Առաջին հայացքից կարող է թվալ, թե հեռախոսն ինքնին երեխայի կամ հենց ձեզ համար որեւէ վտանգ չի ներկայացնում։ Բայց դա միայն առաջին հայացքից։
Ներկայումս դժվար թե որեւէ մեկն իր կյանքը պատկերացնի առանց հեռախոսի եւ շատերն այդ ամենահաս սարքը գերադասում են անմիջական շփումներից։ Ենթադրենք, որ դուք տանից դուրս գալիս երեխային ասում եք, որ որեւէ վտանգի դեպքում նա զանգահարի այսինչ կամ այնիչ հեռախոսահամարով։ Եթե նա չի զանգահարում, ուրեմն ամեն ինչ լավ է, եւ դուք դադարում եք անհանգստանալ։ Սակայն արդյո՞ք դա այդպես է։
Հաճախ հեռախոսը պաշտպանության միջոցից հանցագործների համար վերածվում է "դռան բանալու"։ Իսկ մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Հայտնի է, որ գողերը կամ այլ հանցագործներ հազվադեպ են գործի անցնում առանց իրավիճակի նախնական հետախուզության եւ համապատասխան պատրաստվածության։ Այս պարագայում հեռախոսը նրանց կարող է մեծ ծառայություն մատուցել։
Եթե գործ ունեք կազմակերպված հանցավոր խմբի հետ, ապա ձեր հեռախոսը կարող է գաղտնալսվել։ Հետագայում ձեզ կարող են շանտաժի ենթարկել ձեր սեփական անզգույշ խոսքերի պատճառով կամ, օգտվելով ձեր բացակայությունից, ներխուժել բնակարան։
Կարող է նաեւ պատահել այսպես։ Երեխան տանը միայնակ է եւ խաղում է իր խաղալիքներով, երբ հանկարծ հեռախոսը զանգում է։ Նա վերցնում է խոսափողը եւ... Եթե նրա հայրիկը կամ մայրիկը հեռախոսը վերցնելիս սովորաբար միանգամից տալիս էիր անունը (օրինակ` "Անահիտը լսում է"), ապա երեխան եւս նույնն է անելու` այդպիսով հանցագործներին հուշելով խոսակցության շարունակությունը։ Փոքրիկը կասի նաեւ տան հասցեն եւ որ ինքը տանը մենակ է, իսկ հետո հայտնի չէ թե ինչ կարող է պատահել։ Այդ պատճառով խոսափողը վերցնելիս երեխան պետք է ասի "Ալո" կամ "Լսում եմ"։ Ոչ մի դեպքում չի կարելի ասել անունը կամ ազգանունը։ Եթե նույնիսկ երեխային թվա, որ զանգահարողի ձայնը ծանոթ կամ նման է իր ծնողների ընկերներից մեկի ձայնին, նա չպետք է որեւէ անուն նշի եւ թույլ տա, որ զանգահարողն ինքը ներկայանա։ Եթե զանգահարողն անծանոթ անուն է տալիս կամ երեխային հարցնում. "Այդ դու՞ ես", ուրեմն փոքրիկը միանշանակ պետք է պատասխանի. "Սխալ եք զանգահարել" եւ անմիջապես կախի ընկալուչը։ Զգուշացրեք երեխային, որ նա ոչ մի պայմանով չասի իր անունը։
Երբեմն հանցագործները, հիմնվելով երեխայի դյուրահավատության վրա, դիմում են խորամանկության եւ զանգահարելով անմիջապես հարցնում. "Հայրիկը կամ մայրիկը տա՞նն են" կամ "Մեծերից ո՞վ կա տանը", ինչին երեխան միամտորեն կարող է պատասխանել, թե որտեղ են գտնվում ծնողները կամ երբ կգան։ Այս պարագայում երեխան պետք է ասի, որ հայրիկը կամ մայրիկը քնած է կամ դուրս է եկել ու շուտով կվերադառնա։
Կարող է պատահել նաեւ այսպես։ Հանցագործը ներկայանում է որպես ծնողներից մեկի ծանոթ, ասում, որ պայմանավորվել են տանը հանդիպել, բայց ինքը հասցեն կորցրել է ու խնդրում է նորից ասել։ Եթե նույնիսկ երեխան շատ լավ գիտի տան հասցեն, անհրաժեշտ է ասել, որ չգիտե եւ, որ հայրիկը կամ մայրիկը շուտով կարթնանա ու ինքը կասի։ Կարող են փորձել փոքրիկին գայթակղել՝ ասելով, թե իրենց տուն գալիս քաղցրեղեն կամ խաղալիքներ են բերելու։ Դուք ձեր հերթին պետք է այնպես նախապատրաստեք երեխային, որ դա որեւէ կերպ չազդի նրա վրա։
Եթե փոքրիկն, այնուամենայնիվ, անծանոթներին հայտնել է տան հասցեն, ապա անմիջապես պետք է զանգահարի ծնողների աշխատավայր կամ մոտ ապրող բարեկամներից որեւէ մեկին, ովքեր կարող են անմիջապես գնալ նրա մոտ։
Հանցագործը կարող է ներկայանալ որպես ծնողներից մեկի գործընկեր՝ ասելով, թե հայրիկը կամ մայրիկը տանն ինչ-որ բան է մոռացել ու խնդրել, որ իրենք գան տանեն, բայց հասցեն մոռացել է ասել։ Այս դեպքում անհրաժեշտ է խնդրել, որ նրանք զանգահարեն ծնողների աշխատավայր եւ հասցեն նրանցից ճշտեն։
Հաճախ հանցագործներն իրենց նպատակների համար կարող են օգտագործել այլ երեխաների (նրանց խաբելու, որեւէ կերպ կաշառելու, ծեծելու կամ վախեցնելու միջոցով) կամ ձեր երեխայի ծանոթներին։ Այսպիսով, եթե երեխան որեւէ մեկի հետ պայմանավորվում է տանը հանդիպել, ապա նա պետք է նշի օրվա այն ժամանակահատվածը, երբ ծնողներից մեկը տանն է լինում։
Ո՞վ է
Վերջին շրջանում հանցագործ աշխարհն ավելի անհոգ է դարձել։ Այժմ բնակարանային գողերին շատ քիչ է հուզում բնակարանում տանտերերի ներկայությունը։ Սովորաբար դռան զանգը տալուց հետո նրանք պարզապես սպասում են մինչեւ անզգույշ տանտերը դուռը կբացի, այնուհետեւ նրան հրում են մի կողմ եւ մտնում ներս։ Բացատրելով կամ ավելի ճիշտ` վախեցնելով, որ կարիք չկա ավելորդ աղմուկ բարձրացնել, գողերը հավաքում են տան թանկարժեք իրերն ու հանգիստ հեռանում։ Ուշքի գալով` շփոթված ու սարսափած տանտերերը դիմում են ոստիկանություն, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, չեն կարողանում կարգին բացատրել, թե ինչ է կատարվել կամ նկարագրել կողոպտիչների արտաքինը։ Արդյունքում` ոստիկանությունը հեղեղված է կողոպուտների մասին դիմումներով, իսկ այն հարցին, թե ինչու՞ բացեցիք դուռը, տանտերերը պատասխանում են, թե իմացել են իրենց ծանոթներից են եկել կամ նրանց այդպես էր թվացել։ Իսկ հիմա մտածեք` ո՞վ է մեղավոր կատարվածի համար։
Երբեք դուռը մի բացեք օտար, անծանոթ մարդկանց առջեւ, եթե նույնիսկ նրանք ներկայանում են որպես կոմունալ ծառայությունների, փոստատան կամ ոստիկանության աշխատակից։ Խնդրեք նրան հստակ արտասանել իր անունը, ազգանունն ու զբաղեցրած պաշտոնը եւ անմիջապես զանգահարեք նրանց աշխատանքի վայրը։ Ճշտելով, որ իսկապես ձեր բնակարան է ուղարկվել համապատասխան աշխատակիցը՝ դուռն ամբողջությամբ մի բացեք, այլ առանց շղթան հանելու խնդրեք նրան ցույց տալ ինքնությունը հաստատող փաստաթղթերը։ Դրանք ստուգելուց հետո միայն կարող եք նրան ներս թողնել։ Հիշեք, որ սանտեխնիկը կամ գազի մասնագետը սենյակներում անելիք չունեն։ Նրանց տեղը լոգարանն է կամ խոհանոցը։ Փոստատարին եւս պարտադիր չէ ընդունել սենյակում։ Նամակները կամ թոշակը կարող եք ստանալ նախասենյակում։
Կարող է պատահել նաեւ այնպես, որ դուռը բացել եք, բայց չեք կարողանում փակել, որովհետեւ անծանոթը ոտքը դրել է դռան արանքը։ Այդ դեպքի համար միջանցքում անհրաժեշտ է ունենալ որեւէ ծանր առարկա, որը պատահաբար պետք է գցել նրա ոտքին։ Դրան կարող է հայհոյանքների շարան հետեւել, եւ անծանոթը բնազդաբար ոտքը ետ կքաշի եւ ձեզ դուռը փակելու հնարավորություն կտա։ Այսպիսով, որպեսզի նման դեպքեր չպատահեն, անհրաժեշտ է լավ հիշել երկրորդ կանոնը։ Նախապես հեռախոսով պայմանավորվեք հանդիպման մասին՝ նշանակելով հյուրերի գալու ժամը եւ, նույնիսկ, այդ դեպքում չմոռանաք նայել դիտանցքից, հարցնել. "Ո՞վ է" եւ նոր միայն դուռը բացել։ Երբեք մի բացեք դուռն առանց ճշտելու, թե ով կա դրա հետեւում։ Հիշեք, որ ձեր ստուգիչ հարցին ի պատասխան հյուրը պետք է տա իր անունը եւ ոչ թե ասի. "Ես եմ"։ Երեխան երբեք անծանոթների առաջ դուռը չի բացի, եթե ծնողները տուն վերադառնալիս ասեն. "Դուռը բացիր, մայրիկը (կամ հայրիկը) եկավ"։
Տանը միայնակ մնալուց երեխան պետք է հստակ իմանա, թե երբ են ծնողները վերադառնալու եւ անսպասելի եկած հյուրերին խնդրի գալ մեծահասակների նշանակած ժամին։ Եթե դուք պայմանավորվել եք ձեր ընկերներից մեկի հետ, ապա երեխային զգուշացրեք հնարավոր այցի մասին։ Ասացեք նաեւ, որ եթե մինչ այդ դուք չվերադառնաք, ապա նա չպետք է դուռը բացի։ Ավելի լավ է հետո ներողություն խնդրեք ձեր մտերիմներից, քան վտանգի ենթարկեք ձեր փոքրիկի կյանքը։
Եթե դուռը զանգողները պնդում են, որ շտապ հեռագիր են բերել կամ ներքեւի հարեւանի տունը ջուր է լցվում, ապա երեխան պետք է անմիջապես զանգահարի ծնողների աշխատավայր եւ տեղեկացնի նրանց այդ մասին։ Ծնողները կարող են զանգահարել փոստատուն եւ ճշտել, թե արդյո՞ք իրենց անունով հեռագիր է եկել կամ զանգահարել հարեւանին եւ պարզել նրա տունը ջուր լցվել է, թե՞ ոչ։ Եթե ծնողները լավ հարաբերություններ ունեն հարեւաններից մեկի հետ, ապա փոքրիկը կարող է դիմել նրանց օգնությանը՝ զանգահարելով ու խնդրելով, որ նրանք ստուգեն ջրի հետ կապված ահազանգի իսկությունը։
Վերջերս հանցագործները փորձում են օգտագործել, այսպես ասած, զոհի երեխաների հետ դպրոցի նույն դասարանում սովորող կամ հասակակից երեխաներին։ Սովորաբար այդ երեխան, դուռը ծեծելով, խմելու ջուր է ուզում կամ հեռախոսից օգտվելու թույլատվություն է խնդրում, եւ երբ հարեւանը բացում է դուռը, բնակարան են ներխուժում անծանոթ մեծահասակներ։ Ընդհանրապես չարժե դուռը բացել անծանոթ մարդկանց առաջ։ Նման դեպքերում նրանցից որեւէ հեռախոսահամար խնդրեք, որով կարող եք զանգահարել ու պարզել, թե ինչ էին ուզում։ Եթե անծանոթները պնդում են, որ նախկինում այդտեղ այլ մարդիկ են ապրել, որոնք էլ իրենց տվել են այս հասցեն, ապա խնդրեք նրանց դռան հետեւից բարձրաձայն ասել հասցեն եւ պարզեք ճիշտ են, թե՞ ոչ։ Ահա մի օրինակ։ Մի 7-ամյա աղջնակ դուռը բացում է անծանոթ կնոջ առաջ, որը ջուր էր խնդրում երեխայի համար։ Այցելության հաջորդ օրը բնակարանը թալանում են։ Պարզվում է, որ այդ կարճ հանդիպման ընթացքում կինը կարողանում է աղջկանից իմանալ նրանց ընտանեկան կյանքի մանրամասները (տանը ով կա-չկա, ով երբ է գնում աշխատանքի եւ վերադառնում տուն) եւ հաջորդ օրը տանտերերի բացակայության ընթացքում կրկին "այցելում" նրանց։ Այստեղից հետեւում է եւս մեկ կանոն։ Արգելեք երեխային կողմնակի մարդկանց (նույնիսկ շենքի հարեւաններին) պատմել ձեր ընտանեկան կյանքի մասին, իսկ այն հարցին, թե երբ են ծնողները վերադառնում աշխատանքից, անհրաժեշտ է պատասխանել, որ նրանք հերթով են աշխատում, այսինքն` տանը մշտապես մարդ կա։ Նշենք, որ այս կանոններն անհերքելի չեն եւ դուք միշտ կարող եք դրանք հարստացնել ձեր սեփական փորձով։
Եթե հանցագործներն արդեն մտել են բնակարան, ապա մի փորձեք կանգնեցնել նրանց առաջխաղացումը, քանի որ ձեր անհարկի հերոսությունը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների։ Մի արեք կտրուկ շարժումներ եւ կատարեք նրանց բոլոր պահանջները։ Աշխատեք լավ հիշել հանցագործների դեմքերն ու արտաքին նշանները։
Եթե պայմանավորվել եք հանդիպել ձեր ծանոթներին, որոնց վաղուց չեք տեսել եւ հնարավոր է չճանաչեք, ապա հանդիպեք նրանց կանգառում եւ հետո ուղեկցեք տուն։
Ինձ մայրիկդ է ուղարկել
Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ հանցագործները հաճախ են օգտվում երեխաների միամտությունից։ Դրանում կա նաեւ մեծահասակների մեղքը։ Երեխաները տեսնում են, թե ինչպես են ծնողները խանութների հերթերում, տրանսպորտի մեջ, փողոցում եւ այլուր խոսում անծանոթների հետ եւ կրկնօրինակում են նրանց վարքագիծը։ Այդ պատճառով, երբ փոքրիկին որեւէ անծանոթ մարդ է մոտենում, նա ուրախությամբ խոսքի է բռնվում նրա հետ։ Ինչպես երեխային սովորեցնել զգուշությանը։ Առաջին հերթին անհրաժեշտ է նրան բացատրել, որ բացի հարազատներից, նրա համար բոլորը կողմնակի մարդիկ են, նույնիսկ եթե նա հաճախ է այդ մարդկանց տեսնում իրենց տանը։ Բացատրեք երեխային, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ իր խոսակցությունն անծանոթների հետ։
Պատկերացրեք, որ երեխային միայնակ ուղարկում եք զբոսնելու եւ ապահովության համար տան բանալիները կախում եք նրա վզից կամ ամրացնում տաբատի գոտուն։ Սակայն վզի կամ գոտու վրայի շղթան ամենից արագ են գրավում բնակարանային գողերի ուշադրությունը եւ նրանք ամեն ինչի կգնան դրանք ձեռք բերելու համար։ Հազվադեպ չեն այն դեպքերը, երբ երեխային է մոտենում որեւէ անծանոթ "հորաքույր" եւ ասում, որ մայրիկը խնդրել է նրան տուն տանել։ Երեխան անծանոթուհու հետ գնում է տուն, դուռը բացում, իսկ մնացածը տեխնիկայի խնդիր է։ Սովորաբար մինչեւ ծնողների գալը տանից անհետանում են բոլոր թանկարժեք իրերը, իսկ հետո երեխայի գլխին է թափվում ծնողական դժգոհության ու նախատինքների փոթորիկ։
Նման դեպքերից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ է երբեք բանալիները չթողնել երեխայի մոտ։ Դրանք կարող եք թողնել վստահելի հարեւանների կամ մոտակայքում ապրող բարեկամների մոտ։ Ավելի լավ է` երեխան բակում խաղա մեծահասակներից որեւէ մեկի հսկողության ներքո։ Եթե մոտ ապրող հարազատներ չունեք, իսկ հարեւաններին չեք վստահում, ապա երեխայի հագուստին ներսի կողմից մի գրպան կարեք, որտեղ նա կարող է պահել տան բանալիները։
Հանցագործներին կարող է հետաքրքել ոչ միայն ձեր բնակարանը, այլեւ երեխան։ Առեւանգելով երեխային` կարելի է փրկագին պահանջել, փորձել որեւէ հարցում ազդել ծնողների դիրքորոշման վրա, վաճառել նրան որեւէ հարուստ ընտանիքի, որտեղ երեխա չկա կամ հանձնել ստրկության։ Ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար։
Երեխան պետք է իմանա, որ չի կարելի շփվել անծանոթ մարդկանց հետ, եթե նույնիսկ նրանք ներկայանում են որպես ծնողների գործընկեր կամ երեխան տեսել է նրանց բարեկամներից մեկի հետ։ Հանցագործը կարող է մի ամբողջ բեմադրություն ցույց տալ երեխային համոզելու համար։ Այդ պատճառով ձեր փոքրիկին մանկապարտեզ կամ դպրոց ուղեկցելիս անպայման հայտնեք նրան, թե ով է գալու իր հետեւից` դու՞ք, թե՞ ձեր հարեւաններից կամ բարեկամներից որեւէ մեկը։ Եթե երեխան նախկինում չի տեսել այդ մարդկանց, ապա հրավիրեք նրանց ձեր տուն եւ ծանոթացրեք երեխայի հետ։
Այնուամենայնիվ, չարժե հույսը դնել միայն երեխայի վրա։ Զգուշացրեք նաեւ մանկապարտեզի դաստիարակչուհուն կամ դպրոցի ուսուցչուհուն, որպեսզի ձեզանից բացի ոչ ոք երեխային չտանի իր հետ։ Եթե երեխային ուրիշ մարդ է տուն տանելու, ապա նախապես նրա հետ գնացեք դպրոց (կամ մանկապարտեզ) եւ ներկայացրեք ուսուցչին (դաստիարակչուհուն)։ Ուսուցչուհուն խնդրեք նաեւ, որ ուշանալու դեպքում զանգահարի ձեր աշխատավայր եւ ճշտի, թե երբ եք գալու կամ ինքը երեխային տուն ուղեկցի։ Եթե դա ցանկանում է անել որեւէ անծանոթ, ապա դաստիարակչուհին պետք է զանգահարի, պարզի` արդյո՞ք դուք եք նրան ուղարկել եւ նոր միայն թույլ տա փոքրիկին տանել։
Ասացեք երեխային, որ եթե նրան փորձում են բռնի ուժով տանել, ապա նա պետք է աշխատի գրավել անցորդների ուշադրությունը բղավելով. "Սրանք իմ ծնողները չեն։ Ես իրենց չեմ ճանաչում"։ Նրա շուրջն ամբոխ կհավաքվի, եւ փոքրիկը կարող է պահանջել, որ ոստիկանություն կանչեն։ Իր անունը, հասցեն ու հեռախոսահամարը երեխան պետք է ասի միայն ոստիկանության բաժանմունքում։