Երեխան ծննդյան տոնի կամ մեկ այլ միջոցառման է հրավիրված։ Նա ուրախ-ուրախ պատրաստվում է, իսկ մայրիկը ծանր հոգոց է հանում՝ կանխազգալով սպասումի երկար ժամեր, հերթապահություն պատուհանի մոտ եւ ժամացույցին նետված անհանգիստ հայացքներ, հատկապես, եթե արդեն մթնում է։ Չէ՞ որ այդ ժամանակ երեխան մտածում է միայն որքան հնարավոր է արագ տուն հասնելու մասին։ Նրա համար արդեն այդքան էլ էական չէ նա հարեւան շենքում է, թե քաղաքի մյուս ծայրում։ Արագ տուն հասնելու համար երեխան կարող է ընտրել առավել կարճ, բայց ոչ այնքան անվտանգ ճանապարհը։
Ձեզ եւ ձեր փոքրիկին տհաճ իրավիճակներից զերծ պահելու համար կարող եք նախապես պայմանավորվել, որպեսզի ճանապարհին հանդիպեք եւ ուղեկցեք նրան տուն։ Բնականաբար, երբ երեխան դեռեւս փոքր է դա ինքնստինքյան այդպես է լինելու, սակայն ի՞նչ անել, եթե նա արդեն ոչ թե յոթ կամ ինը, այլ 15-16 տարեկան է։ Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, նա ձեր առաջարկությունը սվիններով կդիմավորի՝ ասելով, որ ինքն արդեն փոքր չէ։ Այստեղ նրան համոզելու ամենակարեւոր փաստարկներից մեկը կարող է լինել այն, որ դուք միշտ ուղեկցում եւ դիմավորում եք ձեր տիկնոջը կամ մայրիկին՝ չցանկանալով նրանց ենթարկել ավելորդ վտանգի։ Վստահեցրեք նրան, որ իր ընկերները չեն իմանա, որ ծնողները եկել են նրա հետեւից։ Օրինակ, եթե երեխան գտնվում է ընկերներից կամ ընկերուհիներից մեկի տանը, եւ մութն արդեն ընկել է, ապա նա պետք է զանգահարի տուն եւ ասի, որ 15-20 րոպեից պատրաստվում է դուրս գալ։ Դա ծնողների համար ազդանշան կլինի, որ ժամանակն է գնալ նրան դիմավորելու։ Սակայն դա պետք է անել ոչ թե ձեր, այլ ընկերոջ (ընկերուհու) տան շենքի մուտքի, իսկ ավելի լավ է բնակարանի մոտ։ Կարիք չկա նրան ընկերների մոտ անհարմար դրության մեջ դնել։ Անհրաժեշտ է այնպես կանգնել, որ նրանք ձեզ չնկատեն, բայց ձեր տեսադաշտն ազատ լինի։
Սպասեք, որ բնակարանի դուռը փակվի, եւ նոր միայն մոտեցեք երեխային։ Եթե դուք նրա ընկերոջ ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունեք, ապա կարող եք ներս մտնել եւ երեխայի հետ դուրս գալ։ Եթե այդ տունը հեռու է գտնվում, ապա երեխան ձեզ պետք է հայտնի այնտեղից դուրս գալու ստույգ ժամը, որպեսզի դուք հանդիպումից չուշանաք, եւ նա ստիպված չլինի ձեզ սպասել։ Եթե նա զանգելու հնարավորություն չունի, ապա հանդիպման տեղն ու ժամը նախապես որոշեք։ Դա պետք է լինի լավ լուսավորված վայր։ Չմոռանաք, որ դեպի հանդիպման վայրը տանող ճանապարհը նույնպես պետք է մարդաշատ եւ լավ լուսավորված լինի։ Խորհուրդ չի տրվում հանդիպում նշանակել զբոսայգիների, քաղաքի անտառային հատվածների, կամրջի կամ կամարի տակ եւ, ընդհանրապես, այնպիսի վայրերում, որտեղ կարող են հավաքվել զանազան արկածախնդիրներ։ Աշխատեք բաց տարածք ընտրել, օրինակ՝ ավտոբուսի կանգառը կամ մետրոյի սպասասրահը, որտեղ շատ մարդիկ կան, եւ որտեղ երեխան կարող է վտանգի դեպքում տեղի հերթապահներից կամ ոստիկաններից օգնություն խնդրել։ Լավ կլինի, որ դուք նշանակված ժամից 10-15 րոպե շուտ գաք։
Եթե երեխան պետք է գա էլեկտրագնացքով կամ մետրոյով, ապա պայմանավորվեք հանդիպել գնացքի կառամատույցին, օրինակ՝ առաջին վագոնի մոտ։ Բացատրեք նրան, որ ավելի լավ է տեղ գրավել որեւէ ընտանեկան զույգի կամ երեխա ունեցող կնոջ կողքին, քան թե երիտասարդների աղմկոտ ընկերախմբի։ Եթե երեխան շփվող է եւ հնարավոր է, որ ճանապարհին զրույցի բռնվի ուղեւորներից որեւէ մեկի հետ, ապա նա ոչ մի դեպքում չպետք է հայտնի իր ուղեւորության վերջնական կետը։ Չի կարելի օգտվել գնացքում առաջարկվող հյուրասիրությունից, քանի որ հաճելի եւ զրուցասեր ուղեւորը (ավելի հաճախ՝ ուղեւորուհին) կարող է պարզապես հանցագործների կողմից լարված թակարդի խայծը լինել, որը փնտրում է նրանց հերթական զոհին։ Դուրս գալով գնացքից՝ երեխան պետք է ձեզ ձեռքով անի եւ բարձր բղավի. «Հայրի՛կ (մայրիկ), ես
այստեղ եմ», որից հետո դուք կարող եք ընդառաջ գնալ նրան։
Երեխան կարող է հանդիպման մասին պայմանավորվել նաեւ իր ընկերների հետ։ Այս պարագայում եւս ժամադրության վայրի ընտրությունը պետք է կատարվի վերը նշված չափանիշներով։ Եթե որոշ ժամանակ անց երեխան վերադառնում է եւ ասում, որ հանդիպումը չի կայացել, ապա անհրաժեշտ է զանգահարել ընկերոջ (ընկերուհու) ծնողներին։ Այդպիսով նա կարող է պարզել ընկերոջ ուշացման կամ չգալու պատճառը, ինչպես նաեւ հնարավոր վտանգի մասին ժամանակին զգուշացնել նրա ծնողներին։
Եթե երեխան ցանկանում է աշխատանքից հետո ձեզ հանդիպել, ապա մանրամասն բացատրեք նրան, թե ինչպես, որ համարի տրանսպորտով նա կարող է գալ ձեր աշխատավայր։ Ասացեք նաեւ, թե դուք, սովորաբար, որ ճանապարհով եք տուն վերադառնում, եւ ինչպես ինքը կարող է գնալ տուն։ Եթե ճանապարհն անվտանգ չէ (աշխույժ երթեւեկություն, հետիոտների համար նախատեսված անցումներ չկան, շենքը գտնվում է փակուղու մոտ եւ այլն), ապա կարող եք հանդիպել կանգառում, որտեղ կանգնում է այն տրանսպորտը, որով գալու է երեխան։ Խնդրեք նրան տանից դուրս գալուց առաջ անպայման զանգահարել ձեզ։
Ուզում ենք հավատալ, որ ինչ էլ որ պատահի, դուք եւ ձեր երեխան երբեք չեք կորցնի միմյանց։