Պերմ քաղաքում գրանցված հրդեհն իր հետեւանքներով ամենախոշորն է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ։ “Կաղ նժույգ” ակումբը, որն այդ օրը նշում էր իր ութնամյակը, խնջույքի ամենաթեժ պահին հայտնվել էր կրակի ճիրաններում։ Այսօրվա դրությամբ զոհերի թիվը հասել է 148-ի։ Հրդեհի պատճառը մինչ այժմ համարվում է պիրոտեխնիկայի հետ անզգույշ վարվելը։
Դեկտեմբերի 5-ի գիշերը “Կաղ նժույգ” ակումբում կազմակերպված խնջույքի համար 285 տոմս էր բաժանվել։ Ընդհանուր առմամբ, տարածքում, անձակազմի հետ միասին, մոտ 300 մարդ էր հավաքվել։
Թե ինչպես է սկսվել հրդեհը, բոլորը կարողացան տեսնել, քանի որ բոլոր հեռուստատեսային թողարկումները ցուցադրեցին ակումբում այդ օրն աշխատող օպերատորի նկարած կադրերը։ Բռնկումը մասնակիցների համար լրիվ անսպասելի էր, նրանցից ոմանք նույնիսկ մտածեցին, թե կրակը շոուի մի մասն է։ Երեւում է, թե ինչպես է դահլիճը լցվում ծխով, իսկ մարդիկ փորձում են դուրս գալ այնտեղից։
Դեպքի վայր ժամանած հրշեջներն առաջին հերթին փորձեցին այրվող ակումբից դուրս բերել մարդկանց։ Նրանց օգնում էին ակումբի աշխատակիցներն, արդեն փրկված այցելուներն ու պատահական անցորդները։ Մարդիկ այնքան շատ էին, որ սկզբում նույնիսկ խանգարում էին փրկարարական շխատանքներին։
Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց.
-Այդ օբյեկտը բավական հաճախ է ստուգվել, վերջին ստուգումն ուղիղ մեկ տարի առաջ է եղել։ Հաջորդ այցելությունը պետք է դեկտեմբերի 7-ին լիներ։
-Այնպիսի տպավորություն է, որ հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այս ակումբում օրենք է դարձել։ Տարեց տարի սահմանափակվելով տւգանքներով, ԱԻՆ աշպատակիցները տարօրինակ լիբերալիզմ են ցուցաբերել, քանի որ, ըստ օրենքի, կարող էին հասնել այդ օբյեկտի փակմանը, - ասում է իրավապահ մարմինների մի աշխատակից։
Ինչպես հայտնում են բժիշկները, բոլոր զոհվածները կյանքի հետ անհամատեղելի ծանրագույն վնասվածքներ են ունեցել` լայնածավալ այրվածքներ եւ ներքին օրգանների ծանր տոքսիկ աշխտահարում։
Ներկա դրությամբ 81 տուժած գտնվում է հիվանդանոցում։ Նրանցից 37-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։
Ըստ մասնագետների, հենց 3-4 օրերը հիվանդների համար որոշիչ են լինում։ Նրանք դուրս են գալիս ծանր աստիճանի այրվածքային շոկից, եւ այդ գործընթացը կարող է տեւել 72 ժամ։ Դրանից հետո, հիվանդների մոտ կարող է սկսվել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա։
Նախաքաննությունը պարզել է, որ ակումբն աշխատել է կեղծված տեխնիկական անձնագրով։