Ինքներդ ձեզ հարցրեք, թե երբ եք վերջին անգամ խոսել ձեր երեխայի հետ։ "Երեկ, քիչ առաջ",- կպատասխանեք դուք։ Սակայն եկեք խորհենք, թե ինչ է դա եղել իրականում՝ զրույց, թե՞ մենախոսություն "Քանի անգամ եմ քեզ ասել..." կամ "Չես ամաչում..." թեմայով։ Հաճախ նաեւ հարցը տալուց հետո մեծահասակներն անմիջապես մոռանում են այդ մասին եւ չեն լսում, թե ինչ է ասում երեխան։ Իսկ նա, թեեւ փոքր է, բայց նման վերաբերմունքի արժանանալով, հետագայում աշխատում է ինչքան հնարավոր է քիչ խոսել կամ ընդհանրապես լռել։ Միեւնույն է՝ իրեն չեն լսում։
Ծնողների հետ կապը երեխայի անվտանգության հիմնաքարերից մեկն է։Հենց այդ կապի շնորհիվ են նրանք տեղեկանում իրենց երեխայի խնդիրների ու նրան հուզող հարցերի մասին եւ, օգնելով նրան լուծել դրանք, սովորեցնում են ճիշտ պահել այս կամ այն իրավիճակում։
Սակայն ինչու՞ երեխաները ծնողներին չեն պատմում իրենց խնդիրների մասին։ Հիմնականում այն պատճառով, որ մեծահասակներն իրենք չեն ցանկանում լսել այդ մասին՝ մեկ չափազանց զբաղված են, մեկ հեռուստացույց են նայում, մեկ իրենց զրույցն է ավելի կարեւոր։ Արդյունքում՝ երեխան իր խնդիրների հետ միայնակ է մնում։ Որոշ ժամանակ անց ծնողները նկատում են, որ երեխան մեծացել է, եւ իրենք պատկերացում անգամ չունեն, թե ինչ է նա մտածում, ինչ ընկերներ ու հետաքրքրություններ ունի ու բոլոր հարցերին պատասխանում է միավանկ բառերով՝ այո կամ ոչ։ Այդժամ արդեն ծնողը փորձում է երեխայի հետ հաստատել ցանկալի կապը, բայց ինչպես կարելի է դա անել։
Ինչքան հնարավոր է հաճախ խոսեք երեխայի հետ։ Օգնեք նրան լուծել իր բոլոր, նույնիսկ աննշան թվացող, խնդիրները։ Կոտրվել է նրա սիրելի խաղալիքը, ուրեմն միասին տխրեք եւ փորձեք օգնել նրան։ Պետք չէ մտածել, որ տան ճանապարհին կամ սերիալների արանքում ունեցած կարճատեւ զրույցները բավարար են դրա համար։ Երեխային անհրաժեշտ է մշտական ուշադրություն։ Եթե նա պատմում է, թե ինչպես է անցել իր օրը, ապա աշխատեք առանց ընդհատելու ուշադիր լսել նրան։ Ոչ մի դեպքում չի կարելի ասել. "Սուտ ես ասում" կամ "Չի կարող պատահել"։ Երեխայի պատմածների մեջ կարող են լինել որոշ երեւակայական տարրեր, բայց նույնիսկ դրանք պետք է ինչ-որ հիմք ունենան։
Օրինակ՝ մի կին իր 5-ամյա որդու հետ գնում է ավտոբուսով։ Փոքրիկը պատմում է, թե ինչպես է իր ժամանակն անցկացրել իրենց ծանոթներից մեկի մոտ եւ վերջում անսպասելիորեն եզրակացնում, որ նա վատ մարդ է։ Մայրը հարցնում է՝ ինչու՞։ Տղան պատասխանում է, որ կանգառում իրենց մի թափառական շուն է մոտեցել եւ այդ մարդը ոտքով ուժեղ հարվածել է նրան։ Մայրը, թույլ չտալով, որ որդին խոսքը վերջացնի, սկսում է պաշտպանել իր ծանոթին եւ ասում, որ երեխան այդ ամենը հնարել է։
Փորձենք պարզաբանել ստեղծված իրավիճակը։ Նախ մայրը, ինքն էլ չցանկանալով, նեղացնում է փոքրիկին՝ նրան մեղադրելով ստախոսության մեջ։ Հետեւաբար տղան հաջորդ անգամ դժվար թե իր տպավորություններով կիսվի մոր հետ՝ դրանով մեծացնելով հանցագործության զոհ դառնալու վտանգը։ Երկրորդը՝ եթե նույնիսկ ընդունենք, որ երեխան հնարել է այդ պատմությունը կամ դրա վերջաբանը, ապա դա պետք է ինչ-որ հիմք ունենա։ Սա նշանակում է, որ մեծահասակները պետք է ոչ միայն ուշադիր լսեն իրենց երեխաներին, այլեւ վերլուծեն նրանց խոսքերը, հետաքրքրվեն նրա կարդացած գրքերով եւ իմանան, թե նա ինչ ֆիլմեր է դիտում։ Սակայն այդ կապը չպետք է լինի միակողմանի։ Այսինքն՝ դուք հետաքրքրվեք նրա գործերով, բայց թույլ չտաք նրան հետաքրքվել ձեզանով։ Այս դեպքում երեխան կդադարի ձեզ վստահել եւ ինքն էլ կսկսի որոշ բաներ թաքցնել ձեզանից։ Այդ պատճառով աշխատեք միասին լուծել ոչ միայն նրա, այլեւ ձեր խնդիրները եւ պատմեք նրան ձեզ անհանգստացնող հարցերի մասին։ Երեխայի հետ մտերիմ կապ ստեղծելով՝ դուք կկարողանաք ապահովել նրա անվտանգությունը եւ օգնել ժամանակին ընդունել ճիշտ որոշում։
Երեխաները տեսում են եւ նմանակում
Մենք սովոր ենք մտածել, որ անվտանգության այս կամ այն կանոնը սովորեցնելու համար անհրաժեշտ է այն բազմաթիվ անգամ կրկնել։ Սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Երեխաները մեծահասակներից սովորում են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք լիովին վստահ ենք, թե նրանք տարված են իրենց խաղով եւ շուրջը ոչինչ չեն նկատում։ Կարող եք հիշել, թե քանի անգամ եք ասել. "Ես քեզ չեմ ասել, որ..." արտահայտությունը, բայց փոքրիկը համառորեն կրկնում է նույն սխալը։ Ի՞նչ է երեխան անհասկացող է, թե՞ դա հակառակության ոգին է գործում։ Առաջին հերթին դրանք մեծահասակների գործողություններն են, որոնք երեխան կրկնում է համարյա ենթագիտակցաբար։ Գաղտնիք չէ, որ տուն-տունիկ կամ դպրոց-դպրոց խաղալով՝ երեխան վերարտադրում է մեծահասակներին եւ, ամենից առաջ, իր ծնողներին։ Հետեւելով խաղին՝ կարելի է կարծիք կազմել, թե ինչ հարաբերություններ ունեն նրա ծնողները, ինչպես են նրանք վերաբերվում իրենց երեխային, ինչպիսին է նրա դպրոցի ուսուցչուհին կամ մանկապարտեզի դաստիարակը։ Դիտելով մանուկների խաղը՝ մեծահասակները կարող են տեսնել իրենց կողքից, չէ որ երեխան ընտանիքի հայելին է։ Դա նշանակում է, որ մենք ինքներս պետք է ծայրահեղ զգույշ եւ ուշադիր լինենք, քանզի մեր գործողություններն ամենայն մանրամասնությամբ կրկնօրինակվում են երեխաների կողմից։
Այսպիսով, ինչքան էլ դուք ձեր փոքրիկին ասեք, որ մինչեւ չիմանա, թե ով կա դռան հետեւում, չի կարելի դուռը բացել, նա ձեզ չի լսի, որովհետեւ դուք ինքներդ առանց դիտանցքից նայելու անմիջապես բացում եք դուռը։
Եթե ուզում եք երեխային սովորեցնել անվտանգության կանոնները, ապա առաջին հերթին ինքներդ պետք է դրանք պահպանեք։ Օրինակ, վերջացնելով աշխատանքը, դուք պետք է անպայման հավաքեք ու կարգուկանոնի բերեք ձեր աշխատանքային սեղանն ու դրա հարակից տարածքը։ Երեխան, դա տեսնելով, խաղալուց հետո անպայման կհավաքի ու կդասավորի իր խաղալիքները։ Չէ՞ որ դրանցից թեկուզ մեկի կորուստը կարող է վշտացնել երեխային եւ, հետեւաբար, դաս լինել, որ անհրաժեշտ է ուշադիր լինել սեփական իրերի նկատմամբ։ Այդպիսի մարդը նվազեցնում է կողոպտված լինելու վտանգը։ Նա երբեք իրերը չի վստահի օտար մարդկանց կամ թանկարժեք առարկաները չի թողնի երեւացող ու գողերի համար մատչելի վայրում։ Ցանկացած գող կամ խաբեբա ուշադիր հետեւում է մարդկանց եւ անսխալ կերպով ընտրում իր հերթական զոհին, եւ եթե դուք սովորեցրել եք երեխային զգոն լինել, ապա կողոպտվելու վտանգը կրկնակի նվազում է։