Լա-Մանշի թունելով ուղեւորատար գնացքների երթեւեկը, որն ընդհատվել էր ուրբաթ օրը, դեռեւս չպարզված պատճառներով, մոտակա օրերին եւս չի վերականգնվի։
Երեկ երեկոյան “Եվրոսթար” ընկերությունը, որը Լոնդոնը Փարիզին ու Բրյուսելին կապող գնացքների օպերատորն է, նախազգուշացրել է, որ երկուշաբթի օրը Լա-Մանշի թունելը փակ է մնալու։ Սակայն, որոշ բրիտանացի ուղեւորներ այնուամենայնիվ չեն կորցրել գնացքով մայրցամաք հասնելու հույսը, եւ վաղ առավոտյան եկել են լոնդոնյան “Սենտ-Պանկրաց” կայարան։
Քննադատները խորհուրդ են տալիս ընկերության ղեկավարությանը մտածել, թե արդյոք իրենք համապատասխանում են զբաղեցրած պաշտոններին։ Շատերը չեն հավատացել, որ անսարքության պատճառը խիստ եղանակային պայմաններն են եղել։ Ցրտեր նախկինում էլ են պատահել, սակայն մինչեւ օրս դրանք չեն խանգարել արագընթաց գնացքներին։
“Րեյլ” (“Երկաթգիծ”) ամսագրի խմբագիր Նայջել Հարիսը տեղի ունեցածը տարօրինակ է անվանում եւ, նույնիսկ` հանելուկային։ Չէ որ վերջին մի քանի տարիներին գնացքներն աշխատել են ցածր ջերմաստիճանի պայմաններում, հիշեցնում է նա։
Նույն գնացքները ֆրանսիայում ավելի երկար երթուղիներ են անցնում, քան “Եվրոսթարը”, եւ սառնամանիքը խնդիրներ չի ստեղծում դրանց համար։
-Մենք Լոնդոն հասնելու այլ ճանապարհ չունենք։ Մենք ապրելու տեղ չունենք, եւ մեզ ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրում։ Մենք չենք հասկանում, թե գնացքներն ինչու չեն աշխատում, - ասում է մայրցամաքում “բանտարկված ” ուղեւոր Փոլ Դինը։
Խոսակցությունների առիթ է նաեւ թունելում մնացած ուղեւորների ձգձգվող տարահանումը։ Այն տեւել է ավելի քան տասը ժամ։ Վախեցած մարդիկ բողոքում էին տեղեկատվության պակասից, եւ որ հեղձուկ էր, իրենց ջուր չէին տալիս ու վատ էին կերակրում։
-Երբեմն էլեկտրաէներգիան էր անջատվում, կապ ընդհանրապես չկար։ Մինչդեռ մենք այստեղից այնքան էլ հեռու չէինք, - պատմում է մի աղջիկ, որը մնացել էր գնացքում։
“Եվրոսթարի” ուղեւորները 16 ժամ են անցկացրել առանց սննդի, ջրի եւ տեղի ունեցածի մասին հստակ ինֆորմացիայի։ Նրանցից ոմանք ասթմայի եւ խուճապի նոպաներ են ունեցել։ Երկու գնացքների ուղեւորները ստիպված են եղել ոտքով դուրս գալ չլուսավորված թունելով։
Նույն ժամանակ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կայարաններում աճում էր ամբոխի դժգոհությունը։ Գրեթե 25 հազար մարդ, նեղուցի երկու կողմերում չգիտեր ինչ անել։ Եւ այդ ամենը` կաթոլիկական Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։
Weather.com կայքի տվյալներոբ Լոնդոնում ուրբաթ օրը` դեկտեմբերի 18-ին գրանցվել է -1... + 2С, հաջորդ օրը` -2... +2С, իսկ կիրակի օրը` -1... +3։
Փարիզում, համապատասխանաբար։ -1... +5 С, -1... -7 С, -5... +2 С։
Հնարավոր է, որ գնացքների կանգառի պատճառը Ֆրանսիայում առատ ձնատեղումներն են եղել։