Մարտի 16-18-ը Երեւանում տեղի կունենա "Արմենիա 2010" վարժանքի գլխավոր պլանավորման կոնֆերանս` Հայաստան-ՆԱՏՕ "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրի շրջանակներում։ Կոնֆերանսի ընթացքում վերջնականորեն կհստակեցվեն կազմակերպչական եւ անցկացման հետ կապված բոլոր այլ հարցերը։
Այս տարվա սեպտեմբերի 11-ից 17-ը Կոտայքի մարզում` Արզնիի մոտ, անցկացվելու է "Արմենիա 2010" միջազգային` արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման դաշտային վարժանքը։ Դրան կմասնակցեն ներկայացուցիչներ եւ փրկարարական թիմեր ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրներից, միջազգային ու հասարակական կազմակերպություններից։ Ակնկալվում է 1000-ից ավելի մասնագետների մասնակցություն։
Ընտրված է երկրաշարժի սցենար, որի հետեւանքները պետք է լինեն քիմիական վթարը, ջրամբարի պատվարի փլուզումը, ջրամատակարարման եւ գազամատակարարման վթարները։ Իրականացվելու է բարձրահարկ շենքերում տուժածների որոնում, բարձր հարկերից տարահանում, ծխապատ գոտիներից տուժածների որոնում եւ տարահանում, ինչպես նաեւ փլատակներում հայտնված մարդկանց որոնում` շների ու հատուկ սարքերի օգնությամբ։ Ժայռերում աշխատանքները նախատեսվել են որպես մասնավոր իրավիճակ` տուժած լեռնագնացների որոնում եւ տարահանում։ Հաջորդը հանքախորշի տեղամասն է, որտեղ նախատեսված են հանքախորշի փլուզումներ, որտեղ էլ փրկարարները կիրականացնեն որոնում եւ տարահանում։
ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը սկսել է մասնակցել այդ վարժանքներին 2003 թվականից։ Այդ տարի վարժանքը կայացավ Ռումինիայում, այնուհետեւ` Իտալիայում, Խորվաթիայում, Ֆինլանդիայում, իսկ 2009 թ.` Ղազախստանում։
Դաշտային վարժանքի հյուրընկալումը տվյալ երկրում համարվում է երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի "Գործընկերություն հանուն խաղաղության" ծրագրում։