ՀԱՅ   ENG   RUS   Կայքի կառուցվածք Հետադարձ կապ

Որոնում

Որոնում

Գրանցվել

Նորություններին
բաժանորդագրվելու համար
գրանցեք Ձեր էլ-փոստը:

Ձեր էլ-փոստը

Եղանակը Երևանում

Ռադիոակտվիություն mc/R/h
Հարաբերական խոնավություն
Մթնոլորտային ճնշում մմ
Գեոմագնիսական դաշտ
ԵՐԵՎԱՆ
Գիշեր Ցերեկ
C C
www.meteo.am

Շաբաթվա իրադարձությունը

Իմ քաղաքը պատրաստվում է

Իմ քաղաքը պատրաստվում է

2010-2011 թթ. աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային արշավ
Աշխարհի բնակչության կեսից ավելին բնակվում է քաղաքներում եւ քաղաքայնացված գոտիներում։ Հասարակության կյանքը քաղաքներում է կենտրոնացված։ Քաղաքները երկրի տնտեսական շարժիչն են, տեխնոլոգիաների եւ նորարարությունների կենտրոնները, դրանք մեր մշակութային ժառանգությունն են։ Բայց քաղաքները կարող են նաեւ դառնալ ռիսկի նոր գործոնների աղբյուր. անարդյունավետ ենթակառուցվածք ու ծառայություններ, էկոլոգիայի դեգրադացիա քաղաքներում, անօրինական բնակատեղիների աճ եւ հետնախորշերում ապրող գրեթե միլիարդ մարդ ամբողջ աշխարհում։ Այս ամենը մեծացնում է քաղաքաբնակների խոցելիությունը բնական աղետներից։

Մարգարետա Վալստրոմ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝
աղետների նվազեցման գծով
հատուկ ներկայացուցիչ



Ինչու՞ են քաղաքները  ռիսկի ենթակա
Բնական սպառնալիքներ. ահագնացող հիմնախնդիր՝ քաղաքների պլանավորման գործում
Արագ ուրբանիզացիան բարգավաճում բերեց ու նոր հնարավորություններ բացահայտեց շատերի համար։ Դա վերաբերում է այն քաղաքներին, որոնք լավ են պլանավորված եւ լավ կառավարում ունեն, ժամանակակից եղանակներով ընդլայնում են անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ծառայությունները։ Արագ զարգացող շատ քաղաքներում, շնորհիվ արդյունավետ կառավարման, ռիսկերի հանդեպ խոցելիությունը նվազեցվել է կամ գտնվում է հսկողության ներքո։ Այդպիսի քաղաքի օրինակ է Բլազիլիայի Կուրիտիբան։ Քաղաք, որի բնակչությունը 150 000-ից հասել է 2,5 միլիոնի։ Կուրիտիբան ինովացիոն էկոլոգիական քաղաքականություն է վարում, ներառյալ՝ պաշտպանությունը ջրհեղեղներից, եւ ապահովում է բնակարանային պայմանների բարձր մակարդակ։ Բրազիլիայի մեկ այլ քաղաք՝ Պորտ Ալեգրեն, 1950 թվականից աճել է յոթ անգամ, եւ այժմ նրա 3,5 միլիոն բնակիչները քաղաքացիական հասարակության ամուր կազմակերպություններ ունեն ու նաեւ՝ պետական ներդրումների առաջնահերթությունները որոշելու վրա գործնականում ազդելու հնարավորություն։ Տեղական կառավարման գործում բնակչության մասնակցության նման խելամիտ քաղաքականությունն իր պտուղներն է տալիս՝ ապահովելով Պորտ Ալեգրեի բնակիչների կյանքի պայմանների բարձր մակարդակն ու երկարակեցությունն, ինչը համեմատելի է բնապահպանական ցուցիչների հետ, որոնք գործում են Արեւմտյան Եվրոպայի կամ Հյուսիսային Ամերիկայի քաղաքաբնակների համար։


Սակայն այդ քաղաքները բացառություն են, հաջող աշխատանքի օրինակներ, երբ ընդհանուր պատկերը տագնապալի է։ Էքստրեմալ կլիմայական երեւույթների ազդեցության եւ օրավուր աճող աղքատության համադրությամբ  (ոչ պակաս, քան մեկ միլիարդ մարդ ապրում են քաղաքային հետնախորշերում ծայրահեղ աղքատության մեջ), քաղաքների աճող հոծությունը ստեղծում է սթրեսի նոր գործոններ։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են բնակություն հաստատում պոտենցիալ վտանգավոր գոտիներում ` անկայուն լանջերի վրա, հրաբուխների ստորոտում, տեկտոնական բեկվածքների վրա, ջրհեղեղներով ողողվող հարթավայրերում եւ մերձափնյա շերտերում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ տեղական իշխանությունները եւ նրանք, ովքեր պլանավորում են քաղաքները, չեն կարողանում նրանց այլ հնարավորություններ տալ, այն պատճառով, որ աղքատները չեն կարող բնակության համար ավելի անվտանգ տեղերի ընտրություն թույլ տալ իրենց։


Բնական սպառնալիքները պետք է լինեն քաղաքների պլանավորման ու կառավարման ուշադրության կենտրոնում։ Այդպիսի երեւույթների ազդեցությունն ավելի ու ավելի թանկ է նստում՝ մարդկային ու տնտեսական կորուստների առումով։ 21-րդ դարի առաջին տասնամյակում (2000-2009) ընդհանուր աղետներից զոհվածների 60 տոկոսը «գրված» է երկրաշարժերի դիմաց։ Աղետները, որոնք կապված են կլիմայական փոփոխությունների հետ՝ ջրերի հորդացումները, աղետալի ջրհեղեղները, արեւադարձային ցիկլոնները, անտառային հրդեհներն, այժմ սպառնում են ամբողջ աշխարհի բնակչությանը։
Կլիմայի փոփոխությունը թափ է հավաքում, եւ սառցադաշտերի հալքն այնպիսի ծանր հետեւանքների է հանգեցնում, ինչպիսիք են սառցալճերի ճեղքումը եւ աղետալի հեղեղումները։ Ծովի մակարդակի բարձրացումը մեծացնում է աղետների ռիսկը հարյուրավոր քաղաքների համար, որոնք տեղավորված են ծովափնյա ոչ մեծ բարձունքների եւ փոքր կղզիների վրա։

Բնական սպառնալիքների եւ քաղաքների հիմնախնդիրների տեսություն
Բնական սպառնալիքները տարբեր չափեր ունեն, բայց, չնայած քաղաքային իշխանությունների՝ բնակչության վերաբնակեցումը, քաղաքների արագ աճը եւ էկոլոգիական անկումը կառավարելու ջանքերին, աղետների ռիսկ գոյություն ունի։ 

Երկրաշարժ
Վտանգավորությունը քաղաքների համար. շատ քաղաքներ իրենց խիտ կառույցներով ու բազմամարդ բնակչությամբ տեղավորված են աշխարհագրական բեկվածքների վրա։ Վատ նախագծված, վատ կառուցված եւ վատ սպասարկվող շինությունները չեն կարող դիմակայել սեյսմիկ ցնցումներին եւ կարող են փուլ գալ։ Երկրաշարժերի ժամանակ կորուստների մեծ մասն առաջ են բերում փլվող շինությունները։

Սողանք
Վտանգավորությունը քաղաքների համար. վատ կառուցված կամ ժամանակավոր շինությունների աճը, որոնք տեղադրված են բլուրների լանջերին կամ ստորոտներում, զառիվայրերի պռունկներին կամ գետերի ճյուղաբերանների մոտ՝ լեռնային հարթավայրերում,  անհամարժեք ցամաքեցման կամ թեքությունների ոչ լիարժեք պաշտպանության զուգորդմամբ նշանակում է բնակչության ենթարկում աղետալի սողանքների, որոնք առաջանում են նստվածքների ու երկրաշարժերի հետեւանքով։

Հրաբուխների ժայթքում
Վտանգավորությունը քաղաքների համար. հրաբուխների ստորոտում կամ լավայի ու աղբի հոսքերի ճանապարհին տեղավորված բնակավայրերը միլիոնավոր մարդկանց ենթարկում են ռիսկի։ Վաղ ազդարարման եւ մոխրի ու աղբի հոսքերի զսպման համարժեք համակարգերը պարտադիր են հրաբուխների մերձակայքում գտնվող քաղաքների ու գյուղերի համար։

Ցունամի
Վտանգավորությունը քաղաքների համար. շատ քաղաքներ կառուցված են մերձափնյա գոտիներում, որոնք ենթակա են ցունամիներին։ Համապատասխան շինարարությունը, վաղ ազդարարման համակարգերը եւ տարհանման պլաններն աղետների ռիսկի նվազեցման օրինակելի միջոցներ են։

Արեւադարձային ցիկլոն
Վտանգավորությունը քաղաքների համար. ցիկլոնները, ուժեղ քամիներն ու տեղատարափ անձրեւները սպառնում են շատ քաղաքների։ Կառուցվածքները, որոնք ընդունակ են դիմանալու քամուն, վաղ ազդարարման համակարգերը, որոնք կօգնեն ժամանակին փակելու պատուհանները եւ անվտանգ դարձնելու ունեցվածքը եւ, եթե անհրաժեշտ է, տարհանվելու, առաջնային միջոցներ են հանդիսանում (տես նաեւ ջրհեղեղների մասին):

Ջրհեղեղ
Վտանգավորությունը քաղաքների համար. հանկարծակի ջրհեղեղներն աճող սպառնալիք են քաղաքների համար, որովհետեւ բետոնն ու տափանած բնահողը ջուր չեն ներծծում, որովհետեւ բոլոր բաց տեղերը խցվել են շինություններով, որովհետեւ շինարարական աշխատանքները փոխել են գետերի հոսքերը, որովհետեւ քաղաքների ցամաքեցման համակարգերն արդյունավետ չեն։ Կացարանները, որոնք գտնվում են գետափնյա գոտիներում, անվտանգ չեն։

Հրդեհներ
Վտանգավորությունը քաղաքների համար. Քաղաքային հրդեհները տեղի են ունենում արդյունաբերական պայթյունների կամ երկրաշարժերի հետեւանքով։ Պատահական հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում, հատկապես անօրինական բնակատեղիներում։ Հրդեհի ռիսկը մեծացնում է եւ՛ շինությունների հոծությունը, եւ՛ նոր շինանյութերի օգտագործումը, եւ՛  բարձրահարկ շենքերի ու մեծ հոծությամբ բնակելի գոտիներում էլեկտրաէներգիայի օգտագործման աճը։
Անվերահսկելի անտառային հրդեհները կարող են հասնել քաղաքային տարածքներին։

Քաղաքային  տարածքներում աղետների ռիսկի գործոնները

Քաղաքների բնակչության եւ դրա խտության աճը
Այսօր ավելի քան երեք միլիարդ մարդ` մոլորակի բնակչության կեսը, ապրում են քաղաքներում: Մարդիկ ավելի հաճախ են սկսել տեղափոխվել քաղաքներ, քան անցյալում` ավելի լավ հնարավորությունների հույսով, փախչելով գյուղական բնակավայրերի աղքատությունից, բնապահպանական հետաճից, ջրհեղեղներից կամ երաշտներից: Բնական աճը նույնպես քաղաքային բնակչության եւ խտության ավելացման գործոններից է: Բնակչության մեծ խտությունը ռիսկի լուրջ գործոն է բնակարանների, ենթակառուցվածքների ու ծառայությունների ցածր որակ ունեցող քաղաքներում:
Բայց պարտադիր չէ, որ դա այդպես լինի: Եվրոպայում, Ճապոնիայում ու Լատինական Ամերիկայում շատ խիտ բնակեցված գոտիներ բավական անվտանգ են ու պաշտպանում են քաղաքացիներին փոթորիկներից, անձրեւներից ու երկրաշարժերից: Այլ իրավիճակ է ոչ պաշտոնական բնակավայրերում, որոնց թիվը շարունակում է աճել: 21-րդ հարյուրամյակի կեսերին զարգացող երկրների քաղաքների բնակչությունը կկրկնապատկվի` 2005 թ. 2,3 միլիարդից 2050 թ. հասնելով 5,3 միլիարդի: Քաղաքային բնակչության գրեթե երեք քառորդը եւ խոշոր քաղաքների մեծ մասն այժմ գտնվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում. սա յոթ անգամ ավելին է 1950 թ. տվյալներից:

Քաղաքային  թույլ կառավարում
Քաղաքային մեծ կամ արագ աճող բնակչության համար արդյունավետ կառավարումն ու ծառայությունների ապահովումը որոշիչ նշանակություն ունեն զարգացման ու աղետների ռիսկի նվազեցման համար: Քաղաքների բնակչությունն ինքնին հասկանալի է համարում  կազմակերպությունների, ենթակառուցվածքների, ծառայությունների ու օրենքների առկայությունը, որոնք պաշտպանում են նրան աղետներից` ներառյալ եղանակային էքստրեմալ պայմանները, ջրհեղեղները, հրդեհներն ու տեխնածին աղետները: Այդպիսի կազմակերպություններն ամենօրյա ծառայություններ են մատուցում` առողջապահության համակարգը ներառված է արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու գործընթացում, իսկ ջրահեռացման ու կոյուղու համակարգերը, սովորական ծառայություններին զուգահեռ, կարող են հաղթահարել նաեւ փոթորիկները:


Միեւնույն ժամանակ, ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում միայն ոչ մեծ թվով քաղաքներ ունեն համապատասխան կազմակերպություններ, ենթակառուցվածքներ, ծառայություններ ու նորմեր: Կառավարման թույլ արդյունավետության պայմաններում  տեղական իշխանությունները չեն կարող ենթակառուցվածք, ծառայություն կամ բնակության համար անվտանգ հողակտորներ տրամադրել: Տեղական թույլ ու անապահով կառավարությունը` ներդրումների ցածր թվով ու անբավարար գիտելիքներով, չի մասնակցում քաղաքային ռազմավարական պլանավորման գործընթացում եւ հաշվի չի առնում անօրինական բնակավայրերում ապրող աղքատ բնակչության շահերը, չի կարողանում լուծել աղետներին դիմակայման խնդիրը, այդպիսով մեծացնելով քաղաքային բնակչության խոցելիությունը: Մումբայ ու Բանգալոր քաղաքներում բնակչության մեծ մասն ապրում է ետնախորշերում կամ անօրինական բնակավայրերում` առանց հիմնական ծառայություններից օգտվելու: Բայց, անկասկած, այդ քաղաքները նման խնդիրներ լուծելու համար բավարար ռեսուրս ունեն: Հնդկաստանի սահմանադրական ռեֆորմներն աջակցում են ավելի գրագետ ու պատասխանատու տեղական իշխանություններին, եւ կենտրոնական կառավարությունը զգալի միջոցներ է տրամադրում նշված հարցերը լուծելու համար:

Չպլանավորված զարգացում
Շատ քաղաքների արագ աճի եւ մյուսների անկման, անօրինական կառուցապատումների եւ կլիմայի փոփոխության մեջ քաղաքների դերի հետ կապված խնդիրներով պայմանավորված դժվարությունները ուրբանացված տարածքների պլանավորման առավել արդյունավետ համակարգեր են պահանջում:
Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում ու Ասիայում շատ քաղաքներ երկու անգամ աճել են  երեսուն տարում: ՄԱԿ-Հաբիթաթ-ը կանխատեսում է, որ 2015 թ. աշխարհի 15 խոշոր քաղաքներից 12-ը զարգացող երկրներում են լինելու: Քաղաքների աճը հիմնականում տեղի է ունենում առանց շինարարական նորմերը, օրենսդրական սահմանափակումներն ու հողի օգտագործման կանոնները հաշվի առնելու: Պլանավորման գոյություն ունեցող մեթոդները հաճախ իրատեսական չեն: Կայուն ուրբանացումը ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանի մշակման ուղղությամբ բազմակողմանի գործողություններ է պահանջում, այդ թվում նաեւ քաղաքների պլանավորման եւ շինարարական նորմերի իրատեսական կանոնների ներդնում` առանց դուրս թողնելու աղքատ բնակչության շահերը:

Թվեր ու փաստեր
Ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում կանխատեսվող կորուստները երկրաշարժի դեպքում

Ստամբուլ
Ուժեղ երկրաշարժի հետեւանքով Ստամբուլում կզոհվի 40 000 մարդ, կվիրավորվի 200 000-ը, 400 000 ընտանիք կմնա անօթեւան: Մոտ 40 000 շենք բնակության համար անպիտան կդառնա կամ լրիվ կփլուզվի: Եւս 300 000 -ը միջին կամ ուժեղ աստիճանի վնասվածքներ կստանան: Շինությունների փլուզումների ու վթարների ընդհանուր վնասը կկազմի 11 միլիարդ ԱՄՆ դոլար:

Թեհրան
Հյուսիսային Թեհրան եւ Մոշա բեկվածքները, որոնք ընկած են Մեծ Թեհրանի հյուսիսային մասում եւ Ռեյ բեկվածքը՝ քաղաքի հարավային ծայրամասում, համապատասխանաբար 7,2 եւ 6,7 մգնիտուդով ցնցումներ առաջացնելու հնարավորություն ունեն: 1999-2000 թթ. JICA-CEST-ի շրջանակներում մշակված երկրաշարժերի սցենարի համաձայն, դա կարող է հանգեցնել 120 000-ից 380 000 զոհի` երկու բեկվածքներից յուրաքանչյուրի շարժվելու դեպքում` հաշվի առնելով շինությունների խոցելիությունը:

Մումբայ
Մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ Մումբայում ամենախոցելին շինություններն են, ինչն, անկասկած, մեծ ռիսկի գործոն է բնակչության համար: Մումբայի շրջանն ամբողջովին ուրբանացված է, եւ շենքերն այստեղ զանազան տեխնոլոգիաների համադրությամբ են կառուցված: 7 մագնիտուդով երկրաշարժը կարող է հանգեցնել 34 000 զոհի, եթե այն տեղի ունենա վաղ առավոտյան: Մեծ է նաեւ ջրհեղեղի վտանգը:

Կատմանդու
Միգրանտների մեծ ներհոսքը տեղական իշխանությունների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծեց` բնակարան եւ ծառայություններ տրամադրելու հետ կապված: Հին քաղաքն առավել խոցելի է հետեւյալ գործոնների պատճառով. ա) մեծ խտությամբ շրջաններում բնակության համար վատ պայմաններ են, բ) շենքերը չեն դիմանա ուժեղ ցնցումների, գ) նեղ փողոցները դժվարացնում են արտակարգ իրավիճակների ժամանակ օգնություն ցուցաբերելը, դ) ջրի սահմանափակ ապահովում` էլեկտրացանցի բարդ համակարգով, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում հրդեհների համար:

Փոքր քաղաքներ
Աֆրիկայում, Ասիայում եւ Լատինական Ամերիկայում մեծ թվով մարդիկ ապրում են տասնյակ հազարավոր մի քանի հազար բնակչություն ունեցող փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք նույնպես կարող են ոչ մեծ քաղաքներ համարվել: Այդպիսի բնակչության աղետների ռիսկի ենթակայության աստիճանը պետք է ուսումնասիրել` հատկապես հաշվի առնելով մեծ թվով գրականությունը մեծ ու ոչ մեծ քաղաքների մասին: Ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում ավելի շատ մարդ է ապրում ոչ մեծ բնակավայրերում:

Թուրքիայի խոշոր կառուցապատողներից ոմանք խոստովանել են, որ քաղաքային շինարարության բումի ժամանակ անորակ նյութեր ու տեխնոլոգիաներ են կիրառել: 2009 թ. թուրքական «Ռեֆերանս» թերթին տված հարցազրույցում միլիարդատեր թուրք կառուցապատողը նկարագրել է, թե ինչպես է 1970-ականներին երկաթբետոնե շենքեր կառուցելիս ծովի ավազ ու մետաղի ջարդոն օգտագործել: «Այն ժամանակ դա ամենալավ նյութն էր, - ասել է նա, - ոչ միայն մենք` բոլոր ընկերություններն էին դա անում: Եթե Ստամբուլում երկրաշարժ տեղի ունենա, նույնիսկ բանակը չի կարողանա քաղաք մտնել»:

Աղբյուրը. «Մեգապոլիսները քանդվելու սպասման մեջ. միլիոնավոր մարդկանց կյանքը սպառնալիքի տակ է` սեյսմաակտիվ գոտիներում շենքերի ֆիզիկական մաշվածության պատճառով», Էնդրյու Ռեվկին, International Herald Tribune, 26.02.20

Աղետների հանդեպ քաղաքների կայունության հասնելու տասը պարտադիր պայման
2010-2011 թթ. աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային արշավն առաջարկում է «Տասը պարտադիր պայման…» ծրագիրը, որը կարող է կատարվել քաղաքապետերի եւ տեղական կառավարման մարմինների կողմից։ Ծրագիրը հիմնված է Հյոգոյի 2005-2015 թթ. գործողությունների շրջանակային ծրագրի հինգ առաջնահերթ ուղղությունների վրա։
Այս պայմանների բոլոր կետերի կամ նույնիսկ մի մասի կատարումը կօգնի աղետների հանդեպ քաղաքների կայունությունն ամրապնդելուն։ Համոզեք ձեր քաղաքային ու տեղական կառավարման մարմիններին մասնակցել ծրագրին։

  • Քաղաքացիական հասարակության եւ բնակչության խմբերի մասնակցությամբ Աղետների ռիսկն ընկալելու եւ նվազեցնելու համար կազմակերպությունների ստեղծում։ Տեղական միությունների ստեղծում։ Աղետների ռիսկի նվազեցման եւ դրանց պատրաստ լինելու գործում բոլոր կառույցների կողմից իրենց դերերի գիտակցման ապահովում։
  • Բյուջետային միջոցների առանձնացում աղետների ռիսկի նվազեցման համար, խթանների ստեղծում, որպեսզի տանտերերը, ցածր եկամուտներով ընտանիքները, բնակչության խմբերը, մասնավոր ու պետական սեկտորները ներդնում ունենան աղետների ռիսկի նվազեցման մեջ։
  • Վտանգների ու խոցելիության վերաբերյալ տվյալների ժամանակակից բազայի առկայություն, ռիսկի գնահատման նախապատրաստություն եւ այդ գնահատականների օգտագործում՝ քաղաքների զարգացման ու պլանավորման առթիվ որոշումներ կայացնելիս։
  • Քաղաքների կայունությանը վերաբերող այդպիսի ինֆորմացիայի եւ պլանների բացության ու մատչելիության ապահովում բնակչության կողմից համակողմանի քննարկման համար։
  • Ինվեստիցիաներ եւ ռիսկը նվազեցնող ճգնաժամային ենթակառուցվածքների սատարում, այնպիսի ենթակառուցվածքների, որոնք հաշվի են առնում կլիմայի փոփոխությունները։
  • Բոլոր դպրոցների ու հիվանդանոցների անվտանգության գնահատում եւ, անհրաժեշտության դեպքում, այդ անվտանգության ամրապնդում։
  • Ռիսկին համապատասխանող շինարարական կանոնների եւ հողօգտագործման սկզբունքների ռեալիստական կիրառում։ Հողի անվտանգ տեղամասերի որոշարկում ցածր եկամուտների տեր բնակչությանը տեղավորելու եւ անօրինական բնակավայրերի բարելավման նպատակով, եթե դա հնարավոր է։
  • Աղետների ռիսկի նվազեցման թեմայի ընդգրկում հանրակրթական դպրոցների եւ հանրության համար նախատեսված ուսուցումների ծրագրերում։
  • Էկոլոգիական եւ բնական պահպանական համակարգերի պաշտպանություն այն բնական աղետների ազդեցությունը մեղմելու նպատակով, որոնց հանդեպ ձեր քաղաքը կարող է լինել խոցելի։ Համակերպում կլիմայական փոփոխություններին ռիսկի նվազեցման բարեհաջող փորձի ընդլայնման միջոցով։
  • Վաղ ազդարարման եւ ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի ստեղծում եւ աղետներին նախապատրաստված լինելուն ուղղված ուսումնավարժությունների հաճախակի անցկացում ձեր քաղաքում։
  • Աղետը վերապրածներին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովում, նրանց եւ տեղական հասարակական կազմակերպություններին վերականգնողական ծրագրերի կատարման գործում ցուցաբերվող աջակցություն, ներառյալ բնակարանաշինությունն ու գոյատեւման միջոցների ապահովումը։



Ի՞նչ է աղետակայուն քաղաքը
Որոշակի ճշգրտում
ոյություն ունեն մի շարք գործողություններ, որոնք կարող են ձեռնարկել տեղական իշխանությունները, քաղաքացիները եւ մասնավոր սեկտորը, որպեսզի քաղաքն առավել կայուն դարձնեն աղետների նկատմամբ: Բնական աղետները միշտ էլ լինելու են` տարբեր մասշտաբներով ու մագնիտուդներով, բայց դրանք չպետք է ավերիչ լինեն: Պատրա՞ստ է, արդյոք, ձեր քաղաքը:

Աղետակայուն քաղաք

  • Դա այն քաղաքն է, որտեղ բնակչությունը, տեղական իշխանությունների հետ, մասնակցում է իր քաղաքի պլանավորմանն ու որոշումների ընդունմանը` օգտագործելով իր հնարավորություններն ու ռեսուրսները:
  • Գիտակ ու պատասխանատու տեղական իշխանություններով, որոնց համար կայուն ուրբանիզացիան մի նպատակ է, որին պետք է մասնակցեն հասարակության բոլոր շերտերը:  
  • Քաղաք, որը կանխարգելում է շատ աղետներ, քանի որ դրա ամբողջ բնակչությունն ապրում է լավ ենթակառուցվածքներով (ջրագծեր, հիգիենա եւ կոյուղի, ճանապարհներ, որոնք բաց են ցանկացած եղանակի, էլեկտրականություն) եւ ծառայություններով (առողջապահություն, դպրոցներ, աղբի հավաքում, արագ արձագանքման ծառայություններ) տներում ու շրջաններում, շենքերում, որոնք համապատասխանում են ողջամիտ շինարարական նորմերին` առանց ողողվող հովիտներում ու թեք լանջերին անօրինական շինարարության անհրաժեշտության, ինչ է թե այլ տարածքներ չկան:
  • Դա այն քաղաքն է, որ գիտակցել է իրեն սպառնացող վտանգները, եւ, որը հզոր տեղական ինֆորմացիոն բազա է ստեղծում վտանգների, ռիսկերի ու խոցելիության վերաբերյալ:
  • Դա այն քաղաքն է, որ միջոցներ է ձեռնարկել աղետին պատրաստվելու եւ սեփական բարեկեցությունը պաշտպանելու համար` մարդկանց, նրանց տներն ու ունեցվածքը, նրանց մշակութային ժառանգությունը, տնտեսական կապիտալը, եւ կարող է նվազեցնել ֆիզիկական եւ սոցիալական կորուստները` երկրաշարժերի եւ այլ բնական վտանգավոր երեւույթների ժամանակ:
  • Դա այն քաղաքն է, որ անհրաժեշտ ռեսուրսներ է հատկացրել եւ ունակ է ինքնակազմակերպվել վտանգավոր բնական երեւույթից առաջ, դրա ժամանակ ու հետո:
  • Դա այն քաղաքն է, որն ունակ է արագ վերսկսել հիմնական ծառայությունների մատուցումը, վերականգնել սոցիալական ինստիտուցիոնալ եւ տնտեսական գործունեությունը` վտանգավոր երեւույթից հետո:
  • Դա այն քաղաքն է, որը գիտակցում է, թե վերը նշվածը որքան կարեւոր է կլիմայի փոփոխությանը դիմակայելու համար:
  • Քաղաքներում ռիսկերի նվազեցման հիմնական գործոններից են քաղաքային իշխանությունների եւ ռիսկի առավել ենթակա բնակչության հարաբերությունները: 


Կայունություն
Կայունությունը նշանակում է վտանգների ենթակա համակարգի կամ հասարակության ունակությունը՝ դիմակայել վտանգի հետեւանքներին, տանել դրանք, համակերպվել դրանց եւ վերականգնվել ժամանակին ու արդյունավետ կերպով` այդ թվում եւ հիմնական համակարգերի ու գործառույթների պահպանմամբ ու վերականգնմամբ:

Կայուն ուրբանիզացիա
Կայուն ուրբանիզացիան դիտարկվում է որպես գործընթաց, որն առանձացնում է ինտեգրված, գենդերային տեսանկյունից հավասարակշռված եւ բնակչության աղքատ շերտերի շահերը հաշվի առնող մոտեցում կայունության սոցիալական, տնտեսական եւ էկոլոգիական հիմքերին: Այն հիմնված է համատեղ պլանավորման, որոշումների ընդունման ու կառավարման վրա:

2009 թ. հունիսին Աղետների ռիսկի նվազեցման լոբալ պլատֆորմի երկրորդ նստաշրջանը որոշել է Հյոգոյի գործողությունների շրջանակային ծրագրի նպատակները:
2011 թ. անհրաժեշտ է իրականացնել կրթական ու առողջապահական հաստատությունների անվտանգության ազգային գնահատում, իսկ 2015 թ. բոլոր վտանգավոր շրջաններում գտնվող խոշոր քաղաքները պետք է աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները  ներառեն եւ կիրառեն շինարարական նորմերի ու կանոնների եւ հողի օգտագործման ժամանակ:
Նստաշրջանը նաեւ որոշել է ռիսկի ազգային գնահատման, աղետից հետո վերականգնման քաղաքային պլանների, վաղ ազդարարման համակարգի զարգացման, ջրի հետ կապված ռիսկի գնահատման եւ շինարարական նորմերի ապահովման կողմնորոշիչները:
Աղետակայուն հիվանդանոցի կամ այլ բժշկական հաստատության արժեքն աննշան է, եթե կայունությունը ստեղծվում է նախագծման սկզբնական շրջանում: Նոր բժշկական հաստատություններից մեծ մասի համար երկրաշարժից եւ կլիմայական երեւույթներից պաշտպանական համակարգերի ներառումը նախագծման փուլում ընդհանուր արժեքն ավելացնում է ընդամենը 4%-ով:


Ինչպես անվանակարգել քաղաքն արշավին մասնակցելու համար
Մենք ցանկանում ենք ընդգծել ռիսկի նվազեցման ուղղությամբ քաղաքների ձեռնարկած ինքնուրույն ջանքերի արդյունքում ձեռք բերված հաջող փորձն ու նվաճումները: Կյանքից վերցված օրինակները հաճախ որիշներին ներգրավելու ամենահամոզիչն  միջոցն են: Հնարավորի ու հասանելիի ցուցադրություն եւ քաղաքի աղետակայունության առավելությունների ընդգծում` սա է արշավի իմաստը:
Հնարավոր է, որ ձեր քաղաքն Արշավի իդեալական Օրինակելի քաղաք դառնա: Մենք ցանկանում ենք ցուցադրել Օրինակելի աղետակայուն քաղաքների օրինակներ, որոնք լիդերներ են դարձել եւ ապացուցել են քաղաքային տարածքներում ռիսկի նվազեցմանն իրենց նվիրվածությունը;
Մենք կդիմենք Օրինակելի քաղաքներին ժամանակ տրամադրել արշավին հետեւյալ ուղղություններով` իրազեկվածության բարձրացում եւ տեղական կառավարությունների կարիքների բավարարում ամենաբարձր մակարդակով:

Դարձեք աղետակայուն քաղաք-առաջատար   

Դուք քաղաքապե՞տ եք կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավա՞ր
Առաջատար եւ քաղաքների աղետակայունության բարձրացման բարի կամքի դեսպան անվանակարգեք ձեր համայնքի ղեկավարին, քաղաքագլխին, գուբերնատորին կամ այլ ազդեցիկ դեմքի, որը ցանկանում է աջակցել ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարությանը (ԱՌՆՄՌ) եւ մեր գործընկերներին` մյուսներին ոգեշնչելու, օգնելու եւ աջակցելու համար:

Դարձեք օրինակելի քաղաք

Ձեր կառավարությունն արագ շարժվում է դեպի կայունություն: Պատրա՞ստ են արդյոք ձեր քաղաքը կամ տեղական իշխանությունները ցուցադրել իրենց հաջողությունները կայունության ու անվտանգության բարձրացման ոլորտում` աղետներից քաղաքների կայունության հասնելու տասը պարտադիր պայմաններից գոնե հինգի դեպքում:Համաձա՞յն են արդյոք ձեր տեղական իշխանությունները այլ տարածաշրջանների իշխանություններին հնարավորություն տալու սովորել իրենց փորձի վրա: Դարձեք Օրինակելի քաղաք եւ ամբողջ աշխարհին պատմեք ձեր հաջողությունների մասին: Օրինակելի քաղաքներին արշավների ժամանկ հատուկ ուշադրություն է դարձվելու:

Անվանակարգման գործընթացը
Աղետակայուն քաղաքների շարքում առաջատար կամ արշավի մասնակից, օրինակելի քաղաք դառնալու համար սկսեք անվանակարգման գործընթացից:
Դիմումի ձեւն ու լրացուցիչ տեղեկությունները կարող եք գտնել www.unisdr.org/campaign կայքից:

Անվանակարգման ձեր դիմումը փոխանցեք ՄԱԿ-ի ԱՌՆՄՌ` բացատրելով, թե ինչով է անվանակարգվող քաղաքն օրինակ հանդիսանում կայունության բարձրացման ցուցադրման համար: Դիմումն ընդունելիս`  ՄԱԿ-ի ԱՌՆՄՌ-ն Օրինակելի քաղաքին պաշտոնական կարգ է շնորհում: Այնուհետեւ ծրագիրը, քաղաքի հետ համագործակցելով, կորոշի գործունեության հնարավորությունները` որպես Օրինակելի քաղաք, ինչպես նաեւ կհրապարակի այդ համագործակցության արդյունքներն ու ձեռքբերումները` Արշավի ամբողջ ընթացքում: Մանրամասները կարելի է ստանալ դիմելով isdr-camaign@un.org հասցեով:

Հանուն քաղաքի կայունության բարձրացման արշավի մասնակից անվանակարգվելու համար. քաղաքներն ու տեղական ինքնակառավարման մարմինները
Քաղաքներն ու տեղական իշխանությունները, որոնք շահագրգռված են մասնակցել արշավին, բայց չեն ուզում Օրինակելի քաղաք դառնալ, կարող են հայտնել քաղաքի` աղետակայունության ուղղությամբ աշխատելու իրենց վճռականության մասին` պարտադիր Տասը պայմաններից ցանկացածի ոլորտում: Քաղաքապետի նամակը  ՄԱԿ-ի ԱՌՆՄՌ-ին կվկայի այդ վճռականության մասին, եւ ԱՌՆՄՌ-ն քաղաքը կգրանցի որպես Արշավի մասնակից:
  ՄԱԿ-ի ԱՌՆՄՌ-ն պարբերաբար կտեղեկացնի մասնակից բոլոր քաղաքներին Արշավի ընթացքի եւ գործընկերների գործունեության մասին: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.unidr.org/campaign կայքից:

Ինչու է կարեւոր արշավին մասնակցելը

Առավելություններից մի քանիսը

  • Կյանքի եւ գոյության միջոցների փրկություն` ճիշտ պլանավորման եւ պատրատվածության շնորհիվ
  • Աշխատանք կայուն ուրբանիզացիայի ուղղությամբ
  • Բնական ռեսուրսների, քաղաքային բնակչության եւ տնտեսական գործունեության պաշտպանություն
  • Քաղաքների միջեւ փորձի փոխանակում` աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հստակ ոլորտներում, ձեր քաղաքի հայտնվելը “քարտեզի վրա”:
  • Մասնակցությունը կարեւորագույն հարցերի քննարկմանը ազգային եւ գլոբալ գործընկերների հետ, ինչպես, օրինակ, աղետների ռիսկի նվազեցման կապը կլիմայի փոփոխությանը հարմարվողականության հետ, Հազարամյակի զարգացման նպատակները, դպրոցների ու հիվանդանոցների անվտանգությունը, ֆինանսավորման հարցերը:
  • Սասակավայի մրցանակի մրցանակ ստանալու հնարավորություն` 2010-2011թթ. տեղական իշխանությունների հաջողությունների համար: Մրցանակակրի գործունեությունը ամենալայն լուսաբանումը կստանա ԶԼՄ-ներում: 
  • Ձեր հաջողությունների մասին տեղեկատվության տարածում Ինտերնետում, տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում:


Կոնտակտային տվյալներ

Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ.
www. unisdr. org/campaign
www. preventionweb. net
էլ. փոստ: isdr-campaign@un.org


    Սկիզբ  

Մեր ծրագրերը

Նոյի ուղերձը

Ով իրազեկված է, նա պաշտպանված է

 

Գործընկերներ

Տեսահոլովակներ

Նոյի ուղերձը

Արարատյան Դաշտավայր - մարդկության փրկության օրրանը

Երկրաշարժեր

Երկրաշարժեր կլինեն, երբ

Գազի անվտանգություն

Ջրհեղեղներ

Ո՞Ւմ եք առաջինը ահազանգում արտակարգ իրավիճակի դեպքում

2008-11-06

911
948
 
42.99%
102
213
 
9.66%
103
262
 
11.88%
հարեւաններին
362
 
16.42%
հարազատներին
420
 
19.05%
Բոլոր ձայները: 2205

Վեբկայքը`