ ձեզ եւ ձեւացնել, թե պատահաբար հանդիպել է իր հին ընկերներից մեկին, որին վաղուց չի տեսել։ Այդ դեպքում առանց ամաչելու բարձրաձայն հայտարարեք, որ դուք նրան չեք ճանաչում եւ, ընդհանրապես, առաջին անգամ եք տեսնում։ Դա կգրավի խանութի մյուս այցելուների ուշադրությունը, եւ կստիպի անծանոթին հրաժարվել իր ոչ այնքան բարի մտադրություններից։ Սակայն հնարավոր է նաեւ, որ նա շարունակի պնդել իրենը։ Եթե խանութում որեւէ ծանոթ կամ հարեւան չկա, ապա դիմեք այն կնոջը կամ տղամարդուն, որը ձեզ փոքրիշատե վստահություն կներշնչի` ասելով. «Դուք ինձ չե՞ք հիշում։ Մենք հանդիպել ենք այսինչի տանը»։ Մոտենալով ցածրաձայն ասացեք, որ ոչ մի կերպ չեք կարողանում ազատվել այդ մարդուց եւ խնդրեք ձեր «ծանոթին» խանութից դուրս գալիս ուղեկցել ձեզ։ Փողոցում արդեն կարող եք ներողություն խնդրել նրանից անհանգստություն պատճառելու համար եւ շնորհակալություն հայտնել օգնության համար։
Եթե ճանապարհին խանութ չկա, ոչ մի դեպքում չմտնեք կրկնակի մուտք ունեցող շենքը, քանի որ հետապնդողը նույնպես կարող է այդ մասին իմանալ եւ փակել ձեր ճանապարհը։ Նման դեպքերում պարզապես դիմեք փողոցում հանդիպած անցորդներից մեկին` կրկին նրան ծանոթ ձեւանալով։ Մի ամաչեք, քանի որ դրանից է կախված ձեր անվտանգությունը։