"Նեւսկի ճեպընթացի" պայթյունի կապակցությամբ հարցաքննվում են 2007 թվականի պայթյունի կասկածյալները
"Նեւսկի ճեպընթացի" պայթյունի կապակցությամբ հարուցված գործի հետաքննության շրջանակներում սկսվել են մեկ այլ քրեական գործով անցնող անձանց հարցաքննությունները: Նրանք կասկածվում են 2007 թվականին նույն գնացքը պայթեցնելու մեջ: "Նեւսկի ճեպընթացի" առաջին պայթյունի գործով դատավճիռը սպասվում է մոտ ապագայում, եւ հետաքննությունը չի բացառում, որ հենց այդ իրադարձության հետ է կապված այս ահաբեկությունը:
Մինչդեռ կազմվել են մի տղամարդու եւ կնոջ ֆոտոռոբոտներ, որոնք ողբերգությունից մի քանի օր առաջ երեւացել էին դեպքի վայրից ոչ հեռու, ապա` անհետացել:
Փորձագետները, պայթյունի վայրից ոչ հեռու "Նիվա" մակնիշի ավտոմեքենայի պրոտեկտորի հետքեր են հայտնաբերել: Հետքի վրա թողնված շունը միլիցիոներներին տարել է միայն մինչեւ ճանապարհը, որտեղով տեղ են հասել փրկարարական տեխնիկան ու շտապօգնության մեքենաները:
Այնուամենայնիվ, անցնելով մոտակա բնակավայրերով ու հարցաքննելով բնակիչներին, քննիչները նմանատիպ հետքեր են գտել կիսալքված գյուղերից մեկում: Շները, հետքերով հասել են մի լքված տուն, որտեղ, տեղաբնակների խոսքերով, մի քանի օր մի կին ու տղամարդ են ապրել: Զույգը "Նիվա" է ունեցել, իսկ ահաբեկությունից մի քանի օր առաջ հեռացել է արծաթագույն ՎԱԶ – 2109-ով:
"Նեւսկի ճեպընթացը" վերադարձել է իր չվացուցակին
Երկուշաբթի օրվանից "Նեւսկի ճեպընթացը" կրկին վերադարձել է իր չվացուցակին` ինչպես Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան կայարանից, այնպես էլ` Մոսկվայի Լենինգրադյանից: Ուրբաթ օրը` չվնասված վագոններից եւ երկրորդ գնացքից, մասնագետները երկու "Նեւսկի էքսպրես" են հավաքել, որոնք կարճացել են երեք վագոնով:
Հիշեցնենք, որ Մոսկվա – Սանկտ-Պետերբուրգ հաղորդակցությունն ընդհատվել էր` նոյեմբերի 27-ին Բոլոգովոյից 25 կմ հեռավորության վրա տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Կիրակի օրը գնացքների շարժը նշված երթուղով վերականգնված էր:
Պաշտոնական տվյալների համձայն, երկաթուղային վթարը ահաբեկիչների ձեռքի գործն է, որոնք երկաթգծի վրա` յոթ կգ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք են տեղադրել: Հարուցվել է քրեական գործ` "Ահաբեկչություն" եւ "Զենքի ապօրինի շրջանառություն" հոդվածներով:
Վթարի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 26 մարդ, եւս երկուսը համարվում են անհետ կորած: Ավելի քան 90 մարդ վնասվածքներ է ստացել, եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես հայտարարվել է, զոհվածների ընտանիքները, ինպես նաեւ ահաբեկության հետեւանքով վնասվածքներ ստացած մարդիկ, նյութական փոխհատուցում կստանան: